Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Մենք չենք գնում երկրորդ տեղ զբաղեցնելու, մենք գնում ենք հաղթելու

Ապրիլ 13, 2017թ. 16:54
Էդմոն Մարուքյան

Հարցազրույց ՙՙԵլք՚՚ դաշինքի նախընտրական շտաբի պետ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ
Տարբեր ժամանակներում քաղաքապետի ընտրություններին մասնակից ուժերը հայտարարել են՝ գալիս ենք, որ Երևանի համար շատ ՙբաներ՚ անենք: Դո՞ւք ինչեր եք խոստանում երևանցիներին, ի՞նչ նոր ասելիքով եք գալիս:
-ՙԵլք՚՚ դաշինքը ստեղծվել է երկրում փոփոխություններ իրականացնելու հստակ նպատակով, իսկ դաշինքի փոփոխությունների օրակարգն ամենևին չի սահմանափակվում խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ: Երևանի քաղաքապետի ընտրությունները համապետական ընտրություններից հետո երկրորդ կարևորն են մեր երկրում, դրա համար մենք որոշեցինք մասնակցել ու շատ լրջորեն պատրաստվում ենք դրան:
Ինչ վերաբերում է, թե մեր գալով ի՞նչ ենք բերում Երևանին ու ի՞նչ նոր ասելիքով ենք ներկայանալու երևանցուն, մենք արդեն ձևավորել ենք աշխատանքային խումբ, որն այս պահին աշխատում է դաշինքի ծրագրի վրա, կան փորձագետներ, որոնք քաջատեղյակ են Երևանի խնդիներին և զբաղված են ծրագիրը պատրաստելով: Այնպես որ, այն պատրաստ լինելուն պես կծանոթանաք մեր նոր ասելիքին: Ինչպես ասացի, հիմքում ՙԵլք՚-ի փոփոխությունների օրակարգն է, մեր ծրագրի բերած փոփոխություններով Երևան քաղաքը կլինի միանշանակորեն ավելի զարգացած՝ եվրոպական քաղաքների տեսքով, իր բոլոր ծառայություններով, ուր ամեն ինչ կարվի մարդու համար: Ավելին, կա նաև Երևանի բեռնթափման խնդիրը, մեր ծրագրում այս հարցն իր կարևոր տեղը կունենա: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Երևանը չլինի մյուս քաղաքներից ու մարզերից կտրված մայրաքաղաք:
Բոլոր առումներով մեր ծրագիրը պարունակում է նորարական մոտեցումներ: Քանի որ ծրագիրը դեռ մշակման փուլում է ես ուղղակի, ընդհանուր գծերով, իմ պատկերացումները ներկայացրի, բայց երբ կլինի պատրաստ, կհամոզվեք, որ իրոք ՙԵլք՚՚-ը գալիս է նոր խոսքով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս տարիներին կարողացել է մեր քաղաքում փոփոխություններ անել ու շահել երևանցու վստահությունը. ուզեք, թե չուզեք, երևանացիները դժգոհ չեն նրա աշխատանքից, ծաղկառատ ու մաքուր մեր քաղաքը նաև օտարների աչքն է շոյում: Դժվար չի՞ լինի ՙԵլք՚-ի համար պայքարել բարձր վարկանիշ ունեցող քաղաքապետի թեկնածուի դեմ:
-Երևան քաղաքն ընդդիմադիր քաղաք է, քաղաքապետի ընտրությունն էլ քաղաքական է, քաղաքապետի խնդիրն էլ քաղաքը միայն ծաղկառատ, մաքուր պահելը չէ, մենք թույլ չենք տա, որ այս քաղաքական ընտրությունն իջեցվի և հասցվի համատիրության մակարդակի: Այսինքն՝ մենք հանդես ենք գալու քաղաքական ուղերձներով, մյուս կողմից, մարտահրավերներ ենք նետելու այս տարիներին իրականացվող Երևանի կառավարման դեմ և ցույց ենք տալու, թե ի՞նչ է թաքնված այդ լավ խոսքերի տակ: Իրականում ոչ մի լավ կառավարում էլ տեղի չի ունեցել, եղել է ռեսուրսների վատնում, շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, հովանավորչություն կա: ՙՙԵլք՚՚ դաշինքն իր թիմով գալիս է այդ ամենը բացառելու, գալիս է նոր սերնդափոխություն իրականացնելու նաև այս դաշտում:
-Ինչո՞վ եք համոզված, որ կշահեք երևանցու քվեն. խորհրդարանական ընտրություններում ձեռք բերած հաջողությունն է՞ ձեզ նման վստահություն ներշնչում:
-ՙՙԵլք՚՚-ը մասնակցում է այս ընտրություններին հաղթանակի համոզմունքով, մենք չենք գնում երկրորդ տեղ զբաղեցնելու համար, մենք գնում ենք հաղթելու. սա մեր թիմի միակամ մոտեցումն է: Իսկ հաղթանակի հարցում մեր համոզվածությունը ծնվում է քաղաքացիների հետ ունեցած մեր ուղիղ շփումներից: Երևանի ընտրողը հիմնականում ընտրակաշառք վերցնող չէ, հետևաբար, Երևանում չի գործելու հայտնի ընտրակաշառքների համակարգը: Ահա թե ինչու համոզված ենք, որ Երևանում հաթելու ենք:
-Երբ ասում եք՝ գնում եք միայն հաղթելու, սա նշանակում է, որ ձեր միակ նպատակը ՙԵլք-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելն է՞: Այսինքն, չե՞ք բավարարվի ավագանիում, ասենք՝ 10-15 մանդատ ունենալով:
-Մենք գնում ենք ընտրության հետևյալ համոզմունքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի Երևան քաղաքի քաղաքապետ: Մենք հո չե՞նք մասնակցում ընդամենը մասնակցելու համար: Ի՞նչ է նշանակում ունենալ ավագանու 15 մանդատ, դա մենք այսպես, թե այնպես կարող ենք ունենալ: Բայց հիմա մենք ավելի լուրջ քաղաքական պայքարի ենք պատրաստվում: Այո, ՙԵլք՚-ի թեկնածուն պետք է հաղթի ու լինի քաղաքապետ:
-Իսկ եթե չհաղթի՝ ավագանու մանդատները վայր կդնե՞ք:
-Մենք բոյկոտող ուժ չենք, մենք հարգում ենք քաղաքացու քվեն: Այդ դեպքը հիմա ես չեմ էլ ուզում քննարկել, կավարտվեն ընտրությունները, որից հետո իրավիճակը կքննարկենք ու համապատասխան եզրահանգման կգանք:
-Որոշ ընդդիմադիր ուժեր քաղաքապետի ընտրություններին իրենց չմասնակցությունը պայմանավորեցին նաև փողի պակասով: Իսկ ՙՙԵլք՚՚-ը փող ունի՞:
-Ես չեմ կարծում, որ նրանց չմասնակցության պատճառը փողն է, իրականում կան այլ պատճառներ, ինքս ոչինչ չեմ ասի, թող դրա մասին իրենք խոսեն: Իսկ մենք մտածեցինք, որ այս կարևոր ընտրություններին չմասնակցելու իրավունք չունենք: Չմասնակցել նշանակում է ընդհանրապես քաղաքական գործընթացներից դուրս մղվել և բավարարվել եղածով՝ այն, ինչ կա: Իսկ մենք եղածով չենք բավարարվելու և փոփոխություններ ենք բերելու Հայաստան: Ինչ վերաբերում է ՙԵլք՚-ի ֆինանսական կարողություններին ու հնարավորություններին, գիտեք, որ այն ձևավորվում է մեր քաղաքացիների հանգանակություններով: Այս քարոզարշավը մենք ևս կմեկնարկենք դրամահայթայթման միջոցառումով: Եվ ինչպես թափանցիկ աշխատեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ կտեսնեք, թե ի՞նչ հանգանակություններ են եղել, որքա՞ն փող ենք հավաքել ու ի՞նչ ծախսեր ենք արել:
-Աժ ընտրությունների ժամանակ ՙՙԵլք՚՚-ը հետաքրքիր տեխնոլոգիա կիրառեց, ձեր՝ ՙՙԵլք կա՚՚-ն դարձավ հայտնի կարգախոս, պակաս հետաքրքիր չէր Նիկոլ Փաշինյանի բակից բակ, կտուրից կտուր անցումները. հիմա՞ ինչ նոր ՙՙսյուրպրիզների՚՚ ականատես կլինի երևանցին:
-Մի բան կարող եմ ասել, որ նոր մոտեցումներկլինեն ու անպայման կտեսնեք նորարարություններ նաև քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին: Ես հիմա շատ բան չեմ ուզում ասել, շատ փակագծեր չեմ ուզում բացել, որովհետև քարոզարշավի անցկացման հետ կապված քննարկումները դեռ ընթացքի մեջ են: Բայց տարբեր, շատ տարբեր բաներ կտեսնեք: Մենք պատրաստվում ենք իրականացնել հետաքրքիր տարրերով հագեցած քարոզարշավ:
-Ասվում է՝ քաղաքապետ աշխատելը շատ ծանր գործ է, ոչ միայն քուն ու դադար կորցրած պետք է կարողանաս աշխատել, այլև մեծ ունակություններ պետք է ունենաս փող բերելու, դուք ունե՞ք նման կապեր, նման հնարավորություններ:
-Հայկական սփյուռքը պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել, պատրաստ է աջակցել, եթե Հայաստանում փոփոխություններ տեղի ունենան: Սփյուռքի մեր հայրենակիցները և՜ անձամբ ինձ հետ, և՜ իմ գործընկերների հետ անմիջական շփումների ժամանակ միշտ էլ այդ մասին ասել են՝ փոփոխությունների դեպքում անպայման ներդրումներ կանեն: Եվ ես վստահ եմ, որ ՙԵլք՚ դաշինքի իշխանության գալու պարագայում, թեկուզ տեղական մակարդակով՝ Երևանում իշխանություն լինելու դեպքում, այդ ներդրումները կլինեն: Ասեմ ավելին, ՀՀԿ-ի քաղաքապետի ղեկավարության տարիներին ես չեմ տեսել նման ներդրումներ, փոխարենը, տեսել եմ բյուջետային միջոցների փոշիացում:
-Ընտրություններին մասնակից երկու ընդդիմադիր երկու ուժերը՝ ՙԵլք՚-ն ու ՙԵրկիր Ծիրանի՚-ն չկարողացան միավորել սեփական ուժերը, չկարողացաք միասնաբար հանդես գալ, Փոստանջյանը մերժեց համագործակցության ձեր բոլոր առաջարկները: Այնուհանդերձ, ինչ-որ պահի կարո՞ղ է համագործակցեք:
-Իհարկե, համագոծակցության առումով որևէ խնդիր չկա: Զարուհի Փոստանջյանի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք, մեր թիրախը Հանրապետական կուսակցություն է ու Տարոն Մարգարյանը: ՙԵրկիր Ծիրանի՚-ի հետ այս փուլում՝ կարող է լինել համագործակցություն մեր քվեները պահելու հարցում, հաջորդ փուլում, այսինքն՝ ընտրություններից հետո կարող ենք համագործակցել ավագանու կազմում, կարող ենք կոալիցիա կազմել, իշխանությունը վերցնել: Մի խոսքով՝ համագործակցության հազար ու մի ձև կա, ընտությունների ավարտից հետո այդ բոլոր տարբերակները կքննակենք:
Ա ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն