Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

ՙՙԱզգ բանակ՚՚ կոնցեպցիան մեր համարժեք պատասխանն է արտաքին մարտահրավերներին

Փետրվար 21, 2017թ. 22:13
Դավիթ Ջամալյան

ArmarLur.com-ի բացառիկ հարցազրույցը ՊՆ նախարարի նախկին խորհրդական ( 2013- 2016 թթ.) ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ

-Ինչպե՞ս կբնորոշեք իրավիճակը պետական սահմանին: 

-Պետական սահմանին իրավիճակը կարելի է բնորոշել իբրև կայուն լարված` ինչի վկայությունն է հակառակորդի դիպուկահարային և դիվերսիոն ակտիվությունը: Ըստ ամենայնի` այդ լարվածությունը հարաճուն բնույթ կունենա, ինչին պետք է պատրաստ լինենք: Մի բան կարելի է ասել վստահաբար. հետապրիլյան շրջանում այդքան սպասված փոխադարձ վստահության մթնոլորտը այդպես էլ չի ստեղծվել, քանզի ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ պետական սահմանին իրավիճակի կայունացմամբ: Ըստ էության` ադրբեջանական կողմը խաղարկում է նույն սցենարն ինչ մինչ ապրիլյան իրադարձությունները՝ պահպանել լարվածության անընդհատությունը լայնամասշտաբ հարձակման անցնելը դյուրին դարձնելու համար:

Իսկ նոր ագրեսիան հավանակա՞ն է:

-Կարծում եմ, աններելի կարճատեսություն կլինի նոր ագրեսիան բացառելը: Ինքնախաբեության տրվել և ցանկալին իբրև իրականություն ընկալել պարզապես չի կարելի` հուսալի և տևական խաղաղությունը, ցավոք, անհնարին է տեսանելի հեռանկարում: Որպեսզի հանկարծակիի չգանք, արագ մոբիլիզացնենք մեր ուժերը և հուժկու պատասխանով կասեցնենք թշնամուն մեր սահմաններին և խաղաղություն պարտադրենք նրան մեր սահմաններից դուրս, ապա պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք այդ ագրեսիային: Անցյալ ապրիլին մենք ականատես եղանք, որ ագրեսիային հաջողությամբ դիմակայելու գրավականը հենց այդ` հանրության պատրաստակամությունն է:

Կրկնում եմ, պետք է իրատես լինենք` առավել քան ակնհայտ է, որ հակառակորդը փորձում է վերականգնել իր ուժերը, ինչն էլ հուշում է այն մասին, որ Բաքվում ագրեսիվ նկրտումներից չեն հրաժարվել: Գտնում եմ, որ հակամարտության այս փուլում ամենակարևորը անդրկովկասցի թուրքերի մոտ մեզ հաղթելու հանդեպ հավատը կոտրելն է: Այդ առումով ապրիլը նույնպես հատկանշական էր ու կարևոր քայլ էր այդ ուղղությամբ: Սակայն ապրիլին հնարավոր եղավ անել այն, ինչ հնարավոր էր անել երեք և կես օրում` կասեցնել հակառակորդի առաջխաղացումը պետական սահմանին, և կանխարգելիչ հրետանային հարվածներով ոչնչացնել գրոհի պատրաստվող հակառակորդի հարձակողական խմբավորումները: Ապագայում`հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում, հարկավոր է պատրաստ լինել նրան այնպիսի հարված հասցնել,  որ անդրկովկասցի թուրքերի հանրային ընկալումներում հիմնավորապես ամրապնդվի հային հաղթելու անհնարինության գաղափարը: Իսկ վերջինս գործնականորեն շատ կարևոր է, քանի որ հաղթանակի հանդեպ հավատը մարտի դաշտում վերածվում է մարտական տոկունության, առանց որի հաղթանակը պարզապես անհնարին է: Պատրանքների տրվելու իրավունք չունենք` Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական միջավայրը երբեք մեզ համար բարենպաստ չի լինելու թուրք – ադրբեջանական հարևանության պատճառով: Հետևաբար` այդ միջավայրն անվտանգ դարձնելը եղել և լինելու է մեր գերխնդիրը:

-Այսօր մեզանում պաշտոնական մակարդակով առաջ է քաշվում <<Ազգ – բանակ>> կոնցեպցիան: Ո՞րն է այդ կոնցեպցիայի էությունը:

-Այո, իսկապես, մեզանում պաշտոնական մակարդակով առաջ է քաշված <<Ազգ – բանակ>> կոնցեպցիան` որպես Զինված ուժերի զարգացման, երկրի պաշտպանության կազմակերպման մեթոդաբանություն:

2016-ի ապրիլյան մարտական գործողությունները կրկին անգամ վերահաստատեցին ճշմարտությունն առ այն, որ թուրք – ադրբեջանական հարևանության պայմաններում հայոց պետականության կենսունակության գրավականը մարտունակ Զինված ուժերի առկայությունն է: Տվյալ դեպքում` հայոց պետականություն ասելով ի նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ու Արցախի երկմիասնությունը: Բայց միաժամանակ` Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը ենթադրում է ոչ ստանդարտ, օրիգինալ լուծումներ: Ըստ այդմ` արտաքին վտանգի անընդհատ և տևական լինելու հանգամանքը, զուգորդված հայոց երկու պետությունների մարդկային և նյութական ռեսուրսների սահմանափակ լինելու հետ, արդիական և սկզբունքորեն անայլընտրանքային են դարձնում <<Ազգ – բանակ>> կոնցեպցիայի որդեգրումը:

Ըստ իս` <<Ազգ – բանակ>> կոնցեպցիայի նպատակն է Հայաստանի Հանրապետության կամ Արցախի դեմ ագրեսիայի դեպքում արագ մոբիլիզացնել երկրի մարդկային և նյութական ռեսուրսներն ու ապահովել պետական համակարգի ներդաշնակ աշխատանքը: Տվյալ դեպքում սկզբունքորեն կարևոր է ընդգծել հետևյալը` <<Ազգ-բանակ>> կոնցեպցիան մեր համարժեք հակազդումն է մեզ շրջապատող թշնամական միջավայրին: Առավել քան ակնհայտ է` Հայաստանի Հանրապետության կամ Արցախի դեմ ագրեսիայի դեպքում երկրի մարդկային և նյութական ռեսուրսներն արագ մոբիլիզացնելը, պետական կառույցների փոխհամաձայնեցված աշխատանքն ապահովելը այդ ագրեսիային հաջողությամբ դիմակայելու գրավականն է:

Հանրահայտ է` ագրեսիայի առաջին ժամերը կարող են վճռորոշ լինել հակամարտող կողմերից յուրաքանչյուրի համար: Հաջողության գրավականն այս դեպքում նվազագույն ժամանակահատվածում արագ կազմակերպվելն է՝ պաշտպանության ճեղքում թույլ չտալու, հակառակորդի հարձակողական ներուժը պետական սահմանին ոչնչացնելու նպատակով: Տվյալ դեպքում վճռորոշ է դառնում արագ համախմբվելու, ռազմական կենսակերպի անցնելու հանրության հոգեպես պատրաստ լինելը: Առհասարակ` մշտական արտաքին վտանգի պայմաններում զարգացող պետության կառավարման համակարգի կազմակերպման մեթոդոլոգիան պետք է մոբիլիզացնող բնույթ ունենա: <<Ազգ – բանակ>> կոնցեպցիան իր էությամբ հենց այդպիսին է` մոբիլիզացնող, հետևաբար, այն կենսագործելով հնարավոր է լուծել երկրի պաշտպանության նպատակով ռեսուրսների արագ մոբիլիզացիայի խնդիրը: Նշեմ նաև, որ <<Ազգ – բանակ>> կոնցեպցիան անցել է ժամանակի փորձությունը: Ի վերջո` թե՛ արցախյան ազատամարտը, և թե՛ ապրիլյան մարտական գործողությունները մենք շահել ենք՝ ազգ – բանակ կոնցեպցիայի տրամաբանությամբ հակազդելով արտաքին վտանգին:

Այո` <<Ազգ – բանակ>>  բանակին առանձնահատուկ դեր է վերապահում մեր երկրում: Այդ առանձնահատուկ դերը սակայն բնավ չի ենթադրում, թե բանակը պետք է լինի փակ, հանրային վերահսկողության համար անմատչելի կառույց, <<պետություն՝ պետության մեջ>>: Խոսքն ըստ իս բանակը մեզանում համերաշխության առանցքի վերածելու, հայրենիքի պաշտպանության գործին յուրաքանչյուր քաղաքացուն մասնակից դարձնելու գաղափարով հասարակությունը համախմբելու մասին է:

Եվս մեկ նկատառում. անհրաժեշտ է նոր թափ հաղորդել մեզանում, հատկապես մատաղ սերնդի շրջանում, Գարեգին Նժդեհի գաղափարական ժառանգության տարածմանը, քանզի վերջինս լիովին համահունչ է <<Ազգ – բանակ>> կոնցեպցիայի տրամաբանությանը:  Թե՛ նժդեհյան գաղափարական ժառանգությունը, թե՛ <<Ազգ – բանակ>> կոնցեպցիան ունեն <<մոբիլիզացնող>> բնույթ, և կարող են լրացնել մեկը մյուսին:

 –Ազգովի բանակի վերածվելու գաղափարի արդիականության մասին բազմիցս նշվել է դեռևս մինչև ապրիլյան իրադարձությունները: Այդ գաղափարին պաշտոնական տեսք տալու համար վճռորոշ եղան ապրիլյան իրադարձությունները:

 –Ապրիլյան իրադարձություններն ընդամենը հերթական անգամ վերահաստատեցին << ազգ – բանակ>> գաղափարի արդիականությունը: Այո, վտանգի պահին ազգովի բանակի վերածվելու գաղափարն իր հրապարակային ելույթներում բազմիցս հնչեցրել է Արցախի հերոս Սեյրան Օհանյանը`  պաշտպանության նախարար պաշտոնավարելիս: Մեզանում վտանգի պահին արագ ազգ-բանակի վերածվելու պատրաստակամություն ձևավորելու նպատակով պաշտպանական գերատեսչությունը տարիներ շարունակ սերտ համագործակցություն է հաստատել հասարակության տարբեր սեգմենտների հետ: Տվյալ դեպքում սկզբունքորեն կարևորն այն է, որ մենք ականատեսն ենք լինում երկրի պաշտպանության կազմակերպման վերաբերյալ կոնցեպտուալ մոտեցումների հաջորդականությանը, ինչը վկայում է երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից թուրք – ադրբեջանական վտանգի անընդհատության գիտակցման, և այդ իրողությանը համարժեք հակազդելու մասին:

-Ավելի քան երեք տարի աշխատել եք ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում` Սեյրան Օհանյանի թիմում: Ինչպե՞ս եք վերաբերվում առաջիկա ընտրություններին նրա մասնակցության փաստին:

 –Պատիվ եմ ունեցել աշխատելու Սեյրան Օհանյանի հետ: Սեյրան Օհանյանին համարում եմ պետական գործիչ: Նման գնահատականի համար ես հիմք եմ ընդունում ոչ միայն նրա ահռելի վաստակը մեր հաղթանակի ձեռքբերման, Զինված ուժերի կայացման գործում, այլև նրա առաջնորդական հմտությունները: Օհանյանը լիարժեքորեն տիրապետում է ռազմական գործին` ընդհուպ մինչև մանրուքները: Որպես պաշտպանության նախարար պաշտոնավարելիս` Օհանյանը խորամուխ էր լինում քննարկվող հարցերում, վեր էր հանում խնդրո առարկայի պատճառահետևանքային կապերը: Նա ձևակերպում էր հստակ խնդիրներ, ապա հետևողականորեն հետամուտ լինում այդ խնդիրների կատարմանը:

Սեյրան Օհանյանն ունակ է իր շուրջ ձևավորել կառավարման մշակույթ: Իսկ եթե կա ձևավորված կառավարման մշակույթ, ապա համակարգը չի լճանում: Առավել քան վստահ եմ, որ նրա հանրային ակտիվությունը միմիայն օգտակար կլինի մեր պետականության համար` անկախ այն հանգամանքից, թե ո՞ր ասպարեզում նա կնախընտրի գործել:

 –Մտադիր չե՞ք զբաղվել քաղաքականությամբ:

 –Ներքաղաքական զարգացումների հետ որևէ առնչություն ունենալ չեմ ցանկանում:

 

 Արմինե Սիմոնյան

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն