Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Մալաթիան Սամվել Ալեքսանյանի թաղը չէ». Նիկոլ Փաշինյան

Մարտ 9, 2017թ. 17:59
ելք

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Ելք» դաշինքն այսօր քարոզչություն իրականացրեց Երևանի թիվ 3 ընտրատարածքն ընդգգրկող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քաղաքացիների հետ շփումը մեկնարկեց Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» խանութին հարող տարածքից:

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում իշխող Հանրապետականից առաջադրվել է նաև ընտանեկան բիզնեսով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը:

«Մալաթիան Սամվել Ալեքսանյանի թաղը չէ», – հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը առաջադրվել էր հենց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Հանրապետական Սամվել Ալեքսանյանին պարտվել 10 հազար ձայնի տարբերությամբ:

Այս անգամ «Ելք» դաշինքի երրորդ համարը հանդիսացող Փաշինյանը իրենց հնարավորությունները Մալաթիայում գնահատել չցանկացավ․ – «Մենք չենք եկել մեր հնարավորությունների համար, մենք եկել ենքընտրողին հնարավորություն տալու համար: Մենք համախմբվել ենք՝ նաև ականջալուր լինելով հանրության կոչերին, մեր հակասությունները հարթել ենք և դրել ենք ռազմավարական համագործակցության շատ լուրջ հիմքեր: Եվ հիմա ոչ թե շանսը մերն է, այլ ժողովրդինը: Ժողովուրդը թող որոշի՝ ինքը ուզո՞ւմ ա օգտվել էդ շանսից, թե՞ չէ»:

Քայլելթի ընթացքում քարոզչական թերթիկ ստացած քաղաքացիներից մեկը դժգոհեց, որ «Ելքի» ներկայացուցիչները գումար չեն տալիս: Ի պատասխան Փաշինյանն առաջարկեց դիմել Հանրապետականի թեկնածուին․ – «Հո սա դախլ չի, որ փող ուզեք: Գնացեք Ալեքսանյանից ուզեք փողը»:

Հարցին, թե ինչն է փոխվել, պատգամավորը պատասխանեց․ – «Ըստ ամենայնի, նրանք մթնոլորտը լարելու ցանկություն չունեն: Բայց մենք բացառում ենք, որ մեր քարոզարշավը որևէ մեկը որևէ կերպ խոչընդոտի: Նախկինում էլ մենք ցույց ենք տվել, որ մենք մեր գործողությունները, մեր քաղաքական օրինական գործողությունները, անկախ ամեն ինչից, անելու ենք, և մեր առաջ որևէ խոչընդոտ չի կարող լինել: Ասում եք՝ դե Սամվել Ալեքսանյանը, Սուրիկ Խաչատրյանը ընդեղ, ստեղ Գագիկ Բեգլարյանը, էս քուչեն Ծըգըլենցն ա․․․ Մենք ասում ենք՝ ո’չ, սա մեր հայրենիքն ա: Չփորձի որևէ մեկը մեր հայրենիքում ասել, որ էս մեր քուչեն ա, էս ձեր քուչեն չի: Սա մեր հայրենիքն ա»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն