Գլխավոր » Interview, TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Էրդողանը կարող է դառնալ Թուքիայի կործանման պատճառը

Ապրիլ 19, 2017թ. 13:10
Հայկ Գաբրիելյան

Հարցազրույց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ ՀԱՅԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ
Սահմանադրական հանրաքվեից հետո, հանձին Թուրքիայի, տարածաշրջանում ստեղծվում է  սուլթանական մի երկիր, որը առավել մեծ սպառնալիք է դառնում հարևան պետությունների անվտանգության համար: Ի՞նչ կասեք այս մտահոգության առնչությամբ:
-Կիսում եմ այդ անհանգստությունը, և կարծում եմ, որ այսուհետ Թուրքիան կդառնա առավել անկանխատեսելի երկիր և Էրդողանը կվարի ավելի ագրեսիվ ներքին ու արտաքին քաղաքականություն: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը դեմ էր երկրի իսլամականացմանը, ու ավանդել է, որ Թուրքիան իր բնույթով լինի աշխարհիկ երկիր: Մինչդեռ էրդողանն ամեն գնով ձերբազատվում է Աթաթուրքի Թուրքիայից ու ստեղծում է Էրդողանական նոր Թուրքիա: Ընդգծեմ նաև, որ այս սահմանադրական բարեփոխումներով Էրդողանը կդառնա ցմահ նախագահ: Նկատի ունեմ հետևյալը. սահմանադրական բարեփոխումներն ուժի մեջ կմտնեն 2019-ին, երբ Էրդողանը կլինի 65 տարեկան, իսկ այս բարեփոխումները նրան թույլ կտան ևս 10 տարի մնալ նախագահի պաշտոնում: Բացի այդ, նոր Սահմանադրության մեջ կա կետ, համաձայն որի, եթե մինչ Էրդողանի պաշտոնավարման ավարտը Մեջլիսը որոշում ընդունի վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին, ապա նախագահը կստանա ևս մեկ անգամ վերընտրվելու իրավունք: Այսինքն, հնարավոր է, որ Էրդողանը նախագահի պաշտոնում մնա ոչ թե մինչև 2029 թվականը, այլ դրանից հետո ևս:
Էրդողանը, որը հայտնի է իր պոռթկուն, անհեռատես քայլերով, մյուսների հետ հաշվի չնստելու պահվածքով, նա անպայման իր բռնապետական նկրտումները կդրսևորի նաև հարևան երկրների հանդեպ: Ինչպես գիտեք, նա վաղուց վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն: Իսկ դա ենթադրում է Թուրքիայի քաղաքականության ակտիվացում այն բոլոր տարածքներում, որոնք նախկինում եղել են Օսմանյան կայսրության կազմի մեջ: Սիրիայի ու Իրաքի օրինակով մենք արդեն իսկ թուրքական այդ քաղաքականության ականատեսն ենք:
Էրդողանի քաղաքականության հենարասյուներն են երկրի ծայրահեղական, ազգայնամոլական ուժերը, նման պետության մեջ ի՞նչ իրավիճակում կարեղ են հայտնվել ազգային ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում հայերը:
-Այո, Էրդողանն ունի կայուն՝ մոտ 25 միլիոնանոց ընտրազանգված, հիմնականում ազգայնամոլներն են: Կարծում եմ, մենք կտեսնենք Թուրքիայի իշխանությունների դիրքորոշման խստացում երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների հարցում: Դա առավելապես կդրսևորվի, հատկապես, քրդերի դեմ: Զուր չէ, որ քուրդ պատգամավորները բոյկոտեցին հանրաքվեն, իսկ քուրդ ժողովուրդը ՙոչ՚ ասաց բարեփոխումներին: Այժմ Էրդողանը ցանկանում է երկրում ակտիվացած ազգայնական տրամադրություններն օգտագործել ու ավելի խստացնել քրդերի դեմ պայքարը: Հայերի հանդեպ նույնպես կլինեն որոշակի խստացումներ, տարբեր հարցերում կուժեղանա պետական միջամտությունը, ինչն արդեն իսկ տեսնում ենք Պոլսո հայոց Պատրիարքի ընտրության հետ կապված: Կրթական ոլորտում վաղուց է Թուրքիան ճնշումներ իրականացնում հայերի հանդեպ, ինչը տվել է իր բացասական պտուղները. Թուրքիայի հայերը կամ առհասարակ չեն տիրապետում հայերենին, իսկ եթե տիրապետում են, ապա շատ վատ են խոսում հայերեն: Կարծում եմ, մյուս ոլորտներում ևս առավել կոշտ քաղաքականության ականատես կլինենք:
-Թուրքիայում որոշ տաբուների ազատականացումից, նաև Հրանտ Դինքի սպանությունից հետո ծպտյալ կամ մահմեդականացած հայերի շրջանում ինքնագիտակցության արթնացում տեղի ունեցավ: Չէ՞ք կարծում, որ էրդողանական Թուրքիայում հակառակ ընթացքի ականատեսը կլինենք:
-Համակարծիք եմ ձեր դիտարկմանը. 2000-ականներին, թվում էր, թե Թուրքիան գնում է դեպի ժողովրդավարացում, այդտեղ իր դերն ունեցան ԵՄ պահանջները, այդ կառույցին Թուրքիայի անդամակցման հեռանկարը, և շատերը կարծում էին, թե եկել է ժամանակը, որ իսլամացած, ծպտյալ հայերը բարձրաձայնեն իրենց ինքնության մասին, ինչը շատ կարևոր խնդիր էր: Թուրքիայում գոյություն ունի ինքնության ճգնաժամ ու շատերը չգիտեն իրենց անցյալի մասին: Բայց Էրդողանի այս քայլերից հետո իրավիճակը կսրվի, շատերն ուղղակի կրկին կվախենան բարձրաձայնել իրենց հայ կամ քրիստոնյա լինելու մասին, քանի որ նոր Թուրքիան հանրապետությունից վերածվելու է կրոնապետության, այնպիսին, ինչպիսին Օսմանյան կայսրությունն էր, ուր շատ մեծ տեղ էր տրվում մուսուլմաններին, մինչդեռ քրիստոնյաներն ու մնացած կրոնական փոքրամասնությունները դաժանորեն հալածվում էին:
-Այս նոր իրավիճակում, բնականաբար, մեզ հետաքրքրում է, թե ի՞նչ ընթացք կարող են ունենալ հայ-թուրքական չեղած հարաբերությունները. նախ, թերևս պետք է սպասել, որ իսլամացող Թուրքիան նոր, առավել կարծր տարրեր կմտցնի Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականության մեջ, մյուս կողմից էլ կփորձի ավելի միջամտել ԼՂ կարգավորման խնդրին:
-Այո, որքան Թուրքիան կտրվի Եվրոպայից, Արևմուտքից, այնքան ավելի կխստանա նրա դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Մինչ այս էլ Թուրքիան հսկայական ֆինանսական միջոցներ էր ուղղում ժխտողական քաղաքականության ամրապնդման ուղղությամբ, կարծում եմ, դրանք կշարունակվեն նույն ընթացքով: Այստեղ նորը կլինի Եվրոպայի քաղաքականությունը, այսինքն՝ որքան Թուրքիան ավելի շատ հեռանա Եվրոպայից ու գնա դեպի արևելք, այնքան Եվրոպան առավել շատ կշահարկի Հայոց ցեղասպանության հարցը:
Ինչ վերաբերում է արցախյան հարցին,ապա վերջին շրջանում ես Թուրքիայի կողմից նկատել եմ մի վտանգավոր միտում: Թուրքիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այժմ առավել շատ է փորձում ներգարվվել արցախյան խնդրի կարգավորման մեջ և շարունակ դժգոհում է, թե չնայած ինքը ՄԽ անդամ է, սակայն անգործության է մատնված, իրեն ոչ ոք բանի տեղ չի դնում: Այժմ Թուրքիան ձգտում է կա՜մ դառնալ համանախագահող երկիր, կա՜մ հասնել նրան, որ ՄԽ-ում վերացվի համանախագահությունը, այսինքն, խմբի անդամ բոլոր երկրները ստանան հավասար իրավունքներ: Ես չեմ բացառում, որ Էրդողանը շուտով հայտարարի, թե ՄԽ համանախագահների թվում չկա որևէ մուսուլմանական երկիր, դա անարդար է ու պետք է այդ բացը լրացնել Թուրքիային ընդգրկելով խմբի կազմում: Ի դեպ, ես չեմ բացառում, որ ապրիլյան պատերազմը նաև հրահրվել էր Թուրքիայի կողմից, որը նաև փորձ էր վարկաբեկել Մինսկի խմբի համանախագահներին՝ ցույց տալով նրանց անզորությունը հրադադարի հաստատման հարցում: Մյուս կողմից էլ այդ քայլով ցանկացավ ստիպել Ռուսաստանին, որպեսզի վերջինս հաշվի նստի իր հետ Հարավային Կովկասի քաղաքականության հարցում: Իսկ Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալով Թուրքիան կկարողանա այն ծառայեցնել որպես Ռուսաստան-Թուրքիա ակտիվ շփումների հարթակի:
Փափուկ բարձ չե՞նք դնում մեր գլխի տակ ասելով, թե Թուրքիայի քաղաքական օրակարգից բացակայում է Հայաստանը, այն դեպքում, երբ Էրդողանի նպատակն է առավել ամրանալ Կովկասում:
-Ես ևս չեմ կարծում, որ Թուրքիան անտարբեր է Հայաստանի հանդեպ, հակառակը, համոզված եմ, որ ընդհանրապես Հարավային Կովկասի վրա Թուրքիայի իշխանությունների ուշադրությունն էլ ավելի կկենտրոնանա 2019 թվականից հետո, երբ սահմանադրական բարեփոխումները ամբողջությամբ կմտնեն ուժի մեջ: Շատ բան կախված կլինի նաև Սիրայում իրավիճակի զարգացումից, եթե Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Իրաքում հաջողվի հասնել իրավիճակի կարգավորման, Թուրքիայի ողջ ուշադրությունը կկենտրոնանա Հարավային Կովկասի վրա: Այնպես որ, չեմ կարծում, որ Թուրքիան իրականում մեծ կարևորություն չի տալիս Հայաստանին, այլ հարց է, որ նրա գլուխն այժմ խառն է մյուս՝ քրդական, սիրիական խնդիրներով, ու Հաաստանի հետ հարաբերությունները թողնված են հետագային:
Հանրաքվեի արդյունքում թուրք հասարակությունը պառակտվեց, այս ներքին բևեռացումը կարո՞ղ է հանգեցնել Թուրքիա պետության քայքայման, ինչի մասին այսօր շատ է խոսվում:
– Իսկապես, շատ է ասցում, որ Էրդողանը Թուրքիան տանում է ինքնաոչնչացման ճանապարհով, ինչի հիմում, ըստ իս, ընկած է քրդական հարցը: Թուրքիայի ներսում քաղաքացիական պատերազմի բռնկման հավանականությանը ես չեմ հավատում ու այդ առումով ինձ համար տեսանելի չէ Թուրքիայի ինքնաոչնչացման հեռանակարը: Փոխարենը, քրդական գործոնը լրջորեն կարող է նպաստել Թուրքիայի տարածքային ամբողջականության խախտմանը: Բացի այդ, Թուքիան դառնում է անհուսալի գործընկեր աշխարհի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի համար ու այլևս չի դիտարկվում այն մոդել երկիրը, որը նախատեսել էր ԱՄՆ-ն, այն է՝ Թուրքիան պետք է լինի իսլամի և ժոովրդավարության հաջողակ խառնուրդ պետություն և որպես մոդել- երկիր օրինակ ծառայի արաբական երկրներ համար: Այդ մոդելը վերացավ էրդողանի քայլերով: Այս ամենը հաշվի առնելով կանխատեսվում է, որ հենց Էրդողանը կարող է դառնալ Թուքիայի կործանման պատճառը: Դրա համար էլ այօրվա Թուրքիան շատերն են նմանեցնում երրորդ Ռեյխի հետ, Էրդողանին էլ՝ Հիտլերի հետ: Իսկ մեզ բոլորիս հայտնի է, թե ինչո՞վ ավարտվեց Հիտլեի ճակատագիրը:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն