Գլխավոր » Interview, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Եվրոպացի մեր գործընկերները լիակատար ընդունում են Հայաստանի քաղաքականությունը

Մարտ 7, 2017թ. 22:03
Կարեն Բեքարյան

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այցՈՎ ԳՏՆՎՈՒՄ ԷՐ Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում: Երկօրյա այցի հագեցած օրակարգի շրջանակներում Հանրապետության Նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման կենտրոնական թեման Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Կողմերը հայտարարեցինք Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին:
Թեմայի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙԵվրոպական ինտեգրացիա՚ ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հետ
– ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո աղմուկ բարձրացավ, և՜ մեր երկրի որոշ շրջանակների, և՜ արևմտյան գործընկերների կողմից այն շատ վատ ընդունվեց: Հոռետեսները չէին թաքցնում, թե չեն ընկալում Հայաստանի ՙև, և՚ -ի քաղաքականությունը: Մինչդեռ այսօր Հայաաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտը վկայում է հակառակի մասին, որ Հայաստանի այդ քաղաքականությունն արդարացված է ու կենսունակ:
-Միանշանակ, այդպես է: Բազմիցս ասել ենք, որ Հայաստանի համար շատ մեծ մարտահրավեր է ընտրության առաջ կանգնելը: Մեզ համար շատ կարևոր են ու մեծ արժեք ունեն հարաբեությունների հաստատումը ինչպես մեր ավանդական գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ, այնպես էլ համագործակցությունը եվրոպական երկրների ու կառույցների հետ՝ հաշվի առնելով և՜ քաղաքակրթական, և՜ արժեհամակարգային հարցերը: Հետևաբար, լավագույն տարբերակն այն է, որ Հայաաստանը մեկ ուղղությամբ չզարգացնի իր համագործակցությունը, և դա չանի մյուս կողմի հաշվին կամ մյուսին բացառելով: ՀՀ նախագահը ՙԵվրանյուզին՚ տված իր վերջին հարցազրույցում ևս պարզ ու անկեղծ շեշտեց՝ մեզ համար կարևոր է, որ այդ երկու միավորները՝ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն համագործակցեն, ոչ թե հակադրվեն: Եվ սա բառեր չեն, սա ՀՀ-ի համար շատ կարևոր հանգամանք է:
Հիմա, եկեք փաստենք այսօր ստեղծված իրավիճակը: ՀՀ-ն լինելով ԵԱՏՄ անդամ ավարտեց ԵՄ հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները ու մենք սպասում ենք դրա ստորագրմանը: Որպեսզի լիաթոք շունչ քաշենք, պարզ է, որ դեռ որոշ փուլեր անցնենք, այսինքն, այն պետք է դեռ ստորագրվի, վավերացվի ու կիրառվի:
Դառնալով հոռետեսներին հիշեցնեմ նրանց խոսքը, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ԵՄ հետ նոր համաձայնագրում տնտեսական բաղադրիչ ընդհանրապես չի լինի: Բայց տեսանք, որ դա սուտ դուրս եկավ: Նաև շեշտեմ, որ այս փաստաթուղթը Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասից գրեթե չի տարբերվում: Այսինքն, Հայաստանին հաջողվեց ունենալ և՜ մեկը, և՜ մյուսը:
Բրյուսելում ամրագրվեց, որ փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտված են, և ՀՀ-ԵՄ հագեցած ու մեծ օրակարգի իրականացման համար պետք է ճշգրտվեն ժամացույցները: Իսկ մեծ օրակարգն իր մեջ ներառում է տարաածշրջանային խնդիրներ, ղարաբաղյան հիմնահարցը:
Բացի մեծ օրակարգից հնարավորություն է ստեղծվում նաև հարակից ծրագրերի իրականացման համար, մասնավորաբար, մոտ ժամանակներս վիզաների ազատականացման հարցը լուծում կստանա: Մի կարևոր հանգամանք ևս փաստեմ, մենք հասել ենք նրան, որ եվրոպական մեր գործընկերները լիակատար հասկանում, ընդունում են Հայաստանի քաղաքականությունը, բրյուսելյան այցը ՝ եվրոպական արձագանքներով հանդերձ, ցույց տվեց, հենց այդ հստակ ընկալումը: Իսկ մնացածն արդեն համբերության ու ժամանակի խնդիր է: Այնպես որ, մերժելի են բոլոր հոռետեսական խոսակցություններն ու տրամադությունները:
Քննարկումների կարևոր բաղադրիչներից էր արցախյան հիմնախնդիրը. կխնդրեմ անդրադառնաք նաև մեզ համար շատ կարևոր այս հարցին:
-Նման հանդիպումների, այցերի ժամանակ չանդարադառնալ Ղարաբաղյան հիմնախնդրին հնարավոր չէ: Պատճառը շատ պարզ է, ունենք անկայուն իրավիճակ, տեսնում եք ի՞նչ է կատարվում Արցախի Հանրապետություն-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան սահմանների ողջ երկայնքով: Բրյուսելյան այցի բոլոր հանդիպումներում, նաև դրանց հաջորդած մամուլի ասուլիսներում, ինչպես նաև ՙԿարնեգի՚ հիմնադրամի գրասենյակում հնչած նախագահի ելույթում կային հստակեցումներ, անգամ կոշտացում ԼՂ հակամարտության Հայաստանի դիրքորոշման հարցում: Հայկական կողմն աշխատեց մեր դիրքորոշումները ու ամբողջ պատկերն ավելի ընկալելի ներկայացնել եվրոպական գործընկերներին: Անդրադառնամ մի քանիսին:
Առաջին, անդրադարձ եղավ ապրիլյան պատերազմին, բայց այն ոչ միայն շեշտվեց որպես փաստ, այլև ներկայացվեցին այն նախադրյաները, որոնք ապրիլյան պատերազմը դարձրին հնարավոր: Ընդգծվեց որ չնայած միջազգային հանրությունն ուներ հնարավորություն ավելի կոշտ արձագանքելու, և կարող էր կանխարգելիչ դեր ունենալ, մինչդեռ դա տեղի չունեցավ: ՀՀ նախագահի կողմից ամրագրվեց, որ հիմա ևս մենք գտնվում ենք նման իրավիճակում, երբ միջազգային հանրությունը դարձյալ միասնաբար չի արձագանքում լարվածությանը, չեն կատարվում կանխարգելիչ գործողություններ, հետևաբար, չի բացառվում, որ սահմանային սրացումները թևակոխեն առավել վանգավոր փուլ:
Երկրորդ, Ադրբեջանը մշտապես շրջանառում է այն թեզը, թե հայկական կողմերը փորձում են որևէ կերպ կառչել ստատուս քվոյից: Այս թեզի հետ կապված նախագահը տվեց բավականին ընդգրկուն պատասխան ՝ այն կապելով երկու հիմնական բաղադրիչի հետ: Նախ ասվեց, որ սահմաննեում կա իրավիճակի սրացում, կա մարդկանց կյանքին ուղղված սպառնալիք, կան զոհեր ու վիրավորներ: Այդ պարագայում բնական չէ քաղաքակիթ բանակցություն վարելը, բնական չէ ակնկալել վստահության աճ: Հստակ ասվեց, որ և ապրիյան պատերազմով, և ներկայիս սրացումներով Ադրբեջանը հետ է մղում քաղաքական բանակցային գործընթացը: Դրա հետ մեկտեղ հիշեցվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Հաջորդը, ինչը չափազանց կարևորում եմ, ասվեց, եթե Ադրբեջանը ցանկություն ունի ստատուս քվոն փոխելու, դրա հնարավոր տարբերակը Արցախի Հանրապետության անկախության, նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:
Այսպիսով, Ադրբեջանի այն սին պատրանքները, որ հնարավոր է սահմանային իրավիճակի լարմամբ, զոհերի թվի աճով, հումանիտար աղետների միջոցով ինչ-ինչ դիվիդենտներ քաղել հայկական կողմերից ու միջազգային հանրությունից՝ հստակ է, որ դա չի աշխատելու, Հայաստանը դրան չի գնա:
Իր խոսքում նախագահը նաև մեկ այլ կարևոր միտք հնչեցրեց, ասաց, երբ պահը գա ու սրացումները խորանան, Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր չի խորշի օգտագործել իր ողջ զինանոցը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի անվտանգության:
Այսպիսով, բրյուսելյան այցի ընթացքում ներկայացվեց անվտանգության փաթեթը, ինչը կարևոր ուղերձ էր ոչ միայն եվրոպական մեր գործընկերներին, եվրոպական հանրությանը, այն նաև ուղերձ էր Ադրբեջանին ու համանախագահող երկրներին՝ Մինսկի խմբին:
-Այնուհանդերձ, ինչո՞վ էր պայմանավորված նախագահի՝ արցախյան հարցին վերաբերող ելույթներում դիրքորոշումների ակնահայտ կոշտացումը, գհուցե դա պայմանավորված էր այն մտահոգությամբ, որ կարող է կրկնվել անցած տարվա ապրիլին տեղի ունեցած լարվածությո՞ւնը:
-Մենք գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում ու ցանկացած ժամանակ մեզ մոտ հնարավոր են սրացումներ, որովհետև, ինչպես բազմիցս ենք համոզվել, մենք չունենք մեր դիմաց վստահելի գործընկեր: Անգամ, երբ ընթանում են բանակցություններ Ադրբեջանը մտածում է կրակելու մասին: Հետևաբար, լարվածության վտանգ մշտապես եղել է, կա ու կլինի, քանի դեռ քաղաքական կարգավորումը չի հասել իր վերջնակետին: Ավելի պարզ ասեմ, քանի դեռ Ադրբեջանի իշխող կլանն իր մաքսիմալիստական գծից նահանջ չի կատարել ու չի մտել կառուցողական դաշտ: Դրա համար մենք չպետք է կորցնենք մեր զնգոնությունը:
Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրորոշումների կոշտացմանը դա առավել քան տրամաբանական է: Բանակցային գործընթացում իր պատկերացրած, իր ուզած արդյունքը չստանալով Ադրեջանը, փորձում է խնդիրը տեղափոխել այլ հարթակներ: Միջազգային տարբեր կառույցներ, որոնք իրականում չեն զբաղվում հիմնախնդրի կարգավորմամբ, երբեմն հանդես են գալիս նախահարձակողական ինչ-որ գործընաթացներով: Սրանք ապակառուցոական քայլեր են և դա բոլորն են լավ հասկանում: Կամ էլ Ադրբեջանը փորձում է քննադատել համանախագահներին, դրանով նպատակ ունի հնարավորության դեպքում փոխել բանակցային ձևաչափը: Հաջորդը, սրելով իրավիճակը սահմանին՝ Ադրբեջանը փորձում է դիվիդենտներ շահել ու ինչ-որ առավելություն ստեղծել իր համար: Եթե Ադրբեջանը զգա իր այդ քայլերի արդյունքը, ապա նա անպայմանորեն բազմապատկելու է լարվածությունը ու չի բավարարվելու փոքր արդյունքներով: Հետևաբար, հայկական կողմի համարժեք կոշտացումը, դրա տակ ինչ ուզում եք հասկացեք՝ սկսած քաղաքականից, դառնում է հրամայական: Սա է միակ ճանապարհը, որով հնարավոր կլինի Ադրբեջանին ցույց տալ իր տեղը: Առ այսօր այլ արդյունավետ ճանապարհը, ուրիշ տարբերակ չի աշխատել
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն