Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ինչո՞ւ հետընտրական գործընթացներ տեղի չունեցան

Ապրիլ 28, 2017թ. 13:35
Գառնիկ Իսագուլյան+

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ
Հետընտրական գործընթացները մեզանում մշտապես հախուռն են եղել, պատկերավոր ասած, եղել են փողոցային՝ ցույցեր, միտինգներ, մինչդեռ այս ընտրություններից հետո կատարվեց շատերի համար անսպասելին՝ հետընտրական զարգացումներ տեղի չունեցան: Մեկնաբանությունները տարբեր են, ո՞րն է ձեր գնահատականը:
-Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այս համապետական ընտություններն առաջինն էին, որոնց չհաջորդեց հետընտրական որևէ գորընթաց: Չնայած նման սպասումներ ունեցողներ կային: Ըստ էության, ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը, որոշ բացառություններով, ընդունեցին ընտրության արդյունքները, նրա լեգիտիմությունը ընդունեցին նաև միջազգային կառույցներն ու սոցհարցումներ իրականացրած տարբեր կազմակերպություններ:
Այնուհանդերձ, ընտրություններից առաջ և հետո կային խնդիրներ, հնչեցին հարցադրումներ, որոնց պատասխաններն ակնկալում է լսել և՛ հասարակությունը, և՛ քաղաքական ուժերը: Դրանցից մի քանիսին փորձեմ անդրադառանալ:

Առաջին, ամենակարևոր խնդիրը մասնակիցների թվաքանակի հետ կապված բանավեճն էր: Բոլորին հետաքրքրում էր, արդյոք նախորդ ընտրություններին արձանագրված 1,5 մլն ընտրողների թիվն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Գիտեք, որ նախընտրական շրջանում քննարկվող հիմնական թեման ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումն էր՝ ստորագրություններով ու հասցեներով հանդերձ: ԸՕ-ի քննարկման ժամանակ 4+4+4 ձևաչափով աշխատանքային խմբի հիմնական խնդիր էր՝ իշխանություններից ստանալ այդ համաձայնությունը: Եվ ՀՀԿ-ն ընդառաջ գնաց ընդդիմության առաջարկին ու այն ներառվեց Ընտրական օրենսգրքում: Ցուցակների հրապարակումը վիճահարույց հարցերից մեկն էր, որն օրենքով լուծվեց, ինչն էլ հանգեցրեց նրան, որ որևէ քաղաքական ուժ ընտրողների թվի հավաստիության հետ կապված՝ չվիճարկեց, վեճ տեղի չունեցավ: Արձանագրենք, որ այս ընտրություններին ևս մասնակցեց 1,5 միլիոն ՀՀ քաղաքացի:

     Երկրորդ խնդրահարույց հարցը, որն առաջացավ ընտրություններից հետո, ընտրակաշառքի մասին խոսակցություններն են. շեշտադրվում է, թե դրանք հիմնականում ազդել են ընտրությունների վրա: Ինչ խոսք, ընտրակաշառք երևույթը հայաստանյան ընտրական իրականության մեջ առկա է և որևէ մեկը դա չի հերքում: Բայց, խնդիրն այս է՝ ընտրակաշառք ասվածն ունեցե՞լ է այնպիսի ազդեցություն, որը կարող էր էականորեն փոխել ընտրությունների արդյունքները: Պատասխանս միանշանակ է՝ ոչ:

Ի դեպ, ընտակաշառքին վերաբերող խոսակցությունների լավագույն հակափաստարկը հետևյալն է. շատ ընտրատեղամասերում, ուր առաջադրված էին բավականին լուրջ օլիգարխներ՝ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող անձինք և՛ ՀՀԿ-ից, և՛ «ՙԾառուկյան դաշինք»-ից,«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը կարողացավ նրանց պարտության մատնել ու հաղթանակով դուրս գալ: Սա ևս փաստում է, որ փողը ընտրություններում հիմնական գործոն չի եղել: Հետևաբար, ընտրակաշառքի հետ կապված խոսակցություններն անտեղի են:

Ըստ էության, բացի ՀՀԿ-ից մյուս կուսակցությունները նոր Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո լրջորեն չէին նախապատրաստվել գալիք ընտրություններին, կամ չէին հասկացել նոր ԸՕ-ի հիմնական պահանջները, որոնք դժվարացնելու էին չկայացած կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին: Մինչդեռ, այլ էր պատկերը ՀՀԿ-ի պարագայում: Վերջինս շատ հետաքրքիր քարոզչություն իրականացրեց՝ ստեղծելով եռաշերտ կառուցվածք, որով հնարավորություն ունեցավ իր ասելիքը հասցնել ընտրողին: Առաջին շերտում ակտիվ աշխատեցին անհատ թեկնածուները, այսինքն՝ վարկանիշային ցուցակներով առաջադրվածները, ի դեպ, ՀՀԿ-ն միակ կուսակցությունն էր, որը կարողացավ բոլոր ընտրատարածքներում ունենալ վարկանիշային թեքնածուներ, որոնք էլ ձևավորեցին շտաբեր: Երկրորդ շերտ. ՀՀԿ-ն բոլոր ընտրատեղամասերում կազմակերպեց ընդհանրական շտաբեր, այսինքն՝ զուտ կուսակցության կողմից քարոզչություն իրականացնող շտաբեր: Այս դաշտում ակտիվ աշխատում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ վերջապես, երրորդ շերտ. այս ամենին գումարվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անհատական աշխատանքը 13 ընտրատարածքներում գրանցված վարկանիշային թեկնածուների հետ: Այս մասին ոչինչ չի խոսվել, շատերին այդ աշխատանքը հայտնի չէ, բայց ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանն անձնապես հանդիպել է ՀՀԿ-ից առաջադրված բոլոր վարկանիշային թեկնածուների հետ:
Իսկ ի՞նչ արեցին մյուս կուսակցությունները. «Ծառուկյան դաշինք»-ը, որն իր ունեցած հնարավորություններով չէին զիջում ՀՀԿ-ին, ինչպես և մյուս ուժերը, չկարողացան բոլոր ընտրատարածքներում ունենալ վարկանիշային թեկնածուներ, որոնք տեղերում կարող էին ակտիվ աշխատել ու ձայներ բերել թե՛ իրենց, թե՛ իրենց կուսակցությանը: Որևէ կուսակցության ղեկավար չկարողացավ այնպես կազմակերպել թեկնածուների հետ անհատական, կուսակցական աշխատանքը, ինչպես դա հաջողվեց իրականացնել ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանին:

Անդրադառնամ նաև, երրորդ, հաճախ արծարծվող այն թեմային, թե չսիրելով ՀՀԿ-ին, ո՞նց կարող էր մեր ընտրողը գնալ ու իր ձանը տալ այդ ուժին: Հարգելիներս, չսիրելը քաղաքական կատեգորիա չէ, ու դրանով չեն առաջանորդվում ընտրողները: Չսիրել չի նշանակում ձայն չտալ: Նայեք այն քաղաքական թիմերին, որոնք մտան ընտրապայքարի մեջ ու կհամոզվեք, որքան էլ քննադատենք ՀՀԿ-ին, միևնույն է, ամենից մրցունակ քաղաքական թիմը ձևավորել էր Հանրապետականը: Մյուս կուսակցությունները ՀՀԿ-ին խնդրում էին՝ օգնել իրենց, որպեսզի կարողանան ռեյտինգային ցուցակը կազմել, որովհետև իրենց շարքերում չունեին անհրաժեշտ թվով հեղինակավոր անձինք: Ընտրողն էլ ճիշտ գնահատեց իրավիճակը ու որպես քաղաքական միակ, կայացած թիմ տեսավ ՀՀԿ-ին, մի ուժի, որը իրապես կարող է այս ծանր իրավիճակում շարունակել երկրի ղեկավարումը:

Այսպիսով, հետընտրական գործընթացներ մեր երկրում տեղի չունեցան, քանի որ մեր հասարակության գերակշիռ մասն ընդունեց ընտրությունների արդյունքները. սա շատ կարևոր հանգամանք է:

Ընտրություններում խայտառակ պարտություն կրեց խաղաղության լոզունգի տակ հանդես եկող Կոնգրես-ՀԺԿ դաշինքը. խաղաղասեր մեր ժողովուրդը հասկացավ, որ դա իր ցանկալի խաղաղությունը չէ, և հակառակը, այն կարող է անգամ պատերազմաբեր լինել: Իսկ այսօր այդ ուժը Սահմանադրական դատարանում վիճարկում է ընտրությունների արդյունքները և հայտարարում՝ ընտրակաշառքը, վարչական լծակները և այլն, ազդել են ընտրությունների արդյունքի վրա:
-Հայաստանում չեք գտնի մեկին, որի համար գերագույն արժեք չլինի խաղաղությունը: Բայց այդ լոզունգով առաջնորդվող Կոնգերս-ՀԺԿ դաշինքը չկարողացավ հավաքել նույնիսկ 2 տոկոսի ձայն: Մեր հասարակությունը շատ բարձ գնահատելով խաղաղությունը, միաժամանակ, տեսնում է, թե ինչպիսի ագրեսիվ քաղաքականություն է Հայաստանի ու Արցախի դեմ իրականացնում Ադրբեջանը: Հետևաբար, հուսալ, որ մեր հարևաններն ընդառաջ կգնան նման առաջարկին՝ անիրատեսական է: Խաղաղության քարոզն ընդամենը լոզունգ է, եթե չկա ուժեղ բանակ, չկա ուժեղ պետականություն, չկան այն կադրերը, որոնք կարող են ապահովել այդ խաղաղությունը:

Ցավոք, այդ քաղաքական ուժն ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 25 տարի շարունակ ոչ մի կերպ չի կարողանում հետ կանգնել իր այն գաղափարից, որ զիջելով ու խաղաղություն մուրալով հնարավոր չէ հասնել իրական խաղաղության, այդ թեզն այլևս չի աշխատում: Խաղաղություն չեն մուրում, այն նվաճում են. սա մեր հասարակության համար միանշանակ ընկալելի է:

Բայց քանի որ այս ուժի համար անսպասելի էր, որ իրենց քարոզը հասարակությունը մերժեց, հիմա հայտարարում են, թե իրենց ձայները կեղծվել են: Մի քանի օր է, որ ես լսում եմ ՍԴ-ում հնչող ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքը, նա ընդամենը քաղաքական ճառ է ասում: Իսկ դատական համակարգը պահանջում է կոնկրետ փաստեր, մինչդեռ Զուրաբյանի ու մյուս ՀԱԿ-ականների խոսքում ոչ մի իրավական հիմնավորում, ոչ մի փաստ չկա:
-Ինչո՞ւ ՕՐՕ-ն չստացավ համապատասխան ձայներ և անկարող եղավ հաղթահարել շեմը:
-Այս հարցը ևս հետնըտրական շրջանում շատ քննակվողներից էր: Նրանք իրենց քարոզչության հիմնական մեխն ուղղեցին իշխանության դեմ, բայց չկարողացան հասնել իրենց ակնկալածին: Իսկ պատճառը շատ պարզ է. 25 տարուց ավելի իշխանության վերնախավում՝ ամենաբարձր օղակներում աշխատած անձը չէր կարող մի քանի օրում՝ որպես ընդդիմություն հասարակության կողմից ընկալելի դառնալ: Սեյրան Օհանյանի ընդդիմադիր քաղաքական գործիչի կեցվածքը վստահություն չներշնչեց, չօգնեցին անգամ հայրենասիրական մտքերը, և հասարակությունը ՕՐՕ-ին ձայն չտվեց:
Ամփոփենք, ինչպիսի՞ խորհրդարան ունեցանք, ի՞նչ հնարավոր փոփոխություններ կարող ենք ակնկալել կառավարության նոր կազմում:
-Բավական ակտիվ խորհրդարան կունենանք, ուր ակնկալում եմ լուրջ աշխատանք, ես դրանում վստահ եմ, որովհետև կյանքը պահանջում է, որ տարբեր խնդիրների վերաբերյալ շատ ավելի մեծ ուշադրություն դրսևորվի, քան եղել է նախկինում:
Ինչ վերաբերվում է նոր կառավարությանը, եկեք փոքր-ինչ սպասենք: Բայց մի բան ուզում եմ նշել. պարզ երևում է, որ այն քաղաքական ուժերը, գործիչները (անուններ տալ չեմ ուզում), որոնք շատ խիստ ընդդիմադիր կեցվածք էին ընդունել, այսօր արդեն իրենց հարցազրույցներում, ելույթներում, վերլուծություններում իշխանությանն առաջարկում են համագործակցություն, այսինքն՝ ցանկություն են հայտնում իշխանության մաս կազմել: Սա, իհարկե, լավ է, ես ողջունում եմ նման մոտեցումը: Այն փաստում է, որ արմատական ընդդիմության դիրքերից խոսողները սկսում են գիտակցել՝ պետության կառուցումը, զարգացումը միասնական ուժերով պետք է լինի: Եվ ես վստահ եմ, որ իշխանությունը դա հաշվի կառնի:

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն կարող է կառավարություն ձևավորել միանձնյա: Բայց ինձ հայտնի է ՀՀ նախագահի դրական տրամադրվածությունը կոալիցիա ձևավորելու հարցում: Կարծում եմ, ՀՀԿ-ն հավատարիմ կմնա իր քաղաքական խոստմանը ու կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ մասնաբաժնով՝ որոշ ժամանակ անց պարզ կլինի, քննարկումները դեռ շարունակվում են: Թե մնացած ուժերի հետ ի՞նչ հարաբերություններ կձևավորվեն՝ ցույց կտա ժամանակը:
Ամեն դեպքում ես շատ եմ ուզում, որ կառավարությունում լինեն լուրջ փոփոխություններ և մեր գործադիրը համալրվի նոր, հետաքրքիր, գիտակից կադրերով:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն