Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին՝ խոստանում ենք ուշի-ուշով հետեւել տրված խոստումների իրագործմանը. ՌԱԿ

Ապրիլ 11, 2017թ. 16:47
ՌԱԿ

ՌԱԿ Կենտրոնական վարչության եւ Գերագույն խորհրդի համատեղ հայտարարությունը ՀՀ    խորհրդարանական ընտրությունների մասին

 

Անմիջականորեն հետեւելով ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին¸ ինչպես նաեւ նախորդած եւ հաջորդող իրադարձություններին¸

Ուսումնասիրելով միջազգային¸ տարածաշրջանային¸ սփյուռքյան ու տեղական դիտորդական առաքելությունների եզրակացությունները¸ ինչպես նաեւ հայկական ու միջազգային մամուլի հրապարակումները¸

Միաժամանակ նկատի ունենալով տարածաշրջանում եւ Հայաստանի անմիջական սահմաններին տիրող ռազմաքաղաքական փխրուն ու վտանգավոր իրավիճակի պարտադրանքները¸ որոնք ընդգծում են ներքաղաքական կայունության առաջնահերթ կարեւորությունը եւ պետության անվտանգությունը դասում են գերիվեր ամեն տեսակի նկատառումներից¸

Նաեւ՝ դրական ակնկալությամբ արձանագրելով քարոզարշավի ընթացքում հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչների տված խոստումերը¸

Ռամկավար Ազատական կուսակցությունը տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրեւ ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին։ Հակառակ բուն քվեարկության ընթացքում կիրառված տեխնիկական նորամուծությունների գոհացուցիչ արդյունքներին¸ քարոզարշավի ընթացքում մրցակից կողմերին եւ առհասարակ մամուլին թույլատրված ազատություններին¸ ինչպես նաեւ քվեարկության օրը բռնության ու խարդախության դեպքերի համեմատաբար սակավաթիվ լինելու փաստին¸ դժբախտաբար ընտրական գործընթացը չձերբազատվեց տարբեր մակարդակների վրա բաշխված ընտրակաշառքի¸ պարտադրանքի¸ պետական ծառայողների¸ կրթական համակարգի պատասխանատուների¸ բանակի¸ ներքին անվտանգության ծառայությունների եւ վերջապես՝ պետական վարչամեքենայի զանգվածային օգտագործման հոռի սովորությունից¸ որը մեծապես կանխորոշեց ընտրությունների արդյունքը՝ ապագա խորհրդարանը ձեւավորելով այնպես՝ ինչպես նախագծված էր։

Ավելին՝ ընտրությունների նախածրագրման ընթացքում¸ ելնելով տարբեր պայմանավորվածություններից¸ ձեռքից բաց թողնվեց Սփյուռքի քաղաքական ողջ ներուժը Մայր հայրենիքի քաղաքական կյանքի միջնորդավորված մասնակիցը դարձնելու առիթը¸ նախընտրելով ընդամենը մեկ ուժ։

Համենայնդեպս¸ ելնելով իր հայաստանակենտրոն եւ հայրենանպատակ սկզբունքից¸ գոհունակությամբ արձանագրելով հետընտրական խաղաղ գոյակեցության իրողությունը¸ Ռամկավար Ազատական կուսակցությունը շարունակում է իր այնպայմանադիր նպաստը բերել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների բարօրության¸ հայրենիքի խաղաղ եւ ապահով զարգացման գործին¸ եւ հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին՝ խոստանում է ուշի-ուշով հետեւել տրված խոստումների իրագործմանը։

 

ՌԱԿ  Գերագույն խորհուրդ` Բոստոն    

ՌԱԿ Կենտրոնական վարչություն`  Երեւան

 

 

11 ապրիլ 2017 թ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն