Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ հասկանանք՝ ընտրակաշառքով երկրում հարցեր չեն լուծվում

Մարտ 15, 2017թ. 15:19
Կարեն Քոչարյան

Հարցազրույց քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
Ի՞նչ դեր ունեն քաղտեխնոլոգիաներն այսօր ընթացող քարոզարշավում, քաղաքական ուժերն ու դաշինքները կարողանում ե՞ն գրագետ քարոզարշավ իրականացնել՝ օգտվելով այդ տեխնոլոգիրաներից, թե՞ դրանք երկրորդական պլան են մղված:
-Չէ, անտեսված չեն, ավելին, մեր երկրում միշտ էլ տեխնոլոգիաներ օգտագործվել են: Այլ հարց է, արդյոք բոլորն ե՞ն օգտագործում, և ինչպիսի՞ արդյունավետությամբ: Նախորդ տարիների ընտրություններում տարբեր քաղաքական ուժեր բավականին արդյունավետ օգտվել են քաղտեխնոլոգիայից: Եթե մի քիչ հեռվից գանք՝ 2003-ից, բավական արդյունավետ աշխատեց ՕԵԿ-ի պոպուլիզմը, իսկ 2008-ին՝ ՀԱԿ-ի տեխնոլոգիան, երբ քարոզարշավի մասնակից դարձրեց երիտասարդությանը, ովքեր չէին հիշում Լևոն Տեր-Պետրոսյանին, ու իրենց համար այդ ընթացքում նա նորություն էր: Մինչդեռ այսօր իրավիճակն այլ է. Արթուր Բաղդասարյանի ներկայիս պոպուլիզմը ոչ թե հոգնեցրել է, այլ զզվացրել է, և ոչ մեկի վրա այն չի ներգործում: Քաղաքական ուժերը դա պետք է հասկանան ու թարմություն մտցնեն իրենց գործելաոճում:

Նոր ուժ է <<Ազատ դեմոկրատները>>, նրանց ոչ այնքան տեխնոլոգիա են կիրառում, որքան իրենց որդեգրած դիրքով են առանձնանում: Ի սկզբանե իրենց ընտրազանգվածին հասկացրին, որ իրենք միակ արևմտամետ ուժն են: Չնայած Ելք-ն էլ է արևմտամետ, բայց նրանց մոտ որոշակի լղոզվածություն կա: Իսկ Ազատ դեմոկրատները շատ հստակ ասում են՝ ուզում ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից ու մտնել ԵՄ, ՆԱՏՕ: Կա երիտասարդ սերունդ, որն այդ ուժի թիրախն է ու որքան շատ կարողանան այդ թիրախին տանել իրենց հետևից, այնքան շատ ձայն կշահեն:

Ինձ առանձնապես հետաքրքրում է  <<Ելք>> դաշինքի տեխնոլոգիան: Խորհրդային ժամանակներում մի հետաքրքիր կինոնկար կար, կոչվում էր Бронзовая птица: Այսօր այդպես քայլում է Նիկոլ Փաշինյանը` հետևից տանելով երիտասարդներիn: Փաշինյանը բարձրախոսով ասում է՝ Ելք կա, երիտասարդներն արձագանքում են՝ Ելք կա: Սա բավականին լավ աշխատող տեխնոլոգիա է: Հիշում ենք, նաև Րաֆֆի Հովհաննիսյանի բարև-ի տեխնոլոգիան լավ աշխատեց: Սրանք բոլորը արևմտյան տեխնոլոգիաներ են: Բայց կան այնպիսիք, որոնք պայմանավորված մեր մենթալիտետով՝ կարող են լավ աշխատել, կամ չաշխատել:
-Ինչո՞ւ ենք օտարների ստեղծած քաղաքական տեխնոլոգիաները ներմուծում, ի վերջո, տարբեր են քաղաքական իրողությունները, կան ազգային մենթալիտետի առանձնահատկություններ, սա հաշվի առնելով պետք չէ՞ հայկականը մշակել, ինչը շատ ավելի արդյունավետ կդարձնի ընտրական քարոզարշավը:
-Այդ առումով. Հովհաննիսյանի բարև-ը, որքան էլ այն համարվում է ներմուծված, մեզ շատ հոգեհարազատ է, քանի որ մենք շփվող ազգ ենք: Այնպես որ, սա զուտ արևմտյան չէ, հենց հայկական է, պարզապես վերհիշել ենք: Մեր ժողովուրդը սիրում է շփումը, մեր գենում դա կա: Տեսեք, թե ո՞նց են ընդունում Կարեն Կարապետյանին: Իշխանությունն այնքան չի շփվել ժողովրդի հետ, որ վերջինս դրա կարիքը շատ ունի, ուզում է լսելի դառնալ իշխանության համար: Եվ սա լավ առիթ է: Ու այդ առումով բավականն հետաքրքիր քաղտեխնոլոգիա է օգտագործում իշխանությունը: Թերևս որոշ հանգամանքներով պայմանավորված, մասնավորաբար, իշխանության ցածր վարկանիշով, ՀՀԿ-ն որոշեց դիմել նոր տեխնոլոգիայի կիրառման, որը շարունակում է շատ լավ աշխատել: ՀՀԿ-ն առաջ է մղել նոր մարդկանց, հիմնական բեռը դրվել է մի մարդու վրա, որն ունի բավականին բարձր վարկանիշ, չնայած ՀՀԿ ցուցակում նա չկա. խոսքս Կարեն Կարապետյանի մասին է: Նրա հետ հարթակին երևում է նաև ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Ու վերջ, մյուսները ՀՀԿ-ի քարոզարշավում ընդգրկված չեն:

Կա հետաքրքիր հանգամանք ևս, ինչը կարծում եմ, նախապես ուսումնասիրված է եղել: Որքան էլ ասում ենք, որ մենք անցում են կատարել խորհրդարանական համակարգի, սակայն գոյություն ունի ազգի մենթալիտետ, ինչը թելադրում է լիդերի կարևորություն: Մեր ժողովուրդն ուզում է տեսնել թագավոր, Կենտկոմի քարտուղար, նախագահ, ոնց ուզում եք անունը դրեք: Տվյալ պարագայում ժողովուրդն ուժեղ վարչապետ է ուզում տեսնել: Այսօր ՀՀԿ-ի ներկայացրած վարչապետը, ի տարբերություն մյուսների, իսկ ոմանք առհասարակ վարչապետի թեկնածու չեն ներկայացրել, բավականին լավ դերում է: ժողովուրդը լիդեր է ուզում ու հասկացել է, որ չեն լինելու նախագահական ընտրություններ և հենց հիմա էլ լուծվելու այդ հարցը: Եվ մարդիկ գնում են վարչապետ ընտրելու: Կարող ենք ասել, որ իր քարոզարշավով ՀՀԿ-ն շահող դիրքերում է:Կարեն Կարապետյանի շփման ձևը, ազատությունը, ջերմ, մտերմիկ պահվածքը, որն արևելյան է, երիտասարդներին շատ է գրավում: Նա ուղիղ շփման է գնում, ավելի շատ հաղորդակցվող է: Եվ կշահի այն ուժը, որի լիդերը կլինի ներկայանալի անձ:
-Իսկ ի՞նչ լիդերներ են երևում դաշտում:
– Տեսեք, ՀՀԿ-ն ներկայացնում է Կարեն Կարապետյանը, Ելք-ը՝ Նիկոլ Փաշինյանը, Ծառուկյան դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Կան մարդիկ, որոնք ընկալվում են որպես բարարար, կամ լավ հռետոր, բայց հասարակությանը պետք է, որ նրանք ընկալվեն որպես առաջնորդներ: Այդպիսին վարչապետն է:
ՕՐՕ դաշինքում լիդերի դեր ստանձնած Սեյրան Օհանյանը հասցրե՞ց այս կարճ ժամանակահատվածում ընկալվել որպես քաղաքական գործիչ, հետևաբար՝ քաղաքական առաջնորդ:
-Սեյրան Օհանյանը եղել է հարգված զինվորական, ՊՆ նախարար, մարդ, որը կռվել է Արցախում, կորցրել իր առողջությունը: Բայց քաղաքականության մեջ Օհանյանը, չգիտեմ, բարեբախտաբար, թե ցավոք, չի կայացել: Ի՞նչ կլինի՝ ժամանակը ցույց կտա: ԲԱյց դրբաից քարոզարաշվը կտուժի, քանի որ այնտեղ կան խնդիրներ: Օհանյանն ունի քաղաքական գործունեության փորձի պակաս, կա Հովհաննիսյանը, որն այս պահին չի երևում, անգամ Հայաստանում չէ, նա մարդ է, ով ունի աղոթողի <շլեյֆ>, որը վատ է անդրադառնում ՕՐՕ-ի հեղինակության վրա: Օսկանյանը փորձում է ինչ որ բան անել, նրա մոտ ստացվում է, նա քաղաքական գործիչ է, բայց քանի որ ՕՐՕ-ն որպես առաջնորդ ընտրել ու առաջ է մղել Օհանյանին՝ տուժում է քանի որ վերջինս չի ընկալվում որպես քաղաքական գործիչ: Չի ընկալվում նաև ՕՐՕ-ի ռադիկալ դիրքերից հանդես գալը: Իսկ վերջին օրերին նկատելիորեն ավելացավ ագրեսիան: Դա նշմարվում է նրանց տոնայնության և խոսքերի մեջ: Ես չգիտեմ, թե դա իրենց որքանո՞վ օգուտ կտա: Եթե Ելք-ը հանդես գար ռադիկալ դիրքերից՝ կընկալվեր, Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ եղել է այդ դաշտում, երբևէ իշխանության մեջ չի եղել, իշխանավորների հետ կոնյակ չի խմել, իրար նվերներ չեն տվել ու առել, և այլն: Բայց երբ դա անում են ուժեր, որոնք երեկ չէ առաջին օրը եղել են իշխանության մեջ, եղել են իշխանության հետ, ու հիմա քլնգում են այդ նույն իշխանությանը՝ ժողովուրդը չի ընկալելու:
-Իսկ ՙԾառուկյան դաշինքի՚ լիդեր Ծառուկյանն ընկալելի՞ է, մարդ որն ասում է՝ մի քաղաքականացրեք քարոզարշավը, և հայտարարում, թե քաղաքականության մեջ ինքը չկա:
-Ասել՝ չքաղաքականացնեք քարոզարշավը՝ դժվար է դա անգամ պատկերացնելը: Բա ի՞նչը քաղաքականացնել այս երկրում, ի՞նչը պետք է լինի քաղաքական, եթե ոչ նախընտրական արշավը: Իմ խոսքն ուղղված է առհասարակ բոլոր նրանց, ովքեր քաղաքականության շղարշի տակ փորձումեն զբաղվել ամեն ինչով, բացի քաղաքականությունից: Իսկ Գագիկ Ծառուկյանն ընկալվում է որպես բարերար, փողի, սերմերի ՙմեշոկ՚, նրանից ընտրողն ունի տարբեր սպասումներ: ԲԱյց դրանով հանդերձ նա փրկիչի կերպարով չի ներկայանում: ԲՀԿ-ին չի փոխվել, նոր բան չի ասում: Ի դեպ, նախկին ՕԵԿ-ի՝ ներկայիս ՀՎԿ-ի ու ԲՀԿ-ի պոպուլիզմում հաղթանակը ԲՀԿ-ինն է, որովհետև վերջինս բացի պոպուլիմից առաջարկում է ռեալ նյութական օգնություն: Մինչդեռ ՀՎԿ-ն զուտ պոպուլիզմ է քարոզում, այստեղ միայն խոսքեր են: Քանի որ ԲՀԿ-ն ու ՀՎԿ-ն ունեն միևնույն ընտրազանգվածը՝ ԲՀԿ-ն այն իրենով է անելու: Դրա համար էլ ՀՎԿ-ն բավականին սուր ընդունեց, երբ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն: ԲՀԿ-ն իր հետ կտանի նաև ՀՅԴ-ի սոցիալական ընտրազանգվածին, այնտեղ, իհարկե, կմնա ազգայինը, որը ՀՅԴ-ի կայուն զանգվածն է:
-Այս քարոզարաշավում գրեթե չկա քաղաքական բանավեճ, քաղաքական ուժերը դեռ մենախոսում են: Սա չի՞ փաստում քաղաքական դաշտի գաղափարական սնակության մասին, գուցե նաև սա է պատճառը, որ խոսակցությունը ծավալվում է ընտրակաշառքի՝ փող, նյութական բարիքներ տալու, առնելու շուրջ:
– Ցավոք, գաղափարներ չկան ու այս գործընթացը սկսվել է վաղուց: Ամեն մեկն իր ծրագրում քայլեր է ներկայացրել՝ մեկը 15 քայլ, մյուսը՝ 30 քայլ, կամ՝ 50, ոնց որ քայլարշավ լինի: Չեն խոսում ծրագրերից չեն ասում՝ 25 տարվա պետություն ենք ու A կետում ենք, 5 տարի անց B կետում կլինե՞նք, ոնց ենք հասնելու C կետին՝ աջով պտտվելո՞վ, թե՞ ձախով: Ընտրողին խոստնում են բարձրացնել աշխատավարձերը, թոշակները, բայց ո՞նց են դա անելու, ի՞նչ մեխանիզմներով՝ պատասխան չկա: Դե եթե չկան մեխանիզմներ առաջարկող ծրագրեր, չկա գաղափարախոսություն, բնականաբար, դատարկ տեղը լցվում է կաշառքի մասին խոստոմներով: Այն առաջին պլան է մղվում, քանի որ մեր հասարակությունը սոցիալական ծանր վիճակում է: Չնայած ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք կաշառք վերցնելով ասում են՝ օրվա հացի խնդիր ունեմ: Ես նմաններին հակադարձում եմ՝ լավ, ընկեր ջան, եթե դու ամեն ընտրության ժամ?անակը վերցնես 5000 դրամ, որով ենթադրենք լուծել երեխայիդ 20 օրվա հացի խնդիրը, բա մնացած 5 տարին ի՞նչ ես անելու: Գնալու ես բողոքես խոհանոցումդ, չէ՞:

Տարիներ շարունակ քաղաքական ուժերը կարողացան բարոյազրկել մեր ընտրողին, նրանք էին չէ՞ ասում՝ ընտրակաշառք վերցրեք, բայց ընտրեք ում ուզում ես, ու հիմա դժգոհում ենք՝ ինչո՞ւ այսպես ստացվեց:
-Մեր ընտրողին բարոյազրկել են և քաղաքական ուժերը՝ ձեր ասած մտքով, և շատ այլ բաներով: Այդ բարոյազրկմանը նպաստել են նաև զլմ-ները՝ հեռուուստատեսությունը, մամուլը, սովորեցրել ենք դիտել, կարդալ միայն դեղինը, չենք զտել կարևորն անկարևորից, ավելին՝ անկարևորն ենք դարձրել կարևոր, սկանադալներ ենք հրամցրել, մարդկանց անկողինն ենք մտել: Ու այսօր՝ ինչ ցանել ենք, այն էլ հնչում ենք: Ցավոք, այսօր մենք չունեք այնպիսի հասարակությունը որպիսին կար 88-ին, որը շատ զարգացած էր ու գիտակից: Մինչդեռ այսօր մեր հասարակությունը դեգրադացված էր, այս 25 տարում ամեն ինչ արվեց, որ հասարակության մակարդակը հասցվի պլինդուսի մակարդակի: Դրա համար մեր հասարակությունը վատ երևույթների դեմ ոտքերով է պայքարում, այսինքն՝ արտագաղթում է Հայաստանից: Ու գիտեք չէ՞ գնացողների միայն 10 տոկոսն է այլ երկներում կայանում: Մնացածն այնտեղ անում են այն, ինչն ամաչում են անել այստեղ: Բայց ավելի լավ չէ՞ մնաք ձեր երկրում ու նույն գործն անեք:

Այնպես չէ, որ դրսում լավ են ապրում, եթե տեսնեք, թե Ռուսաստան մեկնած մեր խոպանչիները ինչպիսի պայմաններում են ապրում, քանի՞ հոգով են բնակվում երկու սենյականոց բնակարանում, որքան քիչ են վաստակում, որովհետև մի մասը տալիս են վարձ, մյուսը՝ ուղարկում այստեղ ու ոչինչ չի մնում, երբեմն էլ այդ փողն ընդհանարպես չեն ստանում: Եթե նման վիճակագրություն անցկացնեք, կտեսնեք՝ այնպես չէ, որ այնտեղ ավելի լավ պայմաններում են, քան այստեղ: Եվ ես հիմա մեր ժողովրդին ասում եմ, այ ձեր հոգուն մատաղ, հիմա ընտրություններ են, մասնակցեք ու դրանով արտահայտեք ձեր բողոքը, օգտվեք ձեր սահմանադրական իրավունքից, ձեր ընտրությամբ նոր իշխանություն ձևավորեք, ոչ թե 5000-ով ծախեք ձեր ձայնը, հետո բողոքեք, դժգոհեք ու թողեք երկրից փախեք:

Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ հասկանաք՝ կաշառք վերցնելով հարցերը երկրում չեն լուծվում: Երբ մեր հասարակությայնայն հատվածը, որը կարողանում է պայքարել, այս կամ այն հարցի հետ կապված իր արդար ձայնը բարձրացնել՝ շատ հարցեր երկրում փոխվում է: Մաշտոցի պուրակն այդպես պահվեց, բնապահպաններն են լուրջ հարցեր լուծում, փողոցներն են կարգավորվում, տրանսպորտի սակագների հարց ևս լուծվեց:

Ի վերջո, եթե կա ընդվզում հնարավոր չէ, որ իշխանությունը դրան չարձագանքի, հնարավոր չէ, հավատացեք: Դրա արդյունքում է, որ այս ընտրություններում չկա զոռբայություններ, չկա լարվածություն:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն