- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Արցախի և Ադրբեջանի բնակիչները լավ հարևաններ դառնալուց բացի այլընտրանք չունեն. բուլղարացի քաղաքագետի բաց նամակը Ադրբեջանի դեսպանին

Բուլղարացի քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Գեորգի Կոլարովը «Свободен Народ» թերթում բաց նամակ է հրապարակել ՝ ուղղված Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովային:

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Ձերդ Գերազանցություն, Ուզում եմ նամակս սկսել այն անակնկալ փաստով, որ բուլղարական ԶԼՄ-­ներին ուղարկված Ձեր բաց նամակի մեջ իմ անունը չի նշվել` Արցախի
Հանրապետության (նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հաջողությամբ ավարտված հանրաքվեի առթիվ: Ենթադրում եմ, որ միակ պատճառը Ձեր ձգտումն էր նսեմացնել այնտեղ գտնվող Բուլղարիայի ներկայացուցչությանը:

Ես «Բուլղարիայի փրկության Ազգային ճակատ» քաղաքական կուսակցության անդամ չեմ: Եվ չնայած մեր` «ՍԿԱՏ» հեռուստատեսության տարբեր հեռուստատեսային ծրագրերին հաճախակիորեն մասնակցելուն՝ Ստեփանակերտում բավականին քիչ ժամանակով ինձ հաջողվեց հանդիպել պարոնայք Վալերի Սիմեոնովի, Վալենտին Կասաբովի, Քրիստիան Միտևի և Պետր Պետրովի հետ, քանի որ աշխատում էինք տարբեր տարածքներում և ծրագրերում:

Մասնավորապես, 20.02.2017թ.­ի հանրաքվեին իմ մասնակցությունը արտահայտվում է Հադրութի և Մարտունու շրջանների ընտրատեղամասերի այցելությամբ: Իսկ հաջորդ օրը` 21.02.2017թ.­ին, այցելեցի Շուշիի շրջան, որտեղ ես պատիվ և հաճույք ունեցա երկար ժամանակ շփվելու հայ մեծ երկրաբան Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի հետ: Նրա հայտնագործությունները տասնամյակներ շարունակ մեծ դեր են խաղում Արցախի
Հանրապետության սոցիալ­տնտեսական կայունությունը պահպանելու, գունավոր մետաղների և այլ օգտակար հանածոների արտահանմանը, որոնք ժամանակին յուրացվում էին Բաքվի իշխանությունների կողմից:

Ամենուր, ուր որ հրավիրված էի քվեարկության ընթացքը դիտարկելու համար, ես նկատեցի արցախյան հայերի համազգային ոգևորությունն ու ավանդական հյուրընկալությունը, որն ինձ շատ անգամներ ուրախացրեց և կուրախացնի նաև ապագայում: Այդ մարդիկ ապրում են իրենց կյանքով և բնավ անհանգստացած չեն իրենց հանրապետության միջազգային ճանաչման բացակայությամբ: Ինչպես մատնանշեցին մի շարք քաղաքական գործիչներ ու դիվանագետներ՝ նույնիսկ Երևանը չի ճանաչում Ստեփանակերտի պետական կարգավիճակը: Պատճառը, սակայն, լայնածավալ ռազմական հակամարտության վերսկսելուց վախը չի, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-­ները (այն իրոք կարող է սկսել ցանկացած պահի):

Տվյալ դեպքում խոսքը գնում է հետևյալի մասին: Հայ հասարակության մեջ (Քարվաճառի` երբեմնի Լաչինի արհեստական սահմանի երկու կողմերում գտնվող երկրների) այս փուլում չկա կոնսենսուս Արցախի Հանրապետության ապագայի վերաբերյալ. արդյոք հնարավոր է երկրորդ հայկական պետության գոյությունը կամ միանալ Հայաստանի Հանրապետությանը: Եթե հասարակական կարծիքը կողմնորոշվում է դեպի երկրորդ տարբերակը, ապա ճանաչումը կստեղծի մի բարդ իրավական վիճակ: Հետևաբար, այն դառնում է ներքին հայկական հարց, որի հետ մենք այլևս գործ չունենք:

Այսպես թե այնպես, Արցախի Հանրապետությունը հանդիսանում է ամբողջական, գործող պետություն, որը չի կարելի նույնացնել Հայաստանի Հանրապետության հետ` գոնե այս փուլում: Ապացույցը հենց այս հանրաքվեի հաջողությունն է, որն ամրապնդում է Ստեփանակերտում նախագահական իշխանությունը՝ Երևանում խորհրդարանական համակարգի անցման ֆոնին: Թե ինչպես կարող են զարգանալ երկու հայկական պետությունների հարաբերությունները՝ մենք ձեզ հետ միասին կարող ենք միայն ենթադրություններ անել:

Մի բան հստակ է. Արցախի և Ադրբեջանի բնակիչները լավ հարևաններ դառնալուց բացի այլընտրանք չունեն: Հակառակ դեպքում, ինչպես ասում է ԱՊՀ պետությունների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, «ադրբեջանցիները պետք է ոչնչացնեն 150 հազար արցախցիներ», որպեսզի վերադառնան այնտեղ:

Ուզում եմ նաև նշել, որ հանրաքվեին ներկա էինք 104 միջազգային դիտորդներ (այդ թվում հինգը` Բուլղարիայի Հանրապետությունից), 103 ներքին դիտորդներ և 80 լրագրողներ: Ինչպես հաղորդում են Երևանի և Ստեփանակերտի լրատվամիջոցները, Բաքվում արդեն հրապարակվել են ձերբակալման միջազգային հրահանգներ նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել «նման պատվի արժանանան»: Այդ առումով ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ կշարունակեմ այցելել Արցախի Հանրապետություն այնքան, որքան կկամենամ` առանց անհրաժեշտություն համարելու հաղորդելու կամ հաշվետու լինելու Ձեզ:

2016թ. նոյեմբերի վերջին հնարավորություն ունեցա (որի համար սրտանց շնորհակալ եմ իմ գործընկեր Զաուր Ռասուլզադեին) www.haqqin.az-ի էջերում Ադրբեջանի հանրային կարծիքին ներկայացնելու այդ գաղափարների մի որոշ մասը և ցավոք Ձեզ հիմա պետք է նույնը կրկնեմ, ինչը ժամանակի կորուստ է: Բայց, գուցե և տեղյակ լինեք բուլղարական հայտնի ասացվածքին. «Կրկնությունը՝ գիտության մայրն է»:

Հարգանքով` Գեորգի Կոլարով, քաղաքական գիտությունների դոկտոր»: