Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Հայկական շուկայում ադրբեջանական խնձորի «առեղծվածային» հայտնությունը և պատկան մարմինների իրարամերժ, անհեթեթ «պարզաբանումները» հարուցել են հասարակության վրդովմունքը. Դեմկուս

Ապրիլ 28, 2017թ. 18:32
ադրբեջանական խնձոր

Վերջին օրերին հայկական շուկայում ադրբեջանական խնձորի «առեղծվածային» հայտնությունը և այդ առիթով պատկան մարմինների իրարամերժ ու անհեթեթ «պարզաբանումները» հարուցել են հասարակության վրդովմունքը և խուճապային տրամադրություններ:

ՊԵԿ-ի հայտարարությունից պարզվում է, որ խնձորի մաքսանենգության փաստ արձանագրված չէ և, որ անգամ 50 կգ խնձորի և այլ տեսակի պտուղ-բանջարեղենի ներկրումը իրականացվում է խիստ հսկողությամբ: Իր հերթին Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտարարում է, որ ադրբեջանական խնձորի վաճառքն իրականացվել է մայրաքաղաքի և մարզերի տասնյակ (գուցե և հարյուրավոր) վաճառակետերում: Շեշտվում է, որ ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման խնձոր չի ներկրվել:

Փաստորեն, պետական պատկան մարմինները իրենցից հեռացնելով պատասխանատվությունը, ոչ միայն ի ցույց են դնում իրենց անտեղյակությունն ու անճարությունը ներկրվող ապրանքների ծագման վերաբերյալ, այլև իրենց գործողություններով փաստացի հաստատում են սպառողի առողջության կամ կյանքի համար տվյալ ապրանքի վտանգավորությունը:

Դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցադրումներին.

1. Ո՞վ և ի՞նչ ճանապարհով է ներկրել ադրբեջանական խնձորի նման մեծ խմբաքանակ:

2. Ո՞ր լաբորատորիաներում է ստուգվել այդ ապրանքի որակը: Եթե նման ստուգում չի եղել, ապա ու՞մ հրամանով և ինչու՞ է ոչնչացվում վաճառակետերում առկա խնձորը:

3. Ինչու՞ մեծաքանակ ներկրողին պատժելու փոխարեն, նյութական վնաս է հասցվում մանրածախ առևտրի կետերին և ո՞վ է փոխհատուցելու այդ վնասը:

4. Ինչու՞ մինչև օրս արգելված չէ թշնամի երկրի ցանկացած տեսակի ապրանքի ներկրումը: Անհնար է պատկերացնել, որ Ադրբեջանում թույլ տրվի վաճառել որևէ ապրանք՝ Product of Armenia մակնշմամբ:

5. Ինչու՞ նշված փաստով դեռևս հարուցված չէ քրեական գործ, որով կբացահայտվի երևույթի ամբողջական պատկերը և պատասխանատվության կենթարկվեն բոլոր մեղավորները, առավել ևս, որ հայտարարություններից բխում է, որ խնձորի խմբաքանակը չի հարկվել և, փաստացի, հայտնաբերվել է պատահաբար՝ շարքային սպառողի կողմից:

Մեր հարցադրումներից բխող մտահոգությունը պայմանավորված է պարզ ճշմարտությամբ: Եթե գործնական միջոցներ չձեռնարկվեն ազգային անվտանգությանը սպառնացող նման երևույթի իսպառ վերացման ուղղությամբ, ապա պետությունը և հասարակությունը խոցելի են դառնում ցանկացած հնարավոր դիվերսիայի հանդեպ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ 28.04.2017թ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն