Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական

Արամ Աթեշյանը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ համայնքն ու եկեղեցին, կա՛մ թուրքական պետությունը. եպիսկոպոս Մաշալյան

Մարտ 23, 2017թ. 16:29
Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին» և հայտարարել, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանն այլևս պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ համայնքն ու եկեղեցին, կա՛մ պետությունը:

«Այնպես է երևում, որ նա ցանկանում է պետության թիկունքն ունենալով շարունակել մնալ այդ աթոռին: Վիճելի է, թե որքանով այդ ամենը կհանդուրժեն ու թույլ կտան եկեղեցական օրենքները: Աթեշյանն այլևս պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ համայնքն ու եկեղեցին, կա՛մ պետությունը», – ասել է Մաշալյանը:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Ըստ եպիսկոպոս Մաշալյանի` նահանգապետարանից ուղարկված նամակը հապշտապ գրված նամակ է, որը քննարկվելու դեպքում նահանգապետարանին կարելի է հասկացնել, որ պատրիարքի տեղապահի ընտրության անցկացումն ուներ իրավական բոլոր հիմքերը:

«Այդ նամակը սխալմունքի հետևանքով առաջացած միջամտություն էր: Եթե պետությունն ուսումնասիրի առկա իրավիճակը`ձայն չի հանի մեր ընտրության վերաբերյալ», – վստահեցրել է եպիսկոպոս Մաշալյանը:

Նշենք, որ օրեր առաջ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը նամակով դիմել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` խնդրելով նրանից կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավիրած ժողովի ընթացքում կայացված որոշումներն ու հարգել համայնքային ընտրության արդյունքները:

«Ակօս»-ում հրապարակված նամակում Բեկչյանը պահանջել է Աթեշյանից այլևս չօգտագործել «պատրիարքի փոխանորդ» սահմանումն իր անվան կողքին և հայտնել է, որ Թուրքիայից իր բացակայության ընթացքում պատրիարքի տեղապահի լիազորությունները նա վստահել է Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որն էլ կկատարի դրանք:

Ի պատասխան դրա Աթեշյանն «Ակօսի» հետ զրույցում նշել էր, որ չնայած կատարված ընտրությանն ու ընտրություններում նրա կրած պարտությանը՝ «պայմանները չեն ներում» նրա հրաժարականի համար:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն