Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Ոչ քաղաքական, ոչ գաղափարական այս ՙՙկռվում՚՚ ո՞րն է ճշմարտությունը

Մայիս 6, 2017թ. 18:15
Արծրուն Պեպանյան

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ հետ
-ՙԾառուկյան դաշինք՚՚-ում ծավալվող գողական ռազբոռկան, որին մասնակից մի կողմն ասում է՝ չենք կարդացել, թե ի՞նչ թուղթ են ՙՙդեմ տվել՚՚ մեզ ու ստորագրել ենք, մյուսն էլ, թե՝ ստորագրել ենք, բայց դրան դեմ ենք, մեկը թե՝ դավաճան եք, մյուսն էլ թե՝ մեզ քցեցիք, այս ամենն ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ:
-Քաղաքականություն ասելով հասկանում ենք հետևյալը. ի հայտ են գալիս մարդիկ, կառույցներ, որոնք նախ պարզում են, թե ի՞նչ խնդիրներ են առկա հասարակության ներսում և դրանց համապատասխան լուծումներ են առաջարկում, ապա գնում են ընտրությունների: Մինչդեռ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի, ներառյալ նաև ձեր ասածը՝ <<Ծառուկյան դաշինք>>-ում ծավալվողը: Մարդիկ են՝ իրենց անձնական շահերով և փորձում են իրենց անձնական խնդիրները կարգավորել: Ըստ իս, ինչ-որ պայմանավորվածություններ են նախապես ձեռք բերվել, բայց հետո դրանք, ինչ-ինչ պատճառներով որոշել են չպահպանել: Մենք սրա ականատեսն ենք:
-Այս՝ ոչ քաղաքական, ոչ գաղափարական ՙՙկռվում՚՚ ո՞ր կողմի ասածն ընդունենք ի գիտություն. ինքնաբացարկի դիմումները հետ պահանջածների՞, թե՞ նրանց դավաճան անվանողների. ճշմարտությունը որտե՞ղ է:
-Որքանով, որ ես ճանաչում եմ մեր իրականությունը, տրամաբանական է այն, որ նախնական համաձայնություն եղել է: Ամենայն հավանականությամբ Ծառուկյանն ասել է՝ եկեք թիմով աշխատենք, բայց այս պահին դուք ինձ տվեք ձեր համաձայնությունը ու բոլորդ հրաժարականի դիմում գրեք, իսկ վերջում ամենքիդ աշխատանքը թիմով կգնահատենք՝ արժանիները կմտնեն խորհրդարան: Թե հետո ամեն մեկի աշխատանքն ինչպե՞ս է գնահատվել, արդյոք, Գագիկ Ծառուկյանը ճի՞շտ է որոշել, թե՞ ոչ, որովհետև մարդիկ մտածում են՝ մենք բավականին չարչարվել ենք, բայց անարդար վարվեցին ու մեզ մանդատից զրկեցին: Իրականում հարցերն հենց այս հողի վրա են առաջացել:

Ի դեպ, նման դիմումներ նախապես գրել տալը Հայաստանում ընդունված  է: Շատ տարիներ առաջ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես նորանշանակ պաշտոնյային նրա ղեկավարը նախապես գրել էր տալիս աշխատանքից ազատման դիմում, որի վրա ամսաթիվը չէր նշվում: Այսինքն, ղեկավարը ցանկացած պահի կարող էր ամսաթիվը գրել, դիմումի տակ էլ մակագրել ու այդ պաշտոնյային իր հայեցողությամբ ազատել աշխատանքից: Այնպես որ, այսօրվա կատարվածից զարմանալ պետք չէ:

-Մարդիկ կան, որոնք անգամ արդարացնում են Ծառուկյանին՝ ասելով, մարդը ՙմի փեշ՚ փող է ծախսել, որ ձայներ բերեն, ուրեմն, ինքն էլ ըստ դրա կարող է կազմել խորհրդարան գնացողների ցուցակը: Նորմա՞լ է սա:
-Հայաստանյան իրողության համար՝ այո: Բայց իրական քաղաքական դաշտում ձայներ պետք է շահեն ոչ թե փողով, այլ գաղափարներով ու դրանց շուրջ ծավալված քաղաքական պայքարով: Բայց այստեղ քաղաքական ու գաղափարական չկա: Զուտ, այսպես ասած՝ տղամարդկային պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ թիմով ինչ-որ խնդիր լուծելու համար:
Հարցն այն է, որ մենք քաղաքական գործընթացների առումով աշխարհից հետ ենք ընկել մոտ 200 տարի: Կոմունիստական վարչակարգը մեզ մի 70 տարի սառեցրեց, թույլ չտվեց, որ մենք մտածենք, զարգանանք, քաղաքականություն ունենանք: Ու այսօր գրեթե այն փուլում ենք ինչպիսին եղել է Ֆրանսիան 1790 թվին, երբ ընտրություններ էին անում ու մտածում, թե ո՞վ շուտ կարող է թնդանոտ ձեռք բերել, որպեսզի գնա ընտրատեղամաս, քվեատուփը գողանա ու իր ուզած թվերը հրապարակի: Ոչինչ, մենք այս փուլն էլ ենք անցնելու:
<<Ծառուկյան դաշինք>>-ի պատգամավորության թեկնածու Մուշեղ Սաղաթելյանն ասում է՝ <<Մի թղթի կտոր էր՝ վրան գրված 90 հոդված, ես դրա տակ ստորագրություն եմ դրել՝ չիմանալով, թե ի՞նչ է>>: Սրա նմաններն են հայտ ներկայացրել այս դաշինքով մտնել խորհրդարան, սրանք կուսակցապետի տված թղթերը կուրորեն ստորագրողներ են ու ԱԺ-ում դառնալու են պորֆեսիոնալ կոճակ սեխմողները: Այ, սա է մտահոգիչը:
-Պետք է հաշվի առնենք հետևյալ հանգամանքը. ԲՀԿ-ի կամ Ծառուկյան դաշինքի ցուցակում ընդգրկվածներից և ոչ մեկն առանց Գագիկ Ծառուկյանի աջակցության իր կյանքում չէր կարող անգամ երազել, որ ինքը կարող է ինքնուրույնաբար դառնալ ՙդեպուտատ՚: Նրանք, որոնք հայտնվել են Ծառուկյանի ցուցակում, բոլորը խնդրել են Ծառուկյանին ու պատրաստ են եղել զոհողությունների, հանուն նրա, որ ընդգրկվեն ցուցակի հարմար տեղերում: Եվ այդ մարդիկ, բնականաբար, անելու են այն, ինչ կասի Ծառուկյանը: Իսկ ինչ վերաբերվում է որակին, արդեն ասացի՝ սա քաղաքականություն չէ, ԱԺ ընտրություն կոչվածն այս դեպքում վերածվեց անձնական շահերի սպասարկման:
– Այժմ դաշինքի ներսում կատարվողը չի՞ փաստում այն, որ սա քաղաքական դաշտում պատահականորեն հայտնված կուսակցություն է ու պատահական դաշինք: Իսկ իրականում գործ ունենք բիզնես պրոյետի հետ, որը բացվել է կուսակցապետի ու նրա յուրայինների ֆինանսական, տնտեսական հարցերը լուծելու համար:
-Չմոռանանք, որ ձեր ասած պատահական կուսակցությունը ստացավ մի քանի հարյուր հազար մարդու քվե, նշանակում է մենք ունենք պատահական հասարակություն: Սա լուրջ խնդիր է: Ինչո՞ւ է այսպես եղել, ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան շեղվել, երբ ժամանակին մեր ազգը եղել է աշխարհի հզոներից, իսկ հիմա ինչ-որ խառը իրավիճակում է: Մեր խնդիրը պետք է լինի իրեն նորից վերադարձնել որպես ազգ: Իսկ դա նշանակում է՝ չանել այն քայլերը, որոնք իր համար վնասակար են: Իսկ դրանից ամենակարևորը համապետական ընտրություններից հրաժարվելն է:

Ես միշտ ասել եմ, ընտրությունները ռումբ են դրված մեր ազգի, մեր պետության տակ, որպեսզի մենք անընդհատ պայթենք: Մենք ճակատագրական սխալ ենք արել՝ հայտարարելով ընտրություններ ու դրա հետևանքով ինչպիսի հիմարություն ասես, որ մեր երկրում տեսնելու ենք: Ընտրություններ ասվածը վաղաժամ է մեզ համար, քանի որ չունենք համապատասխան գիտակցություն ունեցող քաղաքացի, չկան ինստիտուտներ, որոնք կերաշխավորեն ընտրությունների արդարությունը: Ու քանի դեռ այդ սխալ ճանապարհով կշարունակենք գնալ՝ մեզ հետ դեռ ինչե՜ր ասես, որ չի պատահելու:
Երբ 2006-ին ստեղծվեց <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը, ինքս տարբեր մարզերից հրավիրված ԲՀԿ-ական ակտիվի առաջ դասախոսություն եմ կարդացել ու նշել, թե այդ կուսակցությունն ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանյան քաղաքական կյանքում, որ այն պետք է կարողանա երկրում վերափոխում իրականացնել: Նպատակն էր, որ այն լիներ ընդդիմության ու իշխանության մեջ գոյություն ունեցող կիսաիշխանական, կիսաընդդիմադիր կառույց: Դա ձեռնտու կլիներ, քանի որ մի քանի բևեռ կառաջանար պետության մեջ, խաղի կանոնները կփոխվեին: Այդ դեպքում նաև ընդդիմության դերը կմեծանար:

Ու այնտեղ հավաքվեցին մարդիկ, որոնք նպատակ ունեին երկրում բուժուա-դեմոկրատական վերափոխումեր անել, բայց չարեցին: Ցավոք, այդ կուսակցությունը ստեղծողները գնացին այլ ճանապարհով ու հիմա խառնաշփոթ իրավիճակի մեջ են:

Ասելիքս այն է, որ ձեր ասած պատահական կուսակցությունն իրականում պատահական չստեղծվեց. մեզանում նոր խավ է առաջացել, այսպես ասած՝ բուժուաների խավ՝ լավ իմաստով, որոնք այս պետության մեջ ունեն շահեր, նաև ունեն խնդիրներ ու հարցեր: Ինչ-որ մեկը պե՞տք է նրանց խնդիրները լուծի, բայց չկա լուծողը ու իրենք են փորձում դա անել, փորձում են ինքնապաշտպանվել: Սա է խնդիրը: Այս ուժին ծաղրել պետք չէ, իրենք մեր հասարակության մեջ առկա մի շերտ են ներկայացնում, ունեցվածք ունեն և մտահոգ են, անհանգիստ են իրենց ունեցվածքի համար և փորձում են իրենք լուծել իրենց շուրջն առաջացած խնդիրները: ԲՀԿ-ում հավաքվելով՝ այսօր իրենք դա են ուզում անել, բայց անում են կիսատ-պռատ ու շատ անհաջող:

-ԲՀԿ-ում հավաքված այդ շերտը, որի համար գրագետ հայերենով մեկ նախադասություն արտաբերելը մեծագույն տառապանք է, որն իր ստորագրած թղթերից գլուխ չի համում, ոչ թե ամեն կերպ պետք է ձգտի խցկվել օրենսդիր մարմնում ու իր ներկայությամբ իջեցնել այդ կառույցի որակը, այլ գտնի իր հարցերը այլ ճանապարհով լուծելու տարբերակ: Իսկ դա կա, հեծանիվ հայտնաբերել պետք չէ, այն աշխարհում ընդունված լոբբինգի քաղաքականությունն է:
-Այո, եթե իրենք խելացի լինեին, ապա կխնդրեին ինձ, որակյալ մասնագետների՝ տնտեսագետների, իրավաբանների, որ իրենց փոխարեն գնայինք Ազգային ժողով ու այնտեղ իրենց շահերը պաշտպանեինք, այնպես, ինչպես արվում է աշխարհում: Բայց իրենք դեռ այդ աստիճան զարգացած չեն, որպեսզի գիտակցեն սա ու հանգեն նման հետևության: Իրենք ուզում են անձամբ լինել խորհրդարանում ու պատեպատ են ընկնում, ցուցակների մեջ են գրվում, միլիոններ են ծախսում: Գնում ու նստում են խորհրդարանում, տարիներով ոչինչ չեն խոսում միայն թե այնտեղ լինեն ու իրենց բիզնես շահերը պաշտպանեն: Եվ ահա, հայտնվում են նման վատ իրավիճակներում: Հիմա ես, կարծում եմ, որ ԲՀԿ-ում հավաքված այդ բուրժուական շերտին պետք չէ ծաղրել, այլ մտածել, թե ինչպե՞ս լուծել նրանց խնդիրները:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն