Գլխավոր » Society, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն

Տնտեսական ակտիվությունը նահանջել է

Մայիս 24, 2017թ. 00:53
Տնտեսության

Ապրիլին տնտեսական գործընթացները Հայաստանում ակտիվ չեն եղել. գրանցվել է 3,4 տոկոս աճ, ինչի հետեւանքով առաջին եռամսյակի համեմատ տարեսկզբի չորս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նահանջել է։ Վիճակագրական ծառայության` անցած օրը հրապարակած օպերատիվ տվյալներով, այն կազմել է 5,7 տոկոս։
Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը հասել էր 6,6 տոկոսի։
Աճի միտումները դանդաղել են հատկապես տնտեսության իրական հատվածում։ Եթե արդյունաբերության ոլորտում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ակտիվությունը դեռեւս պահպանվել է, ապա գյուղատնտեսությունը շարունակել է անկում ապրել։ Նվազել է նաեւ էներգետիկ ոլորտի աճի տեմպը։ Անկումային վիճակ է շինարարության մեջ։
Արդյունաբերության ոլորտում, որը վերջին ամիսներին դարձել էր տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը, ապրիլին նախորդ ամսվա համեմատ նույնիսկ անկում է գրանցվել։ Արտադրության ծավալները նվազել են 7 տոկոսով։ Մի բան, որ բացասական ազդեցություն է գործել ոլորտի ընդհանուր ցուցանիշների վրա։
Իհարկե, դրանով հանդերձ, տնտեսության այս ճյուղը շարունակել է պահպանել աճի բարձր մակարդակը։ Չորս ամիսների տվյալներով, արդյունաբերության ոլորտի արտադրության ծավալներն ավելացել են 12,9 տոկոսով։ Նշենք, որ առաջին եռամսյակում այն գերազանցում էր 16 տոկոսը։
Արդյունաբերության աճի միտումների վրա բացասական ազդեցություն են գործել առաջին հերթին արտաքին հատվածում տեղի ունեցող զարգացումները։ Վերջին շրջանում միջազգային շուկաների տատանողականությունը դարձյալ ակտիվացել է։
Անցած մեկ ամսում գների տատանողականության ակտիվացում նկատվեց մասնավորապես պղնձի շուկայում։ Տարեսկզբին արձանագրված թանկացումից հետո ապրիլի վերջից գները վերստին նվազեցին՝ տոննայի դիմաց հաստատվելով 5,4 հազար դոլարի շրջանակներում։ Վերջին օրերին դրանք շարժվում են աճի ուղղությամբ՝ տատանվելով 5,6-5,7 հազար դոլարի միջակայքում։
Անկումային իրավիճակը պահպանվում է գյուղատնտեսության մեջ։ Ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտադրության ծավալները նվազել են 5 տոկոսով։ Տարեսկզբի չորս ամիսներին գյուղատնտեսության արտադրության ծավալները 2,9 տոկոսով զիջել են 2016թ. նույն ժամանակահատվածի մակարդակը։
Պետք է ենթադրել, որ, այլ գործոնների թվում, բացասական ազդեցություն է գործել սեզոնայնությունը։ Բնակլիմայական պայմանների հետեւանքով գյուղատնտեսական տարին անհամեմատ հետընկած է։
Որեւէ տեղաշարժ չկա շինարարության ոլորտի միտումներում։ Նախկինի նման ծավալներն անընդհատ նվազում են։
Նվազել է էներգետիկ ոլորտի ազդեցությունը տնտեսական աճի վրա։ Եթե առաջին եռամսյակում ոլորտի արտադրության ծավալների ավելացումը հասնում էր 9,3 տոկոսի, ապա չորս ամիսների տվյալներով եղել է 4,4 տոկոս։ Ապրիլին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է։ Դա արտահայտվել է ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հարաբերությամբ։
Ի տարբերություն նշվածների, տնտեսական աճին շարունակել են ակտիվորեն աջակցել ծառայությունների եւ առեւտրի ոլորտները։ Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում աճի բարձր միտումները պահպանվել են։ Տարեսկզբի չորս ամիսներին ծառայությունների աճը եղել է 10,1 տոկոս։ Ավելի քան 12 տոկոսով ակտիվացել է ներքին առեւտրի շրջանառությունը։
Արտաքին առեւտրի ոլորտում ապրիլին եւս աճ է գրանցվել։ Բայց դա արտահայտվել է առաջին հերթին արտահանման հաշվին։ Նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արտաքին շուկաների մատակարարումներն ավելացել են 16,4 տոկոսով։ Թեպետ աճել է նաեւ ներմուծումը, այնուհանդերձ ավելի փոքր չափով։
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, արտահանվել է ավելի քան 608 մլն դոլարի ապրանք, ինչը 16 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։ Ներմուծման աճը կազմել է 14,6 տոկոս։ Արտաքին շուկաներից Հայաստան է ներկրվել 1 մլրդ 80 մլն դոլարի ապրանք։

Ս. Բեգլարյան

Հայոց Աշխարհ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն