Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

<<Գելափ Ինթերնեյշնլ>>-ի ու նրա տերերի պատվերն այնքան էլ իրական չէ

Մարտ 8, 2017թ. 22:23
Բագրատ Եսայան

Հարցազրույց ՀՅԴ համամասնական ցուցակի, Կենտրոն համայնքի թիվ 4 ընտրատարածքի թեկնածու ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆԻ հետ
-ՙՙԳելափ Ինթերնեյշնլ՚՚-ը նախօրեին ներկայացրեց իր հետազոտության արդյունքները, որով փորձել է պարզել ընտրական ռինգ մտած ուժերի մեկնարկային ցուցանիշները: Ըստ որի, ՀՅԴ-ն հայտնվել բավական ցածր հորիզոնականում՝ ստանալով 3,9 տոկոս ձայն: Մեզանում նման հարցումները վստահություն չեն ներշնչում, այս դեպքում լինենք թերահավա՞տ, թե՞ դրանում, այնուհանդերձ, որոշակի ճշմարտություն կա:
-Հաշվի առնելով այն, որ այդ հարցումներն անցկացվել են մինչև քարոզարշավը, այն կարող է նախնական կամ ՙստարտային՚ մի բան համարել: Դաշնակցությունն էլ է անցկացրել կարծիքի ուսումնասիրություն և մեր տվյալները զգալիորեն տարբերվում են հիշյալ կազմակեպության ուսումնասիրությունից: Մյուս կողմից, եթե այսօր որևէ մեկը կարող է նման թվեր հրապարակել, կնշանակի ինչ-որ մարդկանց այդ թիվը ձեռնտու է: Դաշնակցությունը հստակ գիտի իր հեղինակության մակարդակը, գիտի իր ուղղությունը, որը ճշտել է ո՜չ երեկ, ո՜չ էլ նախօրդ օրը, այն մեզ համար հստակ է մեկ դարից ավելի ու մենք վճռականորեն գնում ենք մեր ուղղությամբ: Ո՞ւմ է դուր գալիս կամ ո՞ւմ դուր չի գալիս, ո՞վ է ուզում վարկաբեկել Դաշնակցությանը կամ ցույց տալ, թե մեր մոտեցումներն ընդունելի չեն ժողովրդի համար՝ դա իրենց խնդիր է:
Բացի այս, ՙՙԳելափ Ինթերնեյշնլ՚՚-ի հրապարակած նյութերը կարող են նաև դրական ազդեցություն ունենալ մեզ վրա, այն առումով, որ էլ ավելի կամրապնդենք մեր աշխատանքն ու կմղենք ավելի ակտիվ քարոզարշավ, որպեսզի բարձր ցուցանիշներով կարողանանք ավարտել այն: Ու մեր գործով ապացուցենք, որ ՙԳելափ Ինթերնեյշնլ՚-ն ու նրա տերերի պատվերն այնքան էլ իրական չէ:
Այսինքն, դուք համոզված եք, որ գործ ունենք պատվիրված ուսումնասիրության ու նկարված թվերի հե՞տ:
-Բնականաբար: Եվ ՙԳելափ Ինթերնեյշնլ՚-ն ազնիվ կլինի, եթե ասի իր կատարած հետազոտության պատվիրատուի անունը՝ ո՞ւմ կողմից է իրեն դա պատվիրվել: Այդ դեպքում բոլորի համար պարզ կլինի, թե նման արդյունքներն ո՞ւմ են ավելի ձեռնտու:
-Սոցհարցման պատկերը չի՞ հուշում, թե ո՞ր ուժն է կանգնած հիշյալ պատվերի հետևում:
-Ես, իհարկե, կարող եմ իմ ենթադրություններն անել: Բայց այժմ ձեռնպահ կմնամ որևէ մեկին մեղադրելուց, ձեռնպահ կմնամ հայտարարել, թե ո՞ւմ է ձեռնտու նման թվեր նկարելը: Իսկ այսօրվա մեր խնդիրն առավել արդյունավետ քարոզարշավ իրականացնելն է ու հակառակն ապացուցելը:
-Դաշնակցությունը մշտապես ասում է, որ ունի կայուն ընտրազանգված: Բայց այդ կայունը բավարա՞ր է հաղթարհարելու 5 տոկոսի շեմը ու մտնել խորհրդարան:
-Այո, և ես վստահ եմ դրանում: Մենք ունենք շատ ավելի մեծ և կայուն ընտրազանգված: Նրանք մարդիկ են, որոնք հավատում են ազգային արժեքներին, հավատում են այն ծրագրին, գաղափարներին, որոնք տասնամյակներով, եթե ոչ ավելի՝ մոտավորապես 127 տարի, եղել է մեր ուղեկիցը: Հետևաբար, նրանք, ովքեր փորձում են այսօր փոքրացնել Դաշնակցության դերը, նրա ազդեցությունը ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքում, պետք է լավ իմանան, որ անցյալում էլ եղել են Դաշնակցության դեմ կռիվ տվող անձիք, քաղաքական ուժեր, նույնիսկ պետություններ են եղել. ԽՍՀՄ-ը՝ իր ՊԱԿ-ով 70 տարի շարունակ պայքարել է ՀՅԴ-ի դեմ, նախորդ դարում պայքարել է Սուլթանական Թուրքիան, այնուհետ Քեմալական Թուրքիան: Բայց դրանք բոլորը անցել, գնացել են: Այսօր մեր դեմ պայքարողները թող հիշեն այս ամենն ու մտովի իրենց դնեն թվարկածս անունների շարքում և ամաչեն իրենց փոքրությունից կամ սեփական շարքի տեսքից: Այլ բան ասել չեմ կարող:
Իշխանական կոալիցիայի մաս կազմելով ՀՅԴ վարկանիշն անկում չապրե՞ց, և այդ առումով, ներկայացված հեռազոտության թվերն արդյո՞ք հենց այդ պատկերը չեն արտացոլում:
-Նախ, մենք կոալիցիայի մեջ չենք, մենք համագործակցում ենք իշխանության հետ հայտնի 7 կետերի շուրջ, ու կնքել ենք պայմանագիր ՀՀԿ-ի հետ: Երկրորդ, երբ մենք գնում ենք ընդդիմության հետ համագործակցության, կամ իշխանություն կազմած ուժի կամ ուժերի հետ ենք համագործակցում, մենք ոչ ընդդմության, ոչ իշխանության մեջ չենք դառնում լղոզված մի բան, այլ ուժերի պես: Դաշնակցությունն ամեն տեղ պահել է իր դեմքը, ունեցել է իր հստակ դիրքորոշումներն ու դրել հստակ նպատակներ դրանց իրականացման համար: Եթե դրանց շուրջ մեզ հաջողվել է աշխատել ընդդիմության հետ, ապա վերջիններիս հետ ենք համագործակցել, բայց երբ հասել ենք մի կետի, երբ տեսել ենք, որ ընդդիմությունն այլ ճանապարհով է գնում, այլ արժեքներ, այլ առաջնորդներ է իր համար ընտրել, որը տանում է սխալ ուղղությամբ՝ ոչ այն, որը թելադրում է մեզ մեր ազգային նպատակները, մենք դուրս ենք եկել, տարանջատվել ենք նման ուժերից ու փորձել համագործակցել իշխանության հետ:
Մեկ տարի է մենք իշխանության մեջ ենք ու դրա արդյունքում կարողացանք իրականացնել սահմանադրական փոփոխությունները: Դա այն գործիքն է, որով այսօր քաղաքական ուժերը գնում են ընտրության ու ասում են, այո, սա իսկապես լուրջ հնարավորություն է ստեղծել երկրում իրավիճակ փոխելու համար, փոխելու այն միահեծան, անձնակենտրոն համակարգը, որը 27 տարի Հայաստանի Հանրապետությունը դարձրել էր իր գերին: Նոր Սահմանադրությունը ՀՅԴ գործունության արդյունքում է ստեղծվել, դա եղել է մեր գաղափարական ուղղությունը: Մենք համոզված ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, իսկ այսօր դեռ չհասկացված լինելը չի նշանակում, որ մենք չհասկացողներին պետք է հետևենք ու մեր ծրագրային ուղղություններից շեղվենք:
ՀՅԴ անդամները հաճախ համոզմունքով հայտարարում են, թե այս ընտրությունները չեն կեղծվելու, քանի որ նոր ընտրական օրենքում ներդրվել են այնպիսի մեխանիզմներ, որոնք փակում են նախկին խայտառակ կեղծիքների դուռը: Մինչդեռ այսօր արդեն խոսվում է ընտրակեղծիքների մասին: Եթե չկարողանաք հավաքել անհրաժեշտ ձայներ, դարձյա՞լ կմնա նույն համոզմունքին:
-Նոր Ընտրական օրենքն ընդունվեց բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում, և այսօր բոլորը հայտարարում են, որ ընտրական տեղամասերում կեղծիքի հնարավորությունը հասցված է նվազագույնի, կան բազմաթիվ մեխանիզմներ: Բայց որևէ մեկը չի ասում, որ ընտրակաշառքը, թաղային հեղինակությունների ճնշումներն ընտություններում դեր չեն խաղալու: Մենք ևս ասել ենք, ավելին՝ հայտարարել, որ ռեյտինգային կոչված տարբերակը, երբ հանրապետությունում 13 ընտրատարածք է ստեղծվում և ամեն մեկում յուրաքանչյուր կուսակցության մեկ տասնյակից ավելի թեկնածուներ են ընդգրկված, դա հենց հնարավորություն է տալիս թաղային հեղինակություններին միջամտելու այդ ընտությունների ընթացքին ու քաղաքական, գաղափարական, ծրագրային ընտրությունը նենգափոխելու անձերի ընտրության: Համեմատության համար ասեմ, որ նախորդ ընտությունների ժամանակ մենք ունեինք 139 մեծամասնական թեկնածու, իսկ այս անգամ ունենք 1500-ից ավելի ռեյտինգային թեկնածու: Այսինքն՝ մոտ 10 անգամ ավելացել է թեկնածուների թիվը: Սրա հետ մեկտեղ ավելի մեծացել են այլ գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են՝ բարեկամ, հարազատ եղբայր ու եղբոր տղա, հեռու ազգական, թաղի հեղինակություն և այլն: Սրանով ընտրատեղամասից դուրս մեծանում է խախտումների ու ճնշումների հնարավորությունը: Եվ այդ մասին մենք ասել ենք ու ասելու ենք:
Դուք ևս ՀՅԴ կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու եք, ձեր ընտրատարածքում իրենց թեկնածխությունն են դրել մի քանի մականունավոր թաղային հեղինակություններ: Ձեր տեսակը կարող է՞ դիմանալ այդ անհավասար պայքարում:
-Ես հույս ունեմ, որ առնվազն Երևանում, մասնավորաբար, կենտրոնում մեր ժողովուրդը վերջապես կհասկանա, որ խորհրդարանում պետք է լինեն գրագետ մարդիկ, ոչ թե տարբեր հեքիմներ, պայծառատեսներ ու այլ տարբեր անհասկանալի կերպարներ: Գիտեմ, որ կլինի լարվածություն, ինչպիսին եղել է նախորդ բոլոր ընտրություններից առաջ ու հետո: Հայաստանբն անցել է 13 ընտրություն, 3 հանրաքվե ու բոլորն էլ շատ հաճախ ուղեկցվել են անձնական թշնամանքի հասնող լարվածությամբ: Խնդիրը քաղաքական մշակույթի մեջ, նաև շատ բան կախված է իրավական մարմիննների համարժեք արձագանքից: Եթե ցանկացած իրավախախտում, ընտրական հանցանք համարժեք խիստ գնահատականը ստանա իրավապահների կողմից , նման դեպքերը կտրուկ կնվազեն:
– Ի՞նչ կասեք խաղաղարարի կերպարով հանդես եկող ՀԱԿ-ի մասին, որն իր քարոզչության մեխը դարձրել է Ադրբեջանի հետ բարիդարացիականության քարոզը: Ինչի՞ է ուզում հասնել սրանով ՀԱԿ նախագահը, ի՞նչ ուժերի ՙթելն է թելում՚՝ իր թիմակիցներին դարձնելով այդ քարոզի գերին:

-Այդ մարդն իր ձեռքն է գերի ընկել ու իր ասածների հաճարեղությունն ապացուցելու խնդիր է դրել իր ու իր թիմի առաջ: Իր ձախողումից ու հրաժարականից, իր խաղաղություն, թե պատերազմ հոդվածից 20 տարի հետո նա կրկին փորձում է ռեանիմացիա անել ու վերակենդանացնել այն մեռելածին գաղափարը, թե Հայաստանը վատ է ապրելու, քանի դեռ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ:
Հիմա, երբ կա տնտեսական անկում, ինչը վատ կառավարման հետևանք է, հարմար առիթը որսալով այդ մարդն իր հիվանդագին երևակայությանը զոռ տալով փորձում է մեզ ներկայացնել նույն այն մոտեցումը, ինչն ասում էր 1997-ին: Այսօր նա բոլորիս ուզում է ասել՝ այ տեսա՞ք, որ ես՝ հանճարս, ճիշտ էի 97-ին: Բայց 97-ի նրա մոտեցումն ամբողջությամբ սխալ էր, այն ազգային շահերը, Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը, անկախ ապրելու ցանկությունը ոտնահարելու մոտեցում էր, որն այսօր նա փորձում է, իրավիճակից օգտվելով, վերակենդանացնել:
Եվ հիմա ՀԱԿ-ը, փաստորեն, խաբում է մեր ժողովրդին, ասելով՝ դուք վատ եք ապրում, որովհետև Ղարաբաղի հարցը լուծված չէ:

Փորձում են մարդկանց ներշնչել, թե միայն իրենք են ուզում խաղաղություն: Նման բան չկա, բոլոր քաղաքական ուժերն էլ ուզում են խաղաղություն, պարզապես խնդիրն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համար: Երբ ՀԱԿ-ին ուղիղ հարց ես տալիս՝ դուք ի՞նչ զիջում եք տեսնում Ադրեբեջանի կողմից, նրանք ուղղակի փակում են հարցը, քանի որ Ադրբեջանի կողմից որևէ զիջման պատրաստակամություն չկա:
ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը բանավիճելով ինձ հետ այսպիսի միտք ասաց, Հայաստանն անկեղծ չի խաղաղությունն հաստատելու իր ջանքերում, դրա համար Ադրեբեջանը սկսեց ապրիլյան պատերազմը ու հիմա լարվածություն կա սահմաններում: Նման մտքեր ասողների հետ հնարավոր չէ խոսել, այդ մարդիկ պարանոյայի մեջ են ընկել ու չգիտեն էլ ի՞նչ անեն, որ իրենց առաջնորդի իմաստությունը մեր ժողովրդի աչքում հաստատեն: Տեր-Պետրոսյանը հիվանդ երևակայություն ունեցող մարդ է, որը հավատում է իր անսխալականությանը, իր հնճարեղությանը: Նա իրեն համարում է այս ժողովրդի Մեսիա ու փորձում մեկ անգամ ևս ապացուցել, որ ինքն անսխալական է, իսկ մնացածը՝ սխալական:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն