Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Ի՞նչ են շշնջացել Թուրքիայի հայերը 1961թ. այնտեղ այցելած Վազգեն Վեհափառի ականջին. հույժ գաղտնի փաստաթղթերի հիման վրա

Փետրվար 26, 2017թ. 00:27
Վազգեն Կաթողիկոս
Վազգեն Վեհափառը նույնիսկ Ստամբուլում է զբաղվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի թեկնածուի հարցով, Գարեգին Երկրորդն Էջմիածնում չի՞ կարողանալու իր ծանրակշիռ խոսքն ասել…
Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելքոնյանի աշխատությունը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի՝ 1961թ. Թուրքիա կատարած այցելության վերաբերյալ:
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ 1961 Թ. ԹՈՒՐՔԻԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆեՐԻ ՇՈՒՐՋ
(Արխիվային փաստաթղթերի լույսի ներքո)
1923 թ. ստեղծված Թուրքիայի Հանրապետության և Խորհրդային Հայաստանի տարբեր պաշտոնյաների հազվադեպ ու դիպվածային շփումները մեծ մասամբ ունեցել են կամ տեխնիկական-կազմակերպչական, կամ սիմվոլիկ–արարողակարգային բնույթ, ինչը, ըստ էության, օրինաչափ էր գոյություն ունեցած պայմանների պարագայում։ Այս առումով 1961 թ. ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի այցը Թուրքիա փաստացիորեն իր մեջ ներառել է ոչ միայն կրոնական, այլև քաղաքական ու արարողակարգային բաղադրիչ։ Նախ, Կաթողիկոսի անձնական խարիզմատիկ հատկանիշները, և երկրորդ՝ նրա կարգավիճակը այդ այցը դարձրել են տվյալ ժամանակաշրջանի համար բավական կենտրոնական և ուշագրավ։ Այցի հետ կապված զարգացումները, սակայն, կամ ներկայացված են հպանցիկ, կամ փորձ է արվել դրանց հիման վրա հրապարակ նետել որոշ շահարկումներ, որոնք երբեմն-երբեմն արծարծվում են նաև մեր օրերում։ Վեհափառը այցելելով Թուրքիա՝ ստիպված է եղել հարմարվել պետական արարողակարգի որոշ պարտադրանքների, սակայն, միևնույն ժամանակ, իր այցը կարողացել է ծառայեցնել հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու որոշակի շահերին, որոնք իրենց հերթին համընկել են ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների ծրագրերին։ Սույն հոդվածում ներկայացվում է Վազգեն Աոաջին Կաթողիկոսի՝ 1961 թ. հուլիսին Թուրքիա կատարած այցը, և ուսումնասիրությունը խարխսված է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության և Խորհրդային Հայաստանի Հայ Լուսավորչական եկեղեցու գործերի խորհրդի արխիվային և «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» դասիչները կրող փաստաթղթերի հիման վրա։
Այսպես, 1961 թ. հունիսի 22-ին մահացել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Գարեգին Խաչատուրյանը, և Վազգեն Վեհափառը պատրաստվել է այցելել Ստամբուլ և ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, սակայն թուրքական իշխանությունները ձգձգել են Կաթողիկոսին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցը ե զուգահեռ Ստամբուլի նահանգապետարանն ու անվտանգության վարչությունը հայկական համայնքի ղեկավարներից պահանջել են կատարել հուղարկավորությունը առանց սպասելու Վազգեն Առաջինին։ Սակայն պոլսահայ համայնքին հաջողվել է հետաձգել հուղարկավորությունը և սպասել Վեհափառին (1), ինչը բավական համարձակ քայլ է եղել։ Ի վերջո, որոշ դժվարություններից հետո թուրքական իշխանությունները տվել են մուտքի արտոնագիր Կաթողիկոսին և նրան ուղեկցող պատվիրակությանը։
Վազգեն վեհափառի այցը Թուրքիա, իրոք, եղել է աննախադեպ, և նա արժանացել է բացառիկ ջերմ ընդունելության հայ համայնքի կողմից։ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում նրան դիմավորել է ավելի քան 3 հազար հայ, իսկ մի քանի հազար հայ էլ նրան սպասել է Պատրիարքությունում։ Ամեն օր հազարավոր հայեր հերթ են կանգնել Վեհափառի աջը համբուրելու և նրա օրհնությունը ստանալու համար (2)։ Վազգեն Առաջինի այցի հետ կապված թուրքական ոստիկանությունը խնդիրներ է ունեցել փողոցային երթևեկությունը և Կաթողիկոսի շարասյան տեղաշարժն ապահովելու հարցում, քանի որ, ինչպես նշվում է ԽԱՀՄ ԱԳՆ-ի արխիվային մի փաստաթղթում, «տասնյակ հազար հայեր տարերայնորեն դուրս էին եկել փողոց» (3)։ Կաթողիկոսին տեսնելու համար տարբեր գավառներից նույնպես մեծ թվով հայեր են եկել Ստամբուլ։ Այցից հետո Վազգեն Վեհափառը ԽՍՀՄ պետական կառույցների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ փոխանցել է բավական ուշագրավ մի փաստ, ըստ Կաթողիկոսի՝ հայերից շատերը, ովքեր եկել էին իր աջը համբուրելու հարմար պահի, ցածրաձայն շշնջացել էին. «Կեցցե Երևանը», «Կեցցե Խորհրդային Հայաստանը» (4)։
Վազգեն Առաջինը մասնակցել և հանդիսապետել է լուսահոգի Գարեգին պատրիարքի հուղարկավորության արարողությանը և հետագայում նշել է, որ պատրիարքի թաղմանը «բավական մեծ և թանկարժեք» ծաղկեպսակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ջեմալ Գյուրսելը, ինչպես նաև նախկին նախագահ Իսմեթ Ինյոնյուն (5)։
Բնականաբար, 1961 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի այցը եղել է խորհրդային տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում և հաշվի առնելով լուսահոգի Վեհափառի անքննելի հեղինակությունը՝ խորհրդային իշխանությունները փորձել են որոշակի խնդիրներ լուծել։ Վեհափառի այցը, ըստ էության, եղել է պետական, և նա, ինչպես արդեն նշվեց, ստիպված է եղել կատարել որոշ արարողակարգային պարտադիր քայլեր։ Այսպես, 1961 թ. հուլիսի 6-ին Վազգեն Վեհափառը ծաղկեպսակ է դրել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում «անկախության հուշարձանին» և այցելել Ստամբուլի նահանգապետ Ռեֆիք Թուլգային։ Հուլիսի 16-ին Վեհափառի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Անկարա ե ծաղկեպսակ դրել Քեմալ Աթաթուրքի դամբարանին և հենց նույն օրը նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ջեմալ Գյուրսելը (6)։ Ի դեպ, հանդիպումից հետո Գյուրսելը մամուլին հայտնել է, թե Վազգեն Վեհափառը լավ պատրաստված հոգևորական է, ով շատ լավ գիտի իր պարտականությունները»։ Ավելին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է. «Ես կուզենայի, որ մեր բոլոր հոգևորականներն էլ այդպիսին լինեին» (7)։
Գյուրսելը հանդիպման ժամանակ հետաքրքրվել է նաև ԽՍՀՄ–ում իսլամի հ մզկիթների վիճակով։
Թուրքիա այցի ընթացքում Վազգեն Առաջինը մի քանի անգամ հանդիպել է նաև Կոստանդնուպոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ, ով շատ ջերմ է ընդունել Կաթողիկոսին և հայտարարել, որ «իսկական հայը նա է, ով ճանաչում է էջմիածինը» և որ Հունաց պատրիարքությունը հարգանքով չի վերաբերվի նրան, ով հանդես է գալիս էջմիածնին դեմ (8)։
Առաքելական և ուղղափառ հովվապետերի հանդիպումներից հետո ԽՍՀՄ Ստամբուլի գլխավոր հյուպատոսության պատրաստած տեղեկանքի եզրակացությունների բաժնում փաստվում է, որ այցի շնորհիվ ամրապնդվել են Հայ Առաքելական և Հույն Ուղղափառ եկեղեցիների կապերը, որը խորհրդային պաշտոնյաները գնահատել են որպես «դրական երևույթ» (9)։
Սակայն, Վազգեն Առաջինի Թուրքիա կատարած այցի ամենակարևոր կետը և, ըստ էության, առաքելությունը Կոստանդնուպոլսի Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցն է եղել, որը գտնվել է և՛ թուրքական, և՛ ամերիկյան, և՛ խորհրդային հետաքրքրությունների կիզակետում։ Սակայն այդ բարդ իրավիճակում և ուժերի դասավորվածության պարագայում երջանկահիշատակ Վազգեն Վեհափառը առաջնորդվելով հայ ժողովրդի և եկեղեցու շահերով՝ կարողացել է հետամուտ լինել դրանց և ի վերջո հասնել հաջողության։ Պոլսահայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու շահերի տեսանկյունից պատրիարքի ցանկալի թեկնածու է համարվել Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը, ում իր ոչ բացահայտ աջակցությունն է ցուցաբերել Վազգեն Կաթողիկոսը, և ում թեկնածությանը դրական են վերաբերել նաև խորհրդային իշխանությունները։ Սակայն, Շնորհք արքեպիսկոպոսի թեկնածությանը թուրքական իշխանությունները ոչ միանշանակ են վերաբերել և որոշակի խոչընդոտներ ստեղծել։ Այսպես, Շնորհք արքեպիսկոպոսը եղել է այն ժամանակ ԱՄՆ քաղաքացի և 1960 թ. վերադառնալով Թուրքիա, դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն իշխանությունները շարունակ հետաձգել են այդ հարցը և բերել տարատեսակ պատրվակներ նաև այն, որ Շնորհք Գալուստյանը արդեն մեկ անգամ հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիությունից (10)։
Նկատենք, որ 1960 թ. մայիսի 2-֊ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո հայ համայնքում ևս որոշակի խնդիրներ և լարվածություն է ծագել։ Ինչպես 1961 թ. մայիսի 29-ի զեկուցագրում նշում է Ստամբուլում ԽՍՀՄ փոխհյուպատոս Ա. Յուսուպովը, «Հայերի մի փոքր խումբ, որը ղեկավարում է Կարապետ Աբրահամյանը համախմբված են «Մարմարա» թերթի շուրջ և համարվում են դաշնակցականների կողմնակից» (11)։
Իհարկե, այստեղ ակնհայտ են ԽՍՀՄ գաղափարական–քարոզչական կարծրատիպերը, քանի որ այդ ժամանակ Թուրքիայում դաշնակցական հայեր կամ նրանց սատարողներ դժվար թե լինեին ն մանավանդ համախմբվեին «Մարմարա»–ի պես զգուշավոր և քաղքենի թերթի շուրջ։ Այդ խումբը, ըստ փոխհյուպատոսի, թշնամաբար էր տրամադրված Գարեգին Խաչատուրյան պատրիարքի նկատմամբ և անձամբ Աբրահամյանը «Մարմարա» թերթին է փոխանցել իր ձեռքն անցած 1960 թ. մայիսի 5-ի թվագիր մի նամակ, որում իբրև թե Հայոց պատրիարքն իր զորակցությունն է հայտնում այն ժամանակվա վարչապետ Ադնան Մենդերեսին և պաշտպանում կառավարության քայլերն ընդդեմ ուսանողական բողոքի ցույցերի և նաև դրանց դաժան մեթոդներով ցրելու հարցում (12)։
Այդ նամակը հրապարակվել է «Մարմարա» թերթում 1960 թ. սեպտեմբերին, այսինքն՝ երբ արդեն տապալված էր նախկին իշխանությունը և դրա գրեթե բոլոր անդամները ձերբակալված էին։ Հիշյալ նամակը այնուհետ արտատպվում է նաև թուրքական մամուլում և դառնում մեծ աղմուկի պատճառ, անգամ սկսում են պահանջել Գարեգին պատրիարքի հրաժարականը։ Այս ամենի խորքային պատճառներից էր նան պայքարը պատրիարքական աթոռի համար, քանի որ Գարեգին Խաչատուրյանն արդեն տարեց էր և ակտիվորեն քննարկվում էր նրա հաջորդի հարցը։ Ըստ Յուսուպովի, «դաշնակցամետ» խմբավորումը ցանկանում էր այդ աթոռին տեսնել Սահակ Փափազյանին, որի ընտրվելու պարագայում պատրիարքության կարևոր պաշտոնները «կզավթվեն դաշնակցականների կողմնակիցների կողմից» (13)։
Այս քայլերը, թերևս ճիշտ կլինի որակել որպես ոչ թե դաշնակցականների, այլ արևմտյան որոշ ուժերի կողմից կազմակերպվող և ուղղորդվող։
Ըստ մեկ այլ արխիվային փաստաթղթի՝ 1961 թ. Ստամբուլում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության պատրաստած տեղեկանքի, Հայոց պատրիարքի պաշտոնին թուրքական հատուկ ծառայությունները ցանկացել են տեսնել Խորեն եպիսկոպոս Բարոյանին։ Սակայն և՛ համայնքի մեծամասնությունը, և՛ հանգուցյալ Գարեգին պատրիարքը, և՛ ԽՍՀՄ–ը, իհարկե ոչ բացահայտ, ցանկացել են, որպեսզի պատրիարք ընտրվի Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը։ Ինչպես նշված է Ստամբուլում ԽՍՀՄ դեսպանատնից ուղարկված գաղտնի դասիչով զեկուցագրում. «Գլխավոր հյուպատոսությունը (ԽՍՀՄ–ի Ռ.Մ.) գործում է հայ համայնքում վստահելի անձանց միջոցով, ձեռնարկում է միջոցներ, որպեսզի ընտրվի Գալուստյանը» (14)։
Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ԽՍՀՄ հյուպատոսությունը արտաքին գործերի նախարարությանն է ներկայացնում առաջարկների մի փաթեթ, որը նպատակ ուներ սերտացնել հարաբերությունները Պոլսո հայ համայնքի և Խորհրդային Հայաստանի միջև, ու մեծացնել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ազդեցության աճը պատրիարքության հարցերում։ Յոթ կետից բաղկացած առաջարկների հիմնավորումը հետևյալն էր. «Ելնելով սույն հանգամանքից, որ հայերը Ստամբուլում կարևոր դեր են խաղում տնտեսական և մշակութային կյանքում, ինչպես նաև էական դեր քաղաքական կյանքում, գլխավոր հյուպատոսությունը իր խնդիրն է համարում ընդլայնել և ակտիվացնել աշխատանքները հայ համայնքում» (15)։
Պատրիարքի թեկնածուների վերաբերյալ արտահայտվել է նաև Վազգեն Վեհափառը, ով հրապարակավ հայտարարել է, թե ով էլ ընտրվի պատրիարք, նա ընդունելի կլինի իր համար, սակայն համայնքի վրա ազդեցություն ունեցող գործիչների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, ինչպես տեղեկացնում են արխիվային փաստաթղթերը, Կաթողիկոսը խորհուրդ է տվել ընտրել հենց Շնորհք արքեպիսկոպոսին (16)։
Ի դեպ, ավելի ուշ ԽՍՀՄ պաշտոնյաների հետ իր գաղտնի զրույցի ժամանակ Վազգեն Վեհափառը նշել է, որ «Ստամբուլում զբաղվել է պատրիարքի թեկնածուի հարցով» (17)։
Այս հանգամանքը կարծում ենք նաև շատ բնական և օրինաչափ պետք է համարել, քանի որ Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկի՝ Պոլսո Հայոց Պատրիարքության խնդիրը գտնվելու էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրության և հոգածության ներքո (18)։
Ի վերջո, 1961 թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ընտրություններում Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանն ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարք։ Ի դեպ, մինչև ընտրությունները թուրքական իշխանությունների՝ Շնորհք արքեպիսկոպոսին քաղաքացիություն չտալու և ընտրությունները արտոնելու հարցը ձգձգելու պարագայում հայ համայնքը մտադիր է եղել իրականացնել ընտրությունները և իշխանություններին կանգնեցնել փաստի առաջ (19)։
Շնորհք արքեպիսկոպոսը դառնում է Պոլսո Հայոց 82-րդ պատրիարքը ու իր գահակալության տարիներին ակտիվ գործունեություն ծավալում, նպաստում համայնքային տարատեսակ խնդիրների լուծմանը և էլ ավելի սերտացնում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և անձամբ Վազգեն Առաջինի հետ հարաբերությունները։ Նկատենք նաև, որ տարատեսակ համահայկական ծրագրերում, խնդիրներում և՛ Պոլսո պատրիարքությունը, և՛ անձամբ Շնորհք պատրիարքը որդեգրել են ոչ թե կրավորական և զգուշավոր պահվածք, այլ հնարավորության սահմաններում ակտիվորեն ընդգրկվել և նպաստել համահայկական խնդիրների լուծմանը։ Այսպիսով, շնորհիվ երջանկահիշատակ Վազգեն Կաթողիկոսի հմուտ, իմաստուն գործունեության, հնարավոր է եղել կոնկրետ հիշատակված դրվագում ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների շահերը համադրել Հայ Առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի կոնկրետ շահի հետ և հասնել արդյունքի։ Այդ նպատակի համար Վազգեն Առաջինի արած արարողակարգային որոշակի զիջումները արդարացված էին, իսկ դրանց անհարկի՛ շահարկումներն անթույլատրելի։
Ռուբեն Մելքոնյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դոցենտ։ ԵՊՀ արևելագիտությւսն ֆակուլտետի դեկանի տեղակալ
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն