Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ

Ոչինչ չի կարելի բացառել, նաև տեռորիստական ակտի իրականացումը

Մարտ 26, 2017թ. 20:45
Վաղարշակ հարությունյան-

Հարցազրույց ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ  հետ

ԱԱԾ հայտնի հայտարարությունից հետո, թե մաքսանենգ եղանակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել ՙԻգլա՚ տեսակի զենիթա-հրթիռային համալիր, հարց առաջացավ Վրաստանը թույլատրո՞ւմ է, որ իր տարածքով դեպի Հայաստան տեղափոխվի ցանկացած տեսակի ռազմական տեխնիկա, ռազմամթերք այդ թվում  ՙԲուկ՚ զենիթային-հրթիռային համակարգ: Կա՞ նման համաձայնություն երկու երկրների միջև:

-Իհարկե, կա նման պայմանագիր: Եվ համաձայն այդ պայմանագրի Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի Վրաստանի տարածքով անցկացնել տարբեր նշանակության զենք, զինամթերք, ռազմական ապրանքներ, այդ թվում և ձեր նշած ՙԲուկ՚ զենիթային-հրթիռային համակարգը: Այսինքն՝ տեղափոխվող զենքերի տեսակների առումով չկա որևէ սահմանափակում: Այդ պայմանագիրը, որը կոչվում է ՙՌազմական ապրանքների տեղափոխման մասին՚ պայմանագիր, գործել է ԱՊՀ շրջանակներում, այն ժամանակ, երբ Վրաստանը դեռ անդամակցում էր հիշյալ կազմակերպությանը: Հետո, երբ Վրաստանը դուրս եկավ  ԱՊՀ կազմակերպությունից, պայմանագիրը շարունակեց գործել հայ-վրացական համագործակցության շրջանակներում: Ասել է, թե ռուս-վրացական լարված հարաբերություններն ամենևին չխանգարեցին, որ այն չգործի: Ի դեպ, եթե Վրաստանը դադարեցներ պայմանագրի գործունեությունը, կնշանակեր, որ շրջափակման է ենթարկում Հայաստանին: Սակայն Հայաստանը երբևէ Վրաստանի կողմից շրջափակման չի ենթարկվել: Հայ-վրացական հարաբերությունները լիարժեք են, եղել ու մնում են բարձր մակարդակի վրա, այնպես որ, նաև զենքի տեղափոխման  հարցում որևէ սահմանափակում չի կարող լինել:

Այդ դեպքում, Հայաստանում տեղի ունեցած ձերբակալություններից անմիջապես հետո ինչպե՞ս հասկանալ Սաակաշվիլու կողմնակիցներին միավորող ՙԱզգային միացյալ շարժման՚ ներկայացուցիչների բարձրացրած աղմուկը, թե իրենց երկրի տարածքով՝ Ռուսաստանը ռազմական տեխնիկա է տեղափոխել Հայաստան:  Նախկին իշխանավոր Ցիկլաուրին նկարները ձեռքին հայտնագործություն արածի պես ասում է՝  ՙԲոլնիսի շրջանում ռուսական պետհամարանիշով բեռնատարներ են տեղաշարժվում, որոնք քողարկված կերպով զենք են տեղափոխվում՚, և կոչ անում  իշխանությանը շտապ հետաքննել ու պարզել՝ ի՞նչ զինտեխնիկայի հետ գործ ունեն:

– Վրաստանի ընդդիմության բարձրացրած աղմուկից պետք է հասկանալ հետևյալը, թե իրականում նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում, նաև պետք է հասկանալ, թե ո՞րն է նրանց  մտավախությունը: Ես ենթադրում եմ, որ նրանց մտավախությունը պայմանավորված է նրանով, թե այդ զենքը Ռուսաստանից գալիս է Հայաստան, որպեսզի տեղակայվի ռուսական 102 ռազմական բազայում և ուղղվի Վրաստանի դեմ: Եվ վրացական կողմը հաճախ է նման մտավախություն արտահայտել՝ շեշտելով, թե այդ տեսանկյունից էլ դեմ են ռուսական կողմից Հայաստան եկող զենքին:

-Բայց  արդարացված ե՞ն նման կասկածները, վախերը Հայաստան-Վրաստան  բարեկամական հարաբերությունների առկայության պարագայում:

-Դա ընդամենը քաղաքական շահարկում է վրաց ընդդիմության կողմից և բոլորովին այլ նպատակներ է, ցավոք, հետապնդում: Դա Վրաստանի ներքին գործն է  ու ես չեմ ցանկանում անգամ մերկնաբանել ՙԱզգային միացյալ շարժման՚ ներկայացուցիչ Ցիկլաուրիի աղմուկը: Սակայն կարձանագրեմ մի շատ կաևոր փաստ: Եթե անգամ ռուսական զենքը Վրաստանի տարածքով գալիս է Հայաստան ու տեղակայվում ռուսական բազայում, ապա դա ամենևին չի նշանակում, որ ուղղված է Վրաստանի դեմ:  Հայ-ռուսական բազայի պայմանագրում հստակ գրված է, որ ռուսական բազան գործում է միայն Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվելիք ագրեսիայի դեպքում և չի կարող օգտագործվել այլ նպատակների համար: Ավելին, հստակ նշված է, որ ռուսական բազան չի կարող օգտագործվել հարևան Վրաստանի դեմ: Իհարկե, եթե Վրաստանն ինքը չի նախաձեռնում հարձակում Հայաստանի վրա: Ինչպես տեսնում եք, ամեն ինչ շատ պարզ ասված է հիշատակածս փաստաթղթում: Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ներկայումս հայ-վրացական բարեկամական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա են գտնվում, որ անգամ տեղին չէ նման ենթադրություններ, կասկածներ արտահայտելը: Այնպես որ, վրաց ընդդիմադիրի նման հայտարարությունները պետք է համարել ոչ թե մեզ ուղղված, այլ Վրաստանի իշխանությանը, այսինքն, դա իրենց ներքին գործն է:

Մենք լսեցինք նաև Վրաստանի իշխանության՝  պաշտպանության և  ներքին գործերի նախարարությունների պատասխանները, որոնցում ասված է, որ Վրաստանը կարող է հանդիսանալ տարանցիկ երկիր՝ դեպի Հայաստան ուղևորվող ռազմատեխնիկայի համար: Վերջ:

-Միաժամանակ, Վրաստանի ՊՆ-ն նշեց, որ չնայած ունեն ռազնական տեխնիկայի տարանցումը թույլատրելու իրավունք, սակայն վաղուց ո՜չ Հայաստանի, ո՜չ Ռուսաստանի կողմից Վրաստանին տարանցման դիմումներ չեն ներկայացվել, ապա հատուկ շեշտվեց.ՙԱյս ընթացքում նման թույլատվություն չի եղել՚:  Հետևաբար, սա չի՞ հաստատում ԱԱԾ հայտարարության այն միտքը, թե ՙԻգլա՚ համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և տեղափոխումը Հայաստան եղել է մաքսանենգ ճանապարհով: 

-Ակնհայտ է մի բան, այն, ինչ բերվել է, պարզ է, որ օրինական չի եղել, այսինքն ակնհայտ է, որ դրա պատվիրատուն Հայաստան պետությունը չէ: Ինչպե՞ս կարող է պետությունը ընդամենը մեկ ՙԻգլա՚ համալիր պատվիրեր ու այդ մեկը անցկացներ Վրաստանի տարածքով: Բնականաբար, սա տրամաբանական չէ, քանի որ նման պայմանավորվածությունները մեկ հատի շուրջ չեն ձեռք բերվում:

Ավելին ասել չեմ ուզում, պարզապես հիշեցնեմ ԱԱԾ հայտարարությունը, ուր ասված է, որ, այո, մաքսանենգ եղանակով է Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել ՙԻգլա՚ տեսակի զենիթա-հրթիռային համալիրը: Իսկ ԱԱԾ հայտարարությանը չհավատալու հիմքեր չունեմ:

 -Իսկ կարող էի՞ն երկու, երեք անձեր նախաձեռնել նման համալիրի տեղափոխումը Հայաստան, թե՞ դա, ինչպես ոմանք են ասում, հեքիաթի ժանրից է, քանի որ ասվում է՝ ՙԻգլա՚-ն այնպիսի համարկարգ է, որը կարող էր բերել միայն երկրի պաշտպանության նախարարությունը:

-Այն կարող են նաև անձիք տեղափոխել, ինչո՞ւ ոչ, քանի որ ՙԻգլա՚-ն իր չափերով այնքան էլ մեծ չէ: Ինչ վերաբերում է մաքսանենգ ճանապարհով բերելուն, ապա այս կյանքում ամեն ինչ հնարավոր է: Ի վերջո, չենք կարող չէ՞ ժխտել աշխարհում  տարածված զենքի առևտրի փաստը: Ես չեմ ուզում այլ մանրամասների մեջ մտնել, դրա համար հղում կանեմ միայն ԱԱԾ հայտարարությանը, ուր ասվում է, որ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են միասին: Այս կապը պետք է դեռ հաստատվի, և հետագա քննությունը ցույց կտա, թե ո՞վ , ո՞ւմ հետ, ի՞նչ կապի մեջ է եղել ու իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Դրա համար եկեք այլ ենթադրություններ չանենք, սպասենք գործի ընթացքին:

-Տարբեր վարկածներ են շրջանառվում, թե ինչո՞ւ պետք է երեք անձիք, որոնց թվում հիշատակվում է Սամվել Բաբայանի անունը,  նման  համալիրը բերեին Հայաստան: Այդ զենք ցանկացած անձ կարող է՞ օգտագործել երկրի ներսում տեռորիստական ակտ իրականացնելու համար:

-Գիտեք, զենքը կարող է տարբեր նպատակներով բերվել Հայաստան, կամ որպեսզի վաճառվի, կամ օգտագործվի որևէ նպատակ լուծելու համար: Տարբերակներից մեկն էլ կարող է լինել այն, որ որպես տարանցիկ երկիր է փորձ արվել ծառայեցնել Հայաստանը, այսինքն՝ այստեղից տեղափոխել մեկ այլ երկիր: Թե ինչի՞ համար է դա բերվել Հայաստան ու ի՞նչ նպատակով պետք է այն օգտագործվեր՝ ցույց կտա քննությունը: Ամեն ինչ հնարավոր է:

Ես ընդամենը կասեմ հետևյալը, այդ համալիրը օգտագործվում է հակաօդայի պաշտպանության համար, օգտագործվում է բոլոր տեսակի՝ մեծ, թե փոքր ուղղաթիռների ու ինքնաթիռների ոչնչացման համար: Սա  համալիր է, որը կարող է փոքր՝ 6 կմ հեռավարության, 3 կմ բարձրության վրա ոչնչացնել ցանկացած թռչող օբյեկտ: Պայթուցիկ նյութի քաշը 2 կգ է ու դա բավարար է թե՜ մեծ, թե՜ փոքր չափերի ինքնաթիռ, ուղղաթիռի ոչնչացնելու համար:

Մեկ անձը կարող է հեշտությամբ օգտագործել այն՝ խփելով  ինքնաթիռ կամ ուղղաթիռ: ՙԻգլա՚-ն շատ հեշտ օգտագործվող և այդ առումով հասարակ զենք է, այն օգտագործելու համար անձից չի պահանջվում երկարաժամկետ, հատուկ զինվորական պատրաստվածություն: Այնպես որ, ցանկացած անձը, որն ունի մի փոքր պատրաստվածություն ի վիճակի է ՙԻգլա՚-ով խփել ինքնաթիռ:

Ինչ վերաբերում է տեռորիստական ակտի իրականացմանը ոչինչ պետք չէ բացառել, մանավանադ, որ մեր երկրում մենք նման նախադեպ ունեցել ենք: Տեսականորեն հնարավոր է նաև չբացառել, որ այդ համալիրը կարող է գործի դրվել ու լուծել նաև  քաղաքական նպատակներ: Բայց այս ամենը կարող է հաստատել կամ մերժել միայն քննությունը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն