Գլխավոր » Interview, Լրահոս, Քաղաքականություն

Քարոզարշավի սպիտակ ու սև գույները

Մարտ 29, 2017թ. 18:04
վիգեն հակոբյան

 Նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը երեք օր և արդեն կարելի է գնահատել, թե ինչպիսի՞ քարոզարշավ ունեցանք, արդյոք այն իր բնույթով տեղավորվում է՞ դասական քաղաքական պայքարի տրամաբանության մեջ:
Թեմայի շուրջ զրուցեցինք քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
Այս` բավական խայտաբղետ քարոզարշավում, ոմանք նախընտրեցին նկատելի դառնալ ուրիշներին քննադատելով, ոմանք ուզածի չափ խոստումներ շռայլեցին, ոմանք աշխատեցին սև PR-ի դաշտում, եղան նաև արևմտյան տեխնոլոգիաները հմտորեն բանեցնողներ. այս ամբողջն ամփոփելով իրականում ինչպիսի՞ քարոզարշավ ունեցանք:
-Այն բոլոր մարտավարական քայլերը, որոնք թվարկեցիք, սովորական, դասական քարոզարաշավի ձևեր են, որտեղ կա սպիտակ և սև PR, քաղաքական տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ մրցակիցներին վարկաբեկելու և հիմնական ուղուց շեղելու դրվագներ: Ականատես եղանք որոշակի կոմպրոմատների շրջանառությանը այլ անձանց կամ հասարակական կազմակեպությունների միջոցով, աղմկահարույց պատմություն ստողծվեց կապված դպրոցների տնօրենների հետ: Բայց այդ ամեն?ով հանդերձ, սա սովորական քարոզարաշավ է՝ քաղաքական տեխնոլոգիաների առատ օգտագործմամբ: Բայց խիստ արտառոց երևույթների ականատես չեղանք:
-Սկզբում կար մտավախություն, թե ռեյտինգային թեկնածուները միմյանց կոկորդ են կրծելու, ականատես ենք լինելու ներկուսակցական բախումների, գզվռտոցի, սակայն, բարեբախտաբար, դա արտահայտվեց մեկ, երկու դրվագով ու չունեցավ շարունակություն: Այնուհանդերձ, բախումներից զերծ չմնացինք, Ջրառատում կատարված հայտնի դեպքը ոմանք քաղաքական որակեցին, ոմանք դրանում ընդամենը կենցաղային հիմքեր տեսան:
-Գերագնահատվեց գզվռտոցի գործոնը, չգիտես ինչո՞ւ բոլորը կանխատեսում էին, թե իրար սպանելու են, ծեծելու են: Ռեյտինգայինների դաշտում այդ լարվածությունն առավելապես նկատվեց սկզբնական շրջանում՝ կրելով ներկուսակցական բնույթ: Սակայն կուսակցությունների ղեկավարները կարողացան կարգի բերել հարաբերությունները, որպեսզի գործը չհասնի արտաքին բախումերի ու ամեն ինչ մնա սեփական տան ներսում: Հաշվի առնելով մեր քաղաքական ցածր կուլտուրան, ինչ-որ դեպքեր, իհարկե, եղան: Բայց ես չեմ կարծում, որ այս քարոզարշավի ժամանակ եղած բռնությունների տեսակարար կշիռը շատ ավելին է, քան անցած համապետական ընտրությունների ժամանակ էր: Չնայած կարծում եմ, դեռ վաղ է նման լավատեսություն արտահայտելը, որովհետև քարոզարշավի վերջին օրերը սովորաբար ավելի էմոցիոնալ ֆոնի վրա են անցնում, քանի որ շատ քաղաքական ուժեր, անհատներ կարծում են, թե վերջին ճիգերն ամենից վճռորոշն են ու, եթե այս կամ այն քայլը չանեն դա իրենց համար մեծ կորուստ կլինի: Այդ մտածումն առավել լարում է էմոցիաները, հետևաբար, կարծում են, վերջին մեկ, երկու օրերին, նաև ընտրության օրը լարվածության որոշակի աճ կտեսնեք:

Ընտրաշավի ժամանակ ցանկացած վեճ, թեկուզ և առաջին հայացքից կենցաղային թվացողը, միևնույն է կապված է ընտրական գործընթացների հետ: Սակայն Ջրառատում կատարվածը բացառիկ դեպք չէ, նման դեպքեր եղել են ու կլինեի, բոլոր երկրների, բոլոր ընտրություններում էլ լինում են այդպիսի երևույթներ: Ի վերջո, ընտություններում էմոցիաները լարվում են, կան կոնկրետ շահեր, իսկ Հայաստանը ոչ Շվեյցարիա է, ոչ Գերմանիան, որտեղ մարդիկ սառնասրտորեն կամ քաղաքական մշակույթով ու օրենքներով պարտադրված կարողանան զսպել սեփական կրքերը: Նման երևույթներից պետք չէ ողբերգություն սարքել, քաղաքական գործընթաց է, որը նաև կարող է ուղեկցվել բացասական երևույթներով: Ընտրաշավի ժամանակ նման միջադեպերը փոքր-ինչ նաև ուռճացվում են: Եթե նման դեպում տուժում է որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչը կամ նա ուղակի մասնակից է, ապա տվյալ ուժը փորձում է այդ դեպքը որպես քաղաքական գործոն օգտագործել ու դարձնել տեղեկատվական թեմա: Դա քաղաքական PR է: Ժամանակին՝ անկախության առաջին տարիներին, կար մի գործիչ, որն ամեն ընտրության ժամանակ հայտարարում էր, թե իր դեմ մահափորձ է կատարվելու: Սա քաղաքական ընտրաշավի տեխնոլոգիաներից, երբ փորձ է արվում սեփական անձի նկատմամբ հետաքրքրություն ստեղծել, կերպար ձևավորել, անընդհատ ցույց տալ, թե իշխանությունը զբաղված է իրեն վնասազերծելով:
-Այդ դերի մեջ հիմնականում մտավ ՕՐՕ դաշինքը, նման կերպարով հանդես գալն արդյո՞ք նպաստեց ՕՐՕ-ի վարկանիշի բարձրացմանը:
-Ջրառատում կատարվածն առնչվում է ՕՐՕ ներկայացուցիչների հետ, բնականաբար, դաշինքն այն պետք է օգտագործեր, ինչպես կվարվեր ցանկացած քաղաքական ուժ: Առավել ևս, որ ՕՐՕ-ն լուրջ PR խնդիր ունի. նախ, սեփական բրենդը ընտրողին ճանաչելի դարձնելու խնդիր կա, քանի որ նոր ուժ է, երկրորդ, ՕՐՕ-ի գլխավոր խնդիրն ի սկզբանե եղել է արմատական ընդդիմադիր ուժ ներկայանալն ու որպես այդպիսին ընկալելի լինելը: Եվ Ջրառատում կատարվածը նրա լիդերներին առիթ տվեց անընդհատ այդ թեմայով խոսել, արմատական ելույթներ ունենալ և ցույց տալ, որ իշխանությունն ամենից շատ իրենցից է վախենում: Այդ դեպքով պայմանավորված՝ հետաքրքրությունը ՕՐՕ-ի նկատմամբ ինչ-որ մի փուլում մեծացավ, բայց դա շատ կարճ տևեց: Ընտրարշավն այնքան հագեցած է դեպքերով, այնքան իրադարձային է, որ նման դեպքերի ազդեցությունը սովորաբար մեկ օր կամ նույնիսկ ժամեր է տևում: Նույնը կատարվեց և ՕՐՕ-ի պարագայում:
ՕՐՕ-ն փորձեց օգտագործել նաև Սամվել Բաբայանի ձերբակալության հանգամանքը: Եթե քարոզարշավի ընթացքում շատ ավելի զգուշավոր էին խոսում Բաբայանի կողմից դաշինքը սատարելու մասին, ապա նրա ձերբակալությունից հետո այդ կապը հստակ շեշտվեց, հայտարարեցին ՝ ձերբակալությունը դաշինքի դեմ ուղղված քայլ է, իսկ Բաբայանն է քաղբանատարկյալ է. չնայած վերջինս փաստաբանի շուրթերով հերքեց իր այդպիսին լինելը: Հիմա, որքանո՞վ ՕՐՕ-ն կարողացավ օգտվել կատարվածից ու ավելացնել սեփական քաղաքական կապիտալը:
-Այս դեպքի հետ կապված ևս ՕՐՕ-ն փորձեց առիթը բաց չթողնել ու այն վերածել ընտրարշավային կապիտալի: Բաբայանի ձերբակալությունը ներկայացվեց որպես հալածանք, քաղաքական հետապնդում դաշինքի նկատմամբ: Կրկին շեշտեցին, որ իշխանությունն իրենց է թիրախավորել, որովհետև իրենք են ամենից արմատական ուժը: Սա սովորական տեխնոլոգիրա է: Ի՞նչ շահեցին դրանից.նախ վարկանիշի առումով, այն որոշակի աճ գրանցեց, բայց վարկանիշի ժամանակավոր ավելացումը չի նշանակում, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել ՕՐՕ-ին: Նա կարող է ունենալ քիչ ե շատ բարձր վարկանիշ, բայց չկարողանա դա վերածել ձայների, քանի որ չունի ռեսուրսներ: Բանն այն է, որ ՕՐՕ-ն Բաբայանի ձերբակալմամբ, որը դաշինքի ոչ ֆորմալ կազմակեպիչն էր, ունեցավ ռեսուրսի կորուստ: Հետևաբար, եթե ՕՐՕ-ն վարկանիշի տեսանկյունից ինչ-որ պահի շահեց, ապա ռեսուրսների առումով կորցրեց, ինչն էլ կանդրադառնա նաև ձայների վրա:
– Գրեթե բոլորի թիրախում իշխանական ուժն է՝ ՀՀԿ-ն, անգամ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը բացահայտումներ արեց՝ փորձելով ՙնեղը՚ գցելով Հանրապետականին: Բայց, մյուս կողմից, վարչապետ Կարեն Կարապետյանն իր քարոզարշավով վարկանիշային բարձր ցուցանիշ է գրանցում: ՀՀԿ-ի գործերն ի՞նչ վիճակում են:
– ՀՀԿ-ի որպես իշխող կուսակցություն սկզբում չուներ բարձր վարկանիշ: Դրա համար դեռ սեպտեմբերին ՀՀԿ-ն հռչակեց կուսակցության ներսում և երկրում իրականցվելիք բարեփոխումների մասին: Եվ վարչապետի պաշտոնում հայտնվեց բավական լավ խարիզմա և վստահության պաշար ունեցող Կարեն Կարապետյանը: Քարազարշավի փուլում առաջին իսկ սոցհարցումները ցույց տվեցին, որ կուսակցության վարկանիշը մոտ 4 անգամ զիջում է գործող վարչապետի վարկանիշին: Սա ապացույցն էր այն բանի, որ ընտրողը Կարապետյանին չի ընկալում որպես ՀՀԿ-ական, այլ ընկալում է որպես առանձին ֆիգուր: Եվ ՀՀԿ-ն արեց շատ գրագետ քայլ, հայտարարեց՝ հաղթելու դեպքում իր հեղինակություն վայելող վարչապետը կշարունակի մնալ վարչապետ: Այսինքն, ՀՀԿ-ն ընտրության առաջ կանգնեցրեց հասարակությանը, եթե ուզում եք, որ Կարապետյանը շարունակի պաշտոնավարել, ապա ընտրեք ՀՀԿ-ին, միաժամանակ շեշտելով, որ այն իր հերթին փոփոխվում է: Եվ սա կարծես թե տալիս է իր պտուղները: Հիմա ՀՀԿ-ի միակ խնդիրն այն է, որ կարողանա ընտրությունների օրն իր վարչապետի թեկնածուի քաղաքական բարձր վարկանիշը փոխարկել հենց կուսակցության վարկանիշի:
Ինչ վերաբերում է դիտորդական առաքելություն ունեցող հկ-ին, որը փորձեց մանկավարժների հետ հեռախոսազրուցներով ինչ-որ տեխնոլոգիրաներ բացահայտել, սակայն դա ոչ մեկի համար անակնկալ չէր, բոլորի համար էլ պարզ է, որ իշխող կուսակցությունը փորձելու է օգտագործել իր վարչական ռեսուրսները: Այդպես է նաև այլ երկրներում: Չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն կթողնի: Սա կարող է ընդամենը որոշակի ազդեցություն ունենալ միջազգային դիտորդների զեկույցների վրա: Իսկ նրանց դիրքորոշումը հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական կոնյուկտուրայով. եթե նրանց ձեռնտու է փոքր-ինչ թուլացնել տվյալ երկրի իշխանության լեգիտիմությունը, ապա նման փաստերը կարող են որպես մահակ օգտագործել, եթե ոչ՝ չեն օգտագործի ու ընդամենը կբավարարվեն դրանք փոքր չարաճճիություն համարելով:

Գագիկ Ծառուկյանն իր քարոզարշավը սկսեց փող բաժանելով ու ընտրական խոստումներ շռայելով, իսկ երբ ԿԸՀ-ն զգուշացրեց, որ դա ընտրակաշառք է, Ծառուկյանն ընդամենը փոխեց ոճը՝ խոստումներ տալը շարունակեց, միաժամանակ հավելելով՝ դրանք կիրականացնի ապրիլի 3-ից հետո: Ու մինչ օրս շարունակվում է սպիտակ ծրարների հանձման ՙշքահանդեսը՚: 

-Ծառուկյան դաշինքի ընտազանգվածը հստակ է, նա ի դեմս Գագիկ Ծառուկյանի տեսնում է իր առօրեական, սոցիալական հարցերը կոնկերտ ու կարճ ժամանակում լուծող մարդու, տեսնում է հարց լուծող փրկիչի: Եվ երբ Տիգրան Մուկուչյանը զրկեց նրան նման խոստումներ տալուց, այսինքն՝ փրկարարի գործողություններ անելու հնարավորությունից, Ծառուկյանը բավականին նյարդայնացավ: Քանի որ այդ կերպ փորձում են իրեն զրկել իր հիմնական զենքից՝ հարց լուծողի իմիջից: Ահա թե ինչու Ծառուկյանը չի մոռանում Մուկուչյանին՝ իր հիմնական զենքից զրկողին ու ամենուր ասում է՝ ժողովուրդ, չեմ կարող ինչ-որ բան անել, որովհետև Մուկուչյանը դա ընտակաշառք է համարում: Իսկ սպիտակ ծրարները, որոնցով մարդիկ մոտենում են նրան, դա էլ մեկ այլ հետաքրքիր մտածված տեխնոլոգիա է: Այդպիսին է Ծառուկյան դաշինքի մարտավարությունը և այդ դաշտում նա ունի լուրջ մրցակից, դա ՀՀԿ-ն է: Սակայն մեկ տարբերությամբ, վարչապետ Կարապետյանն ամենևին պոպուլիստ չէ և դա ակնհայտ է, քարոզարշավի ժամանակ նա նույնիսկ խոսում է կրճատումներից , խոստումներ չի տալիս, նա ոչ թե այդ պահին մեկի կենցաղային հարցերը լուծելու խնդիր է իր առաջ դրել, այլ ցույց է տալիս երկրի զարգացման ուղի, ասում է ՝ ներդրումներ կբերի ու աշխատատեղեր կստեղծի: Իսկ երկրի զարգացման համար հենց սա է անհրաժեշտ:
Դեռ ընտրությունները չավարտված, քաղաքական ուժերն առաջ ընկնելով կարծիքներ են հայտնում, թե ապագա խորհրդարանում իրենցից ո՞վ, ո՞ւմ հետ կարող է կազմել կոալիցիա: Վարդան Օսկանյանն, օրինակ երեկ, հայտարարեց, թե ՕՐՕ-ն կարող է ՙՙԾառուկյան դաշինք՚՚-ի հետ համագործակցել, մյուս ուժերն առավել ընդդիմադիր կեցվածք ցույց տալու համար շեշտում են՝ չեն համագործակցելու միայն ՀՀԿ-ի հետ: Կոալիցիոն ՙկաթսայում՚ ի՞նչ գլուխներ կլինեն:
-Այսօր հնչող նման հայտարարությունները, առավելապես, այն ուժերի կողմից, որոնց համար նոր խորհրդարանում լինելը խնդիր է, քարոզչական տրյուկ է ընդամենը, և ուրիշ ոչինչ, այն ընտրողների տրամադրությունների վրա ներազդելու միջոց է: Մինչ ՕՐՕ-ն խոսում է ՙԾառուկյան դաշինք՚-ի հետ կոալիցիա կազմելուց, վերջինս արձագանքում է՝ դեռ այդ ուժերը թող անցեն շեմը՝ հետո կխոսենք: Եթե Ծառուկյան դաշինքը մնա ընդդիմադիր դաշտում, ապա չեմ կարծում, որ որևէ մեկի՝ այսինքն, ոչ իշխանական ուժի հետ կոալիցիա կազմի: Համագործակցություն կարող են լինել կոնկրետ խնդիրների շուրջ, բայց դա չի վերաճի քաղաքական կոալիցիայի: Իսկ այս պահին, առավել վստահ կարող եմ ասել, որ հնարավոր ձևավորվելիք իշխանական կոալիցիայում կլինեն Հանրապետականն ու Դաշնակցությունը, եթե, իհարկե, ՀՅԴ-ն հաղթահարի 5 տոկոսի շեմը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն