Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Հայրենի ընդդիմությունը խորհրդարանից ներս ու դուրս

Մայիս 24, 2017թ. 22:19
ընդդիմություն

Խորհրդարանական, նաև ավագանու ընտրություններից հետո քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում նոր պատկեր է ուրվագծվել, ու այդ նորն ունի մի շարք առանձնահատկություններ: Քաղաքական ակտիվ գործընթացներից դուրս մղվեցին տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտի լոկոմոտիվ համարվող ուժերը: Ստացվեց այնպես, որ ընդդիմադիր հատվածի ներկապնակն այսօր ընդամենը երեք ուժեր են ամբողջացնում, որոնցից երկուսը խորհրդարանական են՝ <<Ելք>>-ն ու <<Ծառուկյան դաշինք>>-ը, իսկ մեկը՝ արտախորհրդարնական՝ <<Երկիր Ծիրանին>>: Համաձայնեք, որ ընդդիմադիր դաշտում նրանցից դուրս, գոնե թե առայժմ, այլ խաղացող չկա:
Ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ասել է, թե ընդդիմադիր եռյակն այսօր մեծ հնարավորություն ունի հասարակությանը լավագույնս ի ցույց դնելու իր քաղաքական արվեստը՝ այդ դաշտում առավելապես ամրապնդելով սեփական դիրքերը:

Ի վերջո, բոլորի թիրախը 2022-ն է: Սա նշանակում է, որ ականատես ենք լինելու քաղաքական տարբեր կոմբինացիների, ամեն մեկն իր ոճին, ճաշակին հարիր՝ նորովի ու յուրովի, կդրսևորի իր քաղաքական վարքագիծը:
Կհամնագործակցե՞ն, թե առաջ կգնան մեկմեկու ոտք տրորելով՝ ցույց կտա ժամանակը, չնայած այսօր արդեն որոշ նշաներ նկատվում են: <<Ելք>>-ն ու <<Ծառուկյան դաշինք>>-ն այս հարցում դեռ շոշափում են մեկմեկու տրամադրությունները: Առաջին փորձարկումն անհաջող ստացվեց. անցած շաբաթ <<Ծառուկյան>> խմբակցության ներկայացուցիչներն իրենց քվեարկությամբ չաջակցեցի <<Ելք>>-ին՝ գոնե մեկ հանձնաժողով ունենալու հարցում, փոխարենը վերջինս ՙկողմ՚ քվեարկեց <<Ծառուկյան>>-ականների առաջադրած ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Չնայած սրան թե՜ մեկից, թե՜ մյուսից հնչում են հավաստիացումներ, որ պատրաստակամ են համագործակցության:
Այլ է <<Երկիր Ծիրանի>>-ի դեպքում. Զարուհի Փոստանջյանը դեռ նախընտրական շրջանում ամուր բռնել էր <<Ելք>>-ի օձիքից ու վերջինիս քննադատում է ոչ պակաս, քան իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին մեղադրում իշխանությունների բացասական դրսևորումները կրկնօրինակելու մեջ: <<Ելք>>-ն, իհարկե, չմոռանալով Զարուհու խոյթոցները, շարունակում է մեծահոգաբար հիշեցնել՝ կողմ է համագործակցության:
Նկատենք, որ այս եռանկյունում էլ խաղարկվելու են ընդդիմադիր դաշտի քաղաքական գործընթացները՝ իրենց մեջ պահելով հիմնական ինտրիգը:
                                                       Ի  ՇՐՋԱՆՍ  ՅՈՒՐ
Նախորդ խորհրդարանում օրենքի պարտադրանք էր, որ քաղաքական ուժերը օրենսդիր մարմին ոտք դնելուն պես պետք է հայտարարեին՝ իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն: Մինչդեռ նոր ԱԺ կանոնակարգ-օրենքն ու Սահմանադրությունը քաղաքական ուժերին ազատեց այդ բարդ գործից, նրանք այլևս օրենքով պարտադրված չեն նման հայտարարաություն հնչեցնելու, դա այսօր կատարվում է շատ պարզ, եթե տեղ չունես իշխանական կոալիցիայում, կնշանակի ընդդիմադիր ես:
<<Ոչ իշխանական ուժ>> հասկացության ներմուծումը քաղաքական դաշտ ծնունդ տվեց քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեցեղ մի անհայտ երևույթի, որը ստացավ այլընտրանք կոչվող անվանումը: Սա, փաստորեն, հարմար կարգավիճակ է արհեստածին ուժերի համար, ու ենթադրում է գործունեությունառանց պատասխանատվության: Նախորդ խորհրդարանում՝ 5 տարի շարունակ, ԲՀԿ-ն խաղաց այդ անվան տակ, արդյունքում՝ օրվա մի հատվածում իշխանամետ էր, մյուսում՝ ընդդիմություն, երբեմն էլ՝ հեղափոխական ուժ:
Նոր խորհրդարանի գործունեության մեկնակի առաջին իսկ օրը <<Ծառուկյան դաշինք>>-ի ներկացուցիչները փորձեցին մեկընդմիշտ ձերբազատվել այդ <<լողացող>> կարգավիճակից՝ հրաժարվելով <<այլընտրանք>> անվանումից: Եթե նախորդ տարիներին ԲՀԿ-ականները լուրջ դեմք ընդունած ճգնում էին գտնել  <<այլընտրանքի>> քաղաքական բացատրությունը, անգամ պեղել-գտնել այն երկրները, որոնցում նման ինչ-ինչ ուժեր կան, այսօր ճիշտ հակառակն է՝ նույնքան լուրջ դեպք ընդունած խոստովանում են՝  <<այլընտրանքը>> քաղաքական կատեգորիա չէ:
<<Ծառուկյան>>-ականները չեն ընդունում նաև  <<ամենընդդմադիր>> հասկացությունը, ասենք՝ <<հղին՝ հղի է, կիսահղի ո՞րն է>>: Ու նկատում՝ իրենք ընդդիմություն են: Բայց ինչպիսի՞: Սա բացատրելու համար հիմա էլ զոռ են տվել երևակայությանը, ցիտում են մտքեր գրականությունից, որ բացատրեն, ի վերջո, ի՞նչ են հասկանում ընդդիմություն ասելով: Դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանն իրենց ընդդիմադիր լինելը համեմատեց քամու հետ, որը <<ծառի օգտին է փչելու>>, (իմա՝ ծառն իշխանությունն է, քամին՝ իրենք), Վարդան Բոստանջյանն էլ իրենց համեմատեց ընտանիքի խրատող հոր հետ, որն իր զավակներին ցույց է տալու, թե ո՞րն է լավը, ո՞րը՝ վատը, որ հանկարծ <<օրբիտրից չշեղվեն>>:
Անկախ նրանից, թե իրենց ընդդիմություն լինելն ինչպե՞ս կմեկնաբանեն <<Ծառուկյան>>-ականները, ամեն դեպքում լավ է, որ քաղաքական ուժն իրեն ազատում է լղոզված, ոչինչ չասող ՙայլընտրանքի՚ բեռից, կնշանակի նաև պատրաստ է խորհրդարանում լուրջ գործով զբաղվել ու արածի համար էլ պարտասխանատվություն ստանձնել: Անկեղծ ասած, տեղավորվելով ընդդիմադիրի այս կերպարի մեջ, <<Ծառուկյան>>-ականներն ավելի անկեղծ են թե’ իրենց, թե’ հասարակության հանդեպ: Քանի որ սա այն դերն է ինչին կոչված է եղել այս ուժն իր ստեղծման օրից: Այնպես որ, Ծառուկյանն ու իր թիմը վերադառնում են ի շրջանս յուր: Ինչ վերաբերում է մանդատային սկանդալին, այն դաշինքի հապշտապ ձևավորման հետևանք էր, ու Ծառուկյանի թիմն այսօր կրում է իր շուտափույթ ստեղծման դառն հետևանքները:
<<Ելք>> դաշինքը խորհրդարան մտավ քաղաքական դաշտում հստակ դիրքավորված՝ ընդդիմություն է ու վերջ: Եկավ ու սահման գծեց՝ նախկիններից տարբեր է լինելու, <<պայքար, պայքար մինչև վերջ>> կարգախոսի կրողների ժամանակներն ավարտվել են, նոր մտածողության անհրաժեշտություն կա: Իսկ այդ նորն իր բանաձևն ունի՝ լինել ունակ և համարձակ իշխանության լավին լավ ասելու, վատին՝ վատ: Պետք չէ լավ օրենքներին դեմ լինել ընդամենը ընդդմադիր երևալու համար:  <<Ելք>>-ը ճիշտ որսաց քաղաքական պահը, գիտակցեց, որ հասարակությանը հոգնեցրած ընդդիմադիրների հեռանալու պահը եկել է ու ճիշտ ժամանակին գրավեց նախընտրելի տեղ ընդդիմադիր դաշտում: Մնում է, որ խելամտորեն օգտվի նաև նոր սահմանադրությամբ խորհրդարանին տրված բոլոր լիազորություններից: Ինչպես ասում են՝ Ելք-ն այլ ելք չունի: Այն խորհրդարանում կգործի որպես դասական ընդդիմություն բարձրաձայնելով հասարակությանը հուզող խնդիրներ, խոսելով չարաշահումներից ու երկրում առկա այլ բացերից: Նկատենք, որ առանձնապես չեն տարբերվում <<Ելք>>-ի ու <<Ծառուկյան դաշինք>>-ի մոտեցումները, իսկ տարբերությունն ընդամենը քաղաքական գործելոճի մեջ է. <<Ելք>>-ի մոտ քննադատությունն ավելի հախուռն կստացվի, երբեմն աղմկոտ ելույթներով ու փաստերով համեմված, մինչդեռ <<Ծառուկյան>>-ականները կլինի ավելի մեղմ ու քննադատությունն էլ կհնչի <<հայրաբար>>:
                           ՍԿԱՆԴԱԼԸ  ԶԱՐՈՒՀՈՒ ՏԱՐԵՐՔՆ Է
Այսօր դեռ արտախորհրդարանական դաշտում իշխողը բոլորովին վերջերս ստեղծված <<Երկիր Ծիրանի>>-ն է: Հայաստանյան իրականության համաձայն՝ խորհրդարանից դուրս մնալը քաղաքական ուժի համար հավասարազոր է քաղաքական լուսանցքում հայտնվելուն: Սակայն <<Երկիր Ծիրանի>>-ի պարագայում այդ նորմն ամենայն հավանականությամբ չի գործի: Դժվար է պատկերացնել, որ Զարուհի Փոստանջյանը կարող է իրեն լուսանցքից դուրս դնել: Եթե հաշվի առնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո մեծանում է Երևանի ավագանու դերը, ապա խորհրդարանում չլինելու բացը Զարուհին կլրացնի ավագանիում իր ակտիվությամբ: Սկանդալների ու շոուների մեծ սիրահար Փաստանջյանն այդ ոճով կաշխատի, իհարկե, չսահմանափակվելով քաղաքապետարանի <<պատերի>> մեջ: Զարուհու շոուների երթուղին այս անգամ սկիզբ կառնի քաղաքապետարանից ու կձգվի մինչև խորհրդարան՝ դրսից մրցակցելով ոչ այնքան իշխանության, որքան ընդդիմադիր <<Ելք>>-ի ու <<Ծառուկյան դաշինք>>-ի դեմ: Իսկ պատճառը ակնհայտ է՝ ԱԺ ամբիոնը կորցրած Փաստանջյանը հասարակությանը երևալու ու ընդդիմադիր դաշտում իր <<Ծիրանին>> ամրացնելու խնդիր ունի: Ու իր կռիվը մղելու է՝ թե՜ իշխանության, թե՜ ընդդիմության դեմ:
Ի դեպ, տիկին Փոստանջյանի հետընտրական շոուն արդեն սկսված է. դա Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ-ին ուղղված հայտարարությունն է, որն իրականում զուրկ է իրավական բովանդակությունից: Խնդրի իրավական կողմը նրա համար կարևոր չէ, քանզի նպատակը իշխանությունը տապալելու կոչն է ու այդ պայքարում հնարավոր բոլոր միջոցների օգտագործման խրախուսումը:
Այո, սկանդալը Զարուհու տարերքն է, որը օդ ու ջրի պես պետք տիկնոջը: Գուցե նաև <<Ժառանգության>> համագումարին ընդառա՞ջ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն