Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Թուրքիա, Լրահոս, Մեր մեծերը, Մշակույթ, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն

ՆՈՎԵ՞Լ Է ՍԱ, ԳՈՒՑԵ ԱՄԲՈՂՋ ՄԻ ՎԵՊ, ՈՐ ՊԻՏԻ ԳՐՎԻ․․․

Մայիս 3, 2017թ. 23:52
Վահագն Դավթյան և Սարոյան

․․․Իմ կենսական ու հոգեկան ակունքների մասին մոտավոր պատկերացում տալու համար ուզում եմ շատ համառոտակի երկու պատմություն անել։
Մեկը պապիս մասին է, մոր կողմից պապիս։
1896 թվականի եղեռնի ժամանակ է եղել։
Պապս՝ Մկրտիչ աղան շուկայում է եղել, երբ սկսվել է կոտորածը: Կրոնական մոլուցքից կուրացած խուժանը հարձակվել է հայերի տների, խանութների, արհեստանոցների վրա, թալանել է, ավերել սպանել …
Պապս,այդ կույր ամբոխից հալածված, մի կերպ հասել է տուն , փակել դռները և, լուսամուտներից կրակելով դիմադրել է։ Բայց անհավասար են եղել ուժերը։
Ամբոխը հասել է, ջարդել դուռ ու լուսամուտ, ամեն ինչ տակնուվրա է արել, բայց չի կարողացել գտնել Մկրտիչ աղային: Զարմացել, շատ է զարմացել խուժանը, որ ահա մի գյավուր մտավ տուն ու նրա չորս պատերի մեջ չքացավ: Բայց ավարն այնքան հարուստ է եղել, որ մի առանձին ուշադրություն չի դարձրել այդ հրաշքին, թալանել է և հեռանալիս այնուամենայնիվ, յաթաղանով փորփրել է մառանում դրված ցորենի հսկայական գուբը։
Նրանց հեռանալուց հետո ցորենն սկսել է դանդաղորեն կարմրել ։ Կարմրել է ցորենը, ամբողջովին շաղախվել արյունով․․․Յաթաղանի շեղբը ցորենի մեջ պահված պապիս կոկորդին է առած եղել…․․․
Արնոտ ցորենի միջից բարձրացել է պապս, որ ընդամենը 30 տարեկան է եղել , և խոսքը խլացել է արնոտ փրփուրի մեջ ։
Երկրորդ պատմությունը հորաքրոջս մասին է։ Վերջերս առոք ու փառոք հողին հանձնեցինք նրան, որ չզարմանաք․․․ թրքուհի էր․․․
Այսպես է եղել, իսկական հորաքրոջս ամուսինը, որ մի հաղթանդամ ու գեղեցիկ տղամարդ էր, անունը Գաբրիել աղա, 1915թվի եղեռնից առաջ պանդխտել է Ռուսաստան, փռնչիություն արել Հյուսիսային Կովկասում։ 1916 թվին, իբրև կամավոր , Անդրանիկի հետ մտել է Էրզրում, գնացել է իր հայրենի Ձիթող գյուղը, տեսել, որ ամեն ինչ ավեր է, ամայի, չկա կինը, չկան երեխաները, չկա հարազատներից ոչ մեկը․․․ Լսել է, որ հարևան Դինարքոմ գյուղի բեկն է այդ ամենի անմիջական հեղինակը։ Մտել է Դինարքոմ, առևանգել է բեկի աղջկան․․․
Առևանգել է, ուզեցել է սպանել․․․ և չի կարողացել․․․ Հետո զորքերի հետ հեռացել է, հասել Հասանղլա և զարմանքով տեսել, որ դեռատի թրքուհին, երևի իր մեծահոգությունից գերված, իր հետքերով, իրեն գտնելու համար հասել է այդտեղ ու․․․ կնության է առել նրան, բերել հետը․․․ Եվ մենք սիրել ենք մեր նոր հորաքրոջը, և նա մեզ է սիրել․․․ Մի քանի տարի առաջ գնաց Թուրքիա, տեսավ եղբայրներին, հարազատներին ու վերադարձավ։
Մենք նրան հորաքրոջս անունն էինք տվել՝ Արաքսի։ Մահանալուց հետո միայն ես նրա իսկական անունն իմացա, որ Նեյմա է։ Նովել է սա, գուցե ամբողջ մի վեպ, որ պիտի գրվի։
Իմ կենսագրության հետ առնչվող այս երկու փաստերի մեջ ես մեր ժողովրդի պատմության մեծ խորհուրդներից մեկն եմ տեսնում՝ միշտ մեր հանապազօրյա ցորեն հացը արյամբ են շաղախել, բայց մենք միշտ մարդ ենք մնացել․․․


1982թ․ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ / հատված իր 60- ամյակին ասված ելույթից/

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, TOP, Թուրքիա, Լրահոս, Մեր մեծերը, Մշակույթ, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն