Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ի՞նչ է լինում, երբ ստեղծվում են գաղափարազուրկ դաշինքներ. Օհանյան-Օսկանյան դաշինքը չձևավորված քանդվում է

Փետրվար 10, 2017թ. 15:54
Օհանյան Օսկանյան Դալլաքյան Սարգսյան

 

Ուժեղ և համախմբված ընդդիմության կարևորությունը թեպետ բոլորն են գիտակցում, մանավանդ նախընտրական փուլերում, սակայն անկախության 25 տարիները ցույց են տվել, որ շատ քիչ դեպքերում է ընդդիմությանը հաջողվել համախմբվել: Եթե անգամ այդ համախմբումը կայացել է, ապա չի ավարտվել հաջողությամբ: Ընդդիմության չհամախմբման պատճառները քիչ չեն:  Հայաստանյան  ընդդիմադիր դաշտը հիմնականում եղել է գերատոմիզացված, մասնատված ու տրոհվված: Սա էլ ի՛ր պատճառներն ունի. մի կողմից իշխանությունն  արել է իր պառակտիչ գործը: Հաճախ կրկնելով, թե ուզում է երկրում ուժեղ ընդդիմություն՝ լուրջ մրցակից ունենալ, սակայն հարկ եղած ժամանակ իշխանությունը կարողացել է  ընդդիմության ներսում ներդրված սեփական <ական>-ների ջանքերով ոչ միայն պառակտել, այլև իր ձեռքը վերցնել ընդդիմության <շարժիչն> ու ամեն ինչ անել այն հնարավորինս կառավարելի դարձնելու համար:

Մյուս կողմից՝ ընդդիմության ներքին պառակտվածությանը նպաստել են ընդդիմադիր լիդերների ու գործիչների ամբիցիաները: Արդյունքում այդպես էլ նախընտրական փուլերում հնարավոր չի եղել ստեղծել ընդդիմադիր մեկ հզոր բևեռ, որը կկարողանա իր շուրջը համախմբել գաղափարական կուսակցություններին ու  դառնալ իշխանության համար լուրջ այլընտրանք:

Եվ ահա, ինչպես յուրաքանչյուր ընտրությունից առաջ, այս անգամ ևս ամիսներ առաջ ընդդիմադիր դաշտում աշխուժացան նախընտրական դաշինքներ կազմելու խոսակցությունները, ավելին՝ ընդդմադիրները որոշեցին ոչ միայն  խոսել կոնսոլիդացիայից, այլ  այն փորձել դարձնել իրականություն: Չնայած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադի դաշտում որոշ բացասական նշաններ նկատվեցին,  մասնավորաբար,  դաշտի համախմբման ուղղությամբ աշխատելու փոխարեն որոշ ուժեր ու անձինք ջանք չխնայեցին հասարակության կողմից ամենաարմատականի դափնուն արժանանալու: Ու սկսվեց լիդերության մրցակցությունը` ո՞վ է ավելի շատ ընդդիմադիրը կամ ո՞վ է ընդդիմադիր լիդեր կուսակցությունը: Այս  անցանկալի երևույթի առկայությամբ հանդերձ, հույս կար, որ համապետական ընտրությունների պայքարում ընդդիմությունը կսթափվի ու կձգի <<գոտիները>>:

Տարբեր ընտրություններին ժամանակ դաշինքային տարբեր դրսևորումների ենք ականատես եղել, նաև արհեստական համախմբումների, սակայն այն, ինչ կատարվում է այսօր, անկեղծ ասած, դուրս է  քաղաքագիտական պատկերացումներից ու կանոններից: Ընդդիմադիր քաղաքական դաշտն առաջին հարվածը ստացավ, երբ իշխանական դաշտի կարկառուն դեմքերը վայրէջք կատարեցին ընդդիմություն և մեկ օրում դարձան թունդ ընդդիմադիրներ, ու սկսեցին լուրջ դեմքով քննադատել իշխանությանը՝ զարմացնելով անգամ  իրենց իշխանական կոլեգաներին:

Ընդդիմադիր դաշտին հասցված երկրորդ հարվածը եղավ այն, որ ընդդիմադիր թիկնոցով ներկայացած նախկին իշխանավորներն իրենց հռչակեցին ընդդիմության լիդերներ՝ փորձելով իրենց իսկ շուրջն համախմբել դաշտում եղած արբայնակ կուսակցություններին: Այսպես իհայտ եկավ Օհանյան+Օսկանյան միավորումը: Ի դեպ, այն վարկանիշային լուրջ կորուստ գրանցեց, երբ իրեն միավորվելու հայտ ներկայացրեց իշխանական կերակրատաշտից տարիներ շարունակ օգտված ու իշխանական վերնախավին հլուհնազանդ ծառայած Վիկտոր  Դալլաքյանը: Բայց սա դեռ, ինչպես ասում են, նախերգանքն էր:   Օհանյան+Օսկանյան+Դալլաքյան+Սարգսյան համախմբման ներսում հաջորդ լուրջ ճաքը երևաց այն ժամանակ, երբ քննարկման առարկա դարձավ լիդերի ընտրության հարցը: Այդ ժամանակ էլ լսվեց նախկին օմբուդսմենի՝ «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանի ձայնը. «Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը>>: Անդրեասյանն իր հայտարարության մեջ շեշտել էր, որ նախկին իշխանավորներն այս դաշտում գործելու իրավունք կունենան միայն մեկ դեպքում, երբ կանցնեն իրավական ու քաղաքական քավարանով: Ու որքան էլ Վարդան Օսկանյանը, Արամ Սարգսյանն ու Դալլաքյանը փորձեցի հնարավորինս <սրբագրել> կամ մեղմել Անդերասյանի խոսքերը, միևնույն է՝ ճաքը մնաց:

Եվ վերջապես, Օհանյան դաշինքը համարվեց խոցելի, երբ պարզ դարձավ, որ այն  ոչգաղափարական, նույնիսկ խիստ հակադիր ուժերի համախմբում է:

   Համախմբում բառն, իհարկե, լավ է հնչում, բայց այն իրական է, եթե հիմնված  է գաղափարախոսության վրա, մինչդեռ արհեստական համախմբումը ունենում է ճիշտ հակառակ էֆեկտը՝ շատ արագ կազմալուծվելով: Թվում է, թե քաղաքագիտական այս պարզ աքսիոմը պետք է, որ ընկալելի լինի քաղաքականությամբ զբաղվող այրերի համար: Մինչդեռ պաշտպանության նախկին նախարարը, որն ի դեպ, իր մտերիմների շրջանում հայտնի է որպես քաղաքականությունից բավական հեռու անձնավորություն, սկզբից ևեթ իրեն շրջապատեց գաղափարախոսական առումով խիստ խայտաբղետ ուժերով: Այստեղ հայտնվեցին և՛ սոցիալիստական   գաղափարախոսություն ունեցողներ, և՛ հակասոցիալիստներ, և՛ լիբերալներ, աշխարհաքաղաքական ու արժեքային հակառակ դիրքորոշումներ կրողներ, ի վերջո, իրենց անցյալով,  ներկայով և ապագայի հանդեպ ունեցած պատկերացումներով հակադիր ուժեր ու անձինք: Եվ այս ամենը՝ մեկ կաթսայում: Իզուր չէ, որ մինչ այս դաշինքը կհասցներ իր պաշտոնական անվանումը գրանցել ԿԸՀ-ում, հասարակական, քաղաքական շրջանակներում այն արդեն ստացել է իր անունը՝ <<քաղաքական աջափսանդալ>>:

Հիշենք, թե ինչպե՞ս էին այս <<քաղաքական աջափսանդալ>>-ի ստեղծումը մեկնաբանում օհանյանականները.  երկրի վիճակը շատ ծանր է, ու այսօր ժամանակը չէ նստել, որոշել,  թե գաղափարական ո՞ր ուղղություններով պետք է  գնալ՝ սոցիալիստական՞, թե՞ նեոլիբերալիզմի, ժամանակը չէ խոսել աշխարհաքաղաքական կողմնորոշումներից ու տնտեսական կացութաձևերից և մենք մի կողմ ենք դնում մեր գաղափարներն  ու լծվում երկիրը փրկելու գործին:

Հանուն երկրի ու ժողովրդի ասված այս խոսքերն իրենց հուզականությամբ գուցեև ոմանց համոզեցին, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝  «ուրբաթը շաբաթից շուտ եկավ»: Եվ այսպես, այն պահին, երբ Օհանյանի դաշինքում գործը հասավ ցուցակների ձևավորմանը՝ երկրի հարցերով մտահոգվածները երկրի մասին շատ արագ մոռացան ու սկսվեց ներքին հրմշտոցը:

Նախ, դժգոհեց Օսկանյան-Օհանյան դաշինքին միացած ԱԻՄ կուսակցության հիմնադիր Պարույր Հայրիկյանը՝ կուսակցական ցուցակի շուրջ ծավալվող գործընթացը անվանելով գզվռտոց։ Հայրիկյանի նման պահվածքը օհանյանականներից ոմանց դուր չեկավ, նեղ շրջանակում խոսվեց այն մասին, թե Հայրիկյանն սկսել է իր կազմաքանդիչ գործը: Նույնիսկ կասկած էր հայտնվել՝ որպես իշխանության կողմից ներդրված <<ական>>-ի:

Սակայն օրեր անց նույպիսի դժգոհությամբ Օհանյան-Օսկանյան դաշինքից պոկվեց հուշագիր ստորագրած երեք կուսակցություններից մեկը՝ Դեմկուս՝ չեղարկելով եռյակի հայտարարությունը: ՀԴԿ առաջնորդը հեռացավ՝ իր հետևից փակելով դուռը.<<Ես իրենց հաջողություն եմ ցանկանում, եթե իհարկե, կլինի այդ դաշինքը ու չգիտեմ` ո՞ւմ հետ կլինի>>:

Արամ Սարգսյանը, ով հուշագրի ստորագումից ու սեփական կուսակցության  համաժողովից հետո ոգևորված խոսում էր ծրագրային դրույթների իրականացման մասին, դաշինքից հեռացավ հայտարարելով՝ <<Էդ մարդկանց ոչ թե ծրագրերն են հետաքրքրում, այլ ցուցակները ու ամբողջությամբ կենտրոնացած են դրանց կազմման վրա, թե ո՞վ, որքա՞ն հնարավոր տեղ կունենա խորհրդարանում ու, թե ո՞ր տեղերը կգրավի>>:

Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծորեն նկատել է՝  խախտվել են դաշինքը ձևավորելու բոլոր սկզբունքները, ու տեղեկացրել հետևյալի մասին. <<Առաջին հերթին պետք է ձևավորվեր խորհուրդ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է համաձայնեցված՝ կոնսենսուսային  որոշումներ ընդունեին: Բայց դա չեղավ ու չձևավորված դաշինքն այդպես էլ դեռ չի կազմել նախընտրական միասնական ծրագիր>>: Սարգսյանը  նաև տեղակացրել է, որ մինչև վերջին պահը ինքը չի իմացել, թե, ի վերջո, ո՞վքեր և ո՞ր ուժերն են ընդգրկված այդ դաշինքում: Հեռացած Սարգսյանը նաև ակնարկրել է՝ դաշինքից հեռանալ չի նշանակում չմասնակցելընտրություններին.<<Ավելի լավ է մենք զուլալված կազմով մասնակցենք,  քան թե այս անորոշության մեջ խարխափենք>>:

Ի դեպ արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Դեմկուսը դաշինքը լքած միակ ուժը չի լինելու, նրան կհաջորդի նաև <<Երրորդ Հանրապետության>> ղեկավար Վիկտոր Դալլաքյանը, գուցեև <<Համախմբում>> կուսակցությունը, որի մամլո քարտուղար Արեգնազ Մանուկյանն արդեն նման ակնարկ արել է:

Նկատենք, որ օհանյանականների թիմում այս սուր խմորումները տեղի են ունենում այն պահին, երբ ընտրապայքարին մասնակցելու մասին փաստաթղթերի ԿԸՀ ներկայացմանը ընդամենը 6 օր է մնացել:

Բնականաբար, գլխավոր ինտրիգը մնում է այն, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում իշխանությունից ընդդիմություն տեղափոխված,  քաղաքական դաշտում նոր կարիերա սկսել ցանկացող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային Օհանյանի քաղաքական ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ:

 

Հ.Գ. Մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանի դաշինքում տեղ են գտել անձինք, որոնք եկել են այն քանդելու հատուկ մտադրությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Օհանյանի  կողքին այսօր կանգնած են տարիներ շարունակ նրա դեմ ատամ կրճտացրած անձինք, որոնք պահը բաց չեն թողել իբրև <<ական>> աշխատելու և թիկունքից նրան հարվածելու համար: Իսկ Օհանյանը, քանի որ տառապում է մարդկանց ճանաչելու անկարողությամբ՝ շարունակում է մնալ իր դեմ լարված դավին անտեղյակ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն