Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանին որպես քաղաքական գործիչի, բայց նա առհասարակ չի պատկերացնում քաղաքային տնտեսությունը

Ապրիլ 26, 2017թ. 10:15
Նաիրա Նահապետյան-

Հարցազրույց Երեւան քաղաքի ավագանի, Ֆինանսավարկային և տբնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ավագանու թեկնածու ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ

    -Ասվում է, թե քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին ՀՀԿ-ն դուրս եկել ավելի քիչ թիմակիցներով ու նկատելիորեն պասիվ է. այդպե՞ս է:
-Ամենևին, պասսիվություն չկա, ճիշտ հակառակն է: Հանրապետականը քարոզարաշավի է դուրս եկել շատ ավելի վստահ, քանի որ մենք երևանցիներին ներկայանելու շատ աշխատանքներ ունենք: Ու դա է մեզ վստահություն է ներշնչում: Բացի կատարված աշխատանքները մեր կողմից ներկայացնելուց երևանացիներն էլ տեսնում են, չէ՞, թե այս տարիներին որքան գործ է արվել, անզեն աչքով էլ դա տեսանելի է:
Իսկ ՀՀԿ ավագանին ակտիվորեն իրականացնում է իր քարոզարշավը: Մենք արդեն եղել ենք քաղաքի երեք վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Մալաթիա Սեբաստիայում և Էրեբունիում: Երևանցիների հետ մեր շփումները հետաքրքիր ու բովանդակալից են անցնում: Երբ հարցնում ենք՝ ի՞նչ կուզենայիք, որ ապագայում փոխվեր մեր քաղաքում, հիմնականում լսում ենք այսպիսի պատասխան՝ բավական աշխատանք է կատարվել, շատ հարցեր քաղաքապետարանի կողմից լուծվել են ու հարցեր չունենք: Դա մեզ ուրախացնում է, այսինքն՝ երևանցիները նկատում ու գնահատում են արվածը: Չնայած դրան, իհարկե մեզ ուղղվում են նաև տարբեր հարցեր, դեռևս կան դժգոհություններ ՙՍանիտեք՚-ի աշխատանքից, վերելակների վիճակից, նաև տրանսպորտից, տրվում են առողջապահական ու մանկապարտեզների հետ կապված հարցեր, մասնավորաբար, դժգոհում են հերթագրումից: Բանն այն է, որ մինչև Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելը մանկապարտեզները վճարովի էին, ծնողը ստիպված էր ընտանիքի միայն մեկ երեխային ուղղարկել մանկապարտեզ: Հաշվի առնելով մեր ընտանիքների ֆինանսական ծանր վիճակը՝ քաղաքապետարանը որոշեց անվճար դարձնել համակարգը, յուրաքանչյուր երեխայի համար այսօր պետությունը վճարում է 20-25 000 դրամ: Արդյունքում մեծացավ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը. նախկին 15 000-ի փոխարեն այսօր 30 000 երեխա է մանկապարտեզ հաճախում: Սա որոշակի խնդիրներ է ստեղծում, առաջացել է նոր շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն: Մեր մանկապարտեզների մեծ մասը վերանորոգված է, համալրված նոր կահույքով, ամբողջովին ջեռուցվում է: Այս աշխատանքը շարունակական է լինելու:
-Ժամանակին մանկապարտեզների շենքերը հախուռն սեփականաշնորհվեցին, ինչի արդյունքում զրկվեցինք տիպային մանկապարտեզներից: Այսօր քարոզարշավի ելած ընդդիմադիր ուժերը հայտարարում են, թե ընտրվելու դեպքում ամեն ինչ անելու են այդ շենքերը հետ բերելու ու որպես մանկապարտեզներ վերականգնելու համար: Սա հնարավո՞ր է:
-Նախ, ճիշտ եք ասում, որ տարիներ առաջ կորցրինք մեր տիպային մանկապարտեզներից մի քանիսը, դա, ի դեպ, եղել է մինչև Տարոն Մարգարյանի քաղաքպետ լինելը, 90-ականներին, երբ չկար Երևանի մասին օրենքը: Բայց ասել, թե հետ ենք վերադարձնելու՝ դա անհնարին գործընթաց է, քանի որ արդեն սեփականաշնորհված են, շատերը բնակարանների են վերածվել, ու անհնարին է վերադարձը, նման օրենք էլ չկա: Այնպես որ, նման հայտարություններն իրատեսական չեն: Խորհուրդ կտամ, որ քարոզարաշվի ելած ընդդիմադիր ուժերը նախ ուսումնասիրեն իրավիճակը, հասկանան՝ հնարավոր է՞ 90-ականներին սեփականաշնորհված շենքերը հետ վերցնել սեփականատիրոջից, ու դրանից հետո միայն նման հայտարարություններով հանդես գան:
Ի դեպ, անդրադառնանք ընդդիմնադիրների կողմից հնչող խոստումներին. ՙԵլք՚ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չի դադարում հայտարարել, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում 5 տարում Աջափնյակ վարչական շրջանում կկառուցի մետրոպոլիտենի ևս մեկ կայարան, մի բան, որը 10 տարում չի կարողացել անել ներկայիս քաղաքապետը: Իրատեսական համարո՞ւմ այս խոստումը:
-Իհարկե՝ ոչ: Գաղտնիք չէ, որ մետրոպոլիտենը համարվում է Երեւանի քաղաքային տրանսպորտի համակարգի ողնաշարը այն բնապահպանության տեսակետից հարմար ու նաեւ մատչելի հանրային տրանսպորտի տեսակ է: Դեռ ԽՍՀՄ տարիներին նախատեսված էր, որ Աջափնյակ տանող ուղղությունը պետք է ունենա երկու կայարան՝ մեկը Հանրապետական հիվանդանոցին կից, մյուսը՝ Չավուշի հրապարակին: Բաղրամյան-Աջափնյակ ճյուղի կառուցումը սկսվեց այդ տարիներին, բայց կառուցվեց ընդամենը 2 կիլոմետրանոց թունելային հանգույց, աշխատանքներն ընդհատվեցին ԽՍՀՄ փլուզմամբ, ու այլևս չվերսկսվեցին՝ միջոցների սղության պատճառով: Աշխատանքի զգալի մասը արված չէ, պետականորեն հաշվարկված է՝ երկու կայարանի կառուցման համար անհրաժեշտ է 250 մլն դոլար, մեկի համար՝ 120-130 մլն դոլար:
Մինչդեռ ձեր ընդդիմախոսները հակադարձում են՝ 20, 30 միլիոնը բավարար կլինի մեկ կայարան կառուցելու համար:
-Ասելով չէ, կան մասնագիտական նախահաշվարկներ, կա ծրագիր: Սխալ է նման պնդում անելը: Տեղանքի բարդությունը պետք է հաշվի առնել, Երևանը կառուցված է բազալտի հաստ շերտերի վրա, մեկ թունել փորելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ: Երևանի մետրոպոլիտենի կառուցումը խորհրդային տարիներին էլ շատ դժվար է եղել, եթե մյուս հանրապետությունների մայրաքաղաքներում ամբողջ ցանցն ավարտին հասցվեց, ապա մեզ մոտ հնարավոր եղավ միայն 10 կայարան կառուցել: Բայց դրանով հանդերձ, մետրոյի նոր կայարանների կառուցումը մշտապես եղել է և կլինի Երևանի զարգացման ծրագրերում: Տարոն Մարգարյանը ևս մեծ ցանկություն է ունեցել վերսկսել մետրոպոլիտենի կառուցման աշխատանքները, այժմ էլ նախահաշվարկային փաթեթը դրված է քաղաքապետի սեղանին: Սակայն իրավիճակը սթափ գնահատելով, վերլուծելով ֆինանսական սուղ պայմանները՝ քաղաքապետը գտավ, որ Երևանի համար կան առաջնահերթ լուծում պահանջող այլ հարցեր, և միայն առաջնային հարցերի լուծումից հետո կարելի է խոսել մեծ ծախսեր պահանջող մետրոպոլիտենի շինարարության մասին: Իսկ առաջնահերթությունների մեջ նախ վերգետնյա հանրային տրանսպորտային ցանցի բարելավումն է: Քանի դեռ այն չունենք, որքանո՞վ է նպատակահարմար հսկայական գումարներ ուղղել Աջափնյակ համայնքի մետրոպոլիտենի կառուցմանը, որից հիմնականում կօգտվի այդ վարչատարածքի բնակչությունը: Երևանցու համար արժանավայել տրանսպորտի ապահովումը Տարոն Մարգարյանի օրակարգային առաջնահերթություններից է: Իսկ մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելու շուրջ հնչող հայտարարությունները զուտ պոպուլիստական են ու ոչ մասնագիտական:
-Դառնանք վերգետնյա տրանսպորտի հարցին, որը թերևս ամենից շատ է մտահոգում երևանցիներիս: Ինչպե՞ս լուծել հարցը, երբ մի կողմից վարձավճարի չափը 100 դրամ է, քաղաքապետարնն էլ այն բարձրացնելու նպատակ չունի, մյուս կողմից՝ կա արժանավայել տրանսպորտային համակարգ ունենալու պահանջ- ցանկություն:
-Արդեն 4 տարի է, որ քաղապետարանն աշխատում է համակարգի արդիականացման ուղղությամբ: Բոլորի համար պարզ է, որ 100 դրամ վարձավճարով հնարավոր չէ ապահովել փոխադրամիջոցի ծախսերը: Դա նաև մասնավորի համար անհետաքրքի դարձրեց ոլորտը: Եվ այն, որ այսօր մեր տրանսպորտն աշխատում է ընդամենը 100 դրամ վարձավճարով ու առանց սակագին փոխելու դրական տեղաշարժ կարողացանք արձանագրել, դա եղավ շնորհիվ Տարոն Մարգարյանի կողմից վարվող ճկուն քաղաքականության՝ գումարների ճիշտ տնտեսման արդյունքում:
Սակայն տրանասպորտի ոլորտը պահանջում է արմատական փոփոխություններ, Երևանի քաղաքապետարանն այժմ իրականացնում է վերգետնյա տրանսպորտի արդիականացում, ինչը ենթադրում է միասնական Էլեկտրոնային տոմսային համակարգի ներդնում, ընդհանուր սպասարկման որակի բարելավում , ինչպես նաև սոցիալական խմբերի արտոնությունների տրամադրում: Ամբողջ տրանսպորտի համակարգի վերազինումը 100-120 միլիոնանոց ծրագիր է: Օգոստոսից կսկսվի նոր ծրագրի իրականացումը, որն այժմ մշակման վերջնական փուլում է գտնվում: Միջազգային խորհրդատուները շուտով՝ հունիս 1-ին մեզ կհանձնեն ամբողջական փաթեթը, որից հետո կհայտարարվի մրցույթ, միջազգային օպերատորը կգա ու կդառնա քաղաքի տրանասպորտի ոլորտի պատասխանատուն՝ իրականացնելով որակյալ աշխատանքը:
-Ի՞նչ կասեք Փաշինյանի մեկ այլ պնդման առնչությամբ, թե քաղաքապետարանի տրանսպորտային համակարգում 230 ավտոբուս կա, որոնց 90 տոկոսը սարքին վիճակում է, բայց երթուղի դուրս չեն գալիս, որ գազելների տերերի շահույթը չպակասի:
– Ես շատ եմ հարգում Նիկոլ Փաշինյանին որպես քաղաքական գործիչի, բայց նա առհասարակ չի պատկերացնում քաղաքային տնտեսությունը: Մարդը չի կարող և՛ քաղաքական գործիչ լինել, և՛ բանասեր, և՛ տրանսպորտի լավ մասնագետ, մարդը չի կարող ամեն ինչին տիրապետել: Իրականում Փաշինյանը շատ տվյալների, թվերի չի տիրապետում: Իսկ ինչպես ասում են՝ թվերին հակառակ գնալ չես կարող: Այսօր քաղաքապետ Մարգարյանի անմիջական ուշադրության կենտրոնում է ավտոբուսների ցանցը: Դրանք Ավտոբուս ՓԲԸ-ի մեքենաներն են, շահույթ գրեթե չունեն, հավելավճարներ են ստանում քաղաքապետարանի տնտեսած գումարներից, որպեսզի կարողանան աշխատել, քանի որ 100 դրամ վարձավճարով, բոլորս ենք հասկանում, հնարավոր չէ ապահովել նորմալ սպասարկում: Փաշինյանի բերված թվերը՝ 230 ավտոբուս, 90 տոկոս, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն, ես չգիտեմ, թե նա ի՞նչ է հաշվել, ո՞նց է հաշվել: Եթե 90 տոկոսը լիներ սարքին վիճակում, ուրեմն, անպայման կլիներ գծի մեջ, հակառակըմտածելն անհեթեթություն է: Դա նույն է, թե ասել՝ տանն ունեմ սեփական մեքենա, բայց ոտքով եմ շրջում ողջ քաղաքը:
Նիկոլ Փաշինյանն ուղղակի ապակողմնորոշում է մեր ժողովրդին: Նա զբաղված է պոպուլիզմով, ուզում է, որ երևանցիների համար ականջահաճո խոսքեր ասել, բայց մեղմ ասած՝ երևանցու հանդեպ անկեղծ չէ, քանի որ ընդամենը պոպուլիստական քայլ է անում:
Յուրաքանչյուր քաղաքապետի ցանկությունն է մնայուն գործեր անել քաղաքի համար ու թողնել սերունդներին, այս տեսակետից, ի՞նչ է արել Տարոն Մարգարյանն ու իր թիմը, ի՞նչ եք թողնելու ձեզնից հետո:
-Անվճար մանկապարտեզների ստեղծում, պոլիկլինիկաների համալրում բուժսարքավորումներով: Քաղաքի բոլոր դպրոցների ջեռուցում, վերանորոգում, ի դեպ, աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչպես նաև մանկապարտեզները՝ 70 տոկոսով վերանորոգված են շենքերը: Շատ եմ կարևորում բոլոր վարչական տարածքների համաչափ զարգացումը: Յոթ հեկտար կանաչ տարածք է ավելացել Երևանում, գրեթե բոլոր վարչական տարածքների այգիները վերակառուցվել ու կանաչապատվել են, խաղահրապարակներ են ստեղծվել: Ինչո՞ւ այսպես արագ կանաչեց մեր մայրաքաղաքը. հիշո՞ւմ եք, նախկինում շաբաթօրյակներին ծառեր էին տնկում ու թողնում անմշակ, մյուս տարի այդ չխնամված, չորացած փայտը հանում էին հողից ու տեղը մեկ այլ փայտ էին տնկում, և այսպես շարունակ: Մինչդեռ Մարգարյանի հրահանգով կառուցվեց ոռոգման ցանց, որը լուծեց խնդիրը ու մեր քաղաքը դարձավ ծաղկառատ:
Ի դեպ, մի կարևոր տեղեկատվություն ևս պետք է փոխանցեմ.պատրաստվում ենք իրականացնել Երևանի վերելակային տնտեսության ամբողջական արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ սպասարկում: Դա նշանակում է, որ վերելակները ոչ թե վերանորոգվելու են, այլ ամբողջովին փոխվելու են: Հիմա կատարվում է գույքագրման գործընթացը: Այնպես որ, մեր թիմը նախընտրում է իրատեսական և իրականանալի ծրագրերի իրականացում և ոչ թե ընդամենը պոպուլիստական խոստումների շռայլում:
Եվ ես վստահ եմ, որ երևանցիներն արված աշխատանքը կգնահատեն ու իրենց ձայնը կտան Տարոն Մարգարյանի ու մեր թիմին:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն