Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Փաշինյանի հայտարարությունը համարում եմ քրեորեն հետապնդելի արարք

Մայիս 11, 2017թ. 22:10
Նիկոլ Փաշինյան

Հարցազրույց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի փաստաբան ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-ՙՙԵլք՚՚ դաշինքի ծրագրային առաջակը՝ ՙՙսոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքցիներին՚՚, բուռն քննարկումների առարկա է դարձել: ՙԵլք՚-ը սա համարում է ընտրակաշառքի ՙՙճիրաններից՚՚ դուրս գալու արժանապատիվ լուծում, մինչդեռ այն իրավական առումով խոցելի հայտարարություն է: Արդյո՞ք սրանով ընտրակաշառքի խոստում չտրվե՞ց, նաև ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք չէ՞:
– Ծանոթանալով ՙՙԵլք՚՚ դաշինքի հայտարարությանը ես հասկացա, որ դա արվել է մեր ժողովրդի տրամադրությունը ստուգելու նպատակով, թե քաղաքապետի ընտրություններում ընտրողներն ինչպե՞ս են վերաբերվում ընտրակաշառք ասված երևույթին: Այո, կարող ենք համարել, որ այդ հայտարարությամբ ընտրակաշառքի խոստում տվեց: Ես կառաջարկեի, որ ԿԸՀ-ն այդ հայտարարությանը տար իրավական գնահատականը, կուզենայի լսել, թե ինչպե՞ս է ԿԸՀ-ն մեկնաբանում քաղաքապետի թեկնածուի կողմից հնչած այս միտքը: Երբ Գագիկ Ծառուկյանը խորհրդարնական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանեց ու նման խոստումներ տվեց, ԿԸՀ-ն արագ կանխեց այն, մինչդեռ ինձ զարմացնում է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը արդեն երեք օր է շրջանառել է իր հայտարարությունը, սակայն ԿԸՀ-ն լռություն է պահպանում: Որպես իրավաբան ես դրանից շատ անհանգստացած եմ: Մինդեռ սա այն դեպքն է, որ ԿԸՀ-ն անպայմանորեն պետք է միջոցներ ձեռնարկի:
Նման հայտարարությունը նաև համարում եմ քրեորեն հետապնդելի արարք: Կարծում եմ, իրավապահ մարմինները, թեկուզ գլխավոր դատախազությունը արված հայտարարության ուղղությամբ պետք է հետաքննություն սկսեն: Ի վերջո, Ելք-ի ներկայացուցիչները պետք է թափանցիկ, հստակ բացատրեն, թե ի՞նչ են հասկանում նման աջակցություն ասելով: Ու իրավապահներն էլ թող պարզեն, արդյոք, նրանց քայլի մեջ տեսնո՞ւմ են քրեորեն հետապնդելի արարք, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է այդ առաջարկն արժանապատիվ լուծում համարելուն, ես այդտեղ արժանապատիվ քայլ չեմ տեսնում: Նրանք կոռուպցիայի, ընտրակաշառքի դեմ պայքարելու համար սխալ ձևաչափ են առաջարկում: Չի կարելի խաղալ քաղաքային բյուջեի վրա: Մտածեք, ի՞նչ անել, որ բյուջեն ավելանա, ոչ թե չընտված խոստումներ տվեք դրա հաշվին:
Այս հայտարարությունը ընտրակաշառքը լեգիտիմացնող քայլ չէ՞: Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թիվ շրջանառեց՝ 15 000 դրամ, փաստորեն, նա այդ կերպ ընտրակաշառքի չափը սահմանեց:
-Սա խիստ վտանգավոր հայտարարություն եմ համարում նաև այդ տեսանկյունից: ՙԵլք՚-ը ուղիղ տեքստով հայտարարել է, թե ընտրակաշառքի դեմ պայքարում ենք օրինական ճանապարհով, ասել է, թե կաշառքին կտանք օրինական ճանապարհով:
Հիշո՞ւմ եք, ինչպես ՙմաղարիչները՚ օրինականացվեցին: Ժամանակին անձնագիր կամ կադաստրից վկայական ու այլ փաստաթղթեր արագ ստանալու համար մարդիկ կաշառք էին տալիս, այժմ այն վճարում ենք օրենքով ու ՙմաղարիչ-կաշառքը՚ ստացավ ՙծառայության գումար՚ անվանումը։ Ես մտավախություն ունեմ, որ ընտրակաշառքի մասի շրջանառվող նման խոսակցությունները մի օր էլ կարող են հանգեցնել նրան, որ ընտրակաշառքը օրինականացվի: ՙԵլք՚-ի հայտարարության մեջ նման վտանգներ տեսնելով՝ ես այն կարծիքին եմ, որ դաշինքն իրականում չի ուզում պայքարել ընտրակաշառքի դեմ: Փաշինյանը խոսեց ընտրակաշառքի ՙշուկայում՚ շրջանառվող գումարի չափի մասին ու 15 000 դրամ ասելով, այո, նա ամրագրեցի շուկայում շրջանառվող ընտրակաշառքի գումարի չափը:
Հետաքրքիր է, թե քաղաքապետ դառնալու դեպքում Փաշինյանը որտեղի՞ց , ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին է քաղաքացիներին տալու խոստացվող 15 000 դրամը: Փաստորեն, դեռ քաղաքապետ չդարձած Փաշինյանը խոստանում է քամուն տալ քաղաքի բյուջեն:
-Որպես քաղաքապետի թեկնածու, եթե Փաշինյանն այս փուլում արդեն խոստանում է գումարներ բաժանել, սոցիալական աջակցության ծրագրի մեջ ընդգրկել նրանց, ովքեր կգան, կասեն, թե չենք ընտրել ընտրակաշառքով՝ սա ոչ միայն լուրջ չէ, այլև մտահոգության տեղիք է տալիս, որովհետև Երևանի քաղաքապետարանի բյուջեն չի կարելի նման նպատակների համար ծառայեցվել: Նույնիսկ ԱՄՆ նախագահի թեկանծուները այսպիսի նախընտրական խոստումներ չեն տալիս: Սա խոսում է Փաշինյանի ոչ կոմպետենտ, ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին՝ և քաղաքական, և իրավական առումով: Երևան քաղաքի բյուջեին այդ մակարդակով վերաբերվելը, կամ այդ կերպ ընտրակաշառքի դեմ պայքարը ես որպես իրավաբան ու ՀՀ քաղաքացի չեմ կարողանում ընկալել:
Աշխարհում կա տենդենց սոցիալական աջակցության ծրագերը նվազեցելու, մինչդեռ Ելք-ի քաղաքապետի թեկնածուն սոցիալական աջակցության նման անհիմն առաջարկ է անում: Եթե նա քաղաքի փողերը բաժանելով պետք է ղեկավարի, սա արդեն լավ բան չի խոսում նրա կառավարչ լինելու մասին: Չի կարելի խաղալ քաղաքային բյուջեի վրա: Դրա փոխարեն մտածեք ի՞նչ անել, որ բյուջեն ավելանա, ոչ թե չընտված խոստումներ տվեք դրա հաշվին: Իր հայտարարությունից հասկանում եմ, եթե Փաշինյանը դառնա քաղաքապետ, ապա ոչ ռացիոնալ է ծախսելու բյուջեն:
Դիտարկելով այդ հայտարարությունը ես նաև նկատում եմ, որ դրանով ՙԵլք՚-ը գնդակն ուղղել է Տարոն Մարգարյանի դաշտ: Տպավորությունս այն է, որ միտումավոր հնչեցեցին, որպեսզի Մարգարյանը խնդրին արձագանքի՝ անդրադառնալով սոցիալական աջակցության ծրագրերին: Տեսեք, Ելք-ն իր առաջակը կոչել է՝ ՙսոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին՚, սրան զուգահեռ նա մեղադրում է Մարգարյանին, թե վերջինս սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկել է իր մտերիմներին ու հազատներին: Այդ մասին Մանե Թանդիլյանը հայտարարեց լրատվամիջոցներին մեկին տված հարցազրույցում: Փաշինյանի՝ 15 000-ի մասին հայտարարությունն ու Թանդիլյանի այս խոսքը նույն ուղղությամբ են գնում: Փաստորեն, նրանք ուզում են ասել, որ սոցիալապես անապահով շերտը սոցիալական ծրագերից չի օգտվում: Սա հանցագործության մասին հաղորդում է: Եթե նրանք կոռուպցիայի մասին հայտարարություն են անում, ուրեմն, պարտավոր են ավելի հստակ ներկայացնել իրենց ասելիքը: Խնդիրը պետք է տեղափոխվի իրավական դաշտ, իրավապահները պետք է պահանջեն ցուցակներն ու ճշտեն, թե ովքե՞ր են իրականում ընդգրկված սոցիալական աջակչության ծրագրերում: Ես ինքս որպես ընտրող, ու իմ նման շատ- շատերն ուզում եմ իմանալ՝ արդյոք, Տարոն Մարգարյանը նման քայլի գնացե՞լ է, թե ՙՙԵլք՚՚-ի ասվածը չափազանցված է:
-Հետաքրքիր է նաև թե ինչպե՞ս պետք է ընտրողները քաղաքապետ Փաշինյանին ապացուցեն, որ իրենք ընտրակաշառքից անկեղծորեն հրաժարվել են, պիտի երդվե՞ն, թե՞ ազնիվ խոսքն էլ բավարար կլինի, որ Փաշինյանը հանի ու տա խոստացված 15 000-ը:
-Ես այդ հարցը ուզում եմ ուղղել ՙԵլք՚-ին, ինչպե՞ս պետք է քաղաքացին ապացուցի, որ չի վերցրել ընտրակաշառք: Բնականաբար՝ ստելու է: Ընտրությունների ժամանակ քիչ չէին դեպքերը, երբ մեկ անձը տարբեր թեկնածուներից գումարներ էր վերցրել՝ ամեն մեկին խոստանալով, որ իր օգտին է քվեարկելու: Սրա դե՞մ ոնց են պայքարելու: Ասում է եկեք դիմում գրեք՝ ձեզ փող կտամ: Կարող է՞ Ժեկ-ից են տեղեկանք բերելու որ մենք մաքուր ենք, որ ընտակաշառք չեն վերցրել: Ես ի՞նչ իմանամ՝ 15 000 ո՞ւմ եք տալու: Եթե լուրջ ծրագիր ունեք լրջորեն, կետ առ կետ ներկայացրեք ո՞նց եք անելու: Ես դա չեմ պատկերացնում:
Չեմ ուզում որևէ քաղաքական ուժի փնովել, բայց չեմ կարող չասել, որ այդ հայտարարությունը բացասական ազդեցություն ունեցավ ՙԵլք՚-ի իմիջի վրա: Ավելին, ես այն դիտում եմ հոգուտ Տարոն Մարգարյանի արված քայլ: Նույնիսկ մտածում եմ՝ կարող է՞ Փաշինյանը դա հատուկ արեց, որ մարդիկ գնան ու Մարգարյանին տան իրենց ձայնը, քանի որ Ելք-ը այդ հայտարարությամբ վարկանիշի լուրջ կորուստ ունեցով:
Ի դեպ, Փաշինյանն արդարացնելով իրենց քայլը նկատում է՝ այդ դեպքում ընտրակաշառք է նաև աշխատավարձերի բարձրացման, աշխատատեղերի ստեղծման մասին արվող նախընտրական բոլոր խոստումները: Սրա մասի՞ն ինչ կասեք:
-Դրանք տարբեր բաներ են: Աշխատատեղի մասին խոսելով թեկանածուն փաստում է առաջիկա իր քայլերի, իր անելիքի մասին: Իսկ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է եղածը բաշխելուն, հենց այնպես տալուն: Եկեք օբյեկտիվորեն գնահատենք Տարոն Մարգարյան ու Նիկոլ Փաշինյան թեկանածուների հայտարարությունները. Մարգարյանն ասում է՝ կանեմ այս, այս քայլերը, բայց չի ասում՝ կուտակածը կբաշխեմ քաղաքացիներին: Իսկ Փաշինյանը հանդես է գալիս բաշխողի դիրքերից: Մինչդեռ ՙԵլք՚-ը պետք է հարցադրումն այլ կերպ հնչեցներ, հայտարարեր Երևանի բյուջեն կրկնապատկելու մասին: Ի տարբերության Մարգարյանի հայտարությունների, Փաշինյանի հայտարարության մեջ ակնհայտ է բացասական ենթատեքստը: Նրա առաջարկը բյուջեն նվազեցնող քայլ է ու այդ մասին նա խոստանում է այսօրվանից:
ՙՙԵլք՚՚-ը, չնայած, ունի որոշակի հետաքրքիր գաղափարներ, նաև իր շարքերում հավաքագրել է ներուժ ունեցող երիտասարդների, բայց թե՜ քաղաքական, թե՜ իրավական առումով նրանք շատ թույլ են, անպատրաստ: Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անելիս նախ իր խոսքը իրավական առումով մի քանի անգամ պետք է ծանրութեթև աներ, ՙՙԵլք՚՚-ում չպետք է թույլ տային, որ նա նման միտք արտահայտեր: Հնչեցվածը շատ հում հայտարարություն էր:
Դրա համար այսօր ՙՙԵլք՚՚-ի ներկայացուցիչները փրփուրներից են կառչում ու ասում, թե ժողովուրդն իրենց ասածը լավ չի հասկացել: Չնայած դրան որևէ ծանրակշիռ հիմավորում կամ մեկնաբանություն չեմ բերում: Ժողովրդին ասել, թե դու անհասկացող ես, լավ չես ըմբռնում մեր ասածը՝ սրանով ևս ՙԵլք՚-ը սխալ պահվածք է դրսևորում ու փաստում իր ոչ կոմպետենտ լինելը:
Մարդկանց մոտ ընտրություների հանդեպ հավատը մեծացնելու փոխարեն նման հայտարարություններով նրանք հակառակն են անում: Ասում են՝ ելք կա, ես ասում եմ՝ չկա, համոզեք ինձ, որ կա: Այսպես ե՞ք համոզում: Բնականաբար, ես չեմ կարող ձայն տալ նման քաղաքական ուժին, որն այսօրվանից խոսում է քաղաքի բյուջեն այս ու այն կողմ ցրելու մասին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն