Գլխավոր » Interview, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

Արցախն է իր ճակատագիրը որոշողը, և թույլ չի տա, որ դա անեն ուրիշները

Փետրվար 22, 2017թ. 17:30
ԱՀ հանրաքվե

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ հետ
Արցախի Հանրապետությունն արդեն երկրորդ անգամ բարեփոխեց իր Սահմանադրությունը. ի՞նչ նշանակություն կունենա այս իրավական կարևոր միջոցառումը արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա:
-Հիմնախնդրի կարգավոման հետ ուղղակիորեն չէի կապի այս գործընթացը, բայց, միաժամանակ, ինչ-որ առնչություններ կան: Փորձենք դրանք հասկանալ:
Առաջին, անկախ հնչած միջազգային պաշտոնական արձագանքներից ու գնատականներից, այդ թվում նաև Ադրբեջանի հորինած տարաբնույթ գործողություններից, քայլերից ու քարոզչությունից, բոլորի մոտ կա այն ընկալումը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներն ապրում են իրենց կյանքով, հարթում են իրենց իսկ ճանապարհը, կառուցում են իրենց պետությունն ու այդ ուղղությամբ կատարում են լրջագույն քայլեր՝ իրենց կամարտահայտմամբ լուծում խնդիրներ, այդ թվում նաև բարեփոխելով երկրի հիմնական օրենքը:
Երկրորդ, Արցախում ընթացող պետականաշինության, ժողովրդավարության գործընթացի վերելքը չի կարող դրսի համար տեսանելի չլինել: Պետք է նաև հասկանալ, որ դա բոլորի վրա թողնում է համարժեք ազդեցություն, մարդիկ սկսում են մտածել՝ ի՞նչն են ինչի հետ համադրում, ախր, անհնարին է ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը դիտարկել Ադրբեջանի հետ նույն հարթության վրա, մի երկրի, ուր ոչ ժողովրդավարական գործընթացներ են ծավալվում: Ու սա չի կարող իր ազդեցությունը չթողնել արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա: Եթե այս ամենը բանաձևենք, կստացվի այսպես՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներն իրենց կամարատահայտությամբ որոշում են իրենց ճակատագիրը և նրանք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը փորձի դառնալ իրենց ճակատագրի որոշողը: Սա, փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո հերթական անգամ բոլորի համար դարձավ պարզ ու հսկանալի:
Ինչպե՞ս կմեկնաբանեք հանրաքվեին վերաբերյալ Մինսկի խմբի հնչեցրած հայտարարությունը, ուր նշվում է՝ քանի որ ԼՂ-ն չճանաչված պետություն է իրենք չեն ճանաչի հանրաքվեի արդյունքները: Միաժամանակ հավելում են՝ հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշիչ լինել ԼՂ վերջնական կարգավիճակի, ինչպես նաև, բանակցային գործընթացի ելքի համար:
-Փորձեմ մեկնաբանել: Բայց նախապես ասեմ, որ դա չընկալվի այնպես, թե մեր գործը թողած փորձում ենք ինչ-որ կերպ պաշտպանել համանախագահների դիրքորոշումը կամ հակառակը: Իրավիճակը հասկանալու համար պետք է փորձել նախ կողքից նայել կատարվածին: Այդ հայտարարությունը մենք որքանո՞վ ենք ընդունում, կամ որքանո՞վ է այն մեզ համար հաճելի՝ սա այլ հարց է: Բայց իրականությունն հետևյալն է. ԼՂ կարգավորման գործընթացի ողջ բովանդակության մեջ, նրա հնարավոր քաղաքական կարգավորմանը հասնելու որոշման մեջ ամենաէական կետերից մեկը ԼՂ կարգավիճակի խնդիրն է: Հիմա, սրան նայենք ոչ թե մեր աչքերով, որ որոշել ենք Արցախի ճակատագիրը, այլ միջնորդների աչքերով: Կարգավորման խնդիրը բանակցային սեղանին է և այն իր լուծումը պետք է ստանա բոլոր կողմերի համաձայնությամբ և պետք է ընդունվի միջազգային հանրության կողմից: Իսկ վերջինս, փաստորեն, իր հայտարարությամբ մեզ ասում է՝ ժողովուրդ, այն, ինչ դուք հիմա անում եք միակողմանիորեն, մեր կողմից չի կարող ընդունվել որպես բանակցությունների վրա ազդող որոշիչ քայլ: Տրամաբանական է, չէ՞ նրանց մոտեցումը: Շարունակեմ, նույն համանախագահները արտահայտում են այն միտքը, թե իրենք հասկանում են, որ Արցախի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները կյանքի հանրային գործընթացների կազմակերպման համար պետք է անեն այնպիսի գործողությունները, որպիսիք արվում են: Ի դեպ, ազնիվ լինենք ու ասենք, որ նման միտք նրանք առաջին անգամ չէ, որ աարտահայտում են են: Եվ սա ևս տրամաբանական է: Այսպիսով, մի կողմից, փորձել համանախագահների հայտարարության մեջ սարսափեցնող, մտահոգող մտքեր տեսնել՝ նորմալ չէ, ինչպես նաև նորմալ չէ փորձել շատ դրականը տեսնել: Գիտեք, եթե ավելի կոշտ ասեմ՝ ամեն մեկն իր գործն է անում, այսինքն, միջնորդներն էլ իրենց գործն են անում՝ ելնելով իրենց լիազորություններից: Հետևաբար, քանի որ կարգավորման խնդիրը բանակցային գործընթացի կարևորագույն բաղադրիչն է, նրանք իրենց արձագանքն ուղղում են հենց այդ հարցին ու շեշտում, որ հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշիչ լինել ԼՂ վերջնական կարգավիճակի հարցում:
-Այսինքն, կա կարևոր մի հանգամանք՝ միջազգային որևէ կառույց չի ժխտում Արցախի ժողովրդի իրավունքը՝ նման իրավական միջոցառում անցկացնելու հարցում:
-Իհարկե, ինչպե՞ս կարող են ժխտել: Ասեմ ավելին, ակնհայտ է նույն համանախագահների հարգանքը Արցախի ժողովրդի կողմից իր կյանքի կազմակեպման հարցում: Դրա համար էլ Ադրբեջանի բարձրացրած հիստերիան ընդամենը PR բաղադրիչ է դիտվում, ինչն առաջին անգամ չէ, որ տեսնում ենք: Հետևաբար, հարկ չկա այդ աղմուկին լուրջ վերաբերվել:
-Անդրադառնանք դիտորդների գնահատականներին. այցելելով տարբեր ընտրատեղամասեր, եվրոպացի դիտորդները հայտարարում են՝ նոր Սահմանադրության օրինականությունը կարելի է համարել կայացած, Արցախի ժողովուրդն իր ՙայո՚-ն ասել է հիմնավոր: Նրանք միաժամանակ չեն թաքցրել իրենց զարմանքը մասնակցության ակտիվությունից, նկատելով՝ սա բնորոշ չէ Կովկասի պետություններին:
-Նախ, խոսուն է դիտորդների թվաքանակը, այս անգամ նրանք ավելի մեծ թվով էին ժամանել Արցախ, քան եղել է մինչ այդ: Եվ դա ցույց տվեց մի պարզ բան՝ Ադրբեջանի բոլոր քայլերը, ներառյալ Ալեքսանդր Լապշինի դեմ իրականացված այդ աննորմալ էպոպեան, որևէ արդյունք չտվեց: Մարդիկ եկան Արցախ՝ դրսևորելով կամք, ցանկություն, հարգանք ժողովրդավարական ինստիտուտների ու գործընթացների նկատմամբ: Եվ դա փաստ է:
-Ի դեպ, Եվրախորհրդարանում Արցախի բարեկամության խմբի ղեկավար, դիտորդ Ֆրանկ Էնգելն ի պատասախան Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության, թե Արցախ այցելած միջազգային դիտորդները կհայտնվեն Ադրբեջանի սև ցուցակում, պատասախանել է՝. <<Եթե հայտնվեմ, այնպես չէ, որ կզարմանամ, և դա ինձ հետ չի պահի Արցախ այցելելուց>>:
-Այո, ու անգամ դա իմանալով մարդիկ եկան և արտահայտեցին հավատարմություն իրենց սկզբունքերին ու բարձր արժեքներին: Սա ապացուցում է, որ փառք Աստծո ամեն ինչ կորած չէ: Հետևաբար, արդյունքների ամփոփումից հետո դիտորդների տված գնահատականներում, եզրակացություններում ես անկեղծ ասած որևէ զարմանալի բան չեմ տեսնում: Արցախի Հանրապետությունն իր պետականաշինության գործընթացում անընդհատ ցույց է տվել բավականին յուրօրինակ կազմակեպվածություն, ու ինձ համար ամենևին զարմանալի չէ, որ հանաքվեն ևս անցավ կազմակերպված ու Արցախի ժողովրդի ակտիվ մասնակցությամբ: Սրա պատճառները ևս ինձ համար հստակ են, երբ երկիրը դեռ ապրում է պատերազմական իրավիճակում, երբ կա անվտանգության խնդիր, կազմակերպվածության աստիճանը լինում է բոլորովին այլ որակի: Եվ երբ դրված է իրենց փայփայած պետության կայացման հարցը, ինչի համար իրենք արյուն են թափել, զրկանք կրել՝ պատասխանատվության աստիճանը լինում է շատ բարձր ու սրտացավությունն էլ հասնում է իր բարձրակետին: Սերն առ հայրենիք մեկ անգամ չէ, որ ապացուցել է արցախահայությունը ու մեկ անգամ չէ, որ դրա ականատեսը եղել է ամբողջ աշխարհը: Արցախի Հանրապետության ժողովրդի՝ պետականության հանդեպ սերն արժանի է մեծագույն հարգանքի ու ակնածանքի:
Նաև ուրախալի է, որ այդ ամենը նկատել ու արձանագրել են միջազգային դիտորդները:
-Դա հնարավոր չէ չնկատել: Դիտորդներից յուրաքանչյուրն ունի իր կյանքի փորձը, մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված նման իրավական միջոցառումների ու պարզ համեմատությամբ նկատում է տարբերությունն ու առավելությունը: Եվ վերջապես, միջազգային դիտորդները վերադառնում են սեփական երկրներ, իրենց հետ տանելով դրական տպավորություններ, իրենց տեսածն ու զգացածը փոխանցում են իրենց շրջապատին, միջավայրին: Ինչը ևս իր դրական ազդեցությունը կունենա միջազգային հանրային կարծիքի ձևավորման վրա:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն