Գլխավոր » Interview, Լրահոս, Քաղաքականություն

Քաղաքապետի ընտրությունների ելքն արդեն իսկ կանխորոշված է

Ապրիլ 9, 2017թ. 21:00
արմեն բադալյան

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մեկնարկելու են Երևանի ավագանու ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ապրիլի 9-ին կավարտվի առաջադրումների ժամկետը, մինչդեռ շատ ուժեր մասնակցության հարցում դեռ չեն կողմնորոշվել, որոշներն էլ հստակ հայտարարում են՝ մասնակցության ցանկություն չունեն: Այնուհանդերձ, քաղաքական ուժերի ինչպիսի՞ մասնակցություն կարող է լինել. թեմայի շուրջ զրուցեցինք քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:
Սահմանադրական փոփոխություններից հետո Երևանի ավագանու ընտրություններն առավել կարևորվում են, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո դրանք երկրորդն են, որին ընտրողը կունենա ուղղակի մասնակցություն: Ակնկալվում էր, որ այս հանգամանքն հաշվի առնելով ապրիլի 2-ին պարտված ուժերը կկենտրոնացնեին իրենց ներուժը քաղաքապետի ընտրության վրա: Մինչդեռ՝ չեն մասնակցելու: Գուցե նախկին ավանդույթով անտեսո՞ւմ են, չե՞ն կարևորում ՏԻՄ ընտրությունները, ու խորհրդարանականին մասնակցությամբ ավարտվա՞ծ համարում իրենց քաղաքական միսիան:
-Մի ընտրություն, որի ելքն արդեն իսկ կանխորոշված է խորհրդարանական ընտրություններով, այլևս անիմաստ է դառնում դրան մասնակցելը: Ու ընդդիմադիրները բնականաբար, հարց են տալիս՝ ինչի՞ համար մասնակցել: Համաձայն չեմ ձեր այն դիտարկան հետ, թե պարտվելով խորհրդարանական ընտրություններում իրենց միսիան ավարտված են համարում: Բանն այն է, որ քաղաքական ուժերը պարտվում են քաղաքական գործընթացներում, իսկ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին, ես չեմ դիտարկում որպես զուտ քաղաքական գործընթաց, քանի որ Ազգային ժողովի ներկայիս պատկերը ձևավորվեց նաև ընտրակաշառքի բաժանման արդյունքում: Եվ պարտված ընդդիմադիրները նման իրավիճակում ոչինչ չեն կարող ասել: Նրանց մասնակցությունն ընդամենը կունենա ժողովրդավարական դիզայնի դեր, ու ոչ ավելի: Ահա թե ինչու ընդդիմության մասնակցություն ուղղակի անիմաստ եմ համարում:
Պարտված գործիչներից շատերը շեշտում են՝ համապետական ընտրություններում կրած պարտության մեղավորը նաև իրենք են, քանի որ լավ չէին պատրաստվել: Ի վերջո, ընտրությունը ոչ թե քվեարկության բուն պահն է, այլ երկարատև գործընթաց է ու պահանջում է տարիների աշխատանք, մինչդեռ եղան ոտքի վրա ստեղծված ուժեր և ընդամենը օրերի ընթացքում մասնակցության հարցում կողմնորոշված գործիչներ: Դրա համար այսօր նրանք քաղաքապետի ընտրությանն իրենց չմասնակցությունը բացատրում են անպատրաստ լինելով:
-Եթե պարտված գործիչները համարում են, որ ապրիլի 2-ին պարտվեցին, քանի որ լավ չէին պատրաստվել ու հիմա դրա համար չեն ուզում մասնակցել ավագանու ընտրուոթյանը, ես դա համարում եմ իրենց կողմից հորինված պատճառ կամ արտաքին շղարշ այս ընտրությանը չմասնակցելու ու իրենց քայլն արդարացնելու համար:
Իսկ Հայաստանում ընտրություններին նախապատրաստումը երկարատև գործընթաց չի պահանջում, ինչո՞ւ, որովհետև որպես քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ ինչպիսի ծրագիր էլ ուզում ես առաջարկել, միևնույն է, քեզ համար ցանկալի արդյունքների ստացումը որոշվում է ոչ թե տարիների, ամիսների աշխատանքի արդյունքում, այլ հենց քվեարկության օրը, քվեարկության պահին: Ուրեմն, այստեղից էլ բխում է հետևությունը, որ խնդիրը ընդդիմության պատրաստված-չպատրաստված լինելու, ճիշտ բովանդակություն ու մարտավարություն ընտրելու մեջ չէ, քանի որ խնդիրը տեղափոխվել է հասարակական դաշտ, ուր խոսակցությունը ծավալվում է գումարով քվեարկողների ու գումարով չքվեարկողների միջև: Եթե մեծ թիվ են կազմում գումարով քվեարկողները դու ինչպիսի բովանդակություն էլ ուզում ես հաղորդիր քո պայքարին, միևնույն է, դու չես կարող զուտ ծրագերով գրավել ընտրողին: Դրա համար ընդդիմությունը շատ լավ գիտի՝ մասնակցելով Երևանի քաղաքապետի ընտրություններին միևնույն է չի հաղթելու: Նրանց մասնակցությունը լավագույն դեպքում կցուցադրվի արևմտյան դիտորդներին, թե տեսեք, մեզ մոտ կան մրցակցային ընտրություններ: Եթե ընդդիմությանը ձեռք է տալիս ավագանիում ստանալ 10 կամ 13 տեղ, ապա կարող է գնալ ու մասնակցել: Բայց ավագանին որպես մարմին առանձնապես ազդեցություն չունի քաղաքապետի կայացրած որոշումների վրա: Հիշո՞ւմ եք, ՙԲարև Երևան՚ խմբակցության անդամներն ինչպիսի ակտիվությամբ էին աշխատում, բողոքում շատ հարցերում, բայց դրա հետ մեկտեղ իրենք չէին կարող ազդել քաղաքապետի կողմից ընդունված որոշումների վրա: Այո, ավագոնում պետք են մարդիկ, որոնք կքննադատեն, կկարողանան մանր հարցեր լուծել, ասենք, մանկապարտեզների պատուհանները մաքուր պահելու հարցը, բայց ոչ ավելի: Հետևաբար, եթե ընդդիմությունը չի կարող հաղթել ու ստանալ քաղաքապետի պաշտոնը՝ ի՞նչ իմաստ ունի նման պայմաններում ծախսել ռեսուրսներ, ֆինանսներ ու մասնակցել ընտրություններին:
Լավ, եթե նման տրամադրություններ կան պարտվածների դաշտում, ապա ինչպե՞ս հասկանալ ԱԺ-ում երկրորդ ուժը դարձած ՙԾառուկյան դաշինք՚-ի չմասնակցությունը քաղաքապետի ընտրությանը: Առավել տարօրինակ է, երբ ասվում է, թե չեն մասնակցելու որովհետև քաղաքապետի լուրջ թեկնածու չունեն: Սա ընդունելի՞ մեկնաբանություն է ԱԺ-ում երկրորդ տեղը գրաված ուժի համար:
-Իհարկե ընդունելի չէ, ԲՀԿ-ն 5 հոգանոց խմբակցություն չէ, և նախորդ, և այս ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցություն է ու չի կարող չունենալ քաղաքապետի պաշտոնի համար նպատակահարմար թեկնածու: Ի վերջո, դա այն կառույցը չէ, որը գլխավորելու համար հնարավոր չլիներ գտնել մեկ ակտիվ գործիչ: Դա բացառված է: Կարծում եմ, ԲՀԿ-ի կողմից նման մեկնաբանության շրջանառումն իրական պատճառը թաքցնելու միջոց է: Իսկ իրական պատճառն այն է, որ չի ուզում ավելորդ փողեր ծախսել: ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում բավականին փող ծախսեց՝ հասկանալի է որպես ընտակաշառք, իսկ հիմա միգուցե էլ ցանկություն չունի ընտրակաշառք բաժանելու: Մտածում են՝ ինչո՞ւ նորից շատ փող ծախսել, երբ արդյունքը լավագույն դեպքում լինելու է ավագանում ընդամենը 15 մանդատ ունենալը:
-Փոխարենը ՙՙԵլք՚՚ դաշինքի համար է սպասվում լավ հնարավորություն« որի թեկնածուն ամենայն հավանակնությամբ կլինի Նիկոլ Փաշինյանը: Կարծիք կա, որ ՙԵլք՚-ը կարող է նույնիսկ երկրորդ տեղը զբաղեցնել, ինչը ընդդիմության համար լուրջ հաղթանակ կլինի:
-Ես դա չեմ համարի հաղթանակ, քանի որ դա ոչ թե ՙԵլք՚-ը կվաստակի, այլև ԲՀԿ-ի ընտրություններին չմասնակցությանդեպքում իշխանությունը հնարավորինս կնպաստի, որ ՙԵլք՚-ը լինի երկրորդ տեղում հայտնված ուժ և ավագանիում ունենա իր 10-15 մանդատը:
Ի դեպ, ասեմ, եթե Երևանի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն չմասնակցի միակ տուժողը կլինի ժողովուրդը, որովհետև չի լինի ակտիվ մրցակցություն ու մարդիկ չեն ստանա Ծառուկյանից սպասվող ընտրակաշառքը: Նաև ընտրակաշառքի չափը կիջնի, քանի որ խաղի մեջ չի մտնի ընտրակաշառք բաժանող խոշոր մրցակիցը և արդյունքում ընտրակաշառքի շեմը 10 000-ից կիջնի 5000-ի:
-Ի՞նչ կասեք Զարուհի Փոստանջյանի քաղաքական բենեֆիսի մասին. նրա նորաստեղծ կուսակցությունը՝ ՙՙԵրկիր Ծիրանի՚՚ ամենայն հավանականությամբ կմասնակցի քաղաքապետի պաշտոնի համար պայքարին: Բայց հարց է, արդյոք այդ նորելլուկն ունի՞ անհրաժեշտ մարդկային ու ֆինանսական ռեսուրս?ներ, թե՞ սա ընդամենը կլինի քաղաքական դաշտում իր ներկայությունը փաստող ՙպտիչկա՚, և ուրիշ ոչինչ:

-Ձեր ասածին ես կավելացնեմ նաև ՙփիառ՚ բառը՝ նրա մասնակցությունը համարելով ՙփիառ-պտիչկայի՚ համար արվող քայլ: Որքան էլ նա փորձի հանդես գալ քննադատական կերպարով, միևնույն է, այդ կուսակցությունը դեռ չի ընկալվում, անգամ անունը շատ ծիծաղելի է:  Մյուս կողմից, այո, նա չունի ռեսուրսներ: Եվ հետո, ոչ նրան թույլ կտան ընտրակաշառք բաժանել, ոչ էլ նա կարող է բաժանել, որովհետև փող չունի: Դրա համար նա իր մասնակցությամբ ընդամենը ընտրական գործընթացի արտաքին ֆոնը կապահովի՝ հնչեցնելով տարբեր բնութի ելույթներ:
Ա. Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն