Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Կայացավ «Թեքեյանական 7-րդ օլիմպիադա»-ն

Ապրիլ 17, 2017թ. 17:41
Թեքեյան

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Թեքեյանական 7-րդ օլիմպիադա» միջդպրոցական ծրագիրը, որը գիտելիքների մրցույթ է մաթեմատիկա, անգլերեն լեզու, հայոց լեզու եւ գրականություն առարկաներից: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս մրցույթում իրենց ուժերը չափեցին Հայաստանի՝ Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբի գյուղի, եւ Արցախի՝ Բերձորի, Վ. Թեքեյանի անվան դպրոցների, ինչպես նաեւ Հայաստանի սիրիահայ համայնքի 8-րդ դասարանի աշակերտներ:

Հիմնադրամը նպատակ ունի օլիմպիադայի միջոցով քաջալերել աշակերտներին խորացնելու գիտելիքներն ու ապահովելու բարձր առաջադիմություն, առողջ մրցակցության պայմաններում դրսեւորելու իրենց կարողությունները եւ արժանանալու մրցանակների, ինչպես նաեւ ծանոթանալու տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:

Թեքեյանական 7-րդ օլիմպիադան, որին մասնակցեց անհրաժեշտ գիտելիքներ ունեցող թվով 63 աշակերտ, տեղի ունեցավ Թեքեյան Կենտրոնում: Մրցույթից հետո, մինչ մասնագիտական հանձնախումբը կամփոփեր արդյունքները, ԹԿ հիմնադրամը միջոցառման բոլոր մասնակիցներին առաջարկեց հյուրասիրություն եւ մշակութային ծրագիր` «Քաջ Նազար» ներկայացումը Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Այնուհետեւ միջոցառումը կրկին տեղափոխվեց Թեքեյան Կենտրոն, որտեղ տեղի ունեցավ օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, եւ հայտարարվեցին հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներին ԹԿՀ կողմից տրվեցին խրախուսական մրցանակներ՝ «Զանգակ» հրատարակչության գրքեր:

Ձեռնարկը մեկնարկեց Կարբի գյուղի Վ.Թեքեյան դպրոցի սաների ելույթով՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված հանդեսով: Այնուհետեւ հյուրերին եւ օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին, նա ասաց. «Ավանդական են դարձել Հայաստանում եւ Արցախում գործող Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների եւ Թեքեյան Կենտրոնի փոխադարձ կապերը, եւ արդեն կայացել է թեքեյանական թիմ, որը միասնական նորանոր հաջողություններ է գրանցում, քանզի մեկի հաջողությունն ու հաղթանակը` բոլորի հաջողությունն ու հպարտությունն է. հաղթում է թեքեյանական, երիտասարդական եւ ազգի միասնությունը»: Ծուլիկյանը նաեւ խորին երախտագիտություն հայտնեց մասնագիտական հանձնախմբին ծավալուն եւ անկողմնակալ աշխատանքի համար:

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը: Նախարարության անունից նա շնորհակալություն հայտնեց ԹԿ հիմնադրամին տարիներ շարունակ նմանատիպ ձեռնարկ կազմակերպելու համար, մասնավորապես նշելով. «Չունենալով պետական հովանավորչություն, հիմնադրամն իրականացնում է աշակերտակենտրոն կրթական ծրագիր, որը ստուգում է երեխաների գիտելիքները եւ ոչ միայն խրախուսում մրցանակներով, այլեւ տալիս շահագրգռում կրթությամբ առաջ գնալու»:
Այնուհետեւ օլիմպիադայի մրցութային հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը /հայոց լեզու եւ գրականություն/, ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը /անգլերեն լեզու/ եւ Մ. Գալշոյանի անվ. թիվ 148 դպրոցի փոխտնօրեն Ա. Գեւորգյանը /մաթեմատիկա/, մասնագիտական կարծիք արտահայտեց եւ գովաանագրեր, պատվոգրեր եւ արժեքավոր մրցանակներ հանձնեց բարձր առաջադիմություն դրսեւորած աշակերտներին: Շնորհավորելով նրանց, հանձնախումբը կարեւորեց ուսումը եւ գոհունակություն հայտնեց, որ հայ դպրոցն ունի բանիմաց, խելացի աշակերտներ, որոնք ձգտում են նոր գիտելիքների, նորանոր բարձունքների: Բարձր գնահատանքի արժանացվեցին նաեւ ուսուցիչները, որոնց ամենօրյա տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ աշակերտները նոր ձեռքբերումներ են գրանցում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան նաեւ Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սաթենիկ Հակոբյանը եւ Բերձորի Վ.Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, շնորհակալություն հայտնելով ԹԿ հիմնադրամին դպրոցներին աջակցություն ցուցաբերելու եւ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, քանզի նրանք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը:

 

Թեքեյանական 7-րդ օլիմպիադայում առաջին մրցանակի արժանացան`

«Հայոց լեզու եւ գրականություն» – Ռուզաննա Հովակիմյան /Բերձոր/

«Անգլերեն լեզու» – Գեւորգ Թումաղյան /Երեւան/

«Մաթեմատիկա» – Պարիս Բաղդասարյան /Կարբի/

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն