Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԱԺ-ում քիչ չեն այնպիսի հանձնաժողովները, որոնք նորմալ չեն աշխատել, որոնց արդյունավետությունը ցածր է եղել

Մայիս 17, 2017թ. 16:52
Թևան պողոսյան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
Կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններից մեկն այն է, որ կբարձրանա Ազգային ժողովի քաղաքական դերը, ուր կլինի առավել մեծ բազմակարծություն: Սակայն այն, որ նորաստեղծ խորհրդարանը, քաղաքական ուժերի ներկայացվածության առումով, բավական աղքատիկ է, ունենք ընդամենը 4 ուժ, բազմազանության տեսանկյունից նահանջ չապրեցի՞նք:
-Նախ ո՞նց ձևավորվեց այդ աղքատիկ պատկերը խորհրդարանում, բնականաբար, ընտրությունների միջոցով: Այսինքն՝ հասարակությունն իր քվեով ձևավորեց այն: Կնշանակի, հանրությունը քաղաքական դաշտում գործող ուժերից միայն այդ 4-ին տվեց իր ձայնը և ուղարկեց խորհրդարան: Իսկ մենք չենք կարող մեղադրել ընտրողին, թե ինչո՞ւ այդքան քիչ թվով կուսակցությունների տվեցիր քո ձայնը:Ինչ վերաբերում է բազմակերպությանը, սրան այլ կերպ պետք է հասնենք: Մեր կուսակցությունները պետք է գիտակցեն, որ հարկավոր է հետամուտ լինել խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի, նաև հասարակական խմբերի հնչեցրած տեսակետներին, կարծիքներին, և որպես խորհրդարանական քաղաքական ուժեր, նրանց խոսքը տեղ հասցնել: Իսկ իրենք ունեն այդ հնարավորությունը, ունեն դրան հասնելու տարբեր մեխանիզմներ: Եթե ԱԺ ներկայացած չորս կուսակցությունների խմբակցություններն այս կերպ աշխատեն, ապա խորհրդարանում կձևավորվի իրական բազմակարծություն:
Այնպես որ, մեր խորհրդարանում կարող էր նույնիսկ երկու ուժ ներկայացված լինել, ինչպես ԱՄՆ-ում է, ուր կա լիրաժեք բազմակարծություն:
Նախորդ՝ 5-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ ստեղծվեց ու գործեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով: Իսկ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն հանձնաժողովը կվերացվի, և դա պատճառաբանվում է նրանով, որ հանձնաժողովը մատնված է եղել անգործության: Կիսո՞ւմ եք այն կարծիքը, թե վերացնում են, որպեսզի ոչ պարկեշտ վարքագիծ դրսևորած պատգամավորները չհայտնվեն վերահսկողության տակ:
-Նոր կանոնակարգ -օրենքի համաձայն Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը կվերանա որպես այդպիսին, սակայն օրենքում կա հնարավորություն, որ ցանկացած դեպքի համար կարող է ձևավորվել քննիչ հանձնաժողով, ինչը կկատարի նույն էթիկային հանձնաժովի դերը: Հիշեցնեմ, որ նախկինում չնայած կար էթիկայի հանձնաժողով, բայց եթե այն չստանար այս կամ այն պատգամավորի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ համապատասխան դիմում, ապա նիստ չէր կայանա: Այսօր էլ ոչ պարկեշտ վարքագիծ դրսևորած պատգամավորներին վերահսկողության տակ առնելու համար հարկ կլինի, որ պատգամավորները նախ նման հարց բարձրացնեն ու նախաձեռնեն քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ կոնկերտ խնդրի շուրջ քննարկում իրականացնելու համար: Ի դեպ, նոր կանոնակարգ-օրենքում այս մեխանիզմն ավելի արդյունավետ կգործի, քանի որ պատժամիջոցների կիրառման առումով քննիչ հանձնաժողովներն ունեն ավելի մեծ հնարավորություն, քան եղել է նախկինում: Այսինքն՝ օրենքում կան անհրաժեշտ մեխանիզմը, պարզապես պետք է օգտագործել: Իսկ եթե պատգամավորները նման նախաձեռնություններով հանդես չգան, մեղքը իրենցը կլինի, քանի որ ոչ քննիչ հանձնաժողով կստեղծվի, ոչ էլ վերահսկողություն կլինի էթիկայի կանոնները խախտած պատգամավորների նկատմամբ:
-Մշտական հանձնաժողովների շարքում ամենայն հավանականությամբ կկրճատվի եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը:Հիշենք, որ մասնավորաբար Հայաստանի ԵԱՏՄ անդամակցումից հետո այդ հանձնաժողովը գրեթե դադարել էր նորմալ աշխատել:
-ԱԺ-ում քիչ չեն այնպիսի հանձնաժողովները, որոնք նորմալ չեն աշխատել, որոնց արդյունավետությունը ցածր է եղել: Բայց դա չի նշանակում, որ պետք է կրճատել: Հարկավոր է մտածել դրանց գործունեությունն ակտիվացնելու մասին: Ես շատ կափսոսամ, եթե Հայաստանի խորհրդարանում չլինի Եվրոպական ինտեգրման հանձնաժողով: Կուզենամ, որ այդ հանձնաժողովը մնա ու ավելի մեծ լիազորություններ ունենա: Հատկապես, որ այս տարի պատրաստվում ենք ստորագրել ԵՄ հետ համաձայնագիրը: Կուզանեմ, որ այդ հանձնաժոովը նաև լուրջ դերակատարում ստանձնի մեր օրենսդրական դաշտում, որպեսզի Հայաստանը լիարժեքորեն կատարի Եվրամիության առաջ ստանձնած իր պարտավորությունները:
ԱԺ նախագահի տեղակալների թիվը երկուսից կդառնա երեքը, նրանցից մեկն էլ պարտադիր պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:
-Մեկն էլ պարտադիր կին պետք է լինի:
-Ի՞նչ կտան այս փոփոխությունները:
-Հնարավորությունների ավելացում: Շատ լավ է, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմությունից: Ես ողջունում եմ այդ մոտեցում, որով ընդդիմությանը նման հնարավորություն է տրվում: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե դա ինչպե՞ս է իրականացվելու: Մենք բազմաթիվ լավ օրենքներ ունենք, բայց դրանք բոլորը չէ, որ լիարժեքորեն կատարվում են: Կուզենամ, որ նախագահի տեղակալներից մեկի ընտրությունը կատարվի իրական ընդդիմության շարքերից:
Խորհրդարանում որպես ընդդիմություն ներկայացող երկու ուժ կա, մեկը ՙԵլք՚-ն է, մյուսը՝ ՙԾառուկյան դաշինք՚-ը: Իրական ընդդիմություն ասելով՝ այս ուժերից որի՞ն նկատի ունեք:
-Բնականաբար՝ Ելք-ին: Մինչդեռ կա մտավախություն, որ մյուս խմբակցությունը՝ Ծառուկյան դաշինքը, կարող է իրեն հայտարարել ընդդիմություն ու իր առավել մեծ թվաքանակով հավակնել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնին: Բայց այդ ուժը, իմ ընկալմամբ, չի կարողանա ստանձնել իրական ընդդիմադիրի դերակատարություն: Այնուհանդերձ, չշտապենք, միգուցե կլինի հակառակը, շատ լավ կկարողանան աշխատել, այնպես որ առաջ չնըկնենեք մեր ենթադրություններում, որպեսզի հետո չասենք՝ սխալվեցին:
Ինչպե՞ս վարվել նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների հետ. այս հարցը հաճախ էր կանգնում ԱԺ նախկին ղեկավարության առաջ: Հայտնի է, որ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել բացակայողների նկատմամբ՝ աշխատավարձից գումար պահելով, ինչը որոշ օլիգարխիկ պատգամավորների համար որևէ նշանակություն չունեցավ: Այժմ անհարկի բացակայողները ստիպված կլինեն պատասխան տալ Սահմանադրական դատարանում:
Այո, մենք մշտապես խորհրդարանում ունեցել ենք այդ խնդիրը՝ պատգամավորի բացակայությունը համարել հարգելի՞, թե՞ անհարգելի: Ու բոլոր բաղակայությունները մեխանիկորեն գրվում էին հարգելի: Նոր օրենով նախատեսված մեխանիզմները պետք է, որ սանձեն անհարկի բացակայողներին: Բայց, դարձյալ, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանո՞վ օրենքը կկիրառվի:
Կարծում եմ, նոր մոտեցում պետք է լինի նախ ընտրողի կողմից, վերջինս ավելի մեծ պահանջներ պետք է ներկայացնի: Ընտրողը պետք է ասի՝ հարգելի պատգամավոր, ես ձեզ իմ ձայնն եմ տվել, ուրեմն դուք պետք է լինեք խորհրդարանում, ուզում եմ տեսնել, որ դուք, իրոք, աշխատում եք: Իսկ եթե շարունակեք չաշխատել, շարունակեք անհարկի բացակայել, մենք ձեզ կպատժենք, նախ ձեր հարցը կհասնենք Սահմանադրական դատարան, ապա նաև ԿԸՀ՝ մանդատից զրկելու պահանջով համար:
-Կարծում եք, ընտրողը նման ակտիվություն, հետևողականություն կդրսևորի՞:
-Եթե ուզում ենք կառուցել նորմալ երկիր, ապա մեր հասարակությունը պետք է վերափոխի իր մոտեցումները, գիտակցի, որ ինքը պահանջատեր է: Ամեն ինչ սկսվում է հենց սրանից, քաղաքացին պետք է հասկանա ընտրության գինը, որ ինքն է իշխանության տերը: Ուրմեն, էլ ո՞վ, եթե ոչ ժողովուրդը պետք է այդ պահանջը դնի պատգամավորի առաջ:
-ԱԺ մուտքի մոտ հաճախ ենք ականատես եղել տարբեր մարզերից ժամանած մարդկանց, որոնք օրերով չեն կարողացել հանդիպել իրենց ընտրյալին: Այժն, որպեսզի պատգամավորը ընտրվելուց հետո չմոռանա ընտրողին, նոր օրենքը նրան պարտավորեցնում է՝ հաճախ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն: Սա կօգնի՞, որ ընտրող-պատգամավոր կապը իրական դառնա:
-Եղել են դեպքերը, երբ ինչ-որ տեղ գրասենյակ են բացել, նստեցրել օգնականին, որը այցելուներին մշտապես փոխանցել է նույն խոսքերը՝ պատգամավոր այսինչյանը շա՜տ զբաղված է կամ էլ գործուղման է գնացել: Իսկ հետո այդ պատգամավորը երեք ամիսը մեկ հավաքել է իր ընկերներին, նկարվել ու հայտարարել՝ տեսեք քաղաքացիների ընդունելություն եմ արել: Հուսանք, որ նոր օրենքի պարտադրանքով այդ գրասենյակները ոչ թե կլինեն ձևական, այլ իրականում կապահովվի ընտրող-պատգամավոր կապը, վերջինս կլսի քաղաքցիների խնդիրները ու դրանց հիման վրա հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ: Այ, սա կլինի իրական պատգամավորական աշխատանք:
Ընտրողն էլ իր վարքագիծը պետք է փոխի, չպետք է լռի, հակառակը պետք է բարձրաձայնի իրեն անտեսած պատագամավորի մասին, որ բոլորն իմանան: Եթե Հայաստանի քաղաքացիների մտածողությունը չփոխվի, նախաձեռնող ու պահանջկոտ չդառնա՝ լավագույն օրենքները կմնան դարակներում ու չեն աշխատի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն