Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյան, հերի՛ք է զբաղվեք անհեթեթություններով. Արցախը քեզ լիազորագիր տվել է՞, որ այս հարցերը ՙՙբազարի՚՚ վերածես

Մարտ 23, 2017թ. 00:02
լևոն շիրինյան

Լևոն Տեր-Պետրոսյանի Հանրային հեռուստատեսության ՙՙՕրակարգից դուրս՚՚ հաղորդաշարին  տված իր հարցազրույցում,  որտեղ նա ներկայացնում է արցախյան հիմնախնդրի լուծման իր տեսակետներն ու  առաջ մղում  20 ամյան իր հայտնի թեզը, այն է՝ տարածքներ խաղաղության դիմաց, հակազդեցության հզոր ալիք է առաջացրել մեր հանրային, քաղաքական շրջանակներում: Խնդրի շուրջ զրուցեցինք քաղաքագետ, պրոֆեսոր  ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ

Ազատագրված շրջաններ՝ խաղաղության դիմաց. սա է Լևոն Տեր-Պետրոսյանի արցախյան հիմնախնդրի լուծման փիլիսոփայությունը, որով նա իր քաղաքական թիմին այսօր մղել է նախընտրական քարոզարշավի: Ինչպե՞ս կարձագանքեք նրա կողմից ժամանակ առ ժամանակ առաջ քաշվող այս դիրքորոշմանը:
-Ապրիլյան դեպքերից հետո Ալիևը հանդիպելով ադրբեջանցի սահմանամերձ բնակչության հետ ասաց, թե իրենք ոչ մի զիջման, փոխզիջման չենք գնա, որ մի քանի շրջաններ տալով հարցը չի լուծվելու, որովհետև իրենք՝ ՙԷրիվանն էլ են ուզում՚: Պատկերացնո՞ւմ ենք, այդ մարդը որքան է կորցրել իրեն, ուղղակի ցնդել է, որ նման հայտարարություն է անում: Հիմա հարց եմ տալիս Լևոն Տեր-Պետրոսյանին. եթե Ադրբեջանն անգամ չի ուզում այդ շրջանները և երազում է հասնել Երևան, ինքը ի՞նչ է պատրաստվում հանձնել: Խաղաղությունը չեն մուրում, այն ոչ էլ ուզելով է լինում, դրա համար կա հայտնի բանաձև՝ պատրաստվիր պատերազմի՝ կունենաս խաղաղություն: Ես սա կասեմ ի պատասխան  տերպետրոսյանական այդ անհասկանալի թեզին:
-Տեր-Պետրոսյանի խոսքով՝ ՙՙխնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ, այլ մեր և աշխարհակարգի միջև է՚՚. ի դեպ, միջազգային հանրության փոխարեն օգտագործելով աշխարհակարգ բառը ի՞նչի մասին է ակնարկում նա, ո՞վ է այդ աշխարհակարգը, որ ելել է մեր դեմ:
-Նրա փիլիսոփայությունը տվյալ պարագայում սխոլաստիկան է, նա զբաղված է սոփեստությամբ: Կա համաշխարահային հանրություն, որն, իհարկե, իր հարցերն ունի, բայց դրանք երկրորդական են, իսկ մեր կռիվը հենց Ադրբեջանի հետ է: Կրկին կոնկրետ հարց եմ ուղղում սոփեստության հեղինակ Տեր-Պետրոսյանին. Շուշիի Ստեփանակերտի, Խոջալուի վրա ռումբ գցողը աշխարհակարգն է՞ր, Արցախում կռվողը ադրբեջանցիներն էի՞ն, թե՞ աշխարահակարգի քաղաքացիները՝ անգլիացին, ֆրանսիացին, հայկական ուղղաթիռը խոցողը ո՞վ էր, ապրիլյան պատերազմում հայ զինվորների դիակները վայրենաբար խոշտանգողը աշխարհակարգն է՞ր:

Լևոն Տեր-Պետրոսյա՛ն, հերի՜ք է զբաղվեք նման անհեթեթություններով: Եթե խնդիր ունես լուծելու, այն է՝ խորհրդարան անցնել ես ուզում, ուրեմն վաստակիր ժողովրդի վստահությունը, նրա մոտ հեղինակություն ունեցիր ու անցիր, բայց ոչ այս ձևով:

Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդին խաբել է, դա փաստ է, նա արցախյան խնդրով դարձավ նախագահ, ո՞վ էր Տեր-Պետրոսյանը, ո՞ւմ շունն էր, որ դառնար Հայաստանի նախագահը, եթե չլիներ արցախյան խնդիրը նա այդպես էլ կմնար գիտքարտուղարի պաշտոնում, ու կվերջանար: Բայց Արցախով եկավ իշխանության, իսկ հետո սկսեց ամեն կերպ ձերբազատվել Արցախից: Ի հեճուկս իրեն, մեր ժողովուրդն անկախություն հռչակեց, դիմացավ այդ տարիների տառապանքներին ու տասնյակ հարզարավոր զոհեր տվեց՝ հանուն Արցախի ազատագրման, դեռ մնացած մեր հողերն էլ պետք է ազատագրենք: Իսկ Տեր- Պետրոսյանի՝ ՙՙպայքար, պայքար մինչև վերջը՚՚ վերջացավ Խանջյանի բնակարանը զավթելով: Հիմա էլ խնդիր ունի իր թիմին՝ ՀԱԿ-ին խորհրդարան մտցնելու և ակնկալում է, որ համաշխարահային հանրությունը կօգնի այդ հարցում իրեն, որպեսզի գնա խորհրդարան ու այնտեղ խաղաղությունը ՙՙբազարի՚՚ վերածի:
ՀԱԿ նախագահը լավատես է, ըստ նրա, ԼՂ հարցը շատ շուտով լուծվելու է և իր լավատեսությունը պայմանավորում է ռուսական գործոնով, որը չի կարող հանդուրժել իր թիկունքում պայթյունավտանգ իրավիճակ: Ասելով, թե բանալին Ռուսաստանի ձեռքում է, պատվեր է՞ կատարում ՀԱԿ նախագահը, ինչպես 2008-ին էր կատարում, երբ միջազգային հանրությանը դիմելով ասում էր՝ ինձ որպես գործիք օգտագործեք: Սա նույն խաղն է՞:
– Գոնե արժանապատիվ խաղ խաղար, բայց փողոցում կանգնելն ու առաջարկ անելը չի կարող արժանապատիվ համարվել: Նա գնում է այդ ճանապարհով: Փաստորեն՝ Տեր-Պետրոսյանը գիտի, որ, ինչպես ինքն է ասում, ՌԴ-ն ներքաշված լինելով տարածաշրջանային խնդիրների մեջ, չի կարող հանդուրժել, որ Անդրկովկասում լարվածության օջախ լինի և հիմա ամեն կերպ ուզում է լուծել ԼՂ խնդիրը: Ուրեմն, Տեր-Պետրոսյանը մտածում է՝ Պուտինին գործիքակազմ է հարկավոր, դե, ինքն էլ, քանի որ ազգային տեսակետ չունի, կարող է դառնալ ամենահարմար գործիքը: Եթե ինքը ուզում է գործիք լինել, դա իր գործն է, թող իր թիմով գործիք մնալ: Բայց իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից:

Ես հիմա իմ ժողովրդին առաջարկում եմ՝ ապրիլի 2-ին ձայն չտալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, այդ ուժն իրականում խաղից դուրս է, և արդար ընտրությունների դեպքում չի անցնելու խորհրդարան: Տեսեք, թե ովքե՞ր են մասնակցում նրանց քարոզարշավին, մարդ չկա:
– Տեր-Պետրոսյանի տրամաբանությամբ Հայաստանն ու Արցախը պարտադրված են ընդունել սեղանին դրված մադրիդյան սկզբունքները, քանի որ այլ ճար չկա, ասում է՝ սրանից բացի այլ լուծում չկա: Չնայած, դրանով իսկ անգամ ինքը չի թաքցնում, որ սա վտանգավոր փաստաթուղթ է հենց նրանով, որ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը թողնված է անորոշ ժամանակների:
-Ո՞վ ասաց, որ մադրիդյան սկզբունքներ կոչվածն անպայման պետք է շարունակվի: Ո՞վ ասաց, որ ճար չունենք, բա ինչո՞ւ ենք պահում սահմանը: Միջազգային իրավունքի տեսության մեջ Վ. Վիլսոնը կարծում էր, որ ինքնորոշման իրավունքն ավելի բարձր կարգավիճակ ունի, քան տարածքային ամբողջականությունը: Նա ասում էր՝ ժողովրդին չի կարելի հանձնել հողին: Եվ այդ մոտեցումը այսօր միանշանակորեն ընդունելի է: Հիմա, երբ մի կողմն ընդհանրապես չի ճանաչում արցախահայության որևէ իրավունք, նաև ազատագրության իրավունքը, ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը թուրքական տեսակետը դրել մեր դիմաց ու մեզ հետ կռիվ է տալիս: Բայց չէ՞ որ մեր ժողովուրդը իր արյամբ, պատերազմով է նվաճել ազատագրության իր իրավունքը՝ ի հեճուկս հենց նույն Տեր -Պետրոսյանի:

Հաջորդը, մադրիդյան սկզբունները պատերազմի բանաձև են, քանի որ նրանում և ինքնորոշման իրավուքն է դրված, և տարածքային ամողջականությունը: Ինչո՞ւ են միջնորդները դրանք ամրագրել փաստաթղթում, որպեսզի կարողանան կառավարել խնդիրը արտաքին դաշտից՝ ոչ ավելի: Ուրեմն, հայկական կողմի խնդիրը պետք է լինի այս փաստաթղթից հնարավորինս արագ դուրս գալը, այն մերժելը: Այս մասին պետք է խոսել, ոչ թե Տեր-ՊԵտորսյանի պես ասել, թե էլ ուրիշ ճար չկա , դրան պետք է համաձայնվենք ու վերջ:
Հարց եմ ուղղում նրան. ինչո՞ւ ժամանակին իր ղեկավարած ԱԳՆ-ն չի ընդունել 1960-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած հատուկ բանաձևը՝ ՙՙԳաղութացված պետություններին ու ժողովուրդների ազատություն տալու մասին՚՚: Սրանով ազատությունն ստացավ Աֆրիկան, Ասիան: Հայաստանը պետք է դուրս գալ մադրիդյան սկզբունքներից ու միանա ՄԱԿ-ի այս բանաձևին:
Մյուս հարցս, Լևոն Տեր-Պետրոսյա՛ն, Արցախի իշխանությունը քեզ լիազորագիր տվել է՞ այս հարցերը ՙՙբազարի՚՚ վերածելու համար: Ո՞վ ես, որ խոսում ես արցախահայության անունից: Եթե Արցախը տվել է նման լիազորագիր, չնայած դա անհնար եմ համարում, ուրեմն մենք էլ կասենք՝ բա ինչո՞ւ եք մեզ կոչ անում, թե եկեք Արցախը պաշտպանենք:
Այն պահին, երբ աշխարհն է խոսում ադրբեջանական նավթի պաշարների ավարտի մասին, երբ այդ երկրի գլխին ամպեր են կուտակվում, նաև ներքին դաշտում՝ էթնիկ առումով, Լևոնը խոսում է հայկական կողմի զիջումների մասին:
-Խոսում է, որովհետև  Ադրբեջանը նրան ասում է՝ շուտ արա, ժամանակ չկա, մինչև մեռնելդ Արցախը պետք է վերադարձնես: Բայց Արցախը ոչ իրենն է, ոչ Պուտինինը, ոչ էլ մեկ ուրիշինը, Արցախը հայ ժողովրդի հավաքական սեփականությունն է: Ապրիլյան պատերազմում տեսանք չէ՞, որ մեր ժողովուրդը, ամենաբոբիկն անգամ, ճանապարհ էր ընկնում Արցախը պաշտպանելու: Սիսիանի 7-րդ դասարանցիներն ասում էին՝ գնում ենք մեր ախպերնեին օգնելու: Ուրեմն, մեր ժողովուրդը թքել է մարդասպան խաղաղության վրա:

Լևոն Տեր- Պետրոսյանի այս հայտարարությունից հետո ենթադրում եմ մեզանում կարող է լուրջ բացասական ռեակցիա առաջանալ: Նա հրահրում է ՙՙՍասնա ծռերի՚՚ նման մի նոր ապստամբություն, մի նոր ընդվզում, քանի որ հայ ժողովուրդը ապրիլյան պատերազմում վերստին ապացուցեց, որ չի կարող նման բան լինել, որ ինքն իր հայրենիքի համար կկռվի մինչև արյան վերջին կաթիլը:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն