Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ապրիլը դաս եղավ մեզ համար՝ երբեք չմոռանալ, թե ո՞վ է մեր թշնամին և ո՞ւմ հետ գործ ունենք

Ապրիլ 2, 2017թ. 19:48
դավիթ բաբայան

Մեկ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ծանր զինատեսակներով՝ հրետանի, ԲՄ-21 ռեակտիվ կայանքներ, ականանետներ, հրետակոծեցին Արցախի սահմաններն ու անցան հարձակման սահմանի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևելյան ուղղություններով։ Հայությունը՝ Արցախում, Հայաստանում, սփյուռքում, շտապեց նեցուկ լինել հայկական բանակի ու շնորհիվ հայ զինվորի տոկունուոթյան ՝ ադրբեջանական <<բլից-կրիգը>> ձախողվեց:
Թեմայի շուրջ զրուցեցինք Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
Մեկ տարի առաջ ապրիլին Ադրբեջանը փորձեց արցախյան հարցը ռազմական ճանապարհով կարգավորել հօգուտ իրեն՝ չհաջողեց, փոխարենը հայկական զինված ուժերը ցույց տվեցին, որ տարածաշրջանի խաղաղության երաշխավորն են: Այսինքն, Ադրբեջանի ագրեսիան զսպող միջազգային մեխանիզմները չաշխատեցին, սակայն աշխատեց հայկական զինված ուժերի գործոնը: Սրանից ի՞նչ հետևության հանգեց միջազգային հանությունը:
-Հետևության հանգեց և՛ միջազգային հանրությունը, և՛ մենք՝ Արցախն ու մայր Հայաստանը, և՛ Ադրբեջանն ու նրան սատարող Թուրքիան: Հայկական կողմերի հետևությունն այս է՝ հակառակորդը չի փոխվել, չի վերանայել իր ռազմատենչ, հայատյաց, ֆաշիստական ու նվաճողական բնույթը: Հենց դա էր պատճառը, որ փորձեց թվացյալ հարմար պահին հարձակվել, սակայն ճիշտ չէր հաշվարկել հայկական ներուժի հզորությունը, մտածել էր, թե հայությունը պառակտված է, կան սոցիալական խնդիրներ, բարոյահոգեբանական առումով կա խաթարում՝ սոցցանցերով դաստիարակված սերունդ կա, որոնց մոտ բացակայում է սերն առ հայրենիք: Ադրբեջանում այդպիսի թյուր մտածողություն էր ձևավորվել, ինչին նաև նպաստեց այն, որ իբրև տեղեկատվական աղբյուր իրենց ծառայեցրին վահանմարտիրոսյաններին ու դրա նման աննորմալներին: Եվ Ադրբեջանը փորձեց անմիջապես օգտվել առիթից: Ասեմ, որ ադրբեջանցիներն այդ հարձակմանը պատրաստվել էին 22 տարի՝ 1994 թվականից սկսած:

Միջազգային հանրությունը նույնպես հետևություններ արեց. նախ, որ ի դեմս Ադրբեջանի կա անհուսալի գործընկեր պետություն, որը կարող է իր քայլերով գերտերություններին դարձնել իր ագրեսիվ քաղաքականության գերին: Ինչո՞ւ եմ սա ասում, տեսեք, եթե այստեղ Ադրբեջանի թեթև ձեռքով բռնկվեր պատերազմ, եթե հայկական բանակը անմիջապես չջարդեր թշնամուն ու պատերազմը հանկարծ երկարեր, ապա ուզած-չուզած կխառնվեին գերտերությունները և կդառնային հակամարտության կողմ: Բնական է, որ նման իրավիճակը որևէ մեկին ձեռնտու չէ:
Միջազգային հանրությունը հասկացավ, որ ի դեմս Արցախի ու Հայաստանի կա կողմ, որը չնայած նյութական առումով զիջում է հակառակորդին, բայց ի վիճակի է ոչ միայն պաշտպանել իրեն, այլև հաղթել թշնամուն. այն՝ ինչ եղավ ապրիլին: Միջազգային հանրությունը հետայսու չի կարող միակողմանիորեն հավատալ Ադրբեջանին ու ամեն ինչ անելու է, նույնիսկ ոչ հրապարակային ու ավեի կոշտ քայլերով, որպեսզի պաշտոնական Բաքվին դնի սահմանների մեջ, որպեսզի ապրիլյան քառօրյայի նման մի նոր իրավիճակ այլևս չկրկնվի: Իհարկե, առաջին հերթին դրա չկրկնությունը կախված է մեզանից, որքան մենք ուժեղ լինենք, որքան մեր բանակը հագեցված լինի ժամանակակից տեխնիկայով, Ադրբեջանն էլ համոզված լինի, որ իր ամբողջ տարածքը վայրկյանների ընթացքում կարող է դառնալ պատերազմի թաթերաբեմմեր տարածաշրջանում կայուն իրավիճակ կլինի:
-Չնայած մեր ցավալի կորուստներին, կարծիք կար, թե կատարվածը ռազմաքաղաքականության տեսանկյունից հայկական կողմի համար ստեղծեց բարենպաստ իրավիճակ՝ դիվանագիտական առումով մեր դիրքերն ամրապնդելու համար: Հաջողվե՞ց մեզ իրավիճակից շահած դուրս գալ, ի՞նչ փոխվեց ՄԽ համանախագահների դիրքորոշումներում:
– Ապրիլյան պատերազմում ունեցանք զոհեր, այդ կորուստը մեզ համար անդառնալի ցավ է, մենք միշտ հիշելու ենք մեր հերոս տղաների սխրանքը, ում անունները մեծ տառերով գրվեցին մեր պատմության հաղթական մատյանում: Նրանք դեռ մեզ մեծ ուժ են տալու, մեզ ոգեշնչելու են մեր երկարատև պայքարի ճանապարհին: Դառնալով միջազգային հանրությանն ասեմ, որ նրանց քայլերում, այո, որոշ փոփոխություններ տեղի ունեցան: Կարծում եմ, նրանք շատ լավ հասկացան ու ավելի լավ պատկերացրին, թե ո՞ւմ հետ մենք իրականում գործ ունենք: Տեսան, որ ի դեմս Ադրբեջանի կա մի ֆաշիստական պետություն, որը կարող է խարխլել տարածաշրջանային անվտանգությունը, հասկացան, որ պետք է համապատասխան հավասարակշռություն պահպանվի, և Հայաստանը կարողացավ ձեռք բերել կարևորագույն զինատեսակներ, որոնք թույլ են տալիս լիակատար ձևով պահպանել խաղաղությունն ու կայնությունը: Պարզապես պետք է, որ համանախագահողները հետևեն նաև դիվանագիտական կանոններին, հասկանալով, որ շատ դժվար է, հատկապես, Ադրբեջանի պարագայում ակնկալել կառուցողական քայլեր: Այսօր իրենց հիմնական նպատակը պետք է լինի հետևյալը՝ ամեն ինչ անել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար:
Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նկատամամբ ընթանում են որոշակի գործընթացներ, տարբեր միջազգային ատյաններում խոսվում է Ադրբեջանի կողմից այս կամ այն պատգամավորի կամ պաշտոնյայի կաշառված լինելու փաստի մասին, և դա լուրջ քննադատության է ենթարկվում: Բայց այս ամենով հանդերձ հայկական կողմերը դեռ շատ գործ ունեն անելու: Միջազգային կառույցներում, հատկապես եվրոպական, մեծ տարածում ունի կաշառակերությունը, ինչը հեշտացնում է Ադրբեջանի գործը, վերջինս նրանց հետ տարբեր գործարքներ է կնքում: Դրանում համոզվեցինք դեռևս Սաֆարովի արտահանձնման ժամանակ, հետո եղավ Լապշինի դեպքը, իսկ ԵԽ ԽՎ-ում կան կաշառված պատգամավորներ: Սակայն կամաց-կամաց այսպիսինների դեմքը պատռվում է , մենք պետք է լուրջ դերակատարում ունենանք այս պայքարում և այն իրականացնենք ժողովրդավարության ջատագով համարվող  տարբեր երկրների մեր բարեկամ, գործընկեր պատգամավորների հետ:
-Ապրիլյան քառօրյան որքան էլ դաժան ու արյունալի եղավ մեզ համար, սակայն այն նաև ներքին հարցերում զգաստացնող դեր ունեցավ, համոզվեցինք, որ շփման գծի բոլոր դիրքերի առավել ամրացման անհրաժեշտություն կա: Եվ այսօր այնտեղ տեղադրված են տեսանկարահանող ու դիտարկման հատուկ սարքեր, գիշերային տեսանելիությունն ապահովող սարքեր, նշանառման համակարգեր: Շնորհիվ դրանց բոլորովին վերջերս գիշերվա մթության մեջ մերոնք ոչնչացրին հակառակորդի 4 հատուկ ջոկատայինի։
-Իրավացի եք, ցանկացած պատերազմ ստիպում է լրացնել նաև ներքին բացերը, այն պարտադրում է կատարել թե՜ ռազմական թարմացում, թե՜ տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում: Ապրիլյան քառօրյան պատերազմում թշնամին օգտագործեց այնպիսի տեխնիկա, որը մինչ այդ չէր օգտագործվել, լայնորեն կիրառեց անօդաչու թռչող սարքեր, դիվերսիոն գործողություններին զուգահեռ ընթացավ պատերազմ տեղեկատվական դաշտում: Այս ամենը նորություն էր, որոնք չեն եղել արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք ու ըստ այդմ շտկումներ, փոփոխություններ մտցնենք մեր պաշտպանական համակարգում: Ինչն էլ արվեց այս ամիսների ընթացքում: Բայց ամենից կարևորն այն է, որ այդ գործընթացը կրի շարունակական բնույթ: Ապրիլի պատերազմից հետո թշնամին դարձյալ բազմաթիվ դիվերսիոն փորձեր է կատարել, սակայն դրանք միանշանակորն կանխվել են շնորհիվ ձեռք բերված նոր զինտեխնիկայի:
-Ճի՞շտ է այն հաշվարկը, թե 2015 թ. ապրիլից մինչև 2016 թ. ապրիլ դիվերսիոն գործողությունների արդյունքում ավելի շատ զոհ ենք ունեցել, քան 2016-2017թթ ապրիլից-ապրիլ ընկած ողջ ժամանակահատվածում։
-Այո, ճիշտ է: Բնականաբար, բանակում կատարված փոփոխությունները, նոր ռազմատեխնիկային ձեքբերումը, կատարված շտկումները, նաև մեր սպայակազմի աչալուրջությունն իր դրական ազդեցությունն է թողել: Ամեն վայրկյան պետությունը իրականացնում է բազմաթիվ նոր ծրագրեր, դա նաև արվում է շնորհիվ մեր հայրենակիցների ցուցաբերած օժանդակության, ամեն մեկը, ինչով կարող է, օգնում է Արցախի բանակի հզորացմանը:
-Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրության մոտ կա՞ այն ընկալումը, որ Արցախը չի կարող թշնամուն զիջել իր տարածքներ, քանի որ բացի այն, որ այդ հողերը մեր հայրենիքի մասն են, դրանք նաև մեր անվտանգության կարևոր գոտիներն են:
-Ես կարծում եմ, որ բոլորի համար պարզ է, որ սահմանների հարցը մեզ համար շատ կարևոր է ու ամենևին ամբիցիաների բավարարման տիրույթում չէ: Շատերը խոսում են, թե պետք է ստատուս քվոն փոխվի: Մենք էլ ենք ասում՝ թող փոխվի: Բայց Ադրբեջանն ի՞նչ է հասկանում ստատուս քվոի փոփոխություն ասելով. այդ երկիրը չի հրաժարվում իր ագրեսիվ նպատակների իրականացումից, ու այդ մասին չի էլ թաքցնում, բացահայտ ասում է, որ ուզում է հոշոտել, ոչնչացնել Արցախն ու Հայաստանը, ոչնչացնել հայ ժողովրդին: Շատ դեպքերում հանցագործները, ահաբեկիչները թաքցնում են իրենց նպատակները, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք մի ֆաշիստական, հանցագործ պետության հետ, որն այս հարցում շատ անկեղծ է: Հիմա, եթե սա է Ադրեբեջանի տեսլականը, սա է իր իրական նպատակը, ուրեմն, նա ինչպե՞ս կարող է մեզանից պահանջել ստատուս քվոյի փոփոխություն սահմաններում: Այդ կերպ նա ուզում է ուրիշի ձեռքով փոխել ստատուս քվոն, բայց իրականում իր մտքում ունի հայության ոչնչացման ծրագիր: Սա է իրականությունը: Հետևաբար, եթե Ադրբեջանի համար ստատուս քվոյի փոփոխությունն ամբիցիրաների հարց է, ապա մեզ համար կյաքի ու մահվան հարց է: Այն Արցախի անվտանգության խնդիրն է: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս հաստատեց, որ Արցախը, նույնիսկ 1991-ի սահմաններն ունենալու դեպքում չի կարող լիարժեքորեն ապահովել իր անվտանգությունը: Դրա համար եղավ առաջին լայնածավալ արցախյան պատերազմը, թափվեց մեր որդիների արյունը: Մենք այդպիսի ճանապարհ ենք անցել և երբեք չենք կարող տարածքների հարցում գնալ այնպիսի զիջման, որը կարող է մեր երկիրը կանգնեցնել ցեղասպանության առաջ:

2016-ի ապրիլը ցույց տվեց, որ մենք ապրելու ունակ ազգ ենք, մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր հայրենիքը, մենք արժանի ենք անկախ պետականություն ունենալու: Ապրիլը դաս եղավ մեզ համար՝ երբեք չմոռանալ, թե ո՞վ է մեր թշնամին և ո՞ւմ հետ գործ ունենք:

Ուրեմն, հայությունը պետք է սթափվի, հասկանա իրական վտանգները և գիտակցի, որ մեր ուժը մեր հզորացումն է՝ թե՛ տնտեսապես, թե՛ ռազմականապես:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն