Գլխավոր » Politics, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Հայաստանը քաջնազարների համար բաց ու անմշակ դաշտ չէ

Մայիս 25, 2017թ. 10:43
Րաֆֆի Հովհաննիսյան

Ինչո՞ւ են մեր ընդդմադիր ուժերը ընտրություններում տարիներ շարունակ գործում միևնույն՝ տակտիկական, մարտավարական սխալները, պարտվում այդ նույն սխալներից, բայց միևնույն ժամանակ շարունակում նույն <գետը> մտնել: Պատճառը շատ պարզ է. քաղաքական ուժերի մեծ մասը չի վերլուծում սեփական ընթացքը, չի կարողանում տալ այն իրողության ճշգրիտ ախտորոշումը, որի մասնակիցն է ինքը: Կուսակցապետերի ու քաղաքական գործիչների գերակշիռ մասը չեն սիրում խոսել սեփական թերացումներից, սխալներից, հակառակը՝ նախընտրում են դրանք շրջանցել, կամ ժողովրդի խոսքով ասած՝ ծածկադմփոց անել: Իրականում մեր քաղաքական դաշտը տառապում է անսխալականության բարդույթով՝ մոռանալով, որ հենց այստեղից են սկսվում սեփական կուսակցությունների անհաջողությունները, ընդհուպ մինչև քաղաքական դաշտից նրանց անհետացում: Իսկ նման բարդույթով տառապողներին այլ բան չի մնում անել, քան փնտրել-գտնել մեղավորների ու նրանց վրա բերդել սեփական անհաջողությունների մեղքը: Ընդդիմության պարագայում այդ սուբյեկտը, բնականաբար, իշխանությունն է:
Եվ ահա, գաղափարական ընդհանրություն չունեցող ուժերի ու անձերի, ժամանակին մեկմեկու հանդեպ քաղաքական հակակրանք տածած մարդկանց միավորումը՝ ՕՐՕ դաշինքը, որ ընտրողների կողմից մինչև վերջ մնաց չընկալված մի ուժ, ընտրություններում կրած իր պարտության համար մեղադրեց իշխանությանը, ու հետո երկար ժամանակ լռեց: Անհաջողություն գրանցելուն պես դաշինքի երկու սփյուռքահայ առաջնորդները՝ Օսկանյանն ուՀովհաննիսյանը շտապեցին հեռանալ Հայաստանից, նրանք երկար ժամանակ ԱՄՆ-ում էին: Դաշինքի ներկայացուցիչները նրանց հեռացումը մեկնաբանեցին այսպես՝ ՙՎիրավորվել, հեռացել են՚: Հետո էլ ասացին, թե վերքերն են բուժում, պիտի վերախմբավորվեն ու վերադասավորվեն, նոր գաղափարներ՝ հետընտրական մարտավարություն ու ռազմավարություն մշակեն: Իսկ մինչ այդ դաշինքի բաղադրիչ կուսակցությունները նախ պետք է համագումարներ անցկացնեն:
Լռության ուխտը խախտեց ԱՄՆ-ից օրերս վերադարձած <<Ժառանգության>> առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս արդեն հասցրել է տարբեր լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ՝ իր 20 տարվա երգը երգելով, թե ՕՐՕ դաշինքը պարտվեց, որովհետև. <<Մեր դաշինքը թիրախավորված էր այս իշխանության կողմից>>: Թերևս հարկ է հիշեցնել պարոն Հովհաննիսյանին, որ աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում և իր սիրելի Ամերիկայում, ընտրապայքարի ելած ուժերը մեկմեկու սեր չեն խոստովանում, ոչ էլ իրար գաթա են բաժանում, այլ հարկ եղած դեպքում թիրախավորում են, և սա քաղաքական պայքարի առանձնահատկություններից մեկն է: Իսկ հաղթանակն այն ուժինն է, որը կկարողանա ճիշտ թիրախներ ընտրել: Լավ կլիներ, որ ԱՄՆ-ում գտնված օրերին Հովհաննիսյանը փակվեր մի անկյունում, որ <<փիքր աներ>> անցած գնացած ձախողակ օրերի շուրջ, և, ի վերջո, փորձեր հանգել ողջամիտ հետևության: Բայց ոչ, այս գործիչը դրան ունակ չէ, իզուր չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր դաշտում ընկալվում է որպես անհաջողակ գործիչ, քանզի հայտնի է իր խոշոր ձախողումներով: Ժամանակին նրա շուրջը համախմբված քաղաքական գործիչները տարբեր առիթներով արտահայտել են իրենց դժգոհությունը ՙԺառանգության՚ առաջնորդից, նշելով, որ վերջինս իր սխալ քայլերով փոշիացրեց ՙԺառանգության՚ քաղաքական ռեսուրսը:

Հիմա դարձյալ ԱՄՆ-ից մի քանի ամսով Հայաստան <<խոպան>> եկած Հովհաննիսյանն իր ոճին հարազատ սկսել է գաղափարական ՙփուչիկներ՚ օդ բաց թողնել. որոշել է  <<նորարար այլընտրանքներ>> առաջարկել ընդդիմադիր դաշտին: Բայց մինչ այդ նախ նպատակ ունի իրեն ու <<ժառանգությանը>> տարանջատել մյուս ընդդիմադիրներից՝ ստեղծելով տպավորություն, թե իշխանության համար թիվ մեկ  <<համակարգային սպառնալիքը>> ինքն է ու իր փոշիացած <<Ժառանգությունը>>:
<<ժառանգություն>>-ը կամ ես որտեղ էլ հայտնված լինեինք, <<Ելք>>- ում կամ այլ դաշինքում, այդ ցուցակը չէր անցնելու՚. չգիտես ինչո՞ւ, այս գործիչին մշտապես թվում է, թե իշխանությունն իրենից այնքան խուճապահար է, որ եթե ինքը նոր առաջարկներ անի, ապա իշխանությունն էդ ահից ձեռքները վեր պիտի պարզի:
Ի դեպ, ձեռքի հետ էլ <<Ելք>>-ին մի քանի խրատ կարդաց, թե՝ <<իմ աշակերտներն են, իմ դպրոցն անցած շրջանավարտները>>, ուրեմն, <<չպետք է մեծամտանան, չպետք է կարծել, թե <<Ելք>>-ն առաջինն է մեր հայոց արդի պատմության մեջ, որ ինչ-որ բան է փոխելու: <<Ելք>>՚-ը հաղթել է, որովհետև ունեցել է նախորդներ, ունեցել է օրինակներ>>: Իսկ այդ օրինակը հենց ինքն է, որ կա. քարոզաշավում հանձին Նիկոլ Փաշինյանի ու մյուսների Րաֆֆին իրեն է տեսել: Ստացվում է, որ <<Ելք>>-ականները կտուրից-կտուր թռչելով, փաստորեն, Հովհաննիսյանի շարժուձևն ու նրա բարև-ի հայտնի տեխնոլոգիաներնեն ընդօրինակողել: Բայց, դե, Րաֆֆին մեծահոգի է ու բարդույթ չունի, ուրախացել է, որ հասցրել է այդքան հետևորդներ ունենալ Հայաստանում՝ քաղաքական մի ողջ ծաղկաբույլ նվիրելով մեր երկրին: Գուցե սերուդները գնահատե՞ն նրա տիտանական աշխատանքը ու մի ուսմունք ստեղծեն՝ անունն էլ <<րաֆֆիականություն>> դնելով:
Հիմա հասկանանք, թե ի՞նչն էր Րաֆֆու այս նախերգանքի նպատակը: Բանն այն է, որ  <<ուսուցիչը>> ՝ այդպիսին լինելու իրավունքով, իր <<աշակերտներից>> մեկ բան է ակնկալում՝ համախմբում իր շուրջ: Մի խոսքով, ԱՄՆ-ից հրատապ եկել է, որպեսզի Հայաստանի ընդդիմադիր դաշտը  <<restart>> տա ու միավորի խորհրդարանական և արտախորհրդարնական ընդդիմադիրներին:
Հիշողության կորո՞ւստ, թե՞ հերթական անհեռատես առաջարկ, որը բնականաբար, ձախողվելու է: Երկու տասնամյակ շարունակ ընդդիմությանը չի հաջողվել միավորվել, Երրորդ Հանրապետության պատմության մեջ չկա գեթ մեկ օրինակ, որը կփաստի միավորումների կամ դաշինքների հաջողության մասին: Միակը ՙՄիասնություն՚ դաշինքն էր, այն էլ կիսաիշխանական դաշինք էր: Իսկ ընդդիմադիր դաշտում` այդպիսին չկա: Դժվար թե այդ մասին Րաֆֆին չգիտի: Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին միավորելու նրա առաջարկն առավել քան տարօրինակ է. <<Ելք>-ին, <<Ծառուկյան դաշինք>>-ին, ՕՐՕ-ին, ՀԱԿ-ին, ՕԵԿ-ին ու մյուսներին, հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Հովհաննիսյանը մեկ կաթսայում պատկերացնում: Տպավորությունն այնպիսին է, որ Հովհաննիսյանը էս գլխից ձախողվող առաջարկ է անում, որպեսզի ձախողումից հետո նորից հայտարարի՝ տեսաք, իշխանությունը խանգարեց, թիրախավորեց ու թույլ չտվեց ընդդիմության միավորմումը: Իսկ հերթական անհաջողությունից գլուխը կորցրած Րաֆֆին՝ կրկին վիրավորված ու դառնացած կհեռանա հայրենիքից հերթական երկարատև ու կազդուրիչ արձակուրդի սիրելի Ամերիկայում անցկացնելու:
Սրանից հետո մեկ բան է մնում ասել. քաղաքականության մեջ քաջնազարությունն ուղղակի անթույլատրելի է, մանավանադ, տարաբնույթ մարտահրավերների առաջ կքած Հայաստանի նման երկրի համար:
Իսկ մեր երկիրը քաջնազարների համար բաց ու անմշակ դաշտ չէ:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն