Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մինսկի խմբի հայտարարությունը ողջունելի է, բայց ո՞րն է լինելու հաջորդ քայլը

Մայիս 20, 2017թ. 23:22
Մինսկի խումբ

Հարցազրույց ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ հետ
-Տարիներ շարունակ հայկական կողմերն արդարացիորեն դժգոհել են ԵԱՀԿ Մինսկի խմբի անորոշ, լղոզված հայտարարություններից, որոնք նույն նժարի վրա են դրել կողմերին, չսաստելով հրադադարի ռեժիմը իրական խախտողին՝ Ադրբեջանին : Այս առումով երեկ հնչած հայտարարության մեջ առաջին անգամ սառույցը կոտրվեց՝ ու լսվեց հասցեական հայտարարության:
-Իհարկե, մեզ համար բավական կարևոր է, որ չլինի համահարթեցված, արհեստական մոտեցում և իրերը կոչվեն իրենց անուններով, ինչի մասին բազմիցս, ամենատարբեր մակարդակներով ասել ենք, որ արհեստական համահավասարության նշան դնելով, դուք խրախուսում եք Ադրբեջանին: Եվ իհարկե, գնահատելի է, որ վերջապես եղավ այն գիտակցումը, որ այդպես շարունակել չի կարելի:, Ադրբեջանն անընդհատ փորձում էր մեղքը բարդել հայկական կողմերի վրա, Մինսկի խմբի համանախագահները հանդես էին գալիս համահարթեցնող հայտարարություններով, իսկ երբ մեր կողմից հարցադրումներ էին հնչում՝ ինչո՞ւ, նրանք մեկնաբանում էին՝ հայկական կողմը մի բան է ասում, ադրբեջանականը մեկ այլ ու մեզ մոտ կա շփոթ: Այսպիսի մեկնաբանությունն, իհարկե, համոզիչ չէր, որովհետև իրենց ունեցած գործիքակազմը ամբողջովին բավարար էր ճշտելու իրական պատկերը:
Այսինքն՝ ցանկության դեպքում ՄԽ-ն կարող էր պարզել իրականությունն ու վերջ դնել իր ներքին շփոթին:
-Իհարկե, և ասել, թե տարբեր կողմեր տարբեր ձևով են գնահատում կատարվածը ու մենք չենք կարող հստակ գնահատել՝ ամենևին համոզիչ չէր: Բանն այն է, որ նրանց պահվածքն այդպիսին էր: Իսկ այսօր բոլորովին այլ իրավիճակ է: Այսինքն՝ կա նաև հարցի երկրորդ բաղադրիչը և ես կուզենայի մեր հանրության ուշադրությունը հրավիրել հենց դրա վրա: Այսօր Ադրբեջանն ինքն է հրապարակավ հայտարարում, որ ռազմական գործողություն է իրականացրել հայկական կողմի վրա, ավելին՝ նկարում է դրանք ու տարածում համացանցում: Ես սրանում հետևյալն եմ տեսնում. Ադրբեջանն այս կերպ ձեռնոց է նետում համանախագահներին: Սա շատ կարևոր իրողություն է, մինչդեռ ես այդ տարբերությունը չեմ նկատում մեր շատ գործընկերների կարծիքներում:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ կա իրավիճակի փոփոխություն:
-Այո, և ընդ որում, էական փոփոխություն: Քանի որ, եթե մեկ այլ դեպքում Ադրբեջանն ասում էր՝ հայկական կողմը սկսեց, հայկական կողմը մեզ սադրեց, իսկ մենք պաշտպանվեցինք, այսօր այդ նույն Ադրբեջանն ասում է՝ այո, ես եմ գնացել հարձակողական գործողությունների: Սա այլ բան չէ, քան Մինսկի խմբին նետված ձեռնոց: Ու եթե այսօր համանախագահողները համարժեք ձևով սրան չարձագանքեին, ապա այն ուղղակի կլիներ կատաստրոֆա:
Կա նաև հարցի երկրորդ կողմը: Իմ խորին համոզմամբ, այն, որ Ադրբեջանն այսօր նման ցինիկ պահվածք է դրսևորում, դրանում իրենց դերն ունեն Մինսկի խմբի համանախագահները: Եթե ժամանակին նրանց կողմից կասեցվեին Ադրբեջանի քայլերն ու արհեստականորեն չհամահարթեցվեին հայկական կողմերի ու Ադրբեջանի գործողությունները, վերջինիս լկտիությունը չէր հասնի իր բարձրակետին: Ադրբեջանի նախագահն իրեն բազմիցս թույլ է տվել հնչեցնել ագրեսիվ հայտարարություններ, ներառյալ այն, թե՝ այո, մենք կրակում ենք, քանի որ դրանք ՙմեր տարածքներն՚ են: Եթե ժամանակին լսվեր ՄԽ համանախագահողների կոշտ արձագանքը՝ ուղղված ոչ միայն Ադրբեջանի ռազմական գործողություններին, այլև նման ցինիկ հռետորաբանությանը ու դրանք կասեցվեին խմբի կողմից, ապա գործը չէր հասնի այսօրվան՝ ռազմական գործողությունների ակտիվացմանը:
Փաստորեն, որքան էլ ընդունելի, սական գործ ունենք համանախագահների ուշացած հայտարարության հետ:
-Ընդհանրապես, ես այն ողջունում եմ, որ այս անգամ համանախագահները հայտարարության մեջ մեղադրեցին ռազմական գործողություն սկսող կողմին, ու այս տեսակետից այն հասցեական է: Բայց դարձյալ պետք է կրկնեմ, որ համանախագահողները սրանով պատասխանել են իրենց նետված ձեռնոցին: Դրա համար ես այդքան էլ ոգևորված չեմ այդ հայտարարությամբ, չնայած գնահատում եմ, որ այն վերջապես հնչեց:
Չե՞ք կարծում, որ իրավիճակի փոփոխությունը պարտադրվեց նաև հայկական կողմի ջանքերով, շնորհիվ շփման գծում տեղադրված տեսանկարահանող ու դիտարկման հատուկ սարքերի, գիշերային տեսանելիությունն ապահովող սարքերի, որոնց օգնությամբ նույն համանախագահների առաջ դրվեցին Ադրբեջանի նախահարձակ գործողությունները ապացուցող հստակ կադրեր:
-Հարցին հարցով պատասխանեմ, երբ մենք արեցինք ձեր նշած քայլերը, արդյոք միանգամի՞ց ստացանք ՄԽ համանախագահների արձագանքը: Իհարկե՝ ոչ: Մինչդեռ, հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նման փաստեր է ցույց տվել. կան ապրիլյան իրադարձությունների փաստերը, բոլորը շատ լավ տեղեկացված են: Դրանից առաջ էլ Ադրբեջանը խոցել էր հայկական կողմի ուղղաթիռը: Բայց համախագահները կոնկրետ իրողություններին չէին արձագանքում, քանի որ հետևյալ խնդիրն են լուծում. դիվանագիտական սեղանի շուրջ կարող են մատնանշել իրական մեղավորին, բայց երբ գործը հասնում է դրան հանրային հնչեղություն տալուն՝ լռում են, բալանս պահում, որպեսզի կարողանան շարունակել իրենց միջնորդական գործունեությունը: Եթե անգամ նրանց այս մոտեցումը համարենք հասկանալի, բայց ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի, ի վերջո, կան կարմիր գծեր: Այստեղ կա նաև հարցի հոգեբանական բաղադրիչը, որն ահավոր շահարկում է Ադրբեջանը: Երբ Մինսկի խումբը ցուցաբերում է զսպվածություն Ադրբեջանը դա համարում է մեղմ վերաբերմունք իր հանդեպ, ինչն էլ նրան մղում է ամենաթողության: Այստեղ բաժանարար գիծը շատ բարակ է, հերիք է, որ բալանսը մի փոքր թեքվի ու խնդիր կառաջանա:
Հետևաբար, շատ լավ է, որ համանախագահներն արեցին հասցեական հայտարարություն, շատ լավ կլինի, որ դա լինի շարունակական, դառնա նրանց ձեռագիրը, քանի որ այն կհանդիսանա սառը ցնցուղ Ադրբեջանի համար, նաև կլինի զսպիչ քայլ: Բայց այստեղ կա ևս մի կարևոր հանգամանքներ.առաջին, հասցեական հայտարարություններ չպետք է հնչեն միայն այն դեպքում, երբ ձեռնոց է իրենց նետված, երկրորդ, պետք չէ բավարարվել միայն հայտարարությամբ, այլ պետք է կիրառվեն կոնկրետ մեխանիզմներ: Այսինքն, հայտարարությունը հնչեց, ու դա լավ է, բայց ո՞րն է լինելու հաջորդ քայլը:
-Ժամանակն է, որ ի հայտ է գա հրադադարի ռեժիմը խախտող կողմի՝ Ադրբեջանի դեմ կոնկրետ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը:
-Պետք է լինի ինչ-որ կոնկրետ գործողություն: Իսկ պատժամիջոցների գործիքակազմերը շատ են: Կարևորը կամքն է ու այն գիտակցումը, որ նաև նման մոտեցումն է նպաստում հակամարտության չկարգավորմանը: Եթե ուզում են, որ բանակցային գործընթացն արդյունավետ լինի, ապա չպետք է աչք փակեն ադրբեջանական կողմի քայլերի վրա, որովհետև գործում է շատ պարզ բանաձև, ինչի մասին բազմիցս ենք ասել միջազգային մեր գործընկերներին. դու չես կարող ունենալ քաղաքակիրթ, արդյունավետ բանակցություն, եթե քո սահմաններին կրակում են: Մենք այստեղ խոսում ենք փոխադարձ բարի կամքի դրսևորման մասին, բայց անընդհատ ստանում ենք տեղեկատվություն, որ սահմանին ունենք վիրավորներ, զոհեր, լսում ենք Ադրբեջանի հերթական ցինիկ պահվածքի մասին: Այս ամենը չեն կարող իրար հետ համատեղվել:
-Նախագահը խորհրդանում հնչեցրած իր ելույթում հետաքրքիր միտք արտահայտեց, որ մադրիդյան փաստաթղթի մինչ օրս հրապարակված ամենատարբեր տեքստերը ճշգրտորեն չեն ներկայացնում բանակցվող փաստաթղթերի բովանդակությունը: Նախագահի նպատակը նախընտրական շրջանից եկող, խաղաղություն՝ տարածքների դիմաց, շահարկումները վերջ տա՞լն էր:
-Սա ուղերձ էր ուղղված նախ սեփական հնարությանը: Բաց տեքստով այդ մասին ասաց նախագահը. քարոզարաշավն իր տրամաբանությունն ունի, տարբեր շահարկումների շարքում նաև այս հարցի շուրջ եղան անհարկի շահարկումներ, որոնց մեջ կար նաև, մեղմ ասած, ոչ ճիշտ տեղեկատվություն: Եվ քանի որ քարոզարշավի ժամանակ այդ շահարկումներին անդրադարձ չեղավ նախագահը որոշել էր իր այդ ելույթով փակել նաև շահարկումների թեման:
Մյուս կողմից, նախագահի խոսքում կար միջազգային հանրությանը և մեր հակառակորդին ուղղված ուղերձ. պարզ ասվեց՝ խաղաղություն ինչ-որ բանի դիմաց կարգախոսը չի աշխատելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն