Գլխավոր » Politics, Լրահոս

Սա ընտրություններ են, ոչ կռիվ կինո. Նաիրա Կարապետյան

Մարտ 1, 2017թ. 00:27
նաիրա Կարապետյան

Մոտենում է քարոզարշավը, և բնականաբար այս ամբիոնն այսօր բազում անգամ օգտագործվելու էր ընտրությունների նախաշեմին ևս մեկ անգամ այս մասին հիշեցնելու համար:

Այս հայտարարության անհրաժեշտությունը թերևս չէր լինի, եթե սոցիալական ցանցերում արդեն իսկ սկսված չլիներ այսպես կոչված նախա-քարոզարշավը՝ մի շարք թեմատիկ էջերի, հոլովակների, կոլլաժների և այլ հակափիառի գործիքների կիրառմամբ: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են լինելու քարոզարշավի գործընթացին, անկախ կուսակցական պատկանելիությունից, գաղափարական տարբերություններից և սոցիալական վիճակից՝ եկեք այս մեկ ամիսը մնանք բարեկրթության շրջանակներում:

Ժողովրդին վաղուց արդեն հոգնեցրել են ձեր սիրելի մարտաֆիլմերի սյուժեները, որ թվացյալ բացասական կերպարի դեմ կռիվ է տալիս կինոյի տղան՝ գլխավոր հերոսը, ազգի փրկիչը, այն միակը, ով եկել է ժողովրդին ազատելու խավարից, չարիքից, շատ դեպքերում նաև՝ թշնամուց:

Այս ընտրություններին կիրառեք նոր ոճ, ներկայացեք ժողովրդի սեփական այլընտրանքային գաղափարներով, ծրագրով, կոնկրետ քայլերով և նպատակների իրականացման կոնկրետ առաջարկներով: Հարկավոր չէ քարոզարշավային թանկ ժամանակը նվիրել այլ ուժի դեմ պայքարին, սա ընտրություններ են, և ոչ կռիվ-կինո: Առաջարկեք ձերը, ունեցեք ձերը, վաստակեք վստահություն, ստացեք քվե, մի զբաղվեք պոպուլիզմով, դրա ժամանակն էլ է անցել:

Իհարկե խոսքս բոլորին չի վերաբերում, և վստահաբար կլինեն քաղաքական մշակույթին տիրապետող ուժեր, ում հետ նախընտրական գործընթացը կլինի վայել և շատ ժամանակ նաև հաճելի, բայց թույլ տվեք, հիմնվելով նախորդ շատ ընտրությունների փորձին, կոչ անել ևս մեկ անգամ՝ հարգեք ժողովրդին, հարգեք ինքներդ ձեզ, խոսեք ձեր մասին, ձեր ծրագրերի ու գաղափարների մասին, ստացեք քվե՝ իրականացնելու ձեր ծրագիրը: վերջին հաշվով ընտրություններն ավարտվելու են, և իրատեսական և անիրատեսական ծրագրերի տարբերությունը հենց ժողովուրդն է զգալու՝ ցույց տալով ձեզ ձեր իրական տեղը:

Հարգենք ընտրողներին:

Հիշենք, որ Չերչիլն ասում էր՝ Պատասխանատվությունն է այն գինը, որ մենք վճարում ենք իշխանության դիմաց:

ԱԺ պատագամավոր Նաիրա Կարապետյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն