Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Կոչ ենք անում՝ անհարկի չլարել իրավիճակը ու չքաղաքականացնել

Մարտ 19, 2017թ. 16:13
Արտակ Զաքարյան

Հարցազրույց ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը և ինչո՞ւ պետք է ընտրողը ձայնը տա ՀՀԿ-ին և ոչ մեկ այլ քաղաքական ուժի կամ դաշինքի:
– Ազգային ժողովի հերթական ընտրություններն այս անգամ անցկացվելու են նոր ընտրական համակարգով, որում, ըստ էության, կան նորամուծություններ, կա մի նոր երևույթ, ինչը կոչվում է ներկուսակցական պայքար: Այն բավական հետաքրքրիր դրվագներ է իր մեջ պարունակում, և ես կարծում եմ, կուսակցությունների, քաղաքական դաշինքների կայացման համար լավ նախադրյալներ ու հիմքեր են այսօր ստեղծվում:
Բացի այդ, հասարակությունն ունի ընտրության լայն հնարավորություն, կարող է ընտրություն կատարել և՛ կուսակցությունների միջև, և՛ կուսակցության ներսում՝ ընտրելով իր համար նախընտրելի պատգամավորության թեկնածուին: Հուսանք, որ այս նախընտրական պայքարը, որում երբեմն թեժ, երբեմն անթույլատրելի դրվագների ենք ականատես դառնում, այնուհանդերձ հիմնված կլինի քաղաքական ուժերի, թեկնածուների ծրագրերի, մոտեցումների և գաղափարների միջև ծավալվող պայքարի վրա:
Ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը տա ՀՀԿ-ին, այս հարցին մենք ունենք բազմաթիվ հիմնավորումներ: Բերեմ դրանցից մի քանիսը. ՀՀԿ-ն յուրաքանչյուր ընտրության գնում է իրատեսական ու առավել փորձված թիմով, գնում է քաղաքական մեծ բազայով, ընտրությունից ընտրություն մեզ համար էլ ավելի ճանաչելի, խորքային առումով ավելի հասկանալի են դարձնում մեր ընտրողների իրական խնդիրները, ի վերջո, ամեն ընտրության մենք գնում ենք մեր երկրի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվությամբ:
Իհարկե, այսօր դաշտում կան նաև այլ քաղաքական ուժեր, որոնք ևս երկար տարիների քաղաքական փորձ ունեն, բայց նրանք չունեն այն փորձառությունը որպիսին ունի ՀՀԿ-ն, չունեն հասարակական լիարժեք վստահություն, ինչը կարող է նրանց բերել իշխանության:
Իհակե իշխանական ուժին նաև ուղղվում են որոշակի դժգոհություններ, դրանք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հիմքեր: Կան մարդիկ, որոնք բավարարված չեն իշանության կայացրած քաղաքական որոշումներից կամ դժգոհ են տնտեսական, սոցիալական վիճակից, այնուհանդերձ, պետության զարգացման 25 տարիները ցույց են տվել, որ ՀՀԿ-ն կարողացել է իրատեսական, հավասարակշռված որոշումներ կայացնել՝ հիմնական շեշտը դնելով ոչ թե պոպուլիզմի վրա, այլ պետության անվտանգության հաստատման, պետական ինստիտուտների կայացման վրա:
Լիբերալ՝ մարդակենտրոն կամ ազատական հայացքներ ունեցող մեր քաղաքական հակառակորդ ուժերը ևս ունեն իրենց մոտեցումները, ինչը ողջունելի է, և նպաստում է քաղաքական դաշտի բազմաշերտ, բազմազան լինելուն: Բայց այսօր մեր պետության համար շատ կարևոր է ազգային պահպանողականությունը ու պետության հիմքերն ամրացնող քաղաքական այն գիծը, որին դավանում է ՀՀԿ-ն: Մենք վստահ ենք, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունն աջակցելու է մեզ որպեսզի կարողանանք իրականացնել մեր քաղաքական ծրագրերը՝ ի նպաստ մեր պետության և մեր քաղաքացու անվտանգության: Իսկ մեր տնտեսական ծրագրերը մշտապես եղել են իրատեսական, երբեք չենք խաբել մեր ընտրողին, չենք տվել անիրատեսական խոստումներ, չենք ստեղծել սպասումների պատրանք, որպեսզի նաև մարդկանց մոտ չառաջացնենք հիասթափություն: Մինչդեռ ի տարբերություն ՀՀԿ-ի, ընտրապայքարում այսօր կան պոպուլիստ քաղաքական ուժեր, որոնք աչքները փակ միայն խոստումներ են տալիս մարդկանց: Սա ՀՀԿ-ի համար խորթ ճանապարհ է:
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ջրառատ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները համարում են ֆեոդալ գյուղապետերի ձեռքի գործ ու պահանջում իշխանությունից պատժել մեղավորներին, որպեսզի չկրկնվեն նոր միջադեպեր և ապրիլի 2-ին չունենանք այդ նույն ֆեոդալների ձեռքով կեծված ընտրություններ:
– Մեզ համար գերխնդիր է անբիծ, մաքուր ու իրավական չափորոշիչներին համապատասխան ընտրության անցկացումը: Որևէ գյուղապետ, որևէ թաղային կերպար կամ հանցագործ տարր չի կարող ստվերել ընտրական գործընթացը: Ես նաև պետք է ասեմ, որ շատ դեպքերում ընդդիմադիր կուսակցությունները կամ նրանց աջակցող ուժերն են հրահրում նման երևույթներ որպեսզի մեր ընտրական գործընթացներում լարվածություն ստեղծեն, ամեն ինչ անում են ներազդելու հասարակական կարծիքի ձևավորման վրա, որպեսզի մարդիկ ասեն՝ տեսա՞ք ինչ եղավ, հերթական անգամ մեզ չի հաջողվի իրականացնել արդար ընտրություն: Ու այսօրվանից սկսած որոշ ընդդիմադիրներ ՙեփվում են՚ հետընտրական զարագացումներ սրելու համար, որպեսզի պատճառաբանեն իրենց հնարավոր պարտությունը: Անթույլատրելի է, երբ փորձում են քրեական արարքի հետևում քաղաքական ենթատեքստ դնել ու շահարկել: Ես սա համարում եմ խիստ մերժելի երևույթ ու այստեղ եմ տեսնում ընդդիմության որոշ շրջանակների վտանգավոր գործելաոճը:
Մենք պետք է ապահովենք համերաշխ մթնոլորտ, որպեսզի ունենաք խաղաղ ընտրական ու հետընտրական գործընթաց, որպեսզի դրա արդյունքում ձևավորենք իրավական հիմքի վրա խարսխված խորհրդարան: Մենք դատապարտում ենք ցանկացած հանցագործություն ու քաղաքական ուժերին կոչ ենք անում անհարկի չլարել իրավիճակը, հակադրություններ չփնտրել, և եթե տեղի են ունենում անթույլարելի երևույթներ՝ դրանք չքաղաքականացնել:
-Գրեթե բոլոր ընտրություններում ի հայտ են եկել արջի ծառայություն մատուցողներ, որոնց քայլերից առաջին հերթին տուժել է հենց իշխանությունը: Ի՞նչ եք անում նման անպատասխանատու անձանց քայլերը կանխելու համար:
-Ձեզ հետ համամիտ եմ, ցավոք, նաև մեր ներսում կան նման անհատներ, որոնք ուղղակի լավ չեն պատկերացնում քաղաքական գործընթացները, հաշվի չեն առնում, որ իրենց ոչ ճիշտ քայլերից կարող են բխել ոչ ճիշտ զարգացումներ: Սա մերժելի երևույթ է: Այո, մենք պետք է կանխենք նմանների քայլերը: Եվ ՀՀԿ-ն այսօր շատ լուրջ ուշադրություն է դարձնում իր ներսում տեղի ունեցողին, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում ու ընդունելի լինի բոլորի կողմից:

-ՙՙՀաց բերող՚՚ անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահը ցնցել է մեր ժողովրդին: Ու բնականաբար, հարց է հնչում՝ կպատժվե՞ն այն անձինք, որոնք ականջալուր չեղան հնչող ահազանգերին, որ մարդը վատառողջ է ու բանտային ռեժիմը կարող է կյանք արժենալ, և պնդում էին, թե Արթուրի առողջական վիճակը բավարար է և նա դեռ կարող է մնալ կալանքի տակ: Արդյոք Արդարադատության նախախարարությունը չունի իր բաժին մեղքը:
-Կատարվեց ցավալի դեպք: Հանրության վրդովմունքը հասկանալի է: Բայց ինձ դատավորի, ոչ էլ քննչական գործողությունների ուսումնասիրություն արած անձի դեր մի վերագրեք: Ես չեմ կարող հիմա իրավական առումով գնահատական տալ: Փոխարենը պետք է հորդորեմ բոլորին՝ գործընթացները չքաղաքականացնել ու դրա հիմա վրա հանրային բացասական տրամադրություն չձևավորել: Քաղաքական ցանկացած ուժի կողմից արվող յուրաքանչյուր շահարկում անթույլատրելի է, դա ոչ մեկին պատիվ չի բերում: Չի կարելի կատարվածից քաղաքական դիվիդենտներ շահե: Եթե տեղի ունեցածն անգործության հետևանք է, ապա պետք է հանգել համարժեք իրավական հետևության, ցանկացած դժբախտ դեպք պետք է ստանա իր մասնագիտական գնահատականը՝ քրեական ու վարչական օրենսգրքերի շրջանակներում: Ու եթե պարզվի, որ որոշ շրջանակների անգործության արդյունքում է մարդը կորցրել իր առողջությունը, ինչն էլ հանգեցրել է մահվան, իհարկե, պետք է լինեն պատասխանատվություն կրող անձինք: Կատարվածին պետք է տրվի միմիայն իրավական գնահատական, բայց ոչ քաղաքական:
Հանձին Ադրբեջանի ունենք հարևան, որը 20 տարի շարունակ իր ներսում դաստիարկում է հակահայ սերուդ, որի դասագրքերում ոչ միայն Արցախը, այլև Երևանն է իրենցը, երկիր որի զինվորները հերոսանում են 90-ամյա հայ ծերունիներին խոտանգելու համար, շարքը կարելի է շարունակել: Հիմա այս ֆոնին ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի խաղաղության քարոզը, ինչն առաջացրել է սահման պահող զինվորի վրդովմունքը, ասում են՝ մենք մեր հայրենիք ենք պաշտպանում, իսկ մի ուժ ելել ու զիջումներից է խոսում:
-Լիովին հասկանալի է այդ վրդովմունքը: ՀՀԿ-ն էլ է խաղաղության ձգտում, մենք պատերազմի ուժ չենք, ոչ էլ պատերազմի քարոզիչ, հակառակը, հենց ՀՀԿ-ն է խաղաղության ամենամեծ ջատագովը: Իսկ խաղաղության ձգտման մեր պատկերացումը խարսխված է հետևյալ գիտացման վրա՝ պետք է ամեն պահ պատրաստ լինել պատերազմի: Խաղաղության հասնելու մեր պատկերացրած ճանապարհը Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Դա այն արժանապատիվ բանակցային գործընթացն է, որտեղ լիարժեք ապահովված կլիեն ԱՀ-ի շահերը և մասնակցությունը բանակցություններին որպես լիարժեք կողմ: Խաղաղության ձգտելով՝ մենք պետք է հասնենք մեր վերջնական նպատակին, իսկ դա այն է, որ Ադրբեջանը վերջնականապես ճանաչի ու բարձրաձայնի Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը և ընդունի ԱՀ-ն որպես լիաժեք կայացած պետություն է: Մեր պատկերացրած խաղաղության ճանապարհն անցնում է այս ամենի միջով, հանուն որի մենք 25 տարի պայքարել ենք, սա մեր անվտանգության երախիքն է: Ի վերջո, ճանաչել Արցախի Հանրապետության կայցվածությունը որպես փաստ ինքնին տարածաշրջանային խաղաղության երախիք է:
Հետևաբար, այս երաշխիքներից դուրս խոսել թվացյալ խաղաղության մասին, խոսել հնարավոր զիջումների կամ փոխզիջումներից՝ ճիշտ չէ՞, տրամաբանաակն չէ:
Գիտեք ես այդ ուժին չեմ քննադատում նրա համար, որ իրենք խաղաղություն են ուզում, բայց ես քննադատում եմ թվացյալ խաղաղության մասին նրանց քարոզը, ես քննադատում եմ նրանց առաջարկած լուծման ճանապարհը:
Հայաստանին հաջողվեց Մոսկվային ու Բրյուսելին հասկացնել, որ մեր ՙև…և՚-ի քաղաքականությունն արդարացված է, հասկացնել, որ Հայաստանը չի կարող լինել միայն մեկ ինտեգրման ձևաչափում: Սակայն այսօր քարոզարշավի ելած ուժերից մեկը՝ ՙԱզատ դեմոկրատները՚ հայտարարում են, թե հաղթելու դեպքում իրենց առաջին քայլը կլինի Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս բերելը և դեպի ԵՄ, ՆԱՏՕ տանելը: Մեր երկրի համար վտանգավոր չե՞ն նման հայտարարությունները:
-Գոյություն ունեցող մարտահրավերների իրողության պարագայում, բնականաբար, Հայաստանի համար ՙև…և՚-ի արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս հավասարակշռել տարածաշրջանային շահերը, թույլ է տալիս երկրի ներքին կյանքում ապահովել բարենպաստ միջավայր՝ բարեփոխումներն առաջ տանելու հարցում, թույլ է տալիս լավ գործընկերներ ունենալ Արևմուտքում: Միաժամանակ, թույլ է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ քայլել համաչափ, թույլ է տալիս լինել ԵԱՏՄ լիիրավ անդամ և տնտեսական հաշվարկներ իրականցնել հենց այդ հսկայական շուկայից օգտվելու համար: Թույլ է տալիս խոսել էներգետիկ երկարատև ծրագրերից և լինել տարածաշրջանային կապող հանգույց Իրանի, սևծովյան ավազանի և ԵԱՏՄ միջև՝ ներգրավելով Վրաստանին որպես գործընկեր ու հարևան պետություն: Ու ես զարմանում եմ, որ մեզանում կան քաղաքական ուժեր, որոնք լայն հնարավորություններն ուզում են փոխարինել նեղ հնարավորությամբ: Այդ դեպքում ես մտածում եմ, որ այդ մարդիկ նեղ աշխարհայացքի և նեղ շահերի պաշտպանության տիրույթում են, ինչն, իհարկե, չի բխում Հայաստան երկրի ու ՀՀ քաղաքացու շահերից:
Այսինքն, այդ քաղաքական ուժն իրականացնում է դրսից թելադրվող քաղաքականությո՞ւն:
-Ես չեմ ուզում նման կասկածներ հայտնել, բայց կասեմ միայն հետևյալը. այդ քաղաքականությունը, թե մի ինտերգրացիոն ձևաչափից պոկվենք ու գնանք մյուս ճամբար, չի բխում մեր քաղաքական ու արժեքային շահերից: Դա առհասարակ վտանգավոր քաղաքականություն է: Եվ ՀՀԿ-ն թույլ չի տա, որ մեր երկրում լինեն նման վայրիվերումներ, քանի որ այն կլինի մեր երկրի դեմ ուղղված սպառնալիք: Չի կարելի նման անհեռատես, անհեռանկար քաղաքականություն իրականացնել այն դեպքում, երբ այսօր արդեն մեր եվրոպացի գործընկերներն են մեզ ասում՝ կեցցե՜ք դուք, կարողացաք ապացուցել ու բոլորիս ցույց տալ, թե ո՞րն է արևելյան գործընկերության լավագույն մոդելը: Իսկ դա ՙև…և՚-ն է, որը հիմա Արևելյան գործընկերության երկրների համար կարող է դառնալ ուղենիշ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն