Գլխավոր » NKR, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին ամենևին պետք չէ ուշադրություն դարձնել

Ապրիլ 11, 2017թ. 16:54
Վահրամ Աթանեսյան

Հարցազրույց քաղաքագետ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու նպատակով Արցախ այցելած տարբեր երկրների պատգամավորական խմբեր այսօր իրենց բողոքն են արտահայտում ադրբեջանական սև ցուցակի դեմ ու արձանագրում ՝ Արցախի հանրաքվեն անցել է բաց, թափանցիկ, և Արցախի ու Ադրբեջանի բնակիչները լավ հարևաններ դառնալուց բացի այլընտրանք չունեն: Սա որոշ վերլուծաբանների թույլ է տալիս եզրահանգել, թե Արցախի շուրջ դրական զարգացումներ են նկատվում: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Իհարկե, գնահատելի են Սահմանադրական հանրաքվեի մասնակցության նպատակով Արցախի Հանրապետություն այցելած տարբեր պատգամավորական խմբերի դրական արձագանքները, ինչպես նաև տարբեր քաղաքական գործիչի հայտարություններն այն մասին, գնահատելի է, որ ադրբեջանական սև ցուցակն իրենց չի կարող հետ պահել կրկին Արցախ այցելելուց: Սակայն ես չեմ կարող լինել լավատես, որովհետև անկախ այդ ամենից, մենք գործ ունենք մի իրականության հետ, որն այնքան էլ վարդագույն չէ: Աշխարհում ամենուր պատրազմ է, իսկ երբ չկա կայունություն, չկա գոնե փոխընբռնում, բնականաբար, պետություններն ու ժողովուրդները կանգնում են բավականին բարդ իրավիճակների առաջ: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Ուկրաինայում, կամ հետխորհրդային տարածաշրջանում: Այս ամենով հանդերձ ենթադրել, որ առանձին վերցրած Արցախյան խնդրում կլինի կամ կա դրական լուծումների հնարավորություն՝ այդպես չէ: Ու ես այդքան լավատես չեմ:
Եվ այս լարվածության ֆոնին Լևոն Տեր-Պետրոսյանը չի դադարում իր թեզերը առաջ տանել, նախօրեին վերստին կրկնել էր՝ ՙՙխնդրի ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետեւ չի լինելու։ Այլ բան ակնկալելը սին պատրանք է եւ մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ՚՚։
-Ցավալի է, որ առաջին նախագահն այսօր նորից փորձում է որպես կարգավորման ամենաօպտիմալ տարբերակ ներկայացնել որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելը: Բայց նրա հայտարարություններին ամենևին պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ խնդիրը լուծողը Լևոն Տեր-Պետրոսյանը չէ: Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցեց մեկ միլիոնից ավելի մարդ, մինչդեռ Տեր-Պետրոսյանի կուսակցությունը ստացավ ընդամենը 26 000 քվե: Այսինքն, նրան պատասխանը տվեց ժողովուրդը՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկությամբ. 700 000 մարդ չընդունեց Տեր-Պետրոսյանի քարոզը, նրա ծրագիրը չարժանացավ համաժողովրդական աջակցության: Մնացածը ՙգոլորշի բաց թողնելու՚ նման է: Ընտրություններում տպավորիչ հաղթանակ արձանագրեց Հանրապետական կուսակցությունը, այս ուժն ունի մեծամասնություն խորհրդարանում, ասել է թե երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը վարում է հենց հաղթանակած Հանրապետականը: Իսկ Տեր-Պետրոսյանը քաղաքականություն որոշող չէ, նա դա արեց 1991- 97թթ. ու ավարտեց իր միսիան: Այսօր, եթե նա վերստին փորձում է իր գաղափարը ինչ-որ մի լրատվամիջոցով տարածել, դա դեռ ոչինչ չի նշանակում և ես այդտեղ ոչ մի անհանգստանալու առիթ ես չեմ տեսնում, եթե, իհարկե, Երևանում ևս դրանից չունեն անհանգստություն:
ԱՊՀ շրջանակներում հետխորհրդային տարածքի հակամարտությունները լուծելու անհրաժեշտության մասին է խոսել նաև Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն՝ մերձդնեստրյան ու Դոնբասի խնդրի հետ մեկտեղ անդրադառանալով Ղարաբաղյան հիմնահարցին, ասել է՝ ՙՊետք է լուծել այդ հարցերը, որոնք ԱՊՀ մակերեսին են, նոր դրանից հետո ապագային նայել, բայց չենք լուծում, որովհետեւ տարբեր շահեր կան՚։ Հիմա՞ ինչ նպատակներ է հետապնդում նա:
-Լուկաշենկոյի մասին խոսելիս ստիպված եմ ոչ դիվանագիտական արտահայտություն ինձ թույլ տալ. Լուկաշենկոյի կարծիքը ինձ համար բացարձակ ոչ մի նշանակություն չունի: Խորհուրդ կտամ, որ Հայաստանում էլ ոչ ոք նրա խոսքերին ուշադրություն չդարձնի, որովհետև նա այսօր ոչ միայն միջազգային քաղաքականության մեջ, այլև հետխորհրդային տարածքում, նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերություններումոչինչ չի նշանակում: Իրականում Բելառուս որպես առանձին պետություն գոյություն չունի, կա միայն Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն, ուր բոլոր հարցերը որոշում է Ռուսաստանը: Իմ տպավորությամբ, այն, ինչ Պուտինը չի ցանկանում ասել, իր փոխարեն ասում է Լուկաշենկոն: Նույն կերպ ՌԴ նախագահը որոշ բաներ ասում է նաև Ժիրինովսկու բերանով: Դրա համար եմ ասում, որ Բելառուսի նախագահ գոյություն չունի, կա մի անձ, որը երբեմն-երբեմն ստանձնում է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումներին, ապա այստեղ ամեն ինչ այլ է, Ռուսաստանի գլուխն այսօր խառն է Մերձավոր Արևելքում, այժմ լուծվում է նրա այնտեղ մնալ-չմնալու հարցը: Ու եթե Սիրիայի հետ կապված ինչ-որ համաձայնության հանգեն ԱՄՆ-ն ու ՌԴ-ն այդ ժամանակ արդեն ինչ-որ ընթացք կարող է նկատվել Ղարաբաղյան հարցում: Այս պահին, մանավանդ ԱՄՆ կողմից վերջին ռազմական գործողությունից, հետո ամեն ինչ իրար է խառնվել:
Չկա՞ մտավախություն, որ օգտվելով այս խառն իրավիճակից Ադրբեջանը կարող է Արցախի դեմ ձեռնարկել լայնամասշտաբ պատերազմական գործողություններ:
-Այս պահին պատերազմը Մերձավոր Արևելքում է, մենք թիկունքում ենք: Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինպե՞ս կորոշի Ռուսաստանը: Այսինքն՝ եթե հանկարծ պատերազմ բռնկվի դա կարող է լինել միմիայն Ռուսաստանի ցանկությամբ: Ամեն ինչ կախված է սիրիական իրավիճակից, դրանով պայմավորված մեզ մոտ էլ կլինեն որոշակի զարգացումներ: Իսկ մինչ այդ ԼՂ խնդիրը գլոբալ կամ որոշիչ հարց չէ արտաքն խաղացողների համար: Ինչպես լուծվեցին գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրները, ըստ այդմ էլ արցախյան խնդիրը կա՜մ կլինի սառեցված, կա՜մ կվերաճի բորբոքված հակամարտության:
Վերջին շրջանում հաճախ է խոսվում, թե միջազգային հանրության կողմից կա ճնշում Ղարաբաղի հարցում՝ արագ առաջընթաց արձանագրելու համար: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:

-Ճնշում ամեն օր էլ կա, դա և՜ քաղաքական ճնշում է, և՜ տնտեսական ու դեմոգրաֆիկ ճնշումը: Մի՞թե ճնշում չէ, երբ հարևան Վրաստանում կատարում են 1 մլրդ 630 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում, իսկ Հայաստանում՝ 135 մլն: Ճնշում չէ՞ Ռուսաստանի կողմից արտագաղթի խթանումը, երբ ասում է՝ ձեզ տալիս եմ Ռուսաստանի քաղաքացիություն, կամ ՙԳրիբոյեդով՚ կոչվող ակումբը, որը քարոզում է՝ ռուսահպատակությունն ամենից ճիշտ ճանապարհն է Հայաստանի համար: Ճնշում չէ՞, երբ Արևմուտքն ասում է՝ Ռուսաստանից հրաժարվեք մենք ձեզ ոսկե սարեր ենք խոստանում: Եվ վերջապես, ճնշում չէ՞ Հայաստանի ու Արցախի շրջափակումը, ու այսպես շարունակ: Այնպես որ, ճնշում կա մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, ամենուր, կարևորն այն է, որ ժողովուրդը որոշում ընդունի իր ընթացքի վերաբերյալ, ինչը և մենք կատարել ենք:
-Այս պահին դադարեցված են բանակցությունները, Երևանը հայտարարում է՝ դրական գնահատելով Մինսկի խմբի ջանքերը, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն նախ պետք է կյանքի կոչվեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները: Մինչդեռ Ադրբեջանը այն մերժում է: Նման իրավիճակում ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել:
-Հարցին նախ պատասխանեմ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մի հայտնի արտահայտությամբ ՝ դուք ուշադրություն մի դարձրեք, թե մենք ի՞նչ ենք ասում, դուք ուշադիր եղեք, թե մենք ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում: Իհարկե, Լավրովը սա ասել է ընդհանրապես քաղաքականության վերաբերյալ, բայց ասվածը նաև մենք պետք է նկատի ունենանք:
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա ես չեմ կարծում, որ դրանք փակուղում են ու բանակցություններ առհասարակ չեն ընթանում: Բանակցությունները միայն կողմերի հանդիպում չի նշանակում: Բայց այն, որ կա գործընթաց, այդ մասին են վկայում Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների հայտարարությունները, ՌԴ ԱԳ նախարարի հարցազրուցները՝ տրված հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցներին, ԱՄՆ-ը համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ևսհանդես եկավ հայտարարությամբ: Այս ամենին հետևելիս ամեն ինչ պարզ ու ակնհատ է դառնում, որ կա կարգավորման հայեցակարգ, որը դեռ ուժի մեջ է, գոյություն ունեն առաջարկներ, որոնք ձևավորված են հայտնի մադրիդյան սկզբունքերի հիման վրա ու հիմա կողմերի որոշելիքն է՝ ընդունում ե՞ն, թե՞ չեն ընդունում դրանք:
Նախագահների հանդիպման մասին ենթադրություններ չեմ ուզում անել, բայց ինչպես ասացիք, հայկական կողմի համար հստակ է, նախ պետք է կյանքի կոչվեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները:Իսկ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է դրանք մերժել, առաջընթացի մասին խոսելը վաղ է:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն