Գլխավոր » Analitika, Politics, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն

Պատգամավորության թեկնածուներից ամեն մեկը մի-մի Կարաբալա էր դարձել, սակայն մի մե՜ծ տարբեությամբ

Մարտ 8, 2017թ. 15:01

Մարտի 8-ը երբեք այսչափ քաղաքականացված չի եղել, որքան երեկ էր: Կանանց տոնը դարձավ քարոզաշավի մի բաղադրիչ ու ստացվեց սպասվածից առավել ծաղկառատ: Քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող տղամարդ գործիչները բեմահարթակներից ու ասուլիսային սրահներից սիրուն-սիրուն խոսքեր շռայլեցին կանանց հասցեին: Բայց միայն այդքանով չսահմանափակվեց նրանց երևակայությունը: Համամասնական ու ռեյտինգային թեկնածուների ներկայացուցիչները ծաղիկեփնջերը ձեռքներին շրջում էին Երևանի փողոցիներով ու ծաղիկներ բաժանում կանանց: Ամեն մեկը մի-մի Կարաբալա էր դարձել, սակայն մի մե՜ծ տարբերությամբ, եթե Կարաբալան ծաղիկ էր նվիրում ամբող տարին ու դա անում էր անշահախնդրորեն ու սիրով, ապա պատգամավորի թեկնածուները շռայլ են միայն ընտրությունից ընտրություն, իսկ ծաղիկ նվիրելուց առաջ էլ նախապես շտապում հիշեցնել, թե ո՞ր թեկնածուի շտաբից է ծաղիկն ուղարկվել:

Արթուր բաղդասարյան 1ԿԱՆԱՆՑ ՃՆՇՄԱՆԸ ՉԴԻՄԱՑՈՂ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
Ասուլիս հրավիրած <Հայկական վերածնունդ>-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը անկեղծացավ, թե կանանց ճնշմանը ոչ ոք չի կարող դիմանալ, իսկ անձամբ ինքը՝ <Կանանց ազդեցության տակ է գտնվում միշտ՝ ընտանիքում, միջավայրում>: Լա՞վ է, թե՞ վատ՝ քննարկման մեկ այլ թեմա է: Այդ խոստովանությունից հետո Բաղդասարյանը խոսքը փոխանցեց <անդիմադրելի> Հեղինե Բիշարյանին, որը որպես կին քաղաքական գործիչ կոչ արեց հայ կանանց լինել ուժեղ ու վճռական: Հետո խոսեց բազմազավակ ընտանիքներին ուշադրություն դարձնելու մասին ու ինչպես միշտ պոպուլիզմի դոզան տեղը պահեց:

Պարզվեց, որ ըստ Բիշարյանի, պետությունն ամբողջությամբ անտեսել է բազամազավակ կանանց, մինչդեռ միակ ուժը ՀՎԿ դարձած ՕԵԿ-ն է, որ տարիներով կռիվ է տվել ու համոզել հայրենի կառավարությանը՝ գուրգուրել կանանց: Ինչն այդպես էլ չի ստացվել:

 

Armenian National Congress presented its pre-election program at the ANC Office in Yerevan

ՍԵՎԱԶԳԵՍՏ ՄՈՐ ՇՈՒՐԹԵՐՈՎ ՀԱԿ-Ը ՀՆՉԵՑՐԵՑ՝ <ՀՈՂԵՐԸ ՏԱՆՔ՝ ՊՐԾՆԵՆՔ> ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԵԶԸ

Տոնական օրը երեկ նաև մթագնեց, ականատես եղանք մի շատ ցավալի երևույթի, որոշ քաղաքական ուժեր սկսել են օգտագործել մեր որդեկորույս մայրերի վիշտը՝ այն ծառայեցնելով սեփական քարոզչությանը: Մեկն ընտրողներին կոչ է անում քվեախցիկ մտնելիս պատկերացնել, որ իր կողքին կանգնած են ապրիլյան պատերազմում ընկած տղաների հոգիները, մյուսը՝ սեփական խոսափողն է դարձրել սևազգեստ մայրերին: ՀԱԿ-ՀԺԿ-ն, երբ իր ցուցակներում որպես պատգամավորության թեկնածուներ ընդգրկեց մեր զոհված զինվորներից մի քանիսի մայրերին, պարզվում է դա պատահական չարեց ու հստակ նպատակ ուներ: Եվ երեկ գործեց ՀԱԿ-ի նախօրոք մտածված պլանը. Արմավիրում կազմակերպել էին <Կանայք հանուն խաղաղության> խորագրով միջոցառում, ու առաջ մղեցին դաշինքի կին թեկնածու Անահիտ Կիրակոսյանին, որի որդին՝ Անդրանիկ Հայրապետյանը 2008-ին զոհվել է Մարտակերտում: Սևազգեստ կնոջ շուրթերով ՀԱԿ-ը կրկին հնչեցրեց իր՝ հողերը տանք ու պրծնենք վտանգավոր թեզը: Բարոյակա՞ն է արդյոք այս քաղաքական ուժի վարքագիծը՝ պատասխանը կտա ընտրողը ապրիլի 2-ին:
Իսկ առհասարակ ՀԱԿ-ի բոլոր հավաքները նկատելի սակավամարդ են: Մարդիկ չեն էլ թաքցնում, որ հոգնած ու վերջնականապես հիասթափված են անվանափոխված ՀՀՇ-ից: Որքան էլ ՀԱԿ առաջնորդը գովադային պաստառներից ընտրողին ներկայանա երիտասարդ տարիների լուսանկարով, միևնույն է նրա քաղաքական մայրամուտը վաղուց եկել է՝ թե՜ տարիքային, թե՜ մաշված գաղափարների առումով:

Նկատենք նաև, որ ՀԱԿ-ն այն միակ քաղաքական ուժն է, որը մինչ օրս խուսափում է ընտրողների հետ անմիջական շփումներից, փաստորեն, խուսափում է ընտրողի աչքերին ուղիղ նայելուց ու բավարարվում միայն սեփական ակտիվիստների նեղ շրջանակով: Բացի այդ, շարունակում են քարոզարշավին չմասնակցել Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, ինչն անգամ ՀԱԿ-ականների նեղ ՙկռուգում՚ ոչ մի կերպ չեն ընկալում: Մարդիկ չեն դադարում Զուրաբյան-Մանուկյան զույգից հարցնել՝ ինչո՞ւ, ու ստանում են միևնույն պատասխանը՝ <Նրա մեկ ելույթը հազարապատիկ ավելի է, քան մեկ հատ հանդիպումը: Այսօր ավելի ակտիվ քաղաքական գործիչ չկա, ինչպիսին Տեր Պետրոսյանն է>:

Իրականության զգացողությունն ամբողջությամբ կորցրած ՀԱԿ-ը, փաստորեն, լծվել է իր առաջնորդի ու նրա սին թեզի քարոզին:
              ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ
Մարզերում նախընտրական եռուզեռը նոր փուլ է թևակոխում: Մեկմեկու հերթ չտալով մասնավորաբար, սահմանամերձ գյուղեր են վազում ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք տարիներով ո՛չ հիշել են, ո՛չ էլ երբևէ ոտք դրել այդ գյուղերում: Իսկ հիմա շտապում են ու կոկորդ պատռելով բոցաշունչ ելույթներ ունենում:

Հարց է առաջանում, ընտրողի քվեն ստանալու համար արդյունավետ կարո՞ղ են լինել մարզերի բնակիչների երեսը ընտրությունից ընտրություն տեսնող քաղաքական ուժերի այսօրվա մարաթոնը: Ընդդիմությունը, մանավանդ խորհրդարանական, այդպես էլ չգիտակցեց, որ 5 տարի շարունակ ԱԺ ամբիոնին կառչած բողոքելու, հայհոյելու փոխարեն գոնե մեկ-մեկ մարզեր գնալ էր պետք: Չգիտակցեց, որ ինքն էլ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ իշխանության մի թև է ու քննադատությունից բացի գործ ունի անելու, ինչի համար և բավական բարձր աշխատավարձ է ստանում:

Այսօր էլ չի գիտակցում, որ տարիներով իրեն միայն կապույտ էկրանից տեսնող ընտրողը նույն սրտով էլ կատարելու է իր քվեարկությունը, այնպես որ, եթե վաղը ընտրողը նման ընդդիմադիրներին ձայն չտա՝ արդար կվարվի: Իսկ ընտրությունների նախաշեմին մեկ-երկու օրով հյուր գնալը՝ ոչինչ չի փոխում, դա նման է չարածի դիմաց ձայներ մուրալուն, իսկ քաղաքական մուրացկանությունն անպտուղ է:
           Ծառուկյան ՈւՍՏԱ, ՄԿՈՆ ՓՈՂԸ ՉԻ’ ՏՎԵԼ
Իսկ <Ծառուկյան դաշինք>-ում և ՕՐՕ-ում զբաղված են աչքկապոցիով: Այս քաղաքական դաշինքները շրջաններ են գնում <ճխթված> ավտոբուսներով, որոնցում վարձված ՙթիմակիցներն՚ են, ու փորձում պատրանք ստեղծել, թե՝ տեսեք, տեսեք ինչքան շատ մարդ կա մեր հավաքին: Սրանք ստեղծել են ջահելների խմբեր, որոնք, փաստորեն, կատարում են ՙվարագույրի՚ դեր, այսինքն՝ վարագուրում են իրական հանդիսատեսի բացակայությունը: Այդ ջահելները պաստառ են պարզում, գոռգոռում են, մի խոսքով՝ ստեղծում են հանդիսատեսի ներկայության պատրանք: Բայց ո՞րն է այս մարտավարության տրամաբանությունը, չէ՞, որ քարոզարշավի նպատակը ընտրողի հետ ուղիղ կոնտակտի մեջ մտնելն է, ու նրան՝ իրեն ձայն տալու համար համոզելը: Հակառակ դեպքում ստացվում է՝ իրենք խոսում են, իրենք լսում, հետո իրար ծափ տալիս ու առաջ շարժվում:
Մինչ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը բավականին անհաջող՝ անկյանք անէներգիա, անէմոցիա ընտրաշավ է իրականացնում, Հարվարդի համալսարանը դժբախտաբար չավարտած Ծառուկյանը բացել է հազար ու մի խոստումների պարկը: Աջ ու ձախ շռայլում է՝ մեկին գազ քաշելու փող է տալիս, մյուսին՝ բժշկվելու: Օգնական Հայկին էլ թուղթն ու գրիչը ձեռքին հազիվ հասցնում է գրառել Ծառուկյանի հրահանգները. <Հայկ, գրի, էս մարդուն գազի փող է պետք, Հայկ գրի՝ վիրահատության փող է ուզում, Հայկ, կռիշ կապելու հարց կա>… ու էսպես բացահայտ ընտրակաշառք բաժանելով՝ բարեգործության անվան տակ, պարոն Ծառուկյանն շեն առ շեն առաջ է շարժվում:

Մեկ էլ հոպ՝ անակնկալ, դեմը փակեց բերդավանցի Աֆրիկ պապն ու բեմ բարձրացնալով մեծահարուստ Ծառուկյանին փաստի առաաջ կանգնեցրեց: Պահանջեց իր 100 կգ խաղողի փողը: Պարզվեց հարուստ գործարարը, որն այսօր շռայլորեն ՙբարեգործություն՚ է անում, դեռ մեկ տարի առաջ գյուղացուց խաղող է մթերել ու փողը չի տվել: Փաստորեն՝ գյուղացու ապրուստի միջոցը յուրացրել է: Ծառուկյանի թիմակիցները գյուղացու արդար պահանջը լռեցնելու համար մի գլուխ ծափահարում էին ու ծիծաղում, փորձելով ասվածը հումորի վերածել, չնայած դրան գյուղացին չէր դադարում ու շարունակում էր պնդել՝ <Կատակ չեմ անում, ճիշտ եմ ասում, պարոն Ծառուկյան, խոստացի, որ փողս տալու ես>:
Այսպես քարչոզարշավի խոստումնառատ մի օր էլ ավարտվեց. Իսկ առջևում դեռ 23 օր կա:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Politics, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն