- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ե՛վ կնպաստենք ՀԱՊԿ ակտիվացմանը, և՛ օգտակար կլինենք մեր երկրին

Երեկ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ` Յուրի Խաչատուրովն ազատվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մշտապես եղել է Ռուսաստանի քաղաքացի, առաջին դեպքն է, երբ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետության ներկայացուցիչ նշանակվում է այդ պաշտոնում: ԻՆչ դեր կարող է դա ունենալ կառույցի ու Հայաստանի համար:

Թեմայի շուրջ զրուցեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ

-Նիկոլոյ Բորդյուժայից հետո, այո, առաջին անգամ այդ պաշտոնը զբաղեցրեց Հայաստանի Հանարպետության ներկայացուցիչը. այբենական կարգով ՀԱՊԿ նախագահությունն անցավ Հայաստանին: Ռոտացիան ընդունված սկզբունք է, որը գործում է նաև միջազգային տարբեր կազմակերպություններում: Անշուշտ, դրա կիրառումը դրական կլինի կառույցի համար: Հանձին գլխավոր քարտուղարի՝ ՀԱՊԿ-ն ունի իր դեմքը, սակայն կազմակերպության ամենօրյա աշխատանքն իրականցվում է ոչ թե գլխավոր քարտուղարի ՙուղեղի՚, ՙձեռքերի՚, ՙմկանների՚ միջոցով, այլ տվյալ կազմակերպության ողջ ապարատի կողմից: ՀԱՊԿ-ը՝ որպես կոլեկտիվ անվտանգության մարմին, ունի մի ամբողջ բյուրոկրատական ապարատ, որը զբաղված է կառույցի առօրյա գործունեությամբ, իսկ դա բխում է այն փաստաթղթերից, որոնք ընդունվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից: Դրանք ռազմավարական նշանակության փաստաթղթեր են և սահմանում են կառույցի գործունեությունն ու տեսլականը՝ որոշակի ժամանակահատվածի համար:
-Հաճախ է հնչում այն հարցը, թե ի՞նչ դեր կարող է ունենալ ՀԱՊԿ նախագահի պաշտոնում Հայաստանի քաղաքացու նշանակումը: Այդ դերում, նա կարո՞ղ է առաջ մղել մեր երկրի շահերը:
-Ցանկացած կազմակերպության մեջ Հայաստանը պետք է փորձի առաջ մղել իր պետական շահը, անկախ նրանից, թե տվյալ կազմակերպության մեջ ո՞վ է ՀՀ ներկայացուցիչը ու ի՞նչ դեր է նա զբաղեցնում այնտեղ: Պարոն Խաչատուրովի համար՝ որպես ՀԱՊԿ ղեկավարի, Հայաստանի շահերն առաջ մղելը կարող է լինել և՜ հեշտ, և՜ դժվար: Ի՞նչը նկատի ունեմ. ոչ Հայաստանի քաղաքացու կողմից արված հայտարությունները, մասնավորաբար, երբ դրանք վերաբերում են Հայաստանին, կարող են ունենալ այլ հնչեղություն, մինչդեռ այն կունենա բոլորովին այլ հնչեղություն, եթե ասողը Հայաստանից է: Ամեն դեպքում, սկզբունքն այն է, որ կազմակեպության դիրքորոշումը պետք է պահպանվի, քանի որ այստեղ կարևորը ոչ թե ղեկավարի ո՞վ կամ ո՞ր երկրից լինելն է, այլ ՀԱՊԿ-ի ռազմավարական տեսլականի իրականացումը: Հայաստանն այն երկրներից մեկն է, որը միշտ փորձում է ակտիվ դիրքորոշում ունենալ ՀԱՊԿ-ի գործունեության մեջ, մի շարք նախաձեռնությունների հեղինակ է: Ու Հայաստանն իր այս քաղաքականությունը շարունակում է անկախ նրանից, թե ինչպե՞ս են իրենց պահել կամ պահում մյուս անդամ մյուս պետությունները: Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ հիշյալ կառույցները պարզ է, որ առնչություն են ունեցել ՀԱՊԿ-ի աշխատանքների հետ, իրականցրել են ծրագրեր, որոնք անմիջականորեն առնչվում են և՜ Հայաստանի շահերին, և՜ առհասարակ ՀԱՊԿ-ի գործունեությանը: Սա նշանակում է, որ Հայաստանն ունի հնարավոր գործողությունների այն փաթեթը, որով կարող է օգտակար լինել և՜ մեր երկրին, և՜ նպաստել ՀԱՊԿ-ի գործունեության ակտիվացմանը:
Փաստորեն, Յուրի Խաչատուրովի նշանակման հարցում ձեր և ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի դիտարկումները նույնն են, վերջինս ասել էր հետևյալը.ՙՄի բան է, երբ հայտարարություն է անում ՌԴ քաղաքացին, այլ բան, երբ պոտենցիալ հայտարարությունը Հայաստանի քաղաքացունն է: Չնայած օբյեկտիվորեն նա գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնում է որպես միջազգային պաշտոնյա, այլ ոչ Հայաստանի քաղաքացի՚: Ստացվում է, եթե Յ. Խաչատուրովը վաղը կոշտ հայտարարություն անի Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ դիվերսիա իրականացրած Ադրբեջանի հասցեին, ՀԱՊԿ անդամ երկրներն այն կընդունեն կողմնակալությո՞ւն կամ հայամետ քա՞յլ:
-Ճիշտն ասած, ես նախօրեին եմ վերադարձել Պրահայից և անտեղյակ եմ, թե ի՞նչ է ասել Վիգեն Սարգսյանը: Փաստորեն, իրոք մենք նույն կարծիքին ենք, իսկ դա նշանակում է, որ այդ հանգամանքն իրոք առկա է:
Դառնալով հարցին՝ հիշեցնեմ, որ նման պատմություններ եղել են նաև Բորդյուժայի շուրջ, երբ վերջինիս հայտարարությունները քննադատվեցին ՀԱՊԿ որոշ անդամ երկրների կողմից: Նրանք պնդում էին, թե դրանք իրենց հետ համաձայնեցված չեն եղել: Անհրաժեշտ է հիշել մի բան. հարկ եղած դեպքում նման իրադարձություններին պետք է արձագանքել ժամանակին և կոշտ, ավելի ճիշտ՝ դիպուկ: Պարզ է, որ այն անհրաժեշտ է համաձայնեցնել բյուրոկրատական ապարատի հետ, իսկ դա ժամանակ պահանջող գործընթաց է: Մանավանդ, երբ մենք գործ ունենք այնպիսի գործընկերների հետ, ինչպիսի՞ն է Ղազախստանը, որի պատճառով ձգձգվեց ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչի նշանակումը: Եվ ուրեմն, ունենալով նման գործընկերներ, կարելի է ենթադրել, որ հնչեցվելիք հայտարությունները կարող են տարբեր արձագանքներ ունենալ հենց այդ պետությունների կողմից, նրանք կարող են ասել, որ այդ կարծիքն իրենց հետ համաձայնեցված չի եղել: Բայց հարկ է հաշվի առնել մի պարզ բան. այս կամ այն հայտարարությունը հնչում է ոչ թե անհատի կողմից, ոչ թե դա նրա մտքի մտահղացումն է, այլ պատկանում է տվյալ կազմակերպությանը:
Մենք այսօր իսկ պետք է նաև մտածենք հետևյալի մասին, ինչպե՞ս ենք վերաբերվելու այն հայտարարություններին, որոնք կարող են անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ապագայում զբաղեցնող ոչ ՀՀ քաղաքացին, այդ թվում և նույն Ղազախստանի ներկայացուցիչը:
Կա նաև մի կարևոր հանգամանք. սեփական երկրի շահերի պաշտպանությունը ներառված է ՀԱՊԿ-ի գործառույթների մեջ, ինչը հնարավորություն է տալիս քեզ արտացոլել նաև սեփական երկրիդ շահերը: Այսինքն, եթե Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին բխում է Հայաստանի շահերից, բնականաբար, այդ կազմակերպության հայտարությունները, քայլերը ևս պետք է բխեն Հայաստանի շահերից: Ինչպես նաև, Հայաստանի գործողությունները պետք է բխեն ամբողջ կազմակերպության շահերից: Այս սկզբունքով պետք է առաջնորդվեն ՀԱՊԿ անդամ երկրները: Ցավոք, մենք գիտենք բազմաթիվ դեպքերի, երբ որոշ անդամ երկրների գործողությունները չեն բխել մյուս երկրների շահերից:
Դուք նշեցիք, որ ՀԱՊԿ-ի արձագանքները պետք է լինեն ժամանակին: Մինչդեռ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այդ կառույցի հայտարարությունը հնչեց բավական ուշացած: Եվ այսօր կա այսպիսի կարծիք, եթե այն ժամանակ կառույցի ղեկավարը լիներ Հայաստանի քաղաքացի, արդյոք արձագանքն այդքան կուշանա՞ր:
-Կա երկու մոտեցումը: Առաջին, ՀԱՊԿ-ի կողմից հանդես եկող ներկայացուցիչը սեփական կարծիք կարող է հայտնել՝ հաշվի առնելով այդ կազմակերպության այն դիրքորոշումը, որը նախկինում արդեն հնչեցվել է: Այսինքն՝ հայտարարությունները բխում են կառույցի, արդեն իսկ եղած, դիրքորոշումներից: Երկրորդ, կազմակերպությունը կարող է ներկայացնել սեփական կարծիքը այս կամ այն իրադարձության վերաբերյալ՝ համաձայնեցնելով անդամ պետությունների հետ: Այսինքն՝ ուշացումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն նրանով, որ առջևում, օրինակ՝ շաբաթ, կիրակի օրեր են, այլ այն, որ կազմակերպության ներսում չկա միանշանակ մոտեցում՝ ինչպե՞ս արձագանքել կատարվածին: Դրա համար ասվեց, որ Նիկոլայ Բորդյուժայի որոշ արտահայտություններ չէին կիսում որոշ անդամ երկրների ղեկավարներ:
Ինչ վերաբերում է Արցախին առնչվող հնարավոր հայտարարությունների հնչեցմանը, ապա Յուրի Խաչատուրովի՝ որպես ՀԱՊԿ ղեկավարի հայտարարությունները պետք է կրեն ընդհանուր բնութ, դրանք պետք է բխեն ՀԱՊԿ քաղաքականությունից: Սակայն մյուս կողմից էլ հասկանալի է, որ պարոն Խաչատուրովի համար՝ որպես հայ սպաի, բարդ է լինելու ներկայացնել այնպիսի կարծիքներ, որոնք չեն համընկնի հայկական կողմի դիրքորոշումների հետ:
Ամեն դեպքում, ՀԱՊԿ-ն այն ձևաչափն է, որի մեջ մենք սովորել ենք աշխատել, ունենք հնարավորություն պաշտպանելու մեր շահերն ու տվյալ կազմակերպությունը մեր շահերի օգտին օգտագործելու:
Ապրիլի 16-ից 21-ը Ադրբեջանն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ, որին 30 հազար զինծառայող մասնակցեց: Սակայն մայիսի 1-5-ը դարձյալ զորավարժությունն են, այս անգամ թուրք-ադրբեջանական: Սա պե՞տք է համարել ռազմական սպառնալիք տարածաշրջանի ու առանձնապես՝ Արցախի և Հայաստանի համար:
-Ադրբեջանը մի երկիր է, որը նպաստում է սպառազինությունների մրցավազքին, մի երկիր է, որը տարիների ընթացքում ձեռք է բերել հսկայական զենք, զինամթերք, վարժեցրել է սեփական բանակը ու այժմ փորձում է օգտագործել իր ՙձեռքբերումները՚: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը փորձում է արցախյան հակամարտությունը լուծել այնպես, ինչպես ինքն է ուզում ու դրա համար պատրաստ է իրականացնել ուժային, ռազմական համապատասխան սցենար: Սրա ապացույցներից է նաև ապրիլյան իրադարձությունը: Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանը փորձում է նման ռազմական խաղերն օգտագործել առավել վարժեցնելու իր ոչ վարժեցված բանակը, օգտագործել նրա արդյունավետության բարձրացման համար: Բայց փորձը ցույց է տալիս, որ դա նրան այնքան էլ լավ չի հաջողվում: Մյուս կողմից էլ զորավարժությունները մնում են ցանկացած բանակի առօրյայի մի մասը: Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը զորավարժություններն անցկացնում է Թուրքիայի հետ, ապա էլ ո՞ւմ հետ: Չնայած երբեմն որպես պոտենցիալ գործընկեր կարող է հանդես գալ նաև Վրաստանը:
ՙԵրկու պետություն՝ մեկ ազգ՚ սկզբունքով առաջնորդվող Ադրբեջանն ու Թուրքիան այսօր նաև գործում են ՝ ՙԵրկու պետություն՝ մեկ բանակ կամ մեկ ուժային կառույց՚ տրամաբանության մեջ: Թուրքիան ամբողջությամբ ներգարվված է Նախիջևանի տարածքում գտնվող ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքների մեջ: Թուքիան այնտեղ ոչ միայն պատրաստում է ադրբեջանական կառույցների ներկայացուցիչների, այլև ուղակիորեն փոխարինում է նրանց՝ ղեկավարելով այդ կառույցները:
Այնպես որ, նրանց կողմից իրականացվող լայնամասշտաբ զորավարժությունները տարբեր հարթություններից դիտարկելով՝ պետք է գնահատել նաև թե՜ մեր, թե տարածաշրջանի համար վտանգավարության դիրքերից:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ