Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ շահերից

Մայիս 27, 2017թ. 14:43
Ստեփան Գրիգորյան

Հարցազրույց քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

 ՀՀ-ԵՄ նոր շրջանակային իրավական համաձայնագրի բովանդակությունից խոսելով, արևմտյան որոշ վերլուծաբաններ նկատում են, թե այն չի կարող համեմատվել նախկին՝ 2013-ի Ասոցացման համաձայնագրի հետ, որը շատ ավելի լուրջ համագործակցություն էր խոստանում կողմերին և ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխելու էր այլ՝ առավել բարձր մակարդակ: Հարց է ծագում, այդ դեպքում ի՞նչ է տալու նոր համաձայնագիրը Հայաստանին:
-Նոր համաձայնագիրը մեզ համար շատ կարևոր է, մենք կունենանք իրավական նոր հիմք համագործակցելու Եվրամիության հետ: Նոր համաձայնագրի համաձայն չնայած Հայաստանը խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտի չի մտնի, բայց փաստաթուղթը շատ կարևոր է համագործակցության առումով: Մի բան է, երբ դու Եվրամիության հետ աշխատում ես՝ չունենալով նման շրջանակային համաձայնագիր, մեկ այլ բան է, երբ ձեռքի տակ ունես հստակ փաստաթուղթ, որում ամրագրված են համագործակցության կոնկրետ ուղղություններ, ոլորտներ: Համաձայնագրում կա քաղաքական մաս, ուր արձանագրված է, թե ի՞նչ բարեփոխումներ պետք է իրականացնի Հայաստանը: Փաստաթուղթը կարևորվում է Հայաստանի քաղաքական, իրավական բարեփոխումները, հստակեցնում ԵՄ հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սոցիալական քաղաքականություն, առողջապահության, կրթության և այլն:
Այնպես, որ մենք գործ ունենք Հայաստանի համար շահավետ փաստաթղթի հետ:
ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը հավակնոտ փաստաթուղթ է. սա  Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերի գնահատականն է:
-Եվ այդպես է, որ կա: Դեյվիդ Մաքալիստերը Հայաստանում բավականին հետաքրքիր ելույթ ունեցավ: Տեսեք, Հայաստանը վերջին ժամանակներս միացավ ԵՄ մի շարք ծրագրերի, խոսքս «COSMEե-ի՝ փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրի մասին է: Հետո, ԵՄ հետ սկսվեցին բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ: Մենք միացանք նաև «Հորիզոն 2020ե-ին, որը գիտական համակարգի զարգացմանը նպաստող ծրագիր է, նաև ՙՍտեղծագործ Եվրոպա՚ ծրագրին: Այժմ Հայաստանի ու ԵՄ միջև կա պայմանավորվածություն սկսել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության: Այս ամենը ցույց են տալիս, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության դաշտում բավական լուրջ գործընթաց է ծավալվում: Եվ այդ ամենը հաշվի առնելով, այո, պետք է ասել, որ փաստաթուղթն իր մեջ, իրոք, պարունակում է բավական մեծ <<ամբիցիարներ>>, ինչպես նշել է Դեյվիդ Մաքալիստերը, քանի որ այն ուղենշում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները:
-Ե՞րբ կստորագրվի փաստաթուղթը, կ՞ա մտավախություն, որ ինչ-որ պահի այն կարող է խոչընդոտվել Ռուսաստանի կողմից:
– Կողմերի հայտարարությունների համաձայն փաստաթուղթը պատրաստ է ստորագրման, այժմ իրավաբաններն են աշխատում, հղկում են ձևակերպումները, ամեն ինչ արվում է, որ այն ամբողջությամբ համահունչ լինի ներկայացվող չափանիշներին: Կարծում եմ, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում համաձայնագիրը կստորագրվի:
Ինչ վերաբերում է այլ ինտեգրացիոն ուղղություններից, մասնավորաբար, ՌԴ-ից եկող մտավախություններին, ապա դրանք միշտ էլ կան: Ուղղակի ելնելով տրամաբանությունից, որ ԵՄ հետ համագործակցությունը բավական օգտակար է Հայաստանի համար, հետևաբար մեր երկիրն այս անգամ չի կարող չստորագրել այդ փաստաթուղթը՝ ընկրկելով ինչ որ խոչընդոտների: Ի վերջո, ԵՄ-ն ուղղակիորեն ֆինանսավորում է շատ ծրագրեր, մինչդեռ այլ ինտեգրացիոն ուղղություններից Հայաստան փող չի գալիս: Իրականացնում Հայաստանին ֆինանսապես աջակցում են միայն ԵՄ-ն ու ԱՄն-ը, ցավոք, վերջինս ծրագրել է այն կրճատել, բայց նրանցից բացի այլ ուղղությամբ մեր երկիրն աջակցություն չի ստանում: Ուրմեն ի՞նչ տրամաբանությամբ մենք կարող ենք մերժել այդ համագործակցությունը և տուրք տալ ինչ որ ճնշումների :
-Սովորաբար ասվում է, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը շահեկան է Հայաստանի ժողովրդի և բիզնեսի համար, սակայն Դեյվիդ Մաքալիստերը Երևանում գտնված ժամանակ մի կարևոր շեշտադրում արեց՝ «սա կարևոր է մեզ՝ Եվրամիության համար>>: Ինչո՞վ կարող է Հայաստանը հետաքրքիր լինել ԵՄ համար:
-Թերևս եվրոպացիներն իրենք պետք է պատասխանեն ձեր հարցին, թե ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր իրենց համար, բայց ըստ իս, կան հետևյալ հանգամանքները:
Մենք Եվրոպայի հարևան պետություն ենք, իսկ Եվրոպան ուզում է, որ իր հարևանները լավ ապրեն, ժողովրդավարության առումով գտնվեն նորմալ մակարդակի վրա, որպեսզի այդ երկրներից տարբեր մարտահրավերներ չուղղվեն դեպի Եվրոպա: Բերեմ մեկ օրինակ: Գիտենք, որ ԱՊՀ տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից դեպի Եվրոպա կա անօրինական միգրացիա, եթե Հայաստանն ունենա դինամիկ զարգացող տնտեսություն, փոքր ու միջին բիզնեսը զարգանա երկրում, նվազեն կոռուպցիոն ռիսկերը, պարզ չէ՞ , որ կնվազեն նաև դեպի Եվրոպա ուղղվող անօրինական միգրացիոն հոսքերը: Բնականաբար, կպակասեն նաև դեպի Եվրոպա ուղղվող մարտահրավերները: Ես ասացի մեկ բաղադրիչի մասին: Բայց դրանք շատ են:
Ակնհայտ է, որ ահաբեկչության տեսանկյունից Հայաստանը սպառնալիք ներկայացնող երկիր չէ, ավելին՝ մենք քրիստոնյա երկիր ենք ու կրողն ենք ժողովրդավարական արժեքների և ԵՄ հետ մեր համագործակցությունը հենվում է հենց այդ ընդհանուր արժեքային համակարգի վրա: Որքան էլ մեր երկրի ներսում տարբեր խնդիրներ կան, միևնույն է հայ ժողովուրդը հակված է ընդունելու եվրոպական խաղի կանոնները, մենք հանդուրժողականություն ունեցող ազգ ենք, Եվրոպան հայերիս դիտում է որպես աշխարհի քաղաքակրթության մեջ իր լուման ունեցող ազգի, որի համար բարձր են ժողովրդավարական արժեքները, և Եվրոպան դա շատ բարձր է գնահատում:
Մյուս կարևոր հանգամանքը մեր աշխարհագրական դիրքն է:  Պետք չէ մոռանալ այն, որ Հայաստանն ունի փայլուն հարաբերություններ Իրանի ու Արաբական երկրների հետ: Մասնավորաբար, Իրանի հետ հարաբերություններում Եվրոպան Հայաստանը դիտում է որպես կամրջող երկիր: Ի դեպ, չմոռանանք, որ եվրոպացիների համար շատ դժվար է իրանցիների հետ աշխատելը: Այնպես որ, շատ են այն գործոնները, որով Հայաստանը կարող է օգտակար լինել Եվրոպային: Հետևաբար, Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը, անշուշտ, նաև ԵՄ համար է ձեռնտու:
Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստում Մոգերինին ասաց, որ ԼՂ հիմնահարցը չունի ռազմական լուծում, և Եվրամիությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Մինսկի խմբի հասցեական հայտարարությունից հետո, այս փուլում Հայաստանն ի՞նչ կարող է ակնկալել ԵՄ-ից:
-ԵՄ-ն ուղղակիորեն չի զբաղվում արցախյան հարցով, բայց միշտ սատարում է ՄԽ գործընթացին, և մեզ համար դա շատ կարևոր է: Իսկ ակնկալիք ԵՄ-ից, իհարկե, մենք ունենք:

Հիշո՞ւմ եք, նախկինում Ադրբեջանը դեմ էր ՄԽ համանախագահների այցելությանը Արցախ, բայց մենք հասանք նրան, որ ՄԽ երկրների դեսպաններն այսօր այցելելով տարածաշրջան՝ լինում են Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում:
Հետևաբար, այս փուլում մեր գլխավոր սպասելիքը Եվրամիությունից պետք է լինի հետևյալը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնացը, որը զբաղվում է հակամարտություններով, այցելելով Երևան ու Բաքու, այցելի նաև Ստեփանակարտ: Եվ սրան հնարավոր է հասնել, քանի որ Եվրամիությունում հարգվում են մարդու իրավունքները:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն