Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն

Հոգնած պատգամավորներն ու 700 էջանոց Հարկային օրենսգիրքը

Հունիս 10, 2016թ. 17:09

Գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին ժամերին Ազգային ժողովը ձեռնամուխ եղավ կարևորագույն օրենքի` Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը: Սակայն օրվա ավարտին նման փաստաթղթի քննարկումն արդեն իսկ խորհրդարանական կուլիսներում առաջացրել էր պարտգամավորների դժգոհությունը:
ՀԱԿ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, որ հասցրել էր միայն կշռել ու հաշվել փաստաթղթի էջերը, դժգոհեց, որ այդ 2 կիլոգրամանոց ու 700 էջանոց փաթեթը ընդամենը երկու օր առաջ է հասել ԱԺ խմբակցություններին, և ոչ միայն պատգամավորները չեն հասցրել խորքային ուսումնասիրել այն, այլև փորաձագետ-տնտեսագետները: ՙԵթե այս 700 էջը լիներ գեղարվեստական գիրք, սուրճն ու կոնյակն էլ կողքիդ սկսեիր կարդալ, միևնույն է առնվազն մի քանի օր հարկավոր կլիներ այն ավարտելու: Հիմա մենք ո՞նց մասնակցենք քննարկմանը այս հոգնած ժամին, մանավանդ որ, սուրճ ու կոնյակ չեք տալիս՚:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փարատեց ընդդիմադիր պատգամավորի մտահոգությունը` ասելով` չնայած գարնանային նստաշրջանն ավարտվում է, բայց խորհրդարանը մինչև սեպտեմբեր ժամանակ ունի, այնպես որ և’ մանրամասնորեն կուսումնասիրեն, և’ կքննարակեն, միայն թե արդյունքում. ՙՈւնենանք ավելի լավ բարեփոխված օրենսգիրք՚:
Իշխանությունն ու ընդդիմությունը միակարծիք են
Սա թերևս այն բացառիկ փաստաթուղթն է, որը դեռ խորհրդարանում լայն քննարկման առարկա չդարձած`արդեն իսկ արժանացել է թե’ ընդդիմության, թե’ քաղաքական մեծամասնության լուրջ քննադատությանը: Ավելին, նախագիծը ստացել է ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի բացասական գնահատականը. հանձնաժողովականները նախագծում լրջագույն կոռուպցիոն ռիսկեր են տեսնում ու այն համարում բիզնեսը կործանող գործիք:
Ի՞նչ հիմնարար խնդիրներ պետք է լուծի ցանկացած Հարկային օրենսգիրքը. հարց է հնչեցնում անկախ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆՆ ու ինքն էլ պատախանում` պետք է լուծի ստվերի կրճատման հարցը, թաքնված աշխատավարձերի խնդիրը, առաջարկի այնպիսի դրույքաչափեր, որոնք կբարելավեն գործածար միջավայրը, ստեղծի բարենպաստ պայմաններ ներդրողների համար: Սակայն այս հարցերից և ոչ մեկը հիշյալ օրենսգիրքը չի լուծում, հակառակը` ըստ պատգամավորի, այն նպաստավոր միջավայր է ստեղծում ստվերի համար, օրինականացնում է աշխատող-գործատու հարաբերություններում առկա հանցավոր գործարքը, չի նպաստում ներդրումերի զարգացմանը:
Թե’ փորձագետ-տնտեսագետները, թե’ այն պատգամավորները, ովքեր արդեն իսկ հասցրել են ծանոթանալ ծավալուն փաթեթին` համոզված են, որ նախագծում առկա վտանգավոր դրույթները բացասաբար կանդրադառնան գնողականության, սոցիալական վիճակի վրա, այն կավելացնի միջին խավի հարկային բեռը, ինչը վտանգավոր հետևանքներ կունենա: Իսկ ամենից մեծ վտանգը կլինի այն, որ մեզանում կսկսվի արտագաղթի մի նոր ալիք:
Նախագիծն առավելապես վրդովվեցրել է գործարարներին: Չնայած հարկային օրենսգիրքը պետք է, որ նպաստավոր պայմաններ ստեղծի գործարար միաջավայրի համար, բայց այս նախագիծը բազմաթիվ ծուղակներ է ստեղծում հենց գործարարների համար: Դրանցից մեկն էլ այն է, որ հարկայինը մշտապես միջամտելու է ձեռնարկատիրոջ գործունեությանը:
ՀՀԿ-ական գործարար պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻ համոզմամբ նոր նախագիծը սահմանափակում է բիզնեսը, ու այդ մտավախությամբ առաջարկում է` լրջորեն քննակել այս փաստաթուղթ և չշտապել, քանի որ այն գործարար դաշտի Սահմանադրությունն է ու վաղվա օրվա բիզնեսի ճակատագիրը որոշողը:
Նախագծում բացակայում են ներդրումային ու գործարար միջավայրի ապագային միտված դրական քայլերը, չեն առաջարկվում երկարաժամկետ լուծումներ: Սա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը կդառնա ոչ նպաստավոր: ՙՇատ կարևոր է, որ Հարկային օրենսգիրքը լինի պարզ ու հեռանկարային, ոչ թե լուծի ներկայի, այլ ապագայի խնդիր: Այսինքն, լուծելով այսօրվա բյուջեի խնդիրը կարողանա ապագա միտումներին պատասխանել` պայմաններ ստեղծելով ներդրումենրի համար, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Իսկ եթե գործարարին դնում են այնպիսի իրավիճակի մեջ, որ նա հիասթափվի գործարարությունից, դա նշանակում է, որ հարվածում ենք մեր պետական բյուջեին՚,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նրանից նաև տեղեկացանք, որ նախագիծը ՀՀԿ խմբակցությունում քննարկվելիս, լուրջ քննադատության է արժանացրել: Ասել է, թե նախագիծը լրջորեն մտահոգել է նաև քաղաքական մեծամասնությանը: Ու կա պայմանավորվածություն` որքան պետք է քննարկել, բայց չքվեարկել:

Համաշխարհային բանկի ճնշման արդյունք է՞
Մինչդես նախագծի վերաբերյալ հակառակ կարծիքի է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, ով տնտեսական այս ծանր ու դժվարամարս փաստաթուղթը երեկ փորձեց մեկ շնչով` շատ արագ ու կարճ, ներկայացնել խորհրդարանի կիսադատարկ դահլիճին:
Ի՞նչ հիմնական սկզբունքներ են դրվել հարկային օրենսգրքի մշակման հիմքում. առաջին` խրախուսել տնտեսական գործունեությունը, երկրոդ` նպաստել տնտեսական գործուենության ակտիվացմանը, երրորդ` նպաստի երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: ՊԵԿ փոխնախագահ շուտասելուկի պես բերեց մի քանի օրինակներ, փորձելով ապացուցել, որ ներկայցված փաստաթուղթը, իրոք, նպաստելու է այս երեք սկզբունքների իրականացմանը: Հետո հակադրվեց պատգամավորական այն պնդումներին, թե նախագիծը մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը: Բայց միանգամից էլ արժանացավ պատգամավորների հակադարձումներին:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց նրանում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, ու այսպիսի հարց հնչեցրեց. նախագիծը միջազգային վարկատու կազմակերպությունների, մասնավորաբար, Համաշխարհային բանկի ճնշման արդյունք է՞, որի նպատակն է Հայաստանում ավելացնել հարկերը, որպեսզի հնարավոր լինի ապագա վարկերը սպասարկել:
ՙՄիջազգային կառույցների կողմից նման ճնշում չկա: Նրանք կարող են խորհուրդ տալ, բայց ոչ ճնշել կամ պարտադրել: Տվյալ երկրի գործն է ընդունել կամ չընդունել այդ խորհուրդները՚,- եղավ ՊԵԿ փոխնախագահի զուսպ, մի քիչ էլ խուսափողական պատասխանը:
Իսկ իրողությունն այն է, որ պատգամավորները Միրումյանին արդեն իսկ հասկացրել են` Հարկային օրենսգիրքն այս տեսքով չի կարող ընդունվել: Դա էր պատճառը, որ ՊԵԿ փոխնախագահը ներկաներին հորդորեց. ՙԿփորձենք քննարկումներով փարատել ձեր մտահոգությունները, իսկ եթե նորից կտեսնեք, որ նախագծում կան կոռուպցիոն ռիսկեր` քննարկումները կշարունակենք՚:
Ու այսպես մինչև աշուն:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն