Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան

ՀԱՅ ԿԻՆԸ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ՝ ՏԱՏԻԿԸ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Մարտ 12, 2017թ. 01:18
Արցախյան մասնակից Ջեմման

Առաջին հայացքից զինվորական համազգեստի մեջ մի տեսակ անսովոր էր թվում, մի տեսակ կոպտացած, մի տեսակ տղամարդացած: Սա՝ առաջին հայացքից, երբ դեռ ինձ անծանոթ Էին նրա անձն ու գործը: Իսկ երբ ավելի մոտիկից ճանաչեցի նրան՝ երեք երեխայի մայր ու երեք թոռնատեր այդ կնոջը, որին այն գիշերվա կեսին բուռն ցնծությամբ դիմավորեց ողջ հարազատ գյուղը, ու օղու բաժակներ բարձրացվեցին մեծ ճանապարհից առաջ, բարեմաղթանքի խոսքեր հնչեցին, այն ժամանակ, ինչպես լինում է հաճախ, հօդս ցնդեցին առաջին տպավորություններն ու իմ առջև, ինչպես լուսանկարչական թղթի վրա, կամաց-կամաց երևակվեց այս հայ կնոջ դիմապատկերը: Ու հենց այդ ժամանակ այնպիսի մի զգացողություն ունեցա, որ անսովորը ոչ թե զինվորական համազգեստն էր ու նրա մեջ «թաքնված» կինը, այլ՝ իմ հայացքը:

Երևանից մինչև Մարտակերտ ու Մատաղիս ամեն կանգառի կարոտաբաղձ հայացքներով էին դիմավորում նրան, դեմքերին՝ երախտալից մի արտահայտությամբ, որի մեջ կարող ես կարդալ և՛ սեր, և՛ խիզախություն, և՛ բազմիցս մահվան տագնապներ ապրած այս կնոջ կենսագրության շատ ու շատ էջեր:

Ու քայլում է հայ կինը պատմության քառուղիներով, որոնցից մեկում նա սոսկ շարքային զինվոր էր, մյուսում՝ դասակի հրամանատար, իսկ այսօր՝ վաշտի հրամանատար: Քայլում է՝ իր մեջ ապրեցնելով երկու ես. առաջինը զինվորն է, զինվորի մայրն ու հրամանատարը: Նրա փոքր տղան այսօր էլ զինվոր է, գտնվում է Հորադիզի մատույցներում: «Իսկ զինվորները բոլորն են իմ երեխաները: Իմ հարազատ զավակին ես երբեք չեմ զանազանել, նրանցից ու այդպես էլ կլինի»,- ասում է Ջեմմա Հովհաննիսյանը: Ու իսկապես, այդպես է: Տղաները ասում են, որ երբ մարտ է սկսվում, Ջեմման թխսի պես մեզ առնում է իր թևերի տակ, հույս տալիս մեզ, ինքը առաջ նետվում ու առաջին կրակն անձամբ ընդունում, պատասխան կրակ տալիս:

Մյուս ես-ը, որը զուգահեռաբար ապրում Է նրա մեջ, հայ կինն է, մայրը, տատիկը: Երբ մենք արդեն դուրս էինք գալիս գյուղից, չնայած համընդհանուր ուրախությանը, Ջեմմայի աչքերում արցունքներ երևացին: Ամբողջ ճանապարհին նա այնպես Էր ցանկանում ժամ առաջ տուն հասնել, արթուն գտնել թոռնիկին ու մի լիաթոք ըմբոշխնել նրա մանկական շնչառությունը, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին՝ մենք գյուղ հասանք ուշ գիշերին, երբ փոքրիկը մուշ-մուշ քնած էր…

«Ուրախությանս չափ ու սահման չկա՝ այսօր ես կանգնում եմ Թալիշի բարձունքներին և շուրջս տեսնում եմ ազատագրված հողեր»: Ու այս հողերի ազատագրման մարտերում էլ երեք անգամ պիտի վիրավորվեր, վիրավորվելուց հետո մեկ պիտի ուշքի գար Ստեփանակերտի հոսպիտալում, մի ուրիշ անգամ՝ երկու օր անզգայական վիճակում պիտի ընկած մնար սառն առվակի մեջ, մինչև ընկերները գտնեին նրան ու տեղափոխեին հոսպիտալ:

«Իմ մեջ ավելի շատ տպավորվել է 1992 թվականի օգոստոսի 10-ը,- հիշում է Ջեմման,- այդ օրը հակառակորդն անցավ հակագրոհի ու գրավեց Հաթերքը: Մենք ետ քաշվեցինք ու պատսպարվեցինք անտառներում: Ուժերի տարբերությունն ահռելի էր: Թշնամու ռազմական ավիացիայի ինքնաթիռները ժամեր շարունակ գնդակոծում էին Հաթերքն ու գյուղամերձ տարածքները: Միայն երկու օր հետո մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց դուրս պրծնել հակառակորդի ծուղակից ու հասնել մերոնց: Այդ ժամանակ մենք պահում էինք Գետավան գյուղը, որպեսզի թշնամին այստեղից չմտնի Դրմբոն և Դրմբոնից էլ դուրս չգար Սարսանգ: Գիտե՞ք, ընկեր կորցնելուց հետո ամենածանր բանը դիրքը թշնամուն թողնելն է: Այդպես եղավ 1994 թվականի հունվարի 6-ին, երբ հրաման ստացանք Հակոբ Կամարիից անցնել դեպի Հորադիզ: Լուսադեմին հասանք Մաղավուս ու հենց այնտեղ էլ իմացանք, որ թուրքերը լայնարձակ գրոհով հարձակվել են Հակոբ Կամարիի ուղղությամբ: Նրանք արդեն գրավել էին մեր դիրքերը: Երբ հրամանի համաձայն վերադարձանք Հակոբ Կամարի, հակառակորդը շարունակում էր լայնածավալ գրոհը»: Ու հենց այդ մարտերից մեկի ժամանակ էլ պատահեց նախադեպը չունեցող մի պատմություն, որն ականջեականջ տարածվեց ամբողջ ռազմաճակատում ու թիկունքում: Իսկ այսօր, եթե ճակատագծի այս հատվածում հարցնելու լինես նրա մասին, այսպես կսկսեն. «Ջեմման նա է, ով…» ու կպատմեն եղելությունը, որը հետևյալն է:

– Մեր դիրքեր գտնվում էին հակառակորդին բավականին մոտ: Երկարատև պաշտպանական գործողություններից հետո տղաներիցս մեկը շնչասպառ մոտեցավ ինձ ու ասաց. «Կամանդի՛ր, շրջապատված ենք, թիվ ու հաշիվ չկա, զինամթերքն էլ վերջանալու վրա է»: Ես վաղուց էի նկատել: Մեր թիկունքն ազատ էր և կարող էինք նահանջել: Սակայն հանգստացրի նրան. «Ոչինչ, ավելի լավ, թող գան, ինչքան շատ՝ էնքան մեր օգուտը: -Բայց իրականում վտանգն ավելի մեծ էր, քան իմ հանգստացնող կեցվածքը: Մի բան պարզ էր, որ ամենափոքր անզգուշությամբ կարող էի խուճապի առիթ տալ: Ես կապվեցի հրամանատարի հետ. «Շտապ համալրում ուղարկեք, զինամթերք: Եթե մի քիչ էլ ուշանաք, առաջինը ե՛ս ինքնասպան կլինեմ»: Հրամանատարը Գագիկ Մարգարյանն էր: Այդ մարտերից մեկի ժամանակ նա խփվեց:

«… Հրամանատարը խոստացավ, որ 15 րոպեից համալրում կգա, իսկ մինչ այդ թուրքերն ավելի էին սաստկացնում գնդակոծությունը: Քանի որ մենք բավականին մոտ էինք, ես դուրս եկա խրամատից, մի քիչ առաջ անցա և սկսեցի ադրբեջաներեն երգել: Հակառակորդը զենքը վայր դրեց, երևի ուշքի չգալով, չհասկանալով, թե ինչ է կատարվում: Ես երգում էի, նրանք լսում էին: Քիչ հետո նրանք էլ սկսեցին երգել՝ ասելով. «Հայ խանում, ձայնիդ ղուրբան լինեմ, լավ ես երգում, գլխիդ համար 1000 թուրքական ոսկի կտանք, «միլիոն ամերիկանսկի դոլար»: Ես ծիծաղելով շարունակեցի ծաղրի ենթարկել նրանց: Ու այդպես շարունակվեց մոտ 35 րոպե, մինչև համալրումը եկավ: Սկսվեց թեժ մարտը»:

Այն պահին, երբ հակառակորդի նշանառուները կրակի թիրախ էին դարձրել «խելագար» հրամանատարին, հրամանատարն արդեն նոր, ձայնի ավելի հուժկու տոնայնությամբ սկսեց երգել «Հայ ֆիդային» ու քիչ անց նրա ձայնը խլացավ ավտոմատային կրակահերթերի մեջ: «էլի շատ ու շատ պատմություններ կան, որոնց նմանը նախկինում ես միայն ֆիլմերում եմ տեսել ու անհավանական են թվացել, շինծու: Բայց, պարզվում է, դրանք լրիվ իրական են: Իսկ երբ անմիջապես քեզ հետ են առնչվում այդ պատմությունները, տվյալ պահին չես զգում, թե ինչ կատարվեց, ո՞նց եղավ: Բայց որ խաղաղ պայմաններում ի մի ես բերում այդ ամենը, մի տեսակ կարծես չես ուզում հավատալ ինքդ քեզ:

– Ընկեր հրամանատար, իսկ եղե՞լ է երբևէ, որ զղջացած լինեք որևէ կրակոցի համար,- հարցնում եմ նրան:
– Չէ, չի լինի: Մենք մարդասպաններ չենք և չենք էլ հրճվում մարդ սպանելով: Ես միշտ մտածել եմ այդ մասին: Երբեք չեմ ցանկացել մարդ սպանել, սիրում եմ բոլո՜ր ազգերի երեխաներին, միայն թե իմ ազգի պատվին չկպչեն: Ազգիս պատիվն ինձ համար վեր է ամե՜ն ինչից:

Մենք զրուցելով քայլում էինք Թարթառի ափով, երբ հրամանատարն ընդմիջեց լռությունը. «Պատերազմի մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում, չեմ հիշում, քանի որ ամեն բարձունքի ու էս մի թիզ հողի համար զոհեր ու վիրավորներ ենք տվել»: Հարցնում եմ. «Առաջին անգամ ե՞րբ եք արյուն տեսել»:

«Երասխավանում, 1989 թվականի հունվարին: Օրը լավ չեմ հիշում, կոնտուզիայից հետո հիշողությունս մի տեսակ վատացել է…»: «Իսկ ինքներդ Ձեր մեջ ի՞նչ փոփոխություն եք զգում»,-այս անգամ լռությունը խախտում եմ ես: «Մի տեսակ ոնց որ հոգեկան աշխարհս տակնուվրա է եղել, երևի թե բոլոր զինվորներն ունեն այս զգացողությունը: Շուրջդ նայիր, ամեն մի ձորակով, ամեն մի ծառի տակով անցնելիս սարսռում ես, հենց հիշում ես, որ այդտեղով մեկ էլ այն ընկերներիդ հետ ես անցել, ովքեր այսօր չկան: Ու այսպիսի պահերին անկախ քեզնից դառնանում ես…»:

Գարուն է, շուրջներս հրդեհված խաղողի այգիներ են: Ես զրուցում էի հրամանատար Մանվել Գրիգորյանի հետ, ու նա ասում էր. «Ամիսներ շարունակ, եթե տարբեր պատճառներով հրամանատարը բացակայել է տարածքից, նրան փոխարինել է Ջեմման: Նա գումարտակի հրամանատարի պաշտոն է վարել ու մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել իր գործին: Եվ բոլոր մարտերի ժամանակ էլ նա իր տեղում է գտնվել՝ առաջին գծում, խրամատում: Եվ բացի դիրքերից, ես նրան ուրիշ տեղ չեմ էլ հանդիպում»:

Այսօր էլ քայլում է հայ կինը պատմության քառուղիներով՝ մի ձեռքով ամուր բռնած զենքը, մյուսով՝ ծաղկած ծիրանենու ծաղիկը: Հիմա ես ուղղակի խոնարհվում եմ նրա առաջ ու անընդմեջ հիշում նրան Թարթառի ափին, հայացքը խոնարհ, մտքերն՝ այլայլված, հուշեր պատմելիս:

Սասուն ՄԱՄՅԱՆ
Մարտակերտ-Երևան
Ապրիլ 1995թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն