Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Երկրիդ օգտակար լինելու գիտակցումը կարևոր է, դա է ինձ մղում հասարակական գործունեության

Ապրիլ 15, 2017թ. 23:19
Հովիկ 1

Հարցազրույց  ՙՙՍինոփսիս Արմենիա՚՚ ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ

Խոշոր ընկերության տնօրեն եք, ( ՙՙՍինոփսիս Արմենիա՚՚-ն Հայաստանում գործող ՏՏ ամենամեծ կազմակերպությունն է, որն ունի 750 աշխատակցից ավելի), դրա հետ մեկտեղ Հանրային խորհրդի անդամ եք, իսկ 2013-ից  ավագանու անդամ եք: Աշխատանքային ծանրաբեռնվածությունից հետո հասարակական գործունեությամբ զբաղվելը ձեզ համար հոբբի է՞, թե՞ երկրին, քաղաքին օգտակար լինելու ձգտում:
-Ճիշտ նկատեցիք, ես անդամակցում եմ տարբեր հանձնաժողովների, հանրային խմբերի, իսկ հասարակական աշխատանքով զբաղվելն իմ հոբբին չէ, ես մեկ այլ հոբբի ունեմ, դա ֆիլատելիան է, սիրում եմ նամականիշեր հավաքել: Հասարակական գործունեությամբ զբաղվելը երբևէ չի խանգարել իմ մասնագիտական աշխատանքին, հակառակը, նույնիսկ օգնել է, լրացրել՝ իրազեկվածության առումով, և ես կարողացել եմ իմ աշխատանքները հավուր պատշաճի կատարել: Շատ հաճախ բուն աշխատանքս ու հասարակական գործունեությունս փոխկապակցվում են միմյանց, օրինակ, ես անդամ եմ մի շարք բուհ-երի կառավարման խորհուրդների, որտեղ ՙՙՍինոփսիս Արմենիա՚՚ ընկերությունն իր ամբիոններն է բացել ու հաջողությամբ իրականացնում է համալսարանական ծրագրեր: Հանրային խորհրդում լինելով՝ ես բարձրացրել եմ ՏՏ ոլորտին վերաբերող հարցեր: Ինչ վերաբերում է ավագանի լինելուն՝  կրթության, մշակութի, սպորտի, երիտասարդության հանձնաժողովում եմ, աշխատանքս անմիջականորեն կապված է կրթության համակարգի հետ, որն իմ հետաքրքությունների տիրույթում է, այդ թվում և քաղաքաշինական խնդիրները, ինչը պայմանավորված է իմ մասնագիտությամբ: Ես ճարտարապետ-շինարար եմ ու փորձել եմ իմ համեստ կարողությունների շրջանակներում օգտակար լինել ավագանիում: Մասնագիտական կարողություններս փորձում եմ նաև հանձնաժողովի շրջանակներից դուրս իրացնել՝ մասնակից դառնալով նաև տնտեսության հարցերի լուծմանը: Մի բան է, երբ աշխատում ես քո մասնագիտական ոլորտում, մեկ այլ բան է, երբ քո մեջ ուժ, համարձակություն ես գտնում նաև հանրային դաշտում օգտակար լինել, քո ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Երկրիդ օգտակար լինելու գիտակցումը շատ կարևոր է, և սա է ինձ մղում հասարակական ակտիվ գործունեության:
– Ճարտարապետները բազմիցս են ահազանգել, թե Երևանի հին շենքերը ոչ միայն չեն պահպանվում, այլև փոխարինվում են ճարտարապետական կոպիտ սխալներով ու անհասկանալի դիզայնով կառուցվող բարձրահարկերով: Ի՞նչ կասեք այս մասին որպես մասնագետ:
-Այստեղ միայն մասնագիտական կարծիք հայտնելը բավարար չէ, այստեղ կա նաև ճաշակի խնդիր: Բանն այն է, որ մի շենքի ֆասադային մասի ճարտարապետական, դիզայներական կամ գունային լուծումը կարող է մեկին դուր գալ, իսկ մյուսին՝ ոչ: Ու սրանով պայմանավորված սկսում են տարբեր կարծիքներ հնչել: Օրինակ, Հյուսիսային պողոտան ինձ դուր է գալիս, բայց կան մարդիկ, որոնց դուր չի գալիս: Ի՞նչ է ստացվում, եթե շատերին դուր չի գալիս, ուրեմն ես էլ ենթագիտակցորեն պետք է մտածեմ, որ միգուցե ես սխալ ե՞մ: Իհարկե՝ ոչ:  Հյուսիսային պողոտան, իմ համոզմամբ, ժամանակի ընթացքում կդառնա ժամանցի ամենակարևոր հանգույցը մեր մայրաքաղաքի կենտրոնում: Իհարկե, կան նաև թերություններ, որոնք պետք է շտկել, բայց միայն դրանց վրա սևեռվել ու ասել՝ կանաչը քիչ է, մի քիչ պետք է սպիտակը շատ լիներ, կամ այս հարկը ցածր լիներ, մյուսը բարձր՝ նման մոտեցումնը ճիշտ չէ: Իսկ ընդհանուր առմամբ, ես ամենևին այն կարծիքին չեմ, որ ունենք ճարտարապետական կոպիտ սխալներով ու անհասկանալի դիզայնով կառուցվող բարձրահարկեր:

Երբեմն ասում են՝ գնացի Թբիլիսի, տեսա սիրուն շենքեր ու նախանձում եմ վրացիներին: Իսկ ես, երբ գնում եմ Թբիլիսի՝ ճիշտ հակառակն եմ մտածում, որ վրացիները պետք է մեզ նախանձեն: Ասում են՝ նրանց շենքերի ֆասադները գեղեցիկ են, իսկ փորձել ե՞ն նայել, թե ի՞նչ կա այդ գեղեցիկ ֆասադների հետնամասում, տեսել ե՞ն, թե ի՞նչ վիճակ է: Դրանք ընդամենը ներկած ու ծեփած շենքեր են, մինչև ե՞րբ այդ շենքերը կպահպանեն իրենց տեսքը՝ Աստված գիտի: Վրացիների համար կարևոր է եղել դրսի աչքը շոյել ու այդ ամենն արվել է ընդամենը արտաքին փայլ ապահովելու համար, մինչդեռ որակական կողմն անտեսվել է: Կամ ասում են՝ Թիֆլիսին ավելի մաքուր քաղաք է, քան Երևանը, բայց ո՞նց կարելի է չնկատել մեր քաղաքի առավել մաքուր լինելը: Կամ Թբիլիսիյով հիացածները չեն ուզո՞ւմ տեսնել այնտեղ փողոցներում ամեն քայլափոխի հանդիպող անթիվ, անհամար մուրացիկների խմբերին: Նման բան կտեսնե՞ք մեր մայրաքաղաքում:

Ամեն ինչում վատը տեսնելը մեզանում կարծես արմատացած սովորույթ է դարձել:
-Մի կողմից լավ է, որ ինքնաքննադատ ենք, դա օգնում է մեզ ձգտել, հասնել լավագույնին: Բայց ցավալի է, որ դրա հետ մեկտեղ չենք տեսնում կատարվող լավ գործերը:

Երբ ասում ես՝ լավ գործ է արվել, միանգամից հետևություն են անում, թե գովաբանում ես իշխանությանը կամ որևէ պետական պաշտոնյայի: Սա շատ վտանգավոր միտում է:
-Անդրադառնանք ՙՙպոպուլյար՚՚ դարձած արագաչափերի խնդրին. մի կողմից, ասվում է դրանք նպաստեցին վթարների թվի պակասեցմանը, քանի որ արագաչափերի գոյությամբ վարորդը զգոն է լինում, մյուս կողմից էլ, թե դրանք պատուհաս են դարձել վարորդների համար: Ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը:
-Մարդ էլ կա ասում է՝ վարորդներն առանց այն էլ  քաղաքում դանդաղ են վարում ու արագաչափերը լրացուցիչ սթերս են առաջացնում նրանց մոտ, այսինքն՝ ավելի շատ խանգարում են, քան օգնում: Ես այդ կարծիքին չեմ: Շատ մեգապոլիսներում արագաչափերի քանակը շատ ավելի է, քան Երևանում: Կարծում եմ, խնդիրը ոչ թե արագաչափերն են, այլ տուգանքը, դրանց չափերը երբեմն արդարացված չեն: Ինքս էլ վարում եմ մեքենա, ու երբեմն աբսուրդային իրավիճակներում եմ հայտվում, երբ ստանում եմ տուգանքների մասին անդորրագրերը, նայում եմ ու մտածում՝ լավ, ինչի՞ համար: Սա, բնականաբար, անհանգստացնող երևույթ է: Հետևաբար, այս խնդրին պետք է համակարգային մոտեցում ցուցաբերվի, ոչ թե պետք է մտածել՝ որտե՞ղ տեղադրել արագաչափը՝ փողոցի բանուկ հատվածո՞ւմ, թե՞ ոչ բանուկ, այլ պարզապես մոնիթորիգ անցկացնել ու հանգել հստակ եզրակացության: Կարծում եմ, նոր ավագանին  ընտրություններից հետո մի նոր թափով ձեռնամուխ կլինի նմանատիպ խնդիրների լուծմանը:
-2013-ին ծավալվեց պայքար տրանսպորտի գների թանկացման դեմ, քաղաքապետարանն ընդառաջ գնաց բնակչության պահանջին՝ սակագները մնացին նույնը, բայց արդյունքում ունենք անմխիթար վիճակում գտնվող տրանսպորտային համակարգ: Անգամ հայտնի խոսք է դարձել՝ քանի կան գազելները երևանցիներն իրեն նվաստացած կզգա: Այս իրավիճակի հետ կապված ի՞նչ կասեք:
-Իհարկե, տրանսպորտի ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հատուկ են բոլոր մեգապոլիսներին: Մեզ մոտ ևս խնդիրները բազմաթիվ են: Սակայն քաղաքապետարանն արդեն սկսել է մի շատ կարևոր ծրագրի իրականացում. բանակցություններ են վարվում հայտնի խորհրդատվական ընկերության հետ մեկ ընդհանուր տրանսպորտային համակարգ ստեղծելու շուրջ: Սա միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ծրագիր է, որի իրականացման դեպքում արմատապես կփոխվի մեր ամբողջ տրանսպորտային համակարգն ու հանգույցները: Կարծում եմ, մոտ ապագայում այդ ծրագրի մեկնարկը կտրվի: Եվ մենք մի քանի տարում կունենանք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող լավագույն տրանսպորտային հանգույցներից մեկը:
ՙՙՍինոփսիս Արմենիա՚՚ -ի տնօրենը մասնակցում է քաղաքապետի ընտրություններին իշխանական ուժի՝ ՀՀԿ ցուցակով, իսկ ձեր աշխատակից Դավիթ Խաժակյանը ՙՙԵլք՚՚ ընդդիմադիր դաշինքի ցուցակում է, այսինքն՝ տնօրենն ու աշխատակիցը քաղաքական հակադիր ճամբարներում են: Սա մեզ համար փոքր-ինչ խորթ երևույթ է, համաձայն չե՞ք:
-Իհարկե՝ ոչ: Կան ընտանիքներ, որի ամեն մի անդամը կարող է այս կամ այն քաղաքական ուժի համակիրը լինել, բայց դա, բնականաբար, չի խանգարում այդ ընտանիքի ներքին համերաշխությանը: Մեր ընկերություն էլ մի ընտանիք է, ուր հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ, կա մեկմեկու հանդեպ հանդուրժողական վերաբերմունք, և իհարկե, հարգանք դիմացինի կարծիքի՝ նրա հասարակական ու քաղաքական հայացքների հանդեպ: Մեր աշխատակիցներն ազատամիտ մարդիկ են, որևէ ցուցում, հորդոր այս կամ այն կողմնորոշումն ունենալու հարցում մեզ մոտ երբեք չի եղել ու չի լինի: Ես կուզենամ, որ մեր ընկերությունում առկա փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության այս մթնոլորտը տարածվի նաև այլ ընկերությունների վրա: Քանի որ միայն նման գիտակցումով մենք կարող ենք հաջողության հասնել, հակառակ դեպքում, մշտապես կլինեն անիմաստ ու անպտուղ վեճեր:

Այնպես որ, ես հարգում եմ Դավիթի քաղաքացիական դիրքորոշումը ու կարծում եմ, որ այդ հարգանքը փոխադարձ է: Համոզված եմ, որ Դավիթը կարող է օգտակար լինել ապագա ավագանիում, հետևաբար, ես նրան հաջողություն եմ մաղթում և ուզում եմ, որ անպայման ընտրվի ավագանու անդամ, որովհետև նման երիտասարդների ներկայությունը ավագանիում շատ պետք է:
-Հաճախ ասվում է, թե լավ քաղաքապետը պետք է լինի արդյունավետ մենեջեր՝ կազմակերպիչ: Բայց միայն դա բավարա՞ր է լավ քաղաքապետ լինելու համար:
– Այս տարիներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցույց է տվել, որ ինքը ոչ միայն արդյունավետ կառավարիչ է, այլև շատերի կողմից ընդունելի կերպար, մարդկանց հետ շփվելու շնորհք ունեցող անձ:  Անկեղծ ասած, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը չլիներ իր թիմի կողմից ընդունելի և դրական կերպար, ես երբեք չէի համաձայնվի երկրորդ անգամ դառնալ ավագանու անդամ: Շատ կարևոր մի հանգամանք ևս կա, դա թիմային աշխատանքի կազմակերպումն է: Շնորհիվ մեր քաղաքապետի ավագանում ստեղծել է թիմային աշխատանքի մթնոլորտ: Բացի այդ, նա ունի մարդուն լսելու կարողություն: Մեր մասնավոր զրույցների ժամանակ միշտ չէ, որ ես հաճելի խոսքեր եմ ասել, այսինքն, նաև խոսել եմ քաղաքային թերություններից, և Տարոն Մարգարյանը մշտապես հանգիստ լսել է ու լսելով հանդերձ ընդունել ողջամիտ առաջարկը: Սա ինձ համար շատ կարևոր է: Հետևաբար, լավ քաղաքապետ լինելու համար անձը պետք է իր մեջ կրի այս բոլոր հատկանիշները:

Տարոն Մարգարյանն ու իր թիմն այսօր ունեն կիսատ թողած շատ գործեր, և եթե նրանք այս ընտրություններում ստանան երևանցու քվեն, ապա դրանով հնարավորություն կունենան ավարտին հասցնելու ի նպաստ մեր քաղաքի ու երևանցիների արվող գործերը:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն