- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Եթե իշխանությունը լուրջ հրահանգի՝ ձեռք չտաք լրագրողներին, բարեկիրթ  վերաբերվեք նրանց նկատմամբ՝ մյուսներն էլ կզգաստանան

 Հարցազրույց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ  ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ

-Հայաստանյան լրատվամիջոցներն առավել ակտիվ ու կարևոր դերակատարում են ստանձնել ընտրական գործընթացների լուսաբանման , ինչպես նաև, նրանում առկա բացասական երևույթները ջրի երես հանելու ուղղությամբ, ինչը շատ կարևոր է:  Լրագրողների ակտիվությունն ակնառու էր նաև Երևանի ավագանու ընտրություններում: Ինչպիսի՞ն է ձեր՝ որպես  «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահի գնահատականը:

 -Որքան էլ մենք  քննադատաբար վերաբերվենք հայաստանյան լրատվամիջոցների գործունեությանը, այնուհանդերձ,  դաշտում կա որակյալ լրատվամիջոցների մի հատված, որում, իրոք, կան պորֆեսիոնալ մասնագետներ: Այդ հատվածը լրագրությունն իրականացնում է որպես հասարակական կարևոր առաքելություն, որպես սոցիալական վերահսկողության գործառույթ: Շատ հաճախ նույնիսկ լրագրողն ու լրատվամիջոցն  իրենց վրա վերցնում են մի քիչ ավելի  գործառույթներ, քան կարող են անել:

-Այսինքն՝  նաև դո՞ւրս են գալիս իրենց  գործունեության շրջանակներից՝ լավ իմաստով::

-Այո: Ավագանու ընտրություններն առանձնահատուկ էին նաև զլմ-ի աշխատանքի առումով, որակյալ լրատվամիջոցները հանրությանը փաստացի ներկայացրին  այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսում էին: Ընտրակաշառք երևույթի մասին մենք երկու տասնամյակից ավելի  խոսում ենք, բայց  միշտ ասվում է, թե՝ լրագրողները մերկապարանոց հայտարարություններ են անում, որովհետև որևէ փաստ չկա: Մինչդեռ  ավագանու և խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրագրողներն հենց այդ փաստերը ցույց տվեցին՝ վտանգելով իրենց առողջությունը, քանի որ ինչպես տեսնում են տեսանյութերում իրենք գործ են ունեցել ոչ այնքան ադեկվատ անձանց հետ:

Մենք տեսնում ենք, որ ավելանում են և ընտրակաշառք բաժանողների և վերցնողների քանակը: Տեսնում ենք փոխհամաձայնություն՝ քաղաքական ուժի կամ ուժերի և հասարակության մեջ գոյություն ունեցող գորշ, ընչազուրկ մասսայի, որն իր օրվա հացը չի կարողանում ստեղծել և ընտրակաշառք բաժանողները հենց այդ մասսայի վրա են հենվում: Միակ օղակը, որը խանգարում է այդ ընտրահամակարգին   լրատվամիջոցների ինստիտուտն է, կրկնում եմ՝ որակյալ լրատվամիջոցների, քանի որ դաշտում կան այնպիսիք, որոնք դրամաշորթությամբ են զբաղվում, շատ հեշտ ծախվում են, այդպիսիք մեծ հաշվով լրատվամիջոց չեն էլ համարվում, դրանք իրենց գործելաոճով, տեսքով անգամ չեն համապատասխանում օրենքին:

Ինչևէ, շնորհիվ որակյալ զլմ-ի հսանրությանը ներկայացվեց այն ինչը կար ու ինչի մասին վաղուց էր խոսվում: Ընտրակաշառքը, որպես հայաստանյան ընտրական համակարգին բնորոշ երևույթ, այլևս վերացական խոսք չէ, դա ապացուցված է փաստերով, որոնք տեսանկարահանված, ձայնագրված են լրագրողական համապատասխան սարքերով: Իսկ ընտրակաշառք բաժանողներն, իհարկե, ասելու են, որ դա հատուկենտ բնույթ է կրել և ընտրություններին բնորոշ չէ: Եվ ես  ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ  այդ ամենն արդեն համակարգված բնույթ է կրում:

Շնորհիվ <Իրազեկ քաղաքացի միավորման կողմից կատարված բացահայտումների պարզ դարձավ նաև, որ վարչական ռեսուրսի օգտագործումն այլևս վերացական խոսակցություններ չեն, ոչ  էլ մերկապարանոց հայտարարություններ: Միգուցէ այդ մեթոդը, որով կատարվեց բացահայտումը, կատարյալ չէր ազնվության առումով, բայց մենք մոռանում ենք, որ դա թերևս միակ հնարավորությունն էր էլ ավելի մեծ չարիքը բացահայտելու համար: Եվ ես կարծում եմ, որ այդ վարչական ռեսուրսի չարաշահման մասին մենք այլ փաստեր էլ, իհարկե, ունենք: Խոսքս ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցների հայտնի ժողովն էր ու նրա տիրոջ շուրջ բարձրացած սկանդալը:

Այսպիսով մեր ձեռքի տակ կան երկու փաստեր, որոնք բացահայտում են ընտրական համակաևգի արատավոր լինելը:

-Հաշվի առնելով այն, որ ընտրական գործընթացներում առկա բացերը հիմնականում  ի ցույց դրվեցին լրատվամիջոցների անաչառ աշխատանքի արդյունքում, սա չի՞ փաստում մեր երկրում  ազատ խոսքի ոլորտում նկատվող  առաջընթացի մասին:

Չէ, մեր երկրում առաջընթաց չկա ազատ խոսքի առումով: Ինչպե՞ս է առհասարակ առաջընթացը չափվում.  առաջին զլմ-ի գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտում  բարեփոխումներ  իրականացնելով, մինչդեռ մեզ մոտ դա չի արվել, հակառակը, կան հետադիմական բնույթ կրող օրենքներ: Երկրորդ,  գործունեության տնտեսական դաշտը չի բարելավվել, իհարկե, այստեղ կան օբյեկտիվ պատճառներ՝ ճգնաժամն  ամբողջ աշխարհում է,  իսկ Հայաստանի տնտեսության վիճակն ավելի ծանր վիճակում է և լրատվամիջոցները որպես բիզնես չեն կարող այդ դաշտում բարելավել իրենց վիճակը: Երրորդ, քաղաքական միջավայրը շատ ծանր է, ու այս ընտրությունները ցույց տվեցին, որ անհանդուրժողականությունը լրագրողական աշխատանքի նկատմամբ շարունակվում է, ու խորանում. խոսքս ֆիզիկական բռնությունների և խոչընդոտումների մասին է: Ուղղակի, լրագրողներն այդ խոչընդոտումներին հակառակ էլ ավելի համառորեն ուզում են այդ ամենը հաղթահարել ու իրենց առաքելությունը կատարել: Եվ կատարում են: Հանրության առողջ մասը, ավելին՝ իշխանությունը պետք է շնորհակալ լինի այդ տիպի լրագրողներին ու լրատվամիջոցներին, ու ոչ թե փորձի նսեմացնել, ասելով՝ դա իշխող ուժի դեմ իրականացվող պատվեր է և այլն: Առհասարակ, լրագրողն ու  որակյալ լրատվամիջոցը պետք է  քննադատաբար վերլուծեն իշխանությունների գործունեությունը, և դա լրատվամիջոցի սուրբ պարտականությունն է:

-Այստեղ մենք հաճախ չե՞նք ընկնում ծայրահեղության մեջ, երբ առհասարակ անտեսվում է արված լավ գործը, դրական քայլերը, փոխարենը վերլուծությունները  գրեթե ամբողջությամբ կառուցվում են  բացասական երանգների վրա:

 -Ասածս ամենևին չի նշանակում, որ իշխանության հաջողված քայլերը, դրական գործողությունները չպետք է լուսաբանվեն: Ամենևին. լրատվամիջոցները պետք է քննադատաբար վելուծեն, ներկայացվեն և հաջողությունները, և անհաջողությունները: Բայց տվյալ պարագայում մեր ընտրական համակարգում դրական բան դժվար է գտնել, որքան էլ ասվի, թե մեկ քայլ առաջ ենք գնացել:

– Դուք իրապե՞ս ոչ մի դրական փոփոխություն չեք տեսնում. մասնավորաբար, նոր ընտրական օրենսգիրքն իր բազմաթիվ նորամուծություններով առաջընթաց չէ՞:  

-Ես չեմ ուզում ասել, որ ամբողջությամբ վատ է ու որևէ բան չի ձեռնարկվել: Իհարկե, օրենքում ներառված տեխնիկական նորամուծությունները, նաև ընտրացուցակների հրապարակումը դրական քայլ էր, և ոչ ոք չի ասում, որ լավ չէ: Այդ փոփոխությունները գնահատվեցին նաև քաղաքական շրջանակների կողմից, անգամ արմատական ընդդիմադիր ՀԱԿ-ը միշտ գովերգում էր կատարվածը: Որոշ ՀԿ-ներ նույնպես  դրական արձանագեցին: Բայց այդ փոփոխությունները չփոխեցին  ընտրական գործընթացների որակը, ու դա ես ասում եմ մեծ ափսոսանքով: Եթե իշխանություն պահելը դառնում է տվյալ քաղաքական ուժի համար գերնպատակ, բնականաբար, ստեղծված նոր պայմաններում սկսում են մտածել նոր հնարքների ու շրջանցումների մտածել: Նախկինում, երբ չկային այդ տեխնիկական միջոցները, փոխարենը կար խախտումերի մի ամբողջ բույլ, այդ թվում լցոնումներ, այժմ դա հնարավոր չէ անել: Փոխարենը, շեշտակիորեն ավելացել է ընտրակաշառքի ծավալներն ու չափերը: Նախկինում, եթե ընտրակաշառքը սկսվում էր 5000 դրամից, հիմա արդեն 20 000-ի մասին է խոսվում: Նման իրավիճակում այլևս չես հասկանում կատարված տեխնիկական նորամուծությունների իմաստը:  Ինձ համար սա ընտրություններ չէր, սա հաղթանակ չէր:

Մի շարք լրագրողական կազմակերպություններ, այդ թվում և դուք, ուսումնասիրել եք ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը: Անցած տարիների համեմատությամբ պատկերն ինչպիսի՞ն է,  կա դեպքերի ա՞ճ,  թե՞  նվազում:

– Ճիշտ գնահատականի համար պետք է համեմատենք ավագանու նախորդ ընտրությունների հետ: 2013-ի ավագանու ընտրությունների ժամանակ  հետևյալ պատկերն ենք ունեցել. ֆիզիկական բռնության 1 դեպք գրանցվեց Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում, իսկ ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ լրագրողների մասնագիտական գործունեության 8 այլ խոչընդոտում։ Ֆիզիկական բռնության 3 եւ ճնշումների 6 միջադեպ տեղի ունեցավ նաեւ վերը նշված քաղաքացիական շարժումները լուսաբանող լրագրողների նկատմամբ: Փաստերը ցույց են տալիս, որ նվազում չկա, գրեթե նույն մակարդակին են խոչընդոտումներն ու բռնությունները:

2015 և 2016 թվականներին լրագրողների նկատմամբ տեղի է ունեցել մասսայական իրավախախտումներ, դրանք այնպիսի մասշտաբների էին, որ երկրի նախագահը ստիպված եղավ իր ելույթում ներողություն խնդրել: Կարծում եմ, որոշ առումով այդ հանգամանքը սթափեցնող էր, բայց այս իրավիճակը ևս հեռու է բարվոք համարվելուց: Եթե  ֆիզիկական բռնությունների կամ խոչընդոտումների քանակը պակասում է, դա, իհարկե, ինչ-որ տեղ հուսադրող է, բայց քանի որ այդ երևույթները մեզանում կան ու արտահայտվում են  ցանկացած ընտրությունների ժամանակ, կնշանակի, արատավոր ավանդույթը՝ մի քիչ շատ, կամ քիչ, մեզանում կա:  Երբ շատ են իրավախախտումներն ու լրագրողները  ձգտում են այդ ամենն արձանագել, դա իշխանության մոտ պաշտպանական ագրեսիվ ռեակցիա է առաջացնում: Հիմա, լրագրողները դրանից կամ պետք է վախենան ու համակերպվեն, որ գնալով կարող են հայտնվել տհաճ պատմության մեջ, կամ հաղթահարելով վախն ու կաշկանդվածությունը պետք է գնան ու կատարեն իրենց  առաքելությունը: Իսկ  այստեղ արդեն անխուսափելի են խոչընդոտումն ու ֆիզիկական բռնությունը:

Հիմա անդրադառնամ 2017 թ ավագանու ընտրություններում արձանագրված փաստերին. մենք արձանագրել ենք լրագրողների նկատմամբ բռնությունների 2 դեպք, իսկ 4 դեպք՝ տարաբնույթ ճնշումների ու խոչընդոտումների: Մեկը  «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակումն է, որը  տեղի է ունեցել Նար-Դոս փողոցում տեղակայված ՀՀԿ շտաբում: Իսկ «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթև Խաչատրյանի նկատմամբ և՛ բռնություն է կիրառվել, որը տեղի է ունենցել Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս), և  խոչընդոտել են նրա աշխատանքը: «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ևս ճնշում է գործադրվել: Խոչընդոտել են նաև «1in.am» կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանի (10/28 տեղամասում), «Hraparak.am»-ի լրագրող Սոնա Ադամյանի   (2/50 ընտրատեղամաս) մասնագիտական օրինական գործունեությանը: Նշեմ, որ սրանք բոլորը տեսանկարահանված դեպքեր են:

-Իսկ կա՞ն այնպիսի դեպքեր, որոնք լրագրողները պարզապես չեն հասցրել    տեսանկարահանել կամ ձայնագրել, փոխարենը օգտվել են ձեր թեժ գծից՝ ահազանգելով  ձեզ:

-Այո, կա լրագրողական  աշխատանքը խոչընդոտող ևս մեկ դեպք, որը  լրագրողները չեն հասցրել տեսանկարահանել.  Ընտրությունների օրը՝ ուժ երեկոյան, 114 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում խոչընդոտվել է մի խումբ լրագրողների աշխատանքը, սպառնալիքներ, ցինիկ արտահայտություններ են հնչեցվել <<Ազատություն>> ռ/դ-ի, Սիվիլնեթի, Հայկական ժամանակի  լրագրողների հասցեին, ասել են՝ էստեղից գնացեք, թե չէ կջարդենք, կփշրենք ու թույլ չենք տա, որ նկարահանեք: Փաստերը ճշտվում են նաև մեր կողմից: <<Ազատություն>>  ռ/կ թղթակցի հասցեին նաև այսպիսի արտահայտություն է արվել՝ գլուխդ աղալու ենք: Ցավոք, այս խոսքերը ձայնագրված չեն, պատճառն այն է, որ մինչ այդ միջադեպը փոքր-ինչ հանդարտվել է ու բոլոր լրագրողներն անջատել են նկարահանող սարքերը և զրուցել  հանձնաժողովի անդամների հետ: Բայց նրանցից մեկը տաքացել է ու նման արտահայտություն է իրեն թույլ տվել: Էլ չեմ ասում հանձնաժողովի անդամների լկտի պահվածքի մասի. <<Կյաժ>> մականունով մեկը շատ վատ պահվածք է դրսևորել հանձնաժողովի անդամ երիտասարդ կանանց նկատմամբ, նրանց շոյելով ու հաճոյախոսելով: Նույնպիսի լկտի պահվածք է դրսևորել նաև 114 դպրոցի ուսուցիչներից մեկը: Մի խոսքով այդ ամենը չի անտեսվելու, կհրապարակվի ու մենք համարժեք գնահատականով հանդես կգանք:

Ուզում եմ շեշտել՝  միշտ չէ, որ լրագրողները կարողացել են ամեն ինչ նկարահանել կամ ձայնագրել: Իսկ մենք չենք խոսում ոչ ապացուցելի դեպքերի մասին:

Ընտրությունների օրերին, սովորաբար, մեր թեժ գիծն աշխատում է, բայց այս անգամ  մենք ահազանգեր չստացանք, գուցե պատճառն այն է, որ լրագրողներն իրենց ձեռքի տակ ունենալով համապատասխան սարքեր, դեպքերը նկարահանում ու արագ տեղադրում էին youtube-ում, ինչն առավել օպերատիվ է լինում: Իսկ հետո մենք դրանք հավաքեցինք, իմի բերեցինք ու վերլուծեցինք:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը  ներողություն  խնդրեց «Ազատության» լրագրող ի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։  Սա դրական քայլ չէ՞, և   այն չնկատելը, չարձանագրելն արդյո՞ք կողմնապահություն չէ:

-Սովորաբար, ՀՀԿ շարքերում եղել են և՛ մռութ ջարդողներ, և՛ ներողություն խնդրողներ: Պետք է նկատենք, որ ներողություն են խնդրում ՀՀԿ-ի կրթված մասը:  Հիշենք, թե ինչպես էր Մհեր Սեդրակյանը լրագրողի մռութը ջարդելու  սպառնալիքով հարձակվել վերջինիս վրա ու ինչպես նրա փոխարեն ներողություն խնդրեց Մարգարիտ Եսայանը:

Այն, որ ՀՀԿ ներկացուցիչները նույնպես լրագրողների հանդեպ բռնություն են կիրառել վկայում է այն փաստը, որ <<Ազատություն>>  ռ/կ լրագրողի հետ կատարված դեպքը հենց ՀՀԿ շտաբում է եղել՝ ՀՀԿ ներկայացուցչի կողմից: Այնպես որ,  ի  գիտություն ենք ընդունում Արմեն Աշոտյանի ներողությունը, իսկ ներողություն խնդրելը միշտ էլ լավ է: Բայց ինձ մոտ այլ հարց է ծագում, իսկ ո՞վ է ներողություն խնդրելու մյուս տուժած լրագրողից՝ Տաթև Խաչատրյանից: Մեկ այլ հարց էլ է առաջանում. ներողությունից ի՞նչ հետևություն է արվում: Ժամանակին երկրի նախագահն էլ ներողություն խնդրեց ու ասաց, որ նման դեպքեր չեն կրկնվի: Անկեղծ ասած, ես որևէ երաշխիք չունեմ, որ եթե քաղաքական մթնոլորտը թեժանա, իհարկե, Աստված ոչ արասցե, նույն  մոտեցումը, նույն  անհամաչափ ուժը չի կիրառվի լրագրողների նկատմամբ:

Անընդունելի է համարելը, թե կա դրական միտում, քանի դեռ մենք ունենք լրագրողիների նկատմամբ բռնությունների դեպքեր, դրանց թիվը կլինի  2-ը, թե 4-ը, էական չէ, մեկ դեպքն էլ արտառոց է: Իսկ իշխանությունն այս հարցը կարող է լուծել, եթե մեկ անգամ լուրջ հրահանգ հնչեցնի՝ լրագրողներին ձեռք չտաք,  բարեկիրթ  վերաբեմունք ցուցաբերեք նրանց նկատմամբ, անգամ ամենապրովոկացիոն հարցին տվեք բարեկիրթ պատասխան: Բայց այսօր հասարակությունը հակառակի ականատեսն է ու մտածում է, եթե իրենց կարելի  է, ուրեմն մեզ էլ կարելի է: Ես հաճախ եմ ասում, ոչ ոք խոսքի ազատությունը սկուտեղի վրա չի մատուցում, դրա  համար պայքարել է պետք:

-Ցանկացած իրավիճակ պետք է դիտարկել ու գնահատել համեմատության  մեջ: Հետևաբար, խոսքի ազատության, լրագրողների հետ վերաբերմունքի առումով, ի՞նչ իրավիճակ է տարածաշրջանի մյուս երկրներում, որքան էլ որ նրանց շարքում կան մեզ հետ ուղղակի անհամեմատելի երկրներ:  

-Վերջերս Վրաստանում էի, մասնակցում էի ԵԱՀԿ-ի  կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ նվիրված  մամուլի ազատությանը: Սովորաբար, մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մեդիա փորձագետները, բայց այս անգամ կային նաև այլ երկրների փորձագետներ: Երբ  միջոցառման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձեցին իրենց երկրում տիրող իրավիճակը համեմատել Հայաստանի հետ, մենք ասացինք, որ չնայած  քննադատաբար ենք վերաբերվում Հայաստանում տիրող իրավիճակին ու համարում ենք, որ այն առավել պետք է բարելավենք, բայց դուք մի համեմատվի մեզ հետ, որովհետև միջազգային կազմակերպությունների բոլոր զեկույցներում դուք շա՜տ ավելի հետ եք ու  Հայաստանի իրավիճակի հետ Ադրբեջանում տիրողն անհամեմատելի է: Սակայն  մեր երկրի ներսում ես այլ բան եմ ասում, ինչո՞ւ մենք պետք է  համեմատվենք  Ադրբեջանի, Թուրքիայի կամ Իրանի հետ: Ես էլ եմ սիրում համեմատություն անել, բայց միշտ սիրում եմ մեր երկիրը համեմատել այն երկրների հետ, որտեղ ավելի լավ է  իրավիճակ է և ուզում եմ, որ  ձգտենք, հասնենք դրան:

Իսկ տարածաշրջանում իրավիճակն այսպիսին է. միջազգային չափորոշիչների գնահատմամբ, Վրաստանի լրատվամիջոցները դասվում են կիսաազատների շարքում, բայց վերջնամասում են,  իսկ Հայաստանը ոչ ազատների վերին մասում է: Տարբերությունը գուցե շատ մեծ չէ, բայց կա:

Խոսքի ազատության մակարդակի հետընթացը, լրատվամիջոցների գործունեության ազատության մակարդակի իջեցումն  ամբողջ աշխարհով մեկ է նկատվում, և դա տագնապեցնող է: Կարծես թե, քաղաքակրթությունը բավարար է համարել իր ուշադրությունն այս ոլորտին և այսօր այդքան ուշադիր չէ  խոսքի ազատության խնդիրներին: Միգուցե առաջին պլան են  մղվել անվտանգության խնդիրները, տնտեսական, սոցիալական հարցերը: Բայց խոսքի ազատությունն այն հիմնարար իրավունքներից է, որը կարող է շատ աննկատ խախտվել և դա լուրջ  ազդեցություն կունենա մնացած ինստիտուտների վրա:

-Ի՞նչ կասեք ՄԻՊ-ի հայտարարության  առնչությամբ. վերջինս ուսումնասիրել է լրագրողների  աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը և բոլոր տվյալներն ուղարկել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

– Որքան գիտեմ, ՄԻՊ-ը բոլոր լրագրողների անունները չի հիշատակել իր հայտարարության մեջ,  բայց ամեն դեպքում ես շատ  կարևոր եմ համարում ՄԻՊ-ի անդրադարձը: 2016-ին Սարի թաղի դեպքերի հետ կապված որոշ տարաձայնություններ եղան մեր կազմակերպության ու ՄԻՊ-ի գրասենյակի միջև: Բայց  դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ ՄԻՊ-ը սկսել է ավելի ուշադիր ու զգայուն լինել այս հարցերի նկատմամբ: Մենք մեր առաքելությունն ենք համարում լրագրողների շահերի պաշտպանությունը, բայց երբ ՄԻՊ-ն է նաև այդ հարցերի շուրջ իր ձայնը բարձրացնում, դա հեշտացնում է նաև մեր աշխատանքը: Սրանով մեր կողմից արձանագրված փաստերն առավել ծանրակշիռ են դառնում:

Պակաս հետաքրքիր չէր նաև դատախազության հայտարարությունը,  համաձայն որի, առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ պարունակող 79 հաղորդից 56-ը աշխատանքային խումբը հայտնաբերել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում, իսկ 23-ը՝ ոստիկանության համապատասխան բաժիններով ստացված ահազանգերն են: Կարող ենք ասել, որ սրանով էլ դատախազությունն է, փաստորեն,  արձանագրում  լրագրողական աշխատանքի արդյունավետությունը:

 -Այո, փաստերի ճնշող մեծամասնությունը լրագրողների շնորհիվ է արձանագրվել, ու կրկին հաստատում է ասածս, որ այս իրավիճակում առողջ ուժերը որակյալ լրատվամիջոցներն են: Դատախազության արձագանքի առնչությամբ ասեմ նաև հետևյալը, եթե խորհրդարանական ընտրությունների օրը դատախազությունն ու մյուս իրավապահ  մարմինները իսկույն՝ ժամերի ընթացքում, արձագանքեցին, հրահագվեց ուսումնասիրել առերևույթ հանցագործություններն ու անհրաժետության դեպքում քրեական գործեր հարուցել, ապա այս անգամ այդ օպերատիվությունը չկար: Թերևս պատճառն այն է, որ ավագանու ընտրությունները մեզանում շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում, քան համապետականը: Ամեն դեպքում հանցագործությունը մնում է  հանցագործություն, անկախ նրանից, թե ո՞ր ընտրությունների  ժամանակ է տեղի ունեցել:

Այնուհանդերձ, մենք կհետևանք, թե Հատուկ քննչական ծառայությունը ինչպիսի՞ նախաքննություն կիրականացնի, ոստիկանությունն ի՞նչ հաղորդագրությամբ հանդես կգա  ու հանրությանը կտեղեկացնի  իր գործողությունների մասին: Մեր սպասելիքները մեծ չեն, քանի որ մենք շատ դժգոհ ենք Էլեկտրիկ Երևանի, Սարի թաղի ու Խորենացու փողոցի իրադարձությունների նախաքննությայն ընթացքից, քանի  որ ներկայացված մեղադրանքների քանակն ամենևին  համաչափ չէ  բռնությունների մասշտաբների հետ: Գիտեք, երբ խոսքը վերաբերում է  իշխանության ներկայացուցիչների կողմից կատարված իրավախախտումներին, այստեղ  իրավապահ մարմինները մեծ զգուշավորությամբ են գործում: Այնպես, որ կհետևենք,  կտեսնենք, թե այս միջադեպերից ո՞րն իր տրամաբանական ավարտին կհասնի, և ո՞րն ուղղակի կկառչվի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ