Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Սփյուռքը որպես դիտորդ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին. Հայք կենտրոն

Փետրվար 22, 2017թ. 22:08

Վարդան Մարաշլյան«Կան թաղային հեղինակություններ, 888 համարներով մեքենաներ ունեցողներ». Վարդան Մարաշլյան

«Երբ սփյուռքահայն ապրիլյան դեպքերից հետո աջակցում է  բանակին, կամ առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցում է որպես դիտորդ, տարբերություն չկա: Այդ քայլը պետք  է ողջունելի լինի»,-«Հայք» տեղեկատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար, սփյուռքահայ Վարդան Մարաշլյանը, որն առաջիկա ԱԺ ընտրությունների ընթացքում դիտորդ է լինելու: «Ընտրակաշառքի հարցը վերաբերում է թե տվողին, թե վերցնողին: Մեր խնդիրն է՝ ինչպե՞ս անել, որ ճիշտ ընտրություն կատարեն մարդիկ եւ կաշառք չվերցնեն: Բացի այդ, քաղաքական դաշտը մրցունակ չէ, ուժերը զարգացվածության տարբեր մակարդակում են գտնվում: Մյուս հարցը՝ ինչպե՞ս վերադարձնել Սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիներին իրենց քվեարկելու իրավունքը: 90 ավելի երկրներ իրենց քաղաքացիներին թույլ են տալիս քվեարկել էլեկտրոնային տարբերակով, եթե նրանք երկրում չեն»,-նշեց Մարաշլյանը: Նա նաեւ նկատեց՝ կան թաղային հեղինակություններ, 888   համարներով մեքենաներ ունեցողներ. «Բայց երբ դիտորդը ցույց է տալիս, որ նման անձինք ընտրատեղամասերում ազդեցություն չունեն, քաղաքացին վստահում եւ հավատում է իր ընտրությանը»: Մարաշլյանի փոխանցմամբ՝ առաջիկայում Մոսկվայում կազմակերպվելու է երիտասարդական համաժողով, որի նպատակն է՝ ՌԴ հայ համայնքի երիտասարդներին իրազեկել ՀՀ-ում ապրիլի 2-ին դիտորդական առաքելություն կատարելու հնարավորության մասին:

aravot.am

Արմեն Գրիգորյան«Ընտրախախտում կատարածների տվյալները ներկայացնող կայք կգործարկվի». Արմեն Գրիգորյան

«Քաղաքացի  դիտորդ» կազմակերպությունն առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ արդեն 2800 գրանցված դիտորդ ունի, այդ թվում՝ 250 սփյուռքահայեր, որոնցից 150-ը՝ վիրահայեր: Այս մասին այսօր «Հայք» տեղեկատվական կենտրոնում լրագրողներին հայտնեց կազմակերպության ներկայացուցիչ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Նրա գնահատմամբ՝ սփյուռքահայերի նման ներգրավվածությունը կարեւոր դեր է ունենալու ու ամրապնդելու է ՀՀ-Սփյուռք կապը. «Նախատեսվում է, որ մեր դիտորդները ներկա են լինելու 1750 ընտրատեղամասերում, ընդ որում՝ դիտորդների թիվն, ըստ նախատեսվածի, հասնելու է 3500-ի: 2000 ընտրատեղամաս կա, բայց դիտորդների թիվը «փակում» է ընտրողների 98 տոկոսին: Հիմնականում ներկա չենք լինելու փոքր համայնքներում, որտեղ մոտ հարյուր բնակիչ կա, բայց եթե ավելանան դիտորդներ, կփորձենք այդ համայնքներում եւս ներկայություն ապահովել»: Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հավաստի ընտրախախտումները ներկայացնելու են հանրությանը, իսկ իրավաբանները համապատասխան դեպքերին ընթացք են տալու դատարաններում: Ի դեպ, Գրիգորյանի փոխանցմամբ, շուտով հանրությանը կներկայացվի կայք, որում ներառված կլինեն ընտրախախտում կատարած անձանց տվյալները: Սա, ըստ փորձագետի, հանրային ճնշման գործիք է: Բանախոսը նաեւ նշեց, որ սփյուռքի մի շարք գործիչների, այդ թվում՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ քննարկել են սփյուռքահայ դիտորդների մասնակցության հարցը:

aravot.am

Սփյուռքահայերը ցանկանում են դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ավանդական դիտորդական առաքելություններին այս անգամ կմիանա նաեւ նոր նախաձեռնություն: Սփյուռքահայերը ցանկություն են հայտնել հետեւել հայաստանյան ընտրություններին՝ դրանով իսկ ավելի ակտիվ մասնակցել Հայաստանի կյանքին: Հարցն ունի եւ դրական, եւ բացասական կողմ եւ առայժմ միանշանակ չի ընկալվում հասարակության կողմից: Բայց ամեն դեպքում՝ արդեն դիտորդական առաքելության հայտ ներկայացրած սփյուռքահայերի թիվն անցնում է 200-ից: Ակնկալվում է, որ սփյուռքահայ ամենաշատ դիտորդները կլինեն Վրաստանից: Այնտեղից ավելի հեշտ եւ արագ է հասնել Հայաստան: 150 վրացահայ արդեն գրանցվել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

   2016-ի ապրիլյան եւ հուլիսյան դեպքերին ակտիվորեն արձագանքելուց հետո սփյուռքահայերը կարծում են, որ եկել է ժամանակը փոխելու Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը: Դա է պատճառը, որ ցանկանում են ակտիվորեն մասնակցել Հայաստանի ընտրական գործընթացներին: Այն սփյուռքահայերը, ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն եւ ընտրության իրավունք չունեն, մտադիր են ապրիլի 2-ին Հայաստանում իրականացնել դիտորդական առաքելություն: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունում արդեն գրանցվել է շուրջ 2 700 դիտորդ։ Նրանցից 250-ը սփյուռքահայեր են: Այս նախաձեռնության մասն են, ըստ էության, կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը,  կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը: Այս պահին սփյուռքահայ դիտորդների համար առաջնային խնդիրը ինքնաթիռի տոմսն է՝ ասում է  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

Սփյուռքահայ դիտորդները, ովքեր արդեն այստեղ են, չեն կարծում, որ իրենց մասնակցությունն ընտրական գործընթացներին կխզի Հայաստան-Սփյուռք կապը կամ կլեգիտիմացնի ընտրախախտումները: Նրանք իրենց համար սկզբունք են սահմանել՝ ապրիլի 2-ին մի կողմ դնել քաղաքական հայացքներն ու պահպանել չեզոքություն:

Հաշվի առնելով հետընտրական ավանդական զարգացումները՝ սփյուռքահայ դիտորդները որոշել են զուսպ լինել նաեւ այդ շրջանում: Սարգիս Շահինյանի կարծիքով՝ դժգոհություն ունենալու դեպքում ճիշտ չէ, որ սփյուռքահայերը դիմեն փողոցային պայքարի տարբերակին:

Սփյուռքահայերի դիտորդական առաքելությունը Հայաստանում շատ ավելի խորը իմաստ ունի, քան պարզապես քաղաքականությանը խառնվելու ցանկությունը։ Այս առումով Հայաստանում ապրող հայրենակիցներին հստակ «մեսիջ» ունեն «RepartArmenia» կազմակերպությունից Վարդան Մարաշլյանը, ով Ռուսաստանից է, ամերիկահայ Վահե Կեուշգուերյանը եւ շվեյցարահայ Սարգիս Շահինյանը:

Իսկ որ սփյուռքահայ դիտորդները ճիշտ հասկանան եւ մեկնաբանեն խորհրդարանական ընտրությունների օրը տեղի ունենալիք զարգացումները, նրանք ընտրություններից մի քանի օր շուտ կանցնեն դասընթացներ՝ օրենսդրական եւ իրավական դաշտը իմանալու համար: Քաղաքական դաշտից, ասում են, արդեն տեղյակ են:

armradio.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն