Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Նոր խորհրդարան անցած բոլոր ուժերը հայամետ ուժեր են. Կոնստանտին Զատուլին

Ապրիլ 3, 2017թ. 22:05
Կոնստանտին Զատուլին

<<Ընտրությունների արդյունքները հույս են ներշնչում, որ Հայաստանի կայունությունը վտանգի տակ չէ>>,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարեց ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Վերջինս բացառեց ընտրությունների երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը. <<Այդ առումով պետք է շնորհավորել ՀՀ քաղաքացիներին, որովհետև հիմա ավելի շատ ժամանակ կունենան ներքին գործերով զբաղվելու>>:
Ընտրությունների ամբողջ օրը ՌԴ պետդումայի ներկայացուցիչը դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում, եղել է Սյունիքում, Վայոց ձորում, Եղեկնաձորում ու միայն այստեղ նկատել է հանձնաժողովի անդամների ու դիտորդների միջև դժգոհության: Բայց կարճ ժամանակ անց՝ ՙԴիտորդների նկատողությունն ընդունվեց, հարցերը երկկողմ քննարկվեցին ու լուծվեցին իրավապահ մարմինների ներկայությամբ՚, -հավելեց Զատուլինը:
Արձանագրելով փաստը, որ այս ընտրությունները հաղթական էին ՀՀԿ-ի ու նրա կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի համար, Զատուլինը հավելեց.ՙԿարծում եմ, որ դժգոհելու տեղ չունի նաև ՙԾառուկյան դաշինքը՚, որը դարձավ երկրորդ հաղթանակած քաղաքական ուժը՚:
Հետընտրական սրացումներ՝ քաղաքագետը չի կանխատեսում, չնայած հիշեցնում է, որ նախընտրական փուլում եղան ուժեր, որոնք հանդես եկան նման հայտարարություններով, սակայն.ՙԸնդդիմությունը, մասնավորաբար, խորհրդարան մտած ուժերը, շահագրգռված չեն, որ երկրում լինեն հետընտրական սրացումներ: Ես կարծում եմ Հայաստանը, ինչպես նաև այլ ԱՊՀ երկրներն այնպիսի վիճակում չեն, որ իրենց թույլ տան գնալ նման ճգնաժամային իրավիճակների առաջացման ու երկրի կայունության խաթարման՚:
Ռուս դիվանագետը նաև նկատում է, թե այս ընտրություններով Հայաստանում ազդարարվեց խորհրդարանական համակարգի անցման սկիզբը, սակայն ամեն ինչ դեռ առջևում է. ՙԱյժմ իշխանությունն ու իր կողմնակիցները, ինչպես նաև նրա հակառակորդները պատրաստվելու են հաջորդ փուլին, որը կսկսվի 2018-ի, երբ նախագահական լիազորությունները վայր կդնի Սերժ Սարգսյանը՚: Իսկ մինչ այդ, ինչպես նկատում է հայաստանյան օրենսդրությանը քաջատեղյակ Զատուլինը, նախ պետք է, որ ՀՀ խորհրդարանը ընտրի նոր նախագահ ու նոր կառավարություն ձևավորի.ՙԲոլորը՝ և՜ ընդդիմությունը, և՜ իշխանությունը պատրաստվում են հենց այդ փուլին: Այդ պատճառով չեն ուզում հիմա մեկմեկու համար խնդիրներ ստեղծել՚,- այսպես մեկնաբանեց ներհայաստանյան ներկայիս զարգացումները դիվանագետը:
Կոնստանտին Ֆեոդորովիչը նաև տեղեկացրեց, թե ընտրական այս նոր օրենսգրքով հետաքրքրված էին ոչ միայն հայաստանյան հասարակական, քաղաքական շրջանակները, այլև Ռուսաստանը. ՙՄենք մանրամասնորեն ուսումնասիրել ենք Հայաստանի նոր օրենսդրությունը, որի նպատակն է բացառել ամեն տեսակ կեղծարարություն ու կասկածներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Չնայած ընտրության օրը եղան նաև որոշ թերություններ, այդ թվում որոշակի կուտակումներ՝ մեծ հոսքի հետ կապված, բայց դրանք չեն կարող ազդել ընդհանուր արդյունքի վրա՚: Անդրադառնալով օրենսդարկան բարդություններին, ասաց, թե այս համակարգը, եթե պետք է պահպանվի, ապա լավ կլինի, որ ենթարկվի որոշակի շտկումների: Ընտրական օրենսգրքի պահանջները համադրելով ընտրական արդյունքներին Զատուլինը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի ունենա: Բայց հիշելով, որ մինչ ընտրություններն առկա էր ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը՝ հավելեց. ՙՉեմ կարող ասել, արդյոք, կողմերը ծրագրել են շարունակե՞լ այդ կոալիցիայի գոյությունը, թե՞ ոչ՚:
Դիվանագետը անընդունելի է համարում ՙռուսամետ, արևմտամետ՚ ուժեր ձևակերպումը, նկատելով, թե իր համար մերժելի են այդ ՙկլիշեները՚, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, ուր. ՙՆերքին քաղաքական զարգացումները պայմանավորված են ոչ թե արտաքին քաղաքական կուրսով, այլ ներքին խնդիրներով, քաղաքական էլիտայի ներսում առկա հարաբերություններով՚: Այդ ամենով հանդերձ դիվանագետը համոզման է՝ Հայաստանի նոր խորհրդարան մտած բոլոր կուսակցությունների հիմնական բնութագրչը հետևյալն է, նրանք բոլորը հայամետ ուժեր են:
Ասաց, թե դրանով հանդերձ նոր խորհրդարանում չկան հայ-ռուսական հարբերությունները մերժող ուժեր: Նկատեց, թե ընդդիմադիր ՙԾառուկյան դաշինք՚-ի կողմից ինքը երբեք չի լսել հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված որևէ խոսք կամ քննադատություն: Բայց նաև հիշեցրեց, որ կան ուժեր, որոնք, այնուհանդերձ, կարծում են, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանը անդամակցեր ՆԱՏՕ-ին.ՙԱյդ գործիչներից մեկը Հրանտ Բագրատյանն է, իմ հին ծանոթը ու իր քաղաքական ուժերը, որը չանցավ խորհրդարան՚:
Մաղաքագետը վստահ է, որ հայաստանյան քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը հասկանում է հայ- ռուսական համագործակցության կարևորությունը.ՙՀայ-ռուսական ռազմական հարաբերություններին այլընտրանք չկա: Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ, թող ուշադիր ուսումնասիրի քարտեզը ու տեսնի, թե որտե՞ղ է գտնվում Հայաստանն ու ինչ հարևաններով է շրջափակված: Եվ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա՚:
Ա.Ս.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն