Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ թեկնածու կանայք սեփական կուսակցությունների ծրագրերի, իսկ քաղաքագետը՝ բոլորի մասին. <<Հայք>> կենտրոնում

Մարտ 4, 2017թ. 19:26
Հայք կենտրոն ասուլիս

«Հայք» տեղեկատվական կենտրոնում այսօր տեղի ունեցավ ասուլիսի: Թեման՝ <<Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ թեկնածու կանայք սեփական կուսակցությունների ծրագրերի, իսկ քաղաքագետը՝ բոլորի մասին>>
Մեր հյուրերն են` քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից՝ Զոյա Թադևոսյանը, , ՕՐՕ դաշինքից՝ Սուսաննա Մուրադյանը, «Հայկական վերածնունդ»՝ Մարիանա Ֆրունջյանը: 

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը.

Ես խաղաղության կողմ եմ, բայց ուզում եմ առաջ շարժվեն, ոչ թե հայրենիք հանձնեն.  քաղաքագետը՝ ՀԱԿ ներկայացուցչին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր հրավիրված բանավեճ-քննարկմանը հայտարարեց, թե այս ընտրարշավը ցույց տվեց, որ երկիրը կուսակցական քաղաքական համակարգով կայուն օրգանիզմ չունի և շտապել են անցնել խորհրդարանական համակարգի:  Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ որոշ դեպքերում նույնիսկ կյանքի գնով խորհրդարան մտնելու փորձեր են:

«Ոչ թե քաղաքական ուժերն են պայքարում, այլ այստեղ խմբերի շահեր է, հուսանք որ գործընթացը կքաղաքականանա, որովհետև եթե մնաց ոչ քաղաքական գործընթաց, կունենանք ավելի վատ, անկայուն վիճակ»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ ընտրողը շատ լավ կորոշի, քաղաքական ուժը պոպուլիզմով է զբաղված, թե ոչ: «Եթե մեկը քավարան պետք էր անցներ ու չի անցել՝ ժողովրդի դա կորոշի, այստեղ վտանգ չկա»,-ասաց նա:

Լևոն Շիրինյանի գնահատմամբ Արցախի վրա չպետք է կենտրոնանալ, քանի որ ըստ նրա՝ Արցախի ժողովուրդն արդեն լուծել է: «Այդ պետության ներքին գործերին չպետք է խառնվենք, ինքը կայացած է: Խոսակցությունները խաղաղության մասին, որևէ մեկին պետք չէ բացատրել, գերմանացուն նույնիսկ, քանի որ նա գիտի, թե ինչ է խաղաղությունը: Խաղաղությունը  գլխավոր արժեք չէ, հայրենիքին ու պետությունը ավելի մեծ արժեք են»,- ասաց նա և նշեց, որ պետք է քաղաքական ուժերը օրակարգը ձևավորեն՝ հիմնվելով ներքին խնդիրների վրա:

Ըստ նրա, Արցախը կարող է առաջ շարժվել մինչև Արաքս, Քուռ, և դրանով միայն կարող է թշնամուն ստիպել հաշվի առնել:

Քննարկման մասնակից ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը հարցրեց, թե այսինքն՝ ինքը խաղաղության կողմ չէ՞: «Ես խաղաղության կողմ եմ, բայց ուզում եմ առաջ շարժվեն, քանի որ զիջումը հասկանում են հայկական կողմից զիջում միայն, չկա նման բան, պետք է առաջ գնալ և կտեսնեք, քանի գործընկերներ կհայտնվեն կողքիդ»,-ասաց քաղաքագետը:

Նելլի Լազարյան, tert.am

 

ՕՐՕ-ն բացառում է համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, ՀԱԿ-ը կվերադարձնի «թալանը», ՀՎԿ-ն պետականամետ է, բայց՝ հստակ ծրագրերով. քննարկում

«Հայ ազգային կոնգրես», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները և  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը (ՕՐՕ) այսօր հրավիրված բանավեճ–քննարկմանը խոսեցին իրենց նախընտրական ծրագրերի մասին՝ ներկայացնելով դրանց հիմնական դրույթները։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացնող Զոյա Թադևոսյանը հայտարարեց, որ ընտրությունների են գնում առանց պոպուլիստական կոչերի և կարծում են, որ խաղաղությունը միակ հնարավորությունն է, որ յուրաքանչյուր երկրի հնարավորություն կտա զարգանալ:

«Պատերազմը դադարեցնելու և հաշտության պայմանագիր կնքելուց հետո կլուծվեն մի շարք խնդիրներ, առաջինը մարդկային կապիտալն է, հասարակությունը, որտեղ արժեքը կլինի մարդը»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ 10 մլրդ դոլար է արտահոսել այս տարիների ընթացքում երկրից, տարեկան 50 000 մարդ է արտագաղթում: «Իսկ տնտեսագետները լավ գիտեն, որ աշխատուժն ու կապիտալը եթե երկրից բացակայում են, ինչ ռեսուսրների հիման վրա պետք է զարգանա պետությունը»,-ասաց նա:

Զոյա Թադևոսյանը նշեց, որ իրենց ծրագրում կարևորել են իրականացումը ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի, ըստ որի՝ «91թ-ից սկսած թալանված միջոցները պետք է վերադարձվեն ժողովրդին»:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող Մարիաննա Ֆրունջյանը նշեց, որ իրենք գալիս են ծրագրային խոստումներով, և չի կարծում, որ դա պոպուլիզմ են: «Կարևորում ենք այն հիմնախնդիրները, որոնք մեր առաջնորդը ներկայացնում է, և չեմ կարծում, որ այստեղ պոպուլիզմի խնդիր կա»,- ասաց նա և մատնացույց արեց ավանդների վերադարձման գործընթացը, որն իրենց նախաձեռնությունն էր:

«Շնորհանդեսին, մեր առաջնորդը պետականամետ լինելով ճիշտ կներկայացնի բոլոր ծրագրերը նաև ֆինանսական կողմը»,-ասաց նա:

ՕՐՕ դաշինքը ներկայացնող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն էլ հայտարարեց, որ բացառում են որևէ համագործակցություն կամ դաշինք ՀՀԿ-ի հետ: «Դա հայտարարում ենք, որ հասկանան, որ խաղեր տալու համար չենք եկել, այլ եկել ենք, որպեսզի իրական քվե ստանալով գնանք իշխանության, որպեսզի իրականացնենք ռեալիստական ծրագրերը»,-ասաց նա:

Սուսաննա Մուրադյանը համաձայն չէր այն դիտարկմանը, որ դաշինքը խայտաբղետ է. «Համաձայն չեմ խայտաբղետ լինելու որակման հետ, ընդհանուր առմամբ, հպարտ ենք, որ երեք քաղաքական հայտնի գործիչներ միացել և կազմել են այդ դաշինքը, որի հիմքում ընկած է եղել միայն մեկ նպատակ՝ այս երկիրը հանել տնտեսական, քաղաքական խայտառակ ճգնաժամից: Ունենք կոնկրետ առաջարկներ, թե որ կետը ով է անելու, այսինք՝ բոլոր կետերի հետևում կանգնած է մեկ մարդ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ իրենք էլ խուսափել են պոպուլիստական ձևակերպումներից: Արցախի հարցում կողմնակից են խաղաղ կարգավորման գործընթացներով Արցախի հարցի արժանապատիվ լուծումն է: Իսկ, ընդհանուր առմամբ, նա ասաց, որ դաշինքի ծրագիրը մարդակենտրոն է:

Նելլի Լազարյան, tert.am

 

Հայկական վերածննդի ներկայացուցիչը` աչք հանելու ու կաշի քերթելու մասին. «Դրանք ժողովրդական ասացվածքներ են»

Մարտի 4-ին «Հայք» տեղեկատվական կենտրոնում  հյուրընկալված Զոյա Թադևոսյանը (ՀԺԿ-Կոնգրես), Սուսաննա Մուրադյանը (ՕՐՕ դաշինք), Մարիանա Ֆրունջյանը («Հայկական վերածնունդ») եւ քաղաքագետ քաղաքագետ Լևոն Շիրինյանը թեժ բանավեճ ունեցան, թեեւ եկել էին կուսակցությունների ծրագրերը ներկայացնելու: Քաղաքագետն ասաց, որ այլեւս պոպուլիզմով հնարավոր չէ ժողովրդին խաբել, քաղաքացին կարող է հստակ կողմնորոշվել՝ ում ընտրի: Նրա ասելով, կուսակցությունները եւ դաշինքները նաեւ չպետք է Արցախի հարցի վրա սեւեռվեն, որովհետեւ  այդ հարցն Արցախի ժողովուրդն արդեն լուծել է: «1991 թ նոյեմբերին Ադրբեջանի իշխանություններրը լուծարել են ԼՂԻՄ-ը , սա նշանակում է, որ Արցախի բանակը կարող է գնալ-հասնել մինչեւ Կուր-Արաքսի ափերը: Հայաստանում պետք է ներքին հարցերի վրա սեւեռվել՝ ազգային արդյունաբերական բուրժուազիայի ստեղծման եւ  վաշխառությանը վերջ դնելու, թե չէ մնացածը օդի միջի հարցեր են»,- ասաց Շիրինյանը:

Զոյա Թադեւոսյանը տարակուսանք հայտնեց ասվածի առնչությամբ՝ Լեւոն Շիրինյանին մեղադրելով ռազմատենչ կոչեր հնչեցնելու մեջ:  Բանակին եւ Սեյրան Օհանյանին էլ անդրադարձ եղավ:  «Ինչպե՞ս կարող է հզորանալ բանակը՝  թալանելով»,- ասաց  Զոյա Թադեւոսյանը: ՕՐՕ-ի ներկայացուցիչը հակադարձեց տիկնոջ ասածներին, նաեւ հավելեց. «Մենք չենք գնում մանդատներ վերցնելու, մենք ասում ենք, որ երկու տարվա ընթացքում սահմանադրություն ենք փոխելու եւ լինելու են արդար ընտրություններ»:

Սուսաննա Մուրադյանը նաեւ հարց ուղղեց Զոյա Թադեւոսյանին. «Ինչո՞ւ եք ցեխ շպրտում ՕՐՕ դաշինքի վրա: Մենք ի սկզբանե բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել համատեղ պայքարել  ընդհանուր հրեշի դեմ, մեր հիմնական թիրախը ՀՀԿ-նն է, որի հետ երբեք չենք համագործակցելու ու դաշինք չենք կազմելու»,-ասաց: Զոյա  Թադեւոսյանի ձեւակերպմամբ` ցանկացած գող-ավազակ իշխանության համար ամենալավ հնարավորությունը պատերազմն է, իսկ իրենք չեն ուզում, որ ամեն օր սահմանին երիտասարդներ զոհվեն: « Ոչ մեկի հետ չհամագործակցենք, թողնենք այս երկիրը գնանք, վրան գրենք՝ ժամանակավոր կացարա՞ն»,-զայրացավ Թադեւոսյանը: «Հայկական վերածննդի» ներկայացուցիչ Մարիաննա Ֆրունջյանը կարծիք  հայտնեց, որ ժամանակն է ԱԺ-ում ունենալ քաղաքակիրթ էլիտա:

Ի պատասխան ՕՐՕ-ի ներկայացուցիչը հիշեցրեց Արթուր Բաղդասարյանի «կաշի քերթելը» եւ Հեղինե Բիիշարյանի «աչքերը հանելը»: Ֆրունջյանն արդարացավ, թե հանդիպումը եղել է թիմի հետ, իսկ ժողովրդական ասացվածքների օգտագործման մեջ սարսափելի բան չկա: Զոյա Թադեւոսյանի համոզմամբ, լավ կլինի, որ ընտրակեղծիքների դեմ պայքարելու եւ արդար ընտրություններ ունենալու համար միասնական շտաբ ունենալ, համատեղ ուժերի կենտրոնացումը կազմակերպել տեղամասերում: Նրա խոսքով. «Դրսում արդեն ժողովրդին փչացրել են, ժողովրդի ծայրահեղ ծանր վիճակը արդարացնում է հանգանակությունների ընդունումը, որը պետականության կործանման սկիզբ է, մենք փչացրել ենք մեր ժողովրդին, ուրեմն եկեք միասին պայքարենք դրա դեմ, ոչ թե միմյանց վրա ցեխ շպրտենք»:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակների ներկայացուցիչների միմյանց դանակահարելուն, Զոյա Թադեւոսյանի կարծիքով լուծումը մեկն է, ցանկացած բռնություն, ոչ իրավական գործողություն, որ տեղի է լինում, պետք է քրեական գործ հարուցվի, որից հետո ԿԸՀ-ն պետք է գրանցումից հանի համապատասխան թեկնածուին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ,  aravot.am

ՕՐՕ-ի ներկայացուցիչ. «Մեր հիմնական թիրախը ՀՀԿ-ն է»

«Հայք» տեղեկատվական կենտրոնը մարտի 4-ին  հյուրընկալել էր Զոյա Թադևոսյանին (ՀԺԿ-Կոնգրես), Սուսաննա Մուրադյանին (ՕՐՕ դաշինք), Մարիանա Ֆրունջյանին («Հայկական վերածնունդ») եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանին: Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ թեկնածու կանայք  խոսեցին սեփական կուսակցությունների ծրագրերի, իսկ քաղաքագետը՝ բոլորի մասին: Զոյա Թադեւոսյանը մասնավորապես նշեց. «Մերժելով պոպուլիզմը, խորհրդարանում մանդատ կորզելու լայնորեն տարածված պրակտիկան՝ ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցում է մի կարգախոսով, որը իրարամերժ կարծիքների տեղիք է տալիս: Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսը անհրաժեշտ է ժողովրդին, որովհետեւ մարդկությունը վաղուց թողել է վայրենության ժամանակաշրջանը»: Նրա խոսքով, օրինակ ընդունելի չէ քաղաքական այն ուժի ներկայացուցչի տեսակետը, թե Ղարաբաղի հարցը պետք է թողնել Ղարաբաղի ժողովրդին: Զոյա Թադեւոսյանի ձեւակերպմամբ, դա սազական չէ լուրջ քաղաքական ուժին: «Որեւէ տնտեսագետ չի կարող ապացուցել, թե հնարավոր է զարգացում պատերազմի պայմաններում, երբ տնտեսությունը ծանր տնտեսական վիճակում է, վերջին տասը տարիներին Հայաստանից արտահոսել է տասը միլիարդ դոլար, 500 հազար մարդ է արտագաղթել… Ներդրողները, օտարերկրյա կապիտալը շատ զգայուն են  քաղաքական իրավիճակի հանդեպ, մի՞թե որեւէ տնտեսագետ դա չգիտի…Աշխարհի ոչ մի պատերազմող երկիր կապիտալ ընդունող երկիր չէ, այնպես որ ժողովրդին պետք չէ մոլորեցնել, որ պատերազմի ժամանակ որեւէ երկիր կարող է զարգանալ»,-ասաց տիկին Թադեւոսյանը: Նա կոչ արեց ժողովրդից բռնագրաված հարստությունը վերադարձնել ժողովրդին: Սուսաննա Մուրադյանն էլ նշեց, որ հպարտ են երեք հայտնի քաղաքական գործիչների՝ Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սեյրան Օհանյանի միանալով եւ դաշինք կազմելով, որի նպատակն է երկիրը հանել տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից:

ՕՐՕ-ի ներկայացուցիչն ասաց, որ իրենց ծրագրում եւս անդրադարձ կա Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացներով  արդյունքի հասնելուն: Նա շեշտեց, որ իրենք նպատակ են դրել երբեք չքննադատել որեւէ ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի: Սուսաննա Մուրադյանի խոսքերով, իրենց միակ թիրախը ՀՀԿ-ն է, որի քաղաքականության մեղքով է տարեկան 50 000 մարդ լքել երկիրը, իսկ 10 մլրդ գումար դուրս է եկել երկրից: «Ի սկզբանե ասում ենք, որ բացառում ենք որեւէ համագործակցություն եւ դաշինք` ՀՀԿ-ի հետ, մենք խաղեր տալու համար չենք եկել, այլ ուզում ենք իրականացնել մեր ռեալիստական ծրագիրը, որը մարդակենտրոն է»,-շեշտեց ՕՐՕ-ի ներկայացուցիչը: Ապա մի քանի ծրագրային կետեր նշեց, այդ թվում այն, որ բանակին տարեկան պետք է տրվի 50 մլրդ դրամ գումար, տնտեսությունը առողջացնելու ծրագրեր լինեն, նաեւ ներգաղթի կազմակերպում կկարեւորվի, գյուղատնտեսության վարկավորում իրականացվի, ծնելիության խթանում եւ այլն:

Մարիանա Ֆրունջյանն ասաց, որ ինքը համակարգում է «Հայկական վերածննդի» հասարակական-քաղաքացիական պլատֆորմը:  «Յուրաքանչյուր հ/կ կարողացավ դուրս բերել այն հիմնախնդիրները, որոնց տարիներ շարունակ առնչվել է»,-ասաց նա: Խոսեց նաեւ ավանդների վերադարձի մասին ու ասաց, որ գործընթացը շարունակվում է, եւ այդտեղ պոպուլիզմ չկա: «Յուրաքանչյուր հիմնախնդիր, որ ներկայացրել ենք, ներքեւից ենք խնդիրը  բարձրացրել: Երկուշաբթի կլինի մեր շնորհանդեսը եւ մեր առաջնորդը պետականամետ լինելով` կներկայացնի մշակված քայլերը»,-հավելեց նա:

Լեւոն Շիրինյանն արձանագրեց, որ հաստատվել է այն թեզիսը, որ եթե երկիրը կուսակցական-քաղաքական համակարգով նորմալ օրգանիզմ չունի, անթույլատրելի է խորհրդարանական մոդելին անցնելու: «Պայքարող հիմնական զանգվածները միավորվել են շահերի խմբերի մեջ, հուսանք, որ դա չի շարունակի մնալ ոչ քաղաքական գործընթաց»,-ասաց քաղաքագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ aravot.am

 

 Վաղը մեկնարկող քարոզարշավը խիստ անկանխատեսելի է լինելու, քանի որ նախընտրական շրջանում առկա միտումները ցույց են տալիս՝ պայքարը դեռ չի մտել քաղաքական դաշտ: Բանավեճերը, որ պետք է պարզեն ընտրություններին մասնակցող ուժերի դիրքորոշումն ու առաջարկները, ի վերջո վերածվում են իրար վրա քար եւ ցեխ շպրտելուն, քանի որ ընտրություններին մասնակցող ուժերում չկան առանձնապես նոր ուժեր եւ գործիչներ։ Հետեւաբար՝ «ոչ վաղ եւ մութ անցյալը» հիշեցնելու պրակտիկան այս քարոզարշավում շատ է կիրառվելու:

Ընտրապայքարի մեջ մտած Սուսաննա Մուրադյանը կարծում է, որ ընտրողը նախապատվություն պետք է տա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, որովհետեւ պարզ հայտարարում են՝ ապագայում երբեւէ դաշինք չեն կազմելու հանրապետական կուսակցության հետ: Տիկին Մուրադյանը կարծում է, որ դա բավարար է հասկանալու՝ չեն գալիս, իրենց իսկ ձեւակերպմամբ, «խաղեր տալու»:

Ահա այս հատվածում է առաջանում ՀԱԿ-ից թեկնածու Զոյա Թադեւոսյանի եւ ՕՐՕ-ից Սուսաննա Մուրադյանի միջեւ հակադրությունը, քանի որ հենց այստեղից էլ սկսվում է հին ու նորը հիշեցնելու անհրաժեշտությունը.

«-Կարելի՞ է բանակը թալանելով հզորանալ:

-Պետք է թալանողները պատասխան տան եւ մարդը ում մեղադրում են դրա համար հազար անգամ արդեն ասաց, որ ինքը պատրաստ է պատրաստ է արդար դատարանի առաջ պատասխան տալ:

-Պետք է մտներ քավարանով անցներ:

-Ինչի՞ համար քավարանով անցներ, եթե նա մեղք չունի: Մարդը ասում է՝ ես մեղավոր չեմ եւ պատրաստ է արդար դատարանի առաջ պատասխան տալու:

-Դե թող տա:

-Դե հիմա եկեք ստեղծենք արդար դատարան …

-Գիտեք, ես անարդար կառավարության հետ երբեք չեմ աշխատի երբեք: Հրաժարական տար շատ վաղուց, ոչ թե աշխատանքից ազատելուց հետո դառնար ընդդիմություն: Այդպես չի կարելի:

-Չեմ ուզում ասել, թե անարդար կառավարությունները ինչեր են արել եւ չեմ էլ ասելու»:

ՀԱԿ-ը մրցակիցներից որոշել է տարբերվել իր ռազմավարությամբ՝ քարոզչության շեշտը դնելով Արցախյան հիմնախնդրի վրա: Իհարկե, կարեւորում են մերիոկրատիկ հասարակության ստեղծումը, այսինքն՝ հասարակություն, որտեղ արժեքը շնորհքով մարդն է, բայց եւ դա առաջին քայլին հաջորդող քայլերից ընդամենը մեկն է: Առաջին քայլով ՀԱԿ- ը հավակնում է լուծել Արցախյան հիմնախնդիրը:

«Հայկական վերածնունդ» նոր անունով այս ընտրություններին մասնակցող հին «Օրինաց երկրի» համակիրները ընտրողներին խոստանում են՝ ներքեւների ձայնը լսելի դարձնել վերեւներին։ Իսկ, առհասարակ, այս ընտրապայքարում ահագնացող ագրեսիայից դժգոհեց «Հայկական վերածնունդ» կուսակցության միջոցով ընտրապայքարի մեջ մտնող Մարիաննա Ֆրունջյանը:

Լրագրողները չհապաղեցին եւ այս նոր քաղաքական գործչին հիշեցրեցին, որ հենց իրենց կուսակցությունում կան դեմքեր, որոնց համար նորմալ է օրինակ՝ հենց Աժ-ում գործըներոջ գլխին «շիշը տալու», ինչպես նաեւ «կաշի քերթելու» եւ «աչքեր հանելու» սպառնալիքները:

Վերջին շրջանում համախմբում չկա ոչ միայն ռեյտինգային ընտրակարգով նույն ընտրատարածքում առաջադրված համակուսակիցների միջեւ, այլեւ՝ ընդհանուր՝ ազատ եւ արդար ընտրությունների գաղափարի շուրջ: ԿԸՀ-ում երկար տարիներ աշխատած Զոյա Թադեւոսյանն այս առումով առաջարկում է լուծման տարբերակ:

«Ցանկացած բռնություն, ցանկացած ոչ իրավական գործողություն, որ տեղի է ունենում, ոստիկանությունն անպայման դրա մասին ունի տեղեկատվություն եւ լինում է վայրում, քրեական գործ պետք է հարուցվի, որից հետո ԿԸՀ-ն պարտավոր է գրանցումից հանել համապատասխան թեկնածուին եւ թույլ չտա մասնակցել ընտրություններին: Դրանից հետո մնացածը կսթափվեն»:

Ի դեպ՝ այս ընտրություններում կին թեկնածուների ձայնն ավելի հաճախ է հնչելու, քանի որ ընտրական օրենսգիրքը կուսակցությունների պարտադրել է համամասնական ցուցակում կանանց էլ ավելի շատ ներկայություն ապահովել։

Լենա Բադեյան, armradio.am

Մարդիկ ուզում են կյանքի գնով հայտնվել խորհրդարանում

Երկրի տնտեսությունը չի զարգանա, եթե այդ երկրում պատերազմական իրավիճակ լինի. համոզված  է Կոնգրես- ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Զոյա Թադեւոսյանը: Հենց դա է պատճառը, որ դաշինքը կարգախոս է ընտրել խաղաղությունը. «Խաղաղությունն այն հնարավորությունն է, որ կթողնի երկրին  զարգանալ: Երբ տնտեսությունը ծանր վիճակում է, վերջին տասը տարիներին Հայաստանից արտահոսել է 10 միլիարդ դոլար, 500 հազար մարդ է արտագաղթել, չի կարող ամեն ինչ լավ լինել»,- նշեց տիկին Թադեւոսյանը՝ հավելելով, որ դաշինքի գլխավոր նպատակը կլինի հենց  պատերազմական վիճակը դադարեցնելը. «Միայն խաղաղության հասնելուց հետո մենք կարող ենք հասնել նրան, որ պետությունում արժեք լինի գրագետ, կիրթ մարդը, իսկ դրանից հետո այն մարդիկ , որոնք թալանել են մեր երկիրը 1991 թվականից սկսած, պետք է պատասխան տան, իրենց հարստությունը պետք է առգրավվի ու վերադարձվի պետությանը»:

«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը նշում է, որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, միանալով եւ դաշինք կազմելով, նպատակ ունեն երկիրը հանել խայտառակ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից. «Մենք նպատակ ենք դրել երբեք չքննադատել որեւէ ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի: Միակ թիրախը ՀՀԿ-ն է, որի քաղաքականության մեղքով է տարեկան 50 000 մարդ լքել երկիրը, իսկ 10 մլրդ դոլարը դուրս է եկել երկրից: Ի սկզբանե ասում ենք, որ բացառում ենք որեւէ համագործակցություն եւ դաշինք` ՀՀԿ-ի հետ, մենք խաղեր տալու համար չենք եկել, այլ ուզում ենք իրականացնել մեր ռեալիստական ծրագիրը, որը մարդակենտրոն է»,- նշեց նա:

ՀՎԿ պատգամավորության թեկնածու  Մարիաննա  Ֆրունջյանի կարծիքով՝ խորհրդարանում պետք է քաղաքակիրթ էլիտա  ձեւավորվի: Այս կարծիքը հայտնելու ընթացքում ՕՐՕ դաշինքի  ներկայացուցիչը արձագանքեց. «Այլեւս աչքերը չե՞ն հանելու» (նա նկատի ուներ ՀՎԿ-ական Հեղինե Բիշարյանի արտահայտությունը, թե մատով աչքերը կհանի այն մարդկանց, որոնք ՀՎԿ-ի հասցեին վատ բան կասեն-խմբ.): Մարիաննա Ֆրունջյանն արդարացավ, թե ժողովրդական ասացվածքների օգտագործումը նորմալ է. «Մարդը իր գործով է ագրեսիան ցույց տալիս, ոչ թե խոսալով , եթե դուք ժեստերը  նայեք նրանց, կտեսնեք, որ  դա ագրեսիվ չի եղել, եւ ոչ էլ սպառնալիք է հնչել»:

Ասուլիսի մասնակիցները սկսեցին ավելի թեժ բանավիճել, երբ հարցը հասավ բանակին. «Ինչպե՞ս կարող է հզորանալ բանակը, թալանելո՞վ»,- ասաց Կոնգրես- ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը՝ դիմելով ՕՐՕ-ի ներկայացուցիչին. «Սեյրան Օհանյանը ասել է, որ պատրաստ է կանգնել արդար դատարանի առաջ, որովհետեւ նա համոզված է, որ մեղավոր չէ, բայց դրա համար նախ պետք է արդար դատարան ստեղծենք»,- նշեց Սուսաննա Մուրադյանը ու հակադարձ հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ եք ցեխ շպրտում ՕՐՕ դաշինքի վրա: Մենք ի սկզբանե բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել համատեղ պայքարել  ընդհանուր հրեշի դեմ, մեր հիմնական թիրախը ՀՀԿ-ն է, որի հետ երբեք չենք համագործակցելու ու դաշինք չենք կազմելու»:  Զոյա  Թադեւոսյանը  պատասխանեց. «Ոչ մեկի հետ չհամագործակցենք, թողնենք այս երկիրը գնանք, վրան գրենք՝ ժամանակավոր կացարա՞ն»:

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք  այս անգամ  հույս ունեն ընդդիմադիր  գործիչները, որ ընտրությունները արդար կանցնեն, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ընտրակեղծիքների դեմ պայքարելու եւ արդար ընտրություններ ունենալու համար միասնական շտաբ է պետք ունենալ եւ կենտրոնացնել ուժերը տեղամասերում: Դրսում արդեն ժողովրդին փչացրել են, ժողովրդի ծայրահեղ ծանր վիճակը արդարացնում է հանգանակությունների ընդունումը, որը պետականության կործանման սկիզբ է, մենք փչացրել ենք մեր ժողովրդին, ուրեմն եկեք միասին պայքարենք դրա դեմ, ոչ թե միմյանց վրա ցեխ շպրտենք»:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ  կարծիք հայտնեց, որ եթե երկիրը կուսակցական-քաղաքական համակարգով նորմալ օրգանիզմ չունի, անթույլատրելի է խորհրդարանական մոդելին անցնելը. «Դա է վկայում նաեւ այսօր տեղի ունեցող դանակահարություններն ու ծեծկռտուքները, մարդիկ ուզում են կյանքի գնով հայտնվել խորհրդարանում»:

a1plus.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն