Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանի հանդեպ հստակ պատժամիջոցներ պետք է կիրառվեն

Մայիս 27, 2017թ. 14:50
Դավիթ Իշխանյան

Հարացազրույց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր  ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ
– ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ՌԴ ԱԳ-ի հասցեական հայտարարությունները որոշ վերլուծաբանների թույլ են տալիս ենթադրել, թե գործ ունենք իրավիճակի փոփոխության հետ: Այդպե՞ս են մտածում նաև Արցախում:
-Այդ հայտարարությունների հնչեցմամբ, իհարկե, որոշակի ակտիվություն կա, բայց դա չի ենթադրում, որ կա նաև իրավիճակի փոփոխություն, քանի որ չկան դրա հիմքերը: Իսկ իրավիճակը, հատկապես, 2016-ի ապրիլից հետո մնացել է նույնը: Այսինքն՝ Ադրբեջանի կողմից անընդհատ արձանագրվում են սահմանային խախտումներ, մենք ամեն օր իրավիճակի սրման ականատեսն ենք: Իսկ սա նշանակում է՝ բանակցության սեղանի շուրջ նստելու, բնականոն բանակցություններ շարունակելու համար դեռևս չկան բավարար պայմաններ: Ուրեմն, այսօր խոսել իրավիճակի փոփոխության մասին, կարծում եմ, դա թվացյալ ու խաբուսիկ է:
Չնայած երկու հայտարարություններն էլ, իրոք, հասցեական էին, բայց կարևոր է, որ դրանց գործնական քայլեր հետևեն: Մինչդեռ այդ քայլերը դեռ տեսանելի չեն:
Գնդակը հայկական դիվանագիտության դաշտում է, ասել է թե հայկական կողմը, օգտվելով բարենպաստ իրավիճակից, գուցե պետք է քայլեր ձեռնարկի ու հասնի նրան, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի հանդեպ վերջապես հստակ պատժամիջոցներ կիրառի:
-Արցախյան կողմը մշտապես ակնկալել է հայկական դիվանագիտության ակտիվություն ու նախաձեռնողականություն, քանի որ դրա արդյունքներից է նաև կախված իրավիճակն ու հետագա զարգացումները: Մյուս կողմից, մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ու այն չպետք է դուրս բերել այլ հարթություն: Բայց վերջին 25 տարիներին մենք տեսել ենք, թե ինչպե՞ս է միջազգային հանրությունը, այդ թվում և Մինսկի խումբն արձագանքում, դրանք հավասարապես ուղղվել են երկու կողմերին: Այդ առումով, միջազգային կառույցներից, նույն Մինսկի խմբից, կարծում եմ, չարժե մեծ հույսեր փայփայել Ադրբեջանին պատժելու հարցում: Չկա որևէ վստահություն: Տեսեք, ապրիլյան պատերազմից հետո սահմանի երկու կողմերին արդեն իսկ պետք է տեղադրված լիներ հետաքննությունների մեխանիզմը, որը կարող էր արձանագրել, թե ո՞վ է ագրեսորն ու նախահարձակ եղող կողմը: Բայց մինչ օրս այդ հարցը լուծված չէ: Մենք միայն մեր սեփական նախաձեռնությամբ ու ջանքերով ենք կարողացել որոշակի առաջընթաց արձանագրել, և միջազգային հանրությանը ցույց տալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում սահմանին: Չնայած՝ համոզված եմ, որ միջազգային հանրությունը բավականին տեղեկացված է:
Այսօր մեր ակնկալիքը միջազգային հանրություից հետևյալն է՝ ճիշտ գնահատական տալ ստեղծված կացությանը ու ճիշտ արձագանքել կողմերի քայլերին: Ցավոք, միջազգային հանրությունը կամ հավասարության նշան է դնում կողմերի գործողություների մեջ, կամ եթե անգամ այսօր հնչեցրել է հասցեական հայտարարություն, դրան չեն հաջորդում գործնական քայլեր:
Դրա համար մեր սեփական ուժերին պետք է ապավինենք, որևէ կերպ չպետք է գայթակղվենք այս կամ այն հայտարարությամբ ու մեր ապագան կապենք միջազգային հանրության հետ, դա միանշանակ է, դա են թելադրում անցած 25 տարիները, հատկապես վերջին երեք տարիներին ստեղծված իրավիճակը՝ անընդհատ լարվածության մեծացումը:
Հետևաբար, կարծում եմ, միայն դիվանագիտական քայլերն ու հնարքները բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար: Մենք պատժիչ գործողություններ պետք է իրականացնենք այլ դաշտում, իսկ այդ դաշտը մեզ համար ռազմականն է: Միայն դա կարող է զսպել ագրեսոր Ադրբեջանին և փոխել իրավիճակը:
-Կարծիքներ կան, որ ՄԽ հասցեական հայտարությունից հետո հայկական դիվանագիտությունը պետք է միջազգային ատյաններին հասցնի նաև հետևյալը, որ պատերազմական իրավիճակում ու ագրեսորի հետ բանակցություններ չեն կարող լինել:
-2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը կատարեց ռազմական գործողությունների վերսկսման փորձ ու ստացավ հայկական կողմի պատասխան հարվածը, ստեղծվել էր նպաստավոր իրավիճակ ձեր նշած հարցը միջազգային հանրության ու Ադրբեջանի առաջ դնելու համար: Եվ դա կլիներ իրավիճակին համարժեք, կլիներ տրամաբանական: Սակայն մենք տեսանք, թե ինչպիսի խոչընդոտներ և ինչպիսի՞ դիմադրության հանդիպեցինք հենց նույն միջազգային հանրության կողմից: Մեզ այդպես էլ չհաջողվեց ստանալ Ադրբեջանի ռազմական գործողությունների համարժեք գնահատականը նրանց կողմից:
Բանակցություններից մենք երբեք չպետք է հրաժարվենք, բայց մինչ բանակցային սեղանին մոտենալը մեր ներկայացրած նախապայմանները պետք է կատարված լինեն: Ի վերջո, մինչ բանակցությունները վերսկսելը միջազգային հանրությունը պետք է տա գնահատականը, թե ո՞վ վերսկսեց պատերազմական գործողություններն ու ի՞նչ նպատակներ է հետապնդում: Ադրբեջանը լինելով ագրեսոր երկիր, միջազգային հարթակներում Հայաստանին է ներկայացնում որպես ագրեսորի, մենք նախ պետք է սա կոտրենք, որից հետո մտածենք բանակցային գործընթացի վերսկսման մասին:
Նաև ասեմ հետևյալի մասին, համոզված եմ, որ եկել է նաև այն պահը ու համանախագահող երկներն այլևս կհամոզվել են, որ բանակցություններին առանց Արցախի Հանրապետության մասնակցության որևէ լուծում չի կարող լինել: Ու որքան շուտափույթ արցախյան կողմը ներգրավվի գործընթացի մեջ, այնքան լավ:
-Սահմանին բավական ժամանակ է, որ լարվածություն է և դարձյալ հաճախ է խոսվում լայնածավալ պատերազմի վերսկսման մասին: Արցախում ինչպիսի՞ տրամադրություններ են :
-Ո՜չ ադրբեջանական ռազմաուժի գերակայությունը, ոչ էլ այդ երկրի կողմից Արցախի դեմ ռազմական պահեր ստեղծվող հնարքները չեն հուսահատեցրել և չեն կարող հուսահատեցնել արցախցիներին: Արցախն այսօր ապրում է իր առօրյա կյանքով՝ կառուցում է, զարգանում, անտեսելով ադրբեջանական բոլոր հոխորտանքները: Բայց դրանով հանդերձ, մենք երբեք ոչինչ չպետք է բացառենք ու ամեն ժամ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մենք մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: :
Ս. Հարությունյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն