Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

ՀԱԿ-ը ներքաշեց ՀՅԴ-ին արցախյան հիմնահարցի հետ կապված բանավեճի մեջ, թուլացրեց Դաշնակցությանը և շահեցին մյուս ուժերը. Գ. Իսագուլյան

Մարտ 30, 2017թ. 17:47
Գառնիկ Իսագուլյան+

Նախընտրական քարոզարշավի ժամանակ հետաքրքիր բանավեճ ստեղծվեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից, որը ընտրողներին ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ լուծման իր տարբերակը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Առաջ քաշելով արցախյան հիմնախնդրի կարգավորման լուծման իր տարբերակը՝ ՀԱԿ-ն այլ խնդիրների քննարկման հարթությունից հանեց ՀՅԴ-ին, որն էլ իր ամբողջ քարոզարշավը կառուցեց ՀԱԿ-ի տեսակետի դեմ պայքարի վրա: Եթե նայում եք ՀՅԴ-ականների ելույթները, ամբողջությամբ զբաղված են հերքելով ՀԱԿ-ին: Ներքաշելով Դաշնակցությանն արցախյան հիմնահարցի հետ կապված բանավեճի մեջ, շահեցին մյուս ուժերը, որոնք Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հստակ կողմ կամ դեմ չեն արտահայտվում՝ հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո»,- նշեց Գ. Իսագուլյանը:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի դիտարկմամբ՝ այս համատեքստում ՀՅԴ-ի դիրքերը թուլացան, որովհետև Դաշնակցությունը սոցիալիստական կուսակցություն է ու կարող էր սոցիալական շերտի ձայները տանող ուժերին քննադատել, բայց սկսեց քննադատել ՀԱԿ-ին՝ Ղարաբաղյան հակամարտության դիրքորոշման համար:

Միաժամանակ, Իսագուլյանը նշեց, որ ՀՅԴ-ն կարող է ձայներ ստանալ նրանցից, ովքեր ԼՂ հարցում ունեն հստակ դիրքորոշում՝ ոչ զիջողական: Իսագուլյանի խոսքով՝ ԼՂ հակամարտության հարցը պետք էր թողնել հետագային, «բայց կուսակցությունները, ցավոք, մասնավորապես ՀԱԿ-ը, հարցը դարձրին քարոզչության հիմնական աղբյուր»:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված թեզին՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ դիլեման՝ «պատերազմ, թե խաղաղություն», շատ վտանգավոր է: «Ղարաբաղն անկախ, կայացած պետություն է: Հայաստանը կամ Հայաստանի իշխանությունները չեն, որ պետք է լուծեն ԼՂ հիմնախնդիրը, ոչ էլ միջազգային հանրությունը: Այդ հարցը լուծված ավարտված է: Մենք իրավունք չունենք այդ պետության ժողովրդի կարծիքը մի կողմ դնել ու ասել՝ մենք գնալու ենք փաստաթուղթ ստորագրենք, խաղաղություն բերենք: Դա խաղաղություն չէ, դա պատերազմին տանող ամենակարճ ճանապարհն է»,- ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը

Տիգրանուհի Մարտիրոսյան

Tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն