Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Անձամբ ես որպես ավագանու անդամ երբեք կաշկանդված չեմ եղել և ասել եմ այն, ինչ մտածել եմ

Ապրիլ 15, 2017թ. 20:11
Սմբատ Լպուտյան +

Երևանի քաղաքապետը պետք է լինի իր երկիրն ու քաղաքը սիրող ու իր գործին անմնացորդ նվիրյալ մարդ
Հարցազրույց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի Ակադեմիայի տնօրեն, Երևանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻ հետ
– Խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ համամասնական ցուցակը ներկայացնելիս նշվեց, որ նրանում ընդգրկվել են նոր շունչ, նոր մտածողություն բերող մարդիկ, իսկ ինչպե՞ս կբնութագրեք Երևանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակը:
-Նախ Երևանի ավագանում պետք է ընդգրկված լինեն մարդիկ, որոնք իրենց տեսակով, ապրած կյանքով, իմացությամբ, մասնագիտությամբ կարող են օգտակար լինել Երևանին ու երևանցուն: Ավագանու կազմում պետք է լինեն մշակույթի, կրթության, գիտության և տարբեր ոլորտներ ներկայացնող գիտակ, բանիմաց մարդիկ, որոնք կկարողանան հստակ մատնանշել տվյալ ոլորտի զարգացման ընթացքը: Եթե ավագանին չունենա անցյալի մեծ փորձ, չունենա անհրաժեշտ իմացություն, գիտելիքներ, ապա նա չի կարողանա հանձնաժողովներում շատ ավելի օգտակար լինել: Երբ կարդացի Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակը, այնտեղ տեսա մշակութի և տարբեր ոլորտներ ներկայացնող փորձառու մարդկանց անուններ, նման մարդիկ, իրոք, կարող են շատ օգտակար լինել քաղաքապետարանին՝ իրենց մտքերով, ծրագրերով: Այս գործում շատ կարևոր է մարդու ազատ մտածողությունը, որպեսզի նա կաշկանդված չլինի որևէ կուսակցական պատկանելությամբ, և ես ուրախ եմ, որ ՀՀԿ ցուցակում քիչ թիվ չեն կազմում անկուսակցականները, օրինակ, առաջին տասնյակի 6 հոգին անկուսակցականներ են, մարդիկ են, որոնք իրենց աշխատանքով արժանացել են հասարակության հարգանքին, մեծ ներդրում ունեն մեր քաղաքի մշակութային կյանքում և այսօր էլ պատրաստակամ են ծառայել քաղաքին:
-Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հրաժարվեց այս անգամ ՀՀԿ ավագանու անդամ լինել և իր քայլը պատճառաբանել այսպես՝ ՙՙԱվելին էի ակնկալում, բայց դա հնարավոր չեղավ անել: Դա ինձ համար զուտ ժամանակի վատնում էր՚՚: Նրա քայլը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, թե ՀՀԿ-ի ցուցակում լինելն է Թոխատյանին կաշկանդել, չի կարողացել ազատորեն խոսել, քննադատել:
-Անձամբ ես որպես ավագանու անդամ երբեք կաշկանդված չեմ եղել և ասել եմ այն, ինչ մտածել եմ: Սակայն Հրանտ Թոխատյանի հետ համամիտ եմ հետևյալ առումով. բանն այն է, որ մարդը չի կարող իր ամբողջ ժամանակը այս գործին տրամադրել ու ակտիվ աշխատել: Պատճառը ավագանու կառուցվածքն է, գիտեք, որ այն հասարակական հիմունքով արվող աշխատանք է: Ավագանիների գերակշիռ մասը ծանրաբեռնված աշխատում է տարբեր ոլորտներում, բայց ավանագու շրջանակներում ակտիվ աշխատանք ծավալելու, հարցեր լուծելու համար նա պետք է իր ամբողջ ժամանակը դրան տրամադրի, ինչը հնարավոր չէ: Կան, իհարկե, պրպտող և ժամակակ ունեցող ակտիվ ավագանիներ, որոնք կարողանում են առավել օգտակար լինել այս գործում: Բայց ավագանիների մեծ մասը հիմնականում կարողանում է մասնակցել միայն հանձնաժողովների քննարկումներին, դրանից դուրս որոշակի հարցերում օգտակար լինել:
-Հաճախ է հնչում հետևյալ կարծիքը, որ ավագանու աշխատանքը պետք է լինի ոչ թե հասարակական հիմունքով, այլ վճարովի, նաև վկայակոչվում է տարբեր երկրների փորձը, ՀՀԿ-ն նպատակ չունի՞ համակարգում փոփոխություն կատարել:
-Ես նման փոփոխության կողմնակից եմ: Հասարակությունն ընտրում է քաղաքի ավագանի և վերջինս պետք է կարողանա իր ողջ ժամանակը հատկացնել հասարակության առաջարկները, պահանջները կատարելու համար, պետք է աշխատի այնպես, ինչպես աշխատում են ԱԺ պատգամավորները: Ասել է, թե ավագանին պետք է աշխատի վճարովի հիմունքով և լինի պորֆեսիոնալ: Այսօր ավագանու կազմում կան հայտնի, ճանաչված մարդիկ, որոնք շատ սուղ ժամանակ ունեն, չնայած ի պատիվ իրենց կարողանում են հասցնել ու օգտակար գործեր անել: Բայց դա բոլորին չի հաջողվում: Մնացած ամբողջ ահռելի աշխատանքը կատարում է քաղաքապետարանն իր բոլոր վարչություններով: Ես առիթ եմ ունեցել լինել Թեհրանում, ու ինձ գրավեց ավագանու պարսկական մոդելը: Թեհրանը, որը 13 միլիոն բանկչություն ունեցող քաղաք է, ընդամենը 32 ավագանի ունի, մինչդեռ Երևանի ավագանու անդամների թիվը 65 է: Սա բավականին ուռճացված թիվ է, մեզ երկու տասնյակն էլ լիովին կբավարարի:
Ավագանու կառուցվածքում փոփոխություն մտցնելու ու ավագանու աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու հարցով վերջերս խոսել եմ Տարոն Մարգարյանի հետ: Այսօր հանձին Տարոն Մարգարյանի մենք ունենք աշխատասեր քաղաքապետ, նա օր ու գիշեր աշխատող տեսակ է, ամեն ինչ անում է, որ քաղաքի համար մի լավ գործ արվի, քաղաքապետարանում կան բավականին առողջ ուժեր և ավագանու ոչ հաջող կառուցվածքի հետևանքները մարդկանց տեսանելի չեն լինում: Մինչդեռ Թեհրանում քաղաքի հետ կապված ծրագրերի մշակման ամբողջ ծանրությունը ընկած է հենց ավագանու ուսերին, իսկ քաղաքապետարանը կատարողի դերում է: Նրանց մոտ համակարգը հստակ աշխատում է, իսկ մեզ մոտ, եթե քաղաքապետի պաշտոնին չլինի Մարգարյանի նման աշխատասեր անձ, ապա հնարավոր է լուրջ խնդիրների առաջ կանգնենք: Ես կուզենայի, որ անկախ քաղաքապետի անձից նախ մեր համակարգը լիարժեք գործեր: Քաղաքն ամենօրյա աշխատանք է պահանջում, ավագանու աշխատանքն էլ պետք է լինի ամենօրյա, քրտնաջան, զորուգիշեր կատարվող: Հազարավոր հարցեր են բարձրացվում, որոնք ամենօրյա լուծում են պահանջում:
-Կա կարծիք, որ ընդգրկվելով ավագանու կազմում մարդիկ շատ ավելի անձնական հարցեր են լուծում, քան քաղաքի ու երևանցիների, նաև սրանով է բացատրվում քաղաքական ուժերի ակտիվությունը՝ ավագանում իրենց ներկայությունն ունենալու համար:
-Իմ համոզմունքն այլ է՝ ավագանու կազմում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են, ի վիճակի են ինչ-որ կերպ օգտակար լինել քաղաքին: Գուցե կան նաև նման ավագանիներ, որոնք գալիս են անձնակա հաշվարկներով, գալիս են սեփական հարցերը լուծելու համար, չեմ բացառում, կարող են նաև նման մարդիկ լինել: Բայց դա այլ երևույթ է:

– Դուք անցած 4 տարում եղել ենք ավագանու անդամ, ի՞նչ է հաջողվել անել այդ տարիներին, ձեզ համար է՞լ ավագանի լինելը եղավ ժամանակի վատնում:

-Ոչ, իհարկե, ինձ համար ժամանակի վատնում չի եղել, կարողացա օգտակար լինել երևանցիներին, որովհետև քաղաքապետարանի հետ միասին իրականցրեցինք մի ծրագիր որով բոլոր համանքներում կառուցվեցին շախմատի դպրոցներ, դրանք թվով 11-ն են, ուր հաճախում են 1500-ից ավելի երեխաներ, ուսումն անվճար է: Երևանը թերևս աշխարհի միակ քաղաքն է, որն ունի այսքան շատ շախմատի դպրոցներ: Երևանը շախմատի քաղաք է, և դա ինձ շատ է ուրախացնում: Բացի այդ, ինձ հետաքրքրում է նաև մեր կրթական համակարգին առնչվող հարցերը, կարողացել եմ համադրել քաղաքապետարանի, ԿԳ նախարարության, Ազգային ինստիտուտի, տարբեր բուհ-ի ջանքերն ու կոնկերտ հարցերի շուրջ լուծումներ գտնել: Առհասարակ, ես փորձում եմ իմ հնարավորությունները, կապերն օգտագործել մեր քաղաքին օգտակար լինելու համար և դա մեծ սիրով եմ անում: Եթե այս անգամ ևս ընտրվեմ ավագանի, ապա կուզենամ աշխատել մեր քաղաքի սպորտային կյանքն առավել բարելավելու ուղղությամբ: Մասնավորաբար, կուզենայի ստեղծել բոլոր սպորտաձևերի երևանյան ֆեդերացիաներ, որոնցից ամեն մեկը կունենա իր ծրագիրը. Երևանը դարձնենք նաև սպորտային քաղաք: Եվ իհարկե, կփորձեն շարունակել օգտակար լինել նաև կրթական այլ ծրագերի իրականացման հարցում:
Երևանը մեր պետության մշակույթի հենասյունն է, մեր ճարտարապետական դիմագիծը պահողը, ազգային ավանդույթների խաթարման դեմ պայքարողը, նաև լեզվի անաղարտությահ պահպանման հարցում իր խոսքն ասողը: Կնշանակի Երևանի քաղաքապետն էլ այս ամենի կրողն ու ջերմեռանդ պաշտպանը պետք է լինի: Քաղաքապետ ընտրելիս մենք այս տեսակը կարևորո՞ւմ ենք:
-Ձեր թվարկածներին ես նաև կավելացնեմ՝ քաղաքապետը նախ պետք է լինի լավ կազմակերպիչ, կարողանա ճիշտ ուղղորդել, որպեսզի աշխատանքները լինեն արդյունավետ: Քաղաքապետի աշխատանքը հսկայածավալ է, քչերը կարող է նման աշխատանք կատարել, դրա համար քաղաքապետի պաշտոնին պետք է հավակնի մարդ, որն ունի մեծ փորձ, տարբեր ոլորտների մասին ունի գոնե որոշակի պատկերացում: Իսկ ամենակարևորը՝ Երևանի քաղաքապետը պետք է լինի մարդասեր, լինի իր երկիրն ու իր քաղաքը սիրող անձ, իր գործին անմնացորդ նվիրյալ և մտածի, որ ընտրվել է ծառայելու համար: Եթե քաղաքապետն այս բոլոր գծերն ունենա, ապա կկարողանա իր շուրջը հավաքել մարդկանց, որոնք կլինեն ձեր նշած արժեքները կրողներ ու պահանջկոտ դրանց պահպանման հարցում:
Հասարակությունը կարող է այս տարիներին ինչ-որ հարցերում նաև դժգոհ լինել, հնարավոր չէ բոլորի ցանկությունները բավարարել, բայց մեր քաղաքը տեսանելիորեն փոխվել է դեպի լավը: Երբ ես Եվրոպայից հյուրեր եմ ունենում հպարտանում եմ, երբ լսում եմ նրանց հիացմունք արտահայտող խոսքը՝ գիտեք, դուք շատ գեղեցիկ քաղաք ունեք:
-Իսկ երևանցին շարունակում է դժգոհել ամեն գարնան հետ կատարվող ասֆալտապատումից, դժգոհ է խցանումներից, քաղաքի թերի մաքրությունից, շեմքերի վրա հարկեր ավելացնելուց, բակերն ու խաղահրապարակները ավտոտնակներով ծածկելուց և այլն:
-Սկսեմ ավտոտնակներից. 2013-ի քարոզարաշավի ժամանակ Մարգարյանին դիմում էին բնակիչներ ու ասում՝ ձեզ կընտրենք, եթե մեր ավտոտնակները պահպանեք: Բայց Մարգարյանը բոլորին ասում էր՝ դա հնարավոր չէ, մենք չենք կարող մեր երեխաների խաղահրապարակներն անվտոտնակների վերածել: Շնորհիվ Մարգարյանի նման մոտեցման ստեղծվեցին փոքրիկ, գեղեցիկ այգիներ: Ասֆալտապատման հետ կապված այսօր ավելի լավ վիճակ եմ տեսնում, քան առաջներում էր: Ինչ վերաբերում է մաքրությանը, ինքներս ոչինչ չենք անում, բայց սիրում ենք միայն դժգոհել: Եթե ինքներս մաքրասեր չենք, ապա չենք կարող մեր քաղաքը մաքուր պահել: Երևանը բոլորիս հոգածության կարիքն ունի, մաքրությունը միայն քաղաքապետարանի խնդիրը չէ, դժգոհելու փոխարեն պետք է կեղտոտողի ձեռքը բռնել, Երևանը մաքուր կլինի, եթե բոլորս ձգտենք լինել մաքրասեր: Խցանումների առնչությամբ ասեմ, որ Երևան կառուցվել է ոչ մեկ միլիոնանոց բնակչի համար, բայց այսօր մեր քաղաքը մեկ միլոնանոց է, շատացել է ավտոմեքենաների քանակը, այս ամենը հարկ է հաշվի առնել: Չնայած դրան քաղաքապետարանը գնաց նոր ճանապարհներ կառուցելու ուղով: Երբ Մարգարյանը ձեռնամուխ եղավ այդ գործին շատերը համարեցին, որ դա հնարավոր չէ, մինչդեռ նա կարողացավ հասնել իր ծրագրի իրականցմանը:
Այնպես որ, եթե մեր քաղաքացին ուզում է ազնիվ ընտրություն կատարել, ուրեմն պետք է փորձի իրոք տեղեկանալ, թե այս 4 տարիներին ի՞նչ աշխատանք է արվել ու հանգի ճիշտ հետևության: Դժգոհելուց առաջ ամեն մեկը թող մտածի որքանո՞վ է ինքը սրտացավ մեր քաղաքի հանդեպ, ի՞նչ օգտակար գործ է արել, չէ՞ որ Երևանը բոլորինս է, քաղաքապետարանինը չէ: Եթե ազնիվ ենք և ուզում ենք իրականում լավ բան անել, ուրեմն, ազնվորեն էլ կտեսնեք արված լավը, իսկ վատը միասնական ուժերով կփորձենք փոխել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն