Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ֆրանսիան երբեք ոչ հայամետ որոշում չի կայացրել. նոր նախագահը ևս չի շեղվի այդ գծից

Մայիս 10, 2017թ. 17:30
Գարիկ Քեռյան

Հարցազրույց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ
-Եվրոպայի ղեկավարները շնորհավորելով Ֆրանսիայի նորընտիր նախագահի՝ Էմանուել Մակրոնի հաղթանակը, այն համարեցին Ֆանսիայի հավատարմությունը ԵՄ-ին, հայտարարելով, թե դրանով Ֆրանսիան կմնա Եվրոպայի սրտում ու իրենք Մակրոնի հետ միասին նոր կյանք կներշնչեն Եվրոպային, կբարեփոխենք Եվրամիությունը: Կարո՞ղ ենք ասել, որ Մակրոնի ընտրությամբ ԵՄ ամրացման նոր գործընթացի ականատեսը կլինենք:
-Եվրոպայում այսօր կա երկու հասարակական- քաղաքական հոսանք, որոնք պայքարում են միմյանց դեմ՝ Եվրոպայի ապագայի համար: Դրանք եվրոպամետներն են, որոնք կանգնած են ԵՄ կատարելագործման ու ամրապնդման ուղու վրա, և եվրոսկեպտիկները, որոնք կարծում են, թե եվրոպական ընտանիքն այս կերպ չի կարող ապագա ունենալ ու ժամանակն է վերակենդանացնել ազգային պետական կազմավորումները: Ասել, թե եվրոսկեպտիկները թույլ են, նրանց դիրքերը ուժեղ չեն՝ սխալ կլինի, որովհետև Արևմտյան Եվոպայի հզոր պետություններից մեկը՝ Մեծ Բրիտանիան, ի վերջո, կանգնեց ԵՄ-ից դուրս գալու ուղու վրա, այսինքն՝ եվրոսկեպտիցիզմը Մեծ Բրիտանիայում հաղթանակ տարավ: Ֆրանսիայի ընտրություններից առաջ իրավիճակն այսպիսին է՝ Եվրամիությունից դուրս եկավ Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն քաշող հիմնական շարժիչ ուժերը մնացին Ֆրանսիան և Գերմանիան: Հետևաբար, ամբողջ եվրոպան շունչը պահած սպասում էր այս ընտրություների ընթացքին:
Ֆրանսիայի հետպատերազմյան պատմության մեջ առաջին անգամ երկրի երկու գերհզոր կուսակցությունների՝ սոցիալիստական կուսակցության ու հանրապետականների կամ գոլիստական կուսակցությունների դաշինքի, թեկնածուները, որոնք մեկը մյուսին փոխարինելով միշտ եղել են իշխանության ղեկին, այս անգամ դուրս չեկան երկրորդ փուլ: Ու Ֆրանսիայի նախագահական ընտություններին մասնակից ֆավորիտներից մեկը դարձավ ազգայնական աջ դաշտը կորդինացնող Մարին Լը Պենը և մինչ այդ որևէ քաղաքական կուսակցություն չներկայացրած էքսնախարար Էմանուել Մակրոնը, որը ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծեց իր՝ ՙՇարժում դաշինք՚ կուսակցությունը: Այս իրավիճակը Ֆրանսիայի քաղաքական պատմության մեջ սենսացիա էր:
Ազգայնական կուսակցության՝ ՙԱզգային ճակատ՚-ի լիդեր Մարին լը Պենը հայտարարում էր, որ Ֆրանսիան պետք է դուրս գա ԵՄ-ից ու պահպանի իր ազգային դեմքը, քանի որ ԵՄ-ն ավելի շատ Ֆրանսիայից տանում է, քան տալիս: Ամբողջ Եվրոպան հետում էր այս քարոզարաշավին: Մարին Լը Պենի հաղթանակը Եվրամիության համար կնշանակեր թիկունից երկրորդ վճռորոշ հարվածը ԵՄ-ին: Փլուզման գործընթացը կարող էր ձնագնդիի էֆեկտով զարգանալ, իսկ Գերմանիան անկարող կլիներ միայնակ իր ուսերի վրա տանել ամբողջ Եվրամիությունը և լուծել այն բոլոր տնտեսական խնդիրները, որոնք տեղ-տեղ ճեղքվածք են տալիս ԵՄ անդամ երկրներում:
Մինչդեռ, Էմանուել Մակրոնի հաղթանակը փոխեց իրավիճակը ու ԵՄ ապագայի նկատմամբ հավատն ավելի ամրապնդեց:
Երեք ամիս առաջ ստեղծված Մակրոնի դաշինքը շռնդալից հաջողություն ունեցավ: Նման բան հին ժողովրդավարական երկրներումգրեթե չի լինում:
Եվրոպական երկրների ղեկավարների ջերմ շնորհավորանքները կապված են նրա հետ, որ Մակրոնը ամեն դեպքում շատ ավելի կառավարելի, ավելի կենտոնամետ գործիչ է ու ավելի հավասարակշռված: Շնորհավորանքների իմպուլսը հիմնականում գալիս է այնտեղից, որ Մակրոնը ԵՄ պահպանման կողմնակից քաղաքական գործիչ է: Ամեն դեպքում Օլայնդը, ըստ իս, դժգույն գործիչ էր, նա Ֆրանսիայի դիմագիծը՝ և՜ միջազգային քաղաքական ասպարեզում, և՜ գլոբալացման գործընթացներում, և՜ տարբեր ճգնաժամային իրավիճակներում չկարողացավ պահել: Սպասենք, տեսնենք, թե ի՞նչ քայլեր կիրականացնի նոր նախագահը ապագայում:
Ֆրանսիան հայերիս համար կարևոր երկիր է ու, բնականաբար, շատ կարևոր էր մեզ համար այդ երկրի նախագահի ընտրությունը: Հայաստանը և հայությունը նոր սպասելիքներ կարող է՞ ունենալ Ֆրանսիայի նոր նախագահից, մասնավորաբար, Արցախյան հարցում: Հիշեցնեմ, որ նախընտրական փուլում նա հայտարարել էր, թե իր հաղթանակի դեպքում առավելագույն ջանքեր է գործադրելու Արցախի խնդիրը հայանպաստ լուծելու ուղղությամբ: Սա համարենք զուտ նախընտրական հայտարարությո՞ւն:
-Մենք ուշի-ուշով հետում էինք Ֆրանսիայում ընթացող քաղաքական զարգացումներին, որովհետև Ֆրանսիան արևմտաեվրոպական պետությունների շարքում, այո, մեր ամենամոտ բարեկամն է: Ամբողջ պատմության ընթացքում Ֆրանսիան միշտ հայամետ քաղաքականություն է վարել, ի տարբերություն Գերմանիայի կամ Անգլիայի: Բացի այդ, Արցախյան բանակցային գործընթացվում Ֆրանսիան այսօր ներկայացնում է Եվրամիությունը, և Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ միասին Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է:
Նկատեմ, որ Ֆրանսիայում գործում է ուժեղացված նախագահական իշխանությամբ կիսանախագահական կառավարման համակարագ, երկրի արտաքին քաղաքականությունը հիմնականում կենտրոնացած է նախագահի ձեռքում: Բնականաբար, մեզ համար Ֆրանսիայի նախագահի ով լինելը շատ կարևոր է: Իհարկե, Մակրոնի գալով՝ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում էական, կտրուկ փոփոխություն չի լինի, նոր նախագահը չի շեղվի այն գծից, որը տանում էր Սարկոզին, հետո նաև Օլանդը: Իսկ նրանք ամեն դեպքում տուրք չեն տվել հակահայկական բանաձևերին, Հայաստանի վրա որևէ ճշնում չեն գործադրել: Կարծում եմ, որ այդ քաղաքական գիծն անպայմանորեն կպահպանվի:
Իհարկե, շատ հաճելի էր նախընտրական արշավի ժամանակ ֆրանսիայի նախագահի թեկնածուների շուրթերից լսել հայտարարություն այն մասին, թե ԼՂ հակամարտության լուծման արդարացի ուղին Արցախի վերամիավորումն է Հայաստանին: Այդ մասին հայտարարեցին և՜ Մարին Լը Պենը, և Էմանուել Մակրոնը: Սա կարևոր էր նաև այն առումով, որ նախկինում ո՜չ Սարկոզին, ո՜չ Օլանդը նման կտրուկ հայտարարություն չէին արել: Բայց միևնույնժամանակ, շատ լուրջ չպետք է ընդունել նախընտրական հայտարարություններն ու մտածել, թե Ֆրանսիայի դիրքորոշումը կարող է էականորեն փոխվել և այժմ նոր նախագահը հանդես կգա պրոհայկական դիրքերից՝ ճնշում գործադրելով հակառակ կողմի վրա: Ի վերջո, պետք է նկատի ունենանք, որ նախընտրական պայքարի ժամանակ թեկնածուներն ունեն Ֆրանսիայի հայկական համայնքի ձայները շահելու խնդիր: Իսկ և՜ ԱՄՆ-ում, և՜ եվրոպական երկրներում փոքրաթիվ հայկական համայնքներն իրենց թվաքանակից շատ ավելի մեծ քաղաքական կշիռ ունեն: Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, եթե արաբական 5, 6 միլիոնանաց համայնքից ընտրություններին կարող է ակտիվորեն մասնակցեն ընդամենը 200 000 ընտրող, ապա ֆրանսահայ 500 000-ոց համայնքից կմասնակցեն ավելի մեծ թվով ընտրողներ: Սա շատ լավ գիտակցելով՝ թեկնածուները ամեն ընտրություններում փորձում են հնարավորն անել հայկական համայնքի ձայները դեպի իրենց ուղղորդելու համար: Եվ ես նման հայտարարություններն այդ հարթության մեջ եմ դիտարկում:
Չնայած սրան, նաև պետք է ասեմ, որ 25 տարի շարունակվող ԼՂ հակամարտության ամբողջ ընթացքում ես չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ Ֆրանսիան այնպիսի լուծման տարբերակ առաջարկեր, որը դեմ կլիներ Հայաստանի շահերին:
Ի վերջո, խոսուն է նաև հետևյալ փաստը. Ռուսաստանից հետո երկրորդ երկիրը Ֆրանսիան էր, ուր հաճախ պաշտոնական այցերովմեկնում է Հայաստանի նախագահը: Այնպես որ, ՀԱյաստան-Ֆրանսիա այս քաղաքական գիծը միշտ եղել է՝՝ անկախ նրանից, թե Ֆրանսիայի նախագահը ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչ է եղել:
Մի դիտարկում ևս, եթե նախագահ ընտրվեր Ֆրանսիայի երկու ավանդական կուսակցություննեից որևէ մեկի ներկայացուցիչը, կարող էինք հստակ ասել, որ այդ գիծը չէր փոխվելու՝ ելնելով նրանց գաղափարախոսությունից ու 70 տարիների ընթացքում կատարած քայլերից: Այդ առումով, Մակրոնն ամբողջովին անհայտ անձնավորություն է, քանի որ նա այդ երկու ուժերից և ոչ մեկը չի ներկայացնում է:
Այնուհանդերձ կարծում եմ, մտահոգություն չպետք է ունենանք, Մակրոնը ցենտրիստական դիրքորոշում ունեցող, քաղաքական հայացքներով ոչ շատ ծայրահեղ անձնավորություն է, նա ոչ աջ է, ոչ ձախ, և կտրուկ քայլերի կողմնակից չէ: Հակառակը՝ կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների դինամիկ զարգացման:
Ֆրանսահայ համայնքը ողջունեց Մակրոնի ընտրությունը, մեր հայրենակիցներին առավելապես ոգևորել է այն, որ ապրիլի 24-ին Մակրոնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ասելով, որ պիտի զորացնի նաև հիշողության պայքարը՝ ամեն տարի ներկա լինելով ապրիլի 24-ի միջոցառումներին, և թույլ չի տա հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության իրականությունը: Պարզ չէ, թե ինչպե՞ս դա չպետք է թույլ չտա,  այս հարցում ի՞նչ ակնակալել նոր նախագահից:
-Ի տարբերություն մյուս երկրների, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ը կամ Գերմանիան, ուր Բունդեսթագը քննարկեց, բայց որոշման ընդունումն այդպես էլ հետաձգեց, Ֆրանսիայում մենք այդ խնդիրը չունենք: Ֆրանսիան այն երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այն երկիրն է, որի պատգամավորները համաեվրոպական քվեարկություններիժամանակ, դեռ 1987-ից սկսած մինչ օրս, մեզ աջակցել են ու հենց իրենք են նաև այս հարցը բարցրացրել տարբեր ամբիոններում:
Սակայն այսօր Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հետ կապված գործընթացը գնում է հետևյալ հարցի շուրջ՝ կընդունվի՞ արդյոք քրեականացման մասին օրենքը, թե՞ ոչ: Մենք մի քանի տարի առաջ տեսանք, որ այդ օրենքը եկավ, հասավ մինչև Սենատ, վերջինս էլ որոշում ընդունեց, բայց Սահմանադրական դատարանն այն մերժեց: Հետևաբար, եթե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարցում քայլ կատարվի, ապա այն պետք է լինի քրեականացման մասին օրենքի ընդունումը: Հուսանք, որ այս ձգտումը՝ Ցեղասպանության քրեականացման հարցը թե՜ Ֆրանսիայում, թե եվրոպական մյուս երկրներում նորից կվերականգնվի: Մի բան ինչից շատ անհանգստանում են թուրքերը ու ամեն ինչ անում են իրենց համար անցանկալի զարգացումները կանխելու:
Ա. Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն