Գլխավոր » Interview, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ծառուկյանը լինի, թե մեկ ուրիշը, կատարվածը հանցագործություն է

Մարտ 10, 2017թ. 00:31
Նորայր

Օրերս <Ծառուկյան դաշինք>-ը գլխավորող Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Տավուշի մարզում: Նախորդ ընտրություններում տուկի թել բաժանող գործարարն այս անգամ քյաշ փողն ընտրողների գրպաններն է խցկում ու միաժամանակ խոստանում՝ մեկի գազաֆիկացման հարցերը լուծել, մյուսին աջակցել վիրահատության համար, մեկելի խաղողը 150 դրամով մթերել և այսպես շարունակ: Այսինքն, Ծառուկյանը քրեորեն հետապնդելի արարք է գործում՝ խախտելով ՀՀ օրենքը:
Այս խնդրի շուրջ զրուցեցինք փաստաբան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆԻ հետ
-Ընտրական օրենսգրքը սահմանում է՝ քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Բացի այս, ընտրակաշառքը կանխելու համար հստակ կետեր են ամրագրված ՀՀ քրեական օրենսգրքում: Հետևաբար, անօրինական չե՞ն քարոզարաշավի մասնակից որոշ քաղաքական ուժերի, գործիչների կոչ-հորդորները, թե կաշառք վերցրեք, բայց քվեարկեք ձեր խղճի մտոք:
-Իհարկե՝ անօրինական են: Բայց մինչ այդ նախ հիշեցնեմ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի հոդվածը, որը հստակ սահմանում է, որ ընտրական գործընթացների ընթացքում որևէ թեկնածուի, կուսակցության ու կուսակցության դաշինքի օգտին ձայն ստանալու նպատակով կաշառք տալը, խոստանալը, քրեորեն հետապնդելի արաք է : Սահմանաված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից մինչև յոթ հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Նույն հոդվածի մյուս կետով սահմանված է՝ 3-ից 5 տարվա ազատազրկում: Հաջորդ կետով էլ ասվում է, որ կաշառք ստացող անձը, այսինքն՝ ընտրողը, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կաշառք ստանալու մասին իրավապահների տեղեկացումից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կամավոր հայտնում է իրավապահ մարմիներին և աջակցում հանցագործության բացահայտմանը: Սա պետք է օղ լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ականջին, ով ուզում է նա լինի՝ ընտրող, թե ընտրվող, լինի կուսակցություն, թե դաշինք, ամեն ոք պետք է լավ հասկանա՝ ընտրությունների ընթացքում կաշառք խոստանալը, տալը, գաղթակղելը համարվում է հանցագործություն ու պատժվում ՀՀ քրեական օրենսգրքով:
Այս նորմերը սահմանված են դեռևս 2006-ից, որոշակի փոփոխությունների ենթարկվեցին 2011-ին, այնուհետ՝ 2016-ին: Այլ հարց է, թե սրանք որքանո՞վ են կիրառվում մեզանում. այստեղ է, որ մենք լուրջ խնդիրներ ունենք:
Հետևաբար, բոլոր այն խոսակցությունները, հրապարակային կոչերը, թե հարգելի ժողովուրդ, վերցրեք ընտրակաշառքը, բայց քվեարկեք ձեր խղճի մտոք, դրանք քրեական հետապնդելի արաքներ են և հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Նոր ընտրական օրենսգիրքում սահմանված մեխանիզմները պետք է, որ հնարավորինս նվազեցնեն ընտրակեղծարարությունը, թերևս սա է պատճառը, որ որոշ քաղաքական ուժերի, անձանց հույսը մնացել է ընտրակաշառք բաժանելը: Ավելին, այս ընտրություններում կարծես փոխադարձ սպասում կա՝ և՛ ընտրողը, և՛ ընտրվողը պատրաստակամ են մեկմեկու ընդառաջ գնալ՝ մեկը տալու, մյուսը ստանալու հարցում:
-Խղճիս առաջ չմեղանչելու համար ասեմ, որ բոլոր ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը որպես արատավոր երևույթ իր բացասական ազդեցությունն ունեցել է: Ուղղակի այս ընտրությունների ժամանակ, ճիշտ նկատեցիք, մեր հասարակության սպասումներն են ավելացել: Իսկապես, ընտրակաշառք տալը դարձել է բացահայտ գործընթաց: Այսինքն, բոլորը խոսում են տալու և առնելու մասին, բոլորը դա համարում են նորմալ երևույթ, ասում են՝ դե, այդպես էլ պետք է լինի, ընտրվողը պետք է կաշառք տա, ընտրողն էլ պետք է վերցնի այն:
Որպեսզի սա կանխվի, ընտրակաշառք կոչվող արատավոր երևույթի նկատմամբ պետք է ձևավորվի հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ: Ընդհանրապես, ընտրակաշառք բաժանողին պետք է հայտարարվի պերսոնա նոն գրատա, նա պետք է համարվի արժանապատվություն չունեցող մարդ: Ու բացի բարոյական խոսքերից, քարոզներից նրա նկատմամբ պետք է կոնկրետ քրեաիրավական գործընթաց սկսվի, նման մարդը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Իսկ այն մարդիկ, որոնք վերցնում են այդ կաշառքն ու այդ մասին կամավոր չեն հայտնում իրավապահներին, դարձյալ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այստեղ պետք է իրականացվի վիրահատական միջամտություն, քանի որ կոսմետիկ փոփոխությունները ոչ մի էական նշանակություն չեն ունենալու: Մեր ժողովրդին իսկապես պետք է փրկել այս ժամանակավոր ՙհաջողություն՚ կոչվածից՝ կաշառքից, քանի որ դա մեր պետության կործանման արատավոր գործիքակազմերից մեկն է:
Դրա փոխարեն մեզանում և՜ ընտրակաշառք տալը, և՜ առնելը տարբեր մեկնաբանություններով արդարացվում է. կան պատգամավորության թեկնածուներ, որոնք բացահայտ ասում են՝ կա ընտրակաշառքի պահանջարկ, կա նաև դրա առաջարկը, մենք էլ առաջարկում ենք:
-Ընտրակաշառքի մասին դրական քարոզ իրականացնող ցանկացած անձ՝ անկախ նրանից, թե ո՞ր ճամբարից է՝ ընդդիմություն է, իշխանություն, թե չեզոք է, ո՞վ ուզում է լինի, նա շատ վատ գործ է անում: Այդպիսիք ուղղակի արջի ծառայություն են մատուցում մեր հասարակությանը: Սա շատ վատ ձեռագիր է, այն մեր հասարակության մեջ վատ բնավորություն է ձևավորում: Կարծում եմ, մեր հասարակության առողջ հատվածը պետք է ամեն ինչ անի այս ախտից ողջ հասարակությանն ազատելու համար: Գիտե՞ք մարդիկ ինչ են ասում՝ դե, թող փող տան՝ գնանք ընտրության: Այսինքն՝ մեր հասարակության մտածողության մեջ կա մտայնությունը, թե ընտրություններին մասնակցելը փողով է: Սա պետք է արմատախիլ արվի, հակառակ դեպքում, այդ նույն մտայնությամբ վաղը ինչ-որ մարդիկ կարող են ասել՝ փող տվեք, որ հանցագորոոծություն չանենք կամ հարկերը մուծենք, փող տվեք, որ պետության հանդեպ մեր պարտավորությունները կատարենք:
Երկրի Սահմանադրությունն այդ նույն հասարակությանն օժտել է ամենակարևոր մանդատով. ասում է, ժողովորդ դու ես իշխանություն ձևավորողը: Բայց երբ ժողովուրդը չի իրացնում իր իրավունքը՝ Սահմանադրության 2-րդ հոդվածը, հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են այդ իշխանությունը գնել փողով: Եվ փաստորեն, ստացվում է, որ հասարակությունն իր՝ իշխանություն ձևավորելու իրավունքը ծախում է փողով՝ ընտարակաշառքով:
-Հիմա խոսենք կոնկրետ փաստով. Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հազար ու մի խոստում շռայլեց, մեկին խոստացավ գազի համար փող տալ, մյուսին՝ բժշկվելու, սեփական մեքանանա վերանորոգելու: Եվ սա ամենը ներկայացվում է իբրև բարեգործություն: Այս քայլերով Ծառուկյանը հանցանք չկատարե՞ց, օրենք չխախտե՞ց:
-Ծառուկյանը լինի, թե մեկ ուրիշը, կատարվածն անթույլատրելի քայլ է: Դա նշանակում է քողարկված ընտակաշառք բաժանել: Ինչու եմ ասում քողարկված, քանի որ Ծառուկյանը հրապարակավ չի ասում՝ ես քեզ գազի փող տամ, դու ինձ ձայն տուր: Բայց ակնհայտ է, որ նա գազ է քաշում, կամ բուժվելու փող է տալիս մարդկանց քվեն ստանալու համար: Կատարվածն ինձ համար խիստ դատապարտելի երևույթ է: Ուրեմն, մեր հասարակությունը պետք է նման մարդկանց ու երևույթների հանդեպ լինի անհանդուժող:
Ինչ վերաբերում է բարեգործությանը, ի գիտություն բոլորի՝ ասեմ, որ կուսակցությունը բարեգործական կազմակերպություն չէ, կուսակցություններն օժտված չեն բարեգործական առաքելությամբ, հետևաբար, մարդիկ, որոնք կհայտարարեն, թե ընտրական քարոզարշավի այս փուլում իրենք բարեգործություն են անում, այդպիսիք ընդամենը զբաղված են մանիպուլյացիայով՝ ձայներ կորզելու համար: Իսկ ամենից վտանգավորն ու վիրավորականն այն է, որ մեր հասարակությանը սրանք հիմարի տեղ են դնում, ի՞նչ բարեգործության մասին է խոսքը, ընտրակաշառքը պոզ ու պորով է լինո՞ւմ:
ԿԸՀ-ն արձագանքեց Ծառուկյանի ՙՙբարեգործական՚՚ ակցիարներին, այն համարելով օրենքի խախտում: Նախագահ Մուկուչյանի խոսքով՝ իրենք զգուշացրել են ՙՙԾառուկյան դաշինք՚՚-ին, որ դադարեցնեն, իսկ շարունակվելու դեպքում կհարցվի վարույթ: Մինչդեռ ՙԱնկախ դիտորդ՚ նախաձեռնությունը ԿԸՀ-ի զգուշացումը բավարար չի համարում, ու պահանջում է զգուշացնելու փոխարեն ՙՙԾառուկյան դաշինքի՚՚ դեմ վարույթ հարուցել և համապատասխան որոշում կայացնել։
-Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված են ընտրությունների ընթացքում քարոզչության կարգի խախտման համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները: Հետևաբար, ԿԸՀ-ն կարող էր իր իրավասությունների շրջանակներում հարուցել վարույթ և գործընթաց սկսել: Սպասենք, տեսնենք: Շատ կարևոր է, որ նման ցանկացած դեպքի հետ կապված ընթացք տրվի, այսինքն, հայտնվի մի քաղաքացի, որը օրենքով սահմանված կարգով դիմի ՀՀ իրավասու մարմիններին, թե այս օրը, այս ժամին, այս մարդու կողմից քարոզ իրականացնելու ժամանակ տրվել է ընտրակաշառք կամ դրա մասին հնչել են խոստումներ: Սա կլինի հաղորդում հանցագործության մասին, ինչը պարտադիր քայլ է: Ինչո՞ւ մեր ընդդիմությունը նման հարցերում հաջողության չի հասնում, որովհետև հրապարակավ ասում են, որ այս կամ այն մարդը կաշառք է վերցրել, բայց երբ գործը հասնում է դատախազությանը, քննչական մարմիներին, ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում տալուն՝ չի արվում: Մինչդեռ միայն այդ կերպ է հնարավոր պարտադրել իրավապահ մարմիներին հետամուտ լինել գործին:
-Այս դեպքում տարածված տեսանյութերը, որոնք հստակ արձանագրում են, թե ինչպե՞ս է Ծառուկյանը ընտրակաշառքի խոստումներ տալիս, փողը խցկում ընտրողի գրպանը, բավարար չե՞ն, այսինքն՝ չե՞ն համարվում հաղորդում հանացագործության մասին:
-Ե՛վ ՀՀ քրեական օրենսգիրքը, և՛ դատախազության մասին ՀՀ օրենքը հստակ սահմանում են մամուլի հաղորդագությունների հիման վրա քրեական գործեր հարուցելու մասին: Ես կարծում եմ այս հարցերը պետք է ուղղել նաև ՀՀ դատախազին, թե ինչո՞ւ չի հարցում քրեական գործ: Միաժամանակ հորդորում եմ, որ ՙԱնկախ դիտորդը՚ համապատասխան դիմումով հանդես գա: Եթե ԿԸՀ-ն համապատասխան հիմքերի առկայության դեպքում դիտորդական կազմակեպության պահանջը չկատարի, ապա ԿԸՀ անգործությունը պետք է վիճարկի համապատասխան դատական ատյաններում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն