Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

«Նախընտրական դաշինքներ, նախընտրական ցուցակներ. ի՞նչ պատկեր է ուրվագծվում». ասուլիս ՙՙՀայք՚՚ կենտրոնում

Փետրվար 17, 2017թ. 16:07

«Հայք» տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս՝  «Նախընտրական դաշինքներ, նախընտրական ցուցակներ. ի՞նչ պատկեր է ուրվագծվում» թեմայով: Հյուրերն էին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Հրավիրված էր նաև  նախկին դատավոր Պարգև Օհանյանը, սակայն վերջինս անհասկանալի պատճառով հրաժարվեց մասնակցությունից:

+ + +

  Ապրիլին կայանալիք ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածները դեռ չեն հասկացել, թե ինչ է իրենց սպասվում: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: 

«Իրենք չեն հասկանում, որ իրենց գցել են, որ իրար այնտեղ «գզեն»: Նրանք ձայն կբերեն կուսակցությանը, բայց նրանց 70-80 տոկոսը դուրս է մնալու: Անհնար է, որ նույն ընտրատարածքից կարողանան մի քանիսն անցնել խորհրդարան, օրենքը դա թույլ չի տալիս»,- ասաց քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանը, սակայն, դրական միտում է նկատել՝ սերնդափոխություն է ընթանում: «Այն, որ նման տենդենց կա, և այն բավականին լուրջ է, արդեն իսկ լավ է: Իշխանության կողմից Հանրապետականը, իսկ ընդդիմության կողմից «Ելքը» թելադրեցին այդ տենդենցը, և մնացած կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում էլ այսօր կարելի է տեսնել շատ երիտասարդների: Արդեն հինգ տարի հետո 2022 թիվն է լինելու, և 88 թվականի սերնդից գրեթե մարդ չի լինելու, և ակտիվ ընտրազանգվածն էլ նոր սերունդն է լինելու»,- նկատեց Քոչարյանը:

Խոսելով Հանրապետական կուսակցության երիտասարդացման և ռեբրենդինգի մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ կուսակցության «ֆասսադային» հատվածում լավ է անցել ռեբրենդինգը. «Թեև այնտեղ էլ կարելի է փոփոխություններ անել, սակայն արդեն չկան օդիոզ դեմքեր, մնացածն արդեն ճաշակի հարց է: Միանշանակ է, որ կրիմինալ դեմքեր ևս չկան: Նույնը կարելի է ասել նաև երկրորդ տասնյակի մասին: Ես ունեմ ներքին համոզվածություն, որ երկրորդ տասնյակից շատերը չեն մտնելու ԱԺ»:

Գոհար Ավետիսյան, haymedia.am

 

«Օհանյան դաշինքում խմորումներ են, Ծառուկյանն էլ սխալ ուղի բռնեց»

Չպետք է թույլ տալ, որ դաշինքներն իրենց ներքին առևտուրը տեղափոխեն խորհրդարան, դա վտանգավոր է. հիմա Հայաստանն առևտուր անելու ժամանակը չունի: Այս կարծիքին է Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով լրագրողների հետ զրույցում վերլուծեց ընտրությունների մասնակից կուսակցությունների և դաշինքների աշխատելոճն ու ցուցակները:

«Իշխանության դեպքում ամեն ինչ պարզ է. այն մի քանի տարի առաջ գիտեր, որ փոխվելու է սահմանադրությունը, ԸՕ-ն, ինչ մեխանիզմներ են կիրառվելու, իսկ մյուս կուսակցություններն ու դաշինքներն այդ խնդրով զբաղված չէին, նախապատրաստական աշխատանքներ չէին տանում: Բացառություն է «Հայկական վերածնունդը», որի ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց երկու տարի առաջ, ստեղծեց կոալիցիա, որն էլ վերջին համագումարին դարձավ կուսակցություն»,- նշեց Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ կայունություն կա նաև ՀՅԴ-ի շուրջ. Դաշնակցությունն ավանդական կուսակցություն է և, ըստ Իսագուլյանի, ինչ-որ նաև ազգային արժեք. «Այդտեղ էլ շատ պարզ է, թեև իրենք խնդիր ունեն իրենց ավանդույթների ու կանոնադրության մասով, որը թույլ չի տալիս, որ այն բազմանդամ դառնա: Հետևաբար իրենց համար դժվար կլինի նոր ընտրական օրենսգրքի պայմաններում աշխատելը»:

Ինչ վերաբերում է Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան դաշինքին, բանախոսը կարծիք հայտնեց, որ այնտեղ դեռ խմորումներ են գնում, և դաշինքն ամբողջովին ձևավորված չէ: «Թեև իրենք ԿԸՀ են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն, ես կարծում եմ, որ այն դեռ ձևավորման փուլում է: Դեռ մարդիկ կլինեն, որ դուրս կգան ցուցակներից, մարդիկ կլինեն, որ կհայտարարեն իրենց մուտքի մասին: Սակայն, եթե այդ դաշինքի հիմանական կարգախոսը լինելու է իշխանափոխությունը, ապա այն հաջողություն չի ունենա»,- նշեց Իսագուլյանը:

Ծառուկյան դաշինքի վերաբերյալ էլ Գառնիկ Իսագուլյանը հետաքրքրիր բացահայտում արեց, հայտարարելով, որ ինքը եղել է այն մարդկանցից, ով խորհուրդ է տվել Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն.«Սակայն այն մեխանիզմը, որ ես էի առաջարկում, չկիրառվեց: Այն դեպքում, երբ Ծառուկյանը հայտարարում է, որ իշխանության չի ձգտում, նա պետք է փորձեր որակ բարձրացներ ԱԺ-ում: Օգտագործելով իր վարկանիշը, նա կարող էր խորհրդարան բերել խելացի իրավագետների, միջազգայնագետների, տնտեսագետների: Սակայն այդպես չեղավ: Նրանց փոխարեն ցուցակում ընդգրկվեցին ՀՀԿ-ից հեռացածները»:

Գառնիկ Իսագուլյանի համար դաշինքներից ամենաընկալելին «Ելք»-ն է:«Նրանք հայտարարել են, որ արևմտյան արժեքների կրողն են և դա ցույց են տալիս: Նաև նրանք գաղափարական ընդհանրություններ ունեն սոցիալական և տնտեսական ոլորտներում: Խնդիրը, որ կարող է առաջանալ նրանց մոտ, այն է՝ հասցնել բոլոր ընտրատարածքներում ունենալ ռեյտինգային մարդկանց, ովքեր կկարողանան ձայն բերել, որ ապահովեն 7 տոկոսի արգելապատնեշը»,- նշեց բանախոսը:

«Ազատ դեմոկրատների» մասին էլ Իսագուլյանն ասաց, որ հարգում է Քոքոբելյանին, Բագրատյանին ու Անահիտ Բախշյանին, սակայն նրանք էլ քիչ ռեսուրսներ ունեն և դժվար կլինի հաղթահարել 7 տոկոսը:

Այս ամենը հաշվի առնելով՝ Գառնիկ Իսագուլյանը չի կասկածում, որ գերազանց հնարավորություն է ստեղծվել ՀՀԿ-ի համար, որը լավ պատրաստվել է այս ընտրություններին. «ՀՀԿ ցուցակը որ նայում եք, թվում է թե արտառոց բան չկա, բայց իրականում այդ ցուցակը մեսիջ է բոլորին, թե իրենք ինչ քաղաքական գիծ են որդեգրելու և ուր են տանելու: Իսկ մյուսների քաղաքականությունը շատ հեղհեղուկ է՝ մեկն ասում է՝ իշխանություն չեմ ուզում, մյուսը ընդհանրապես չգիտես ինչ է ուզում»:

Գոհար Ավետիսյան , haymedia.am

 

«Եթե Շմայսը Սեյրան Սարոյանի հետ է դրել, ո՞վ է անցնելու». Կարեն Քոչարյանը վստահ է, որ մականունավորները մաքրվում են

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր «Հայք» ակումբում իր տեսակետը հայտնեց առաջադրված կուսակցությունների եւ դաշինքների մասին: Նրա խոսքերով ՝ ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է, ինչ-որ տեղ կասեի՝ ազգային արժեք: ՕՐՕ դաշինքի հետ կապված Իսագուլյանն ասաց, որ այդ դաշինքը դեռ խմորումների մեջ է, ձեւավորման փուլում է, մարդիկ կլինեն, որ դուրս կգան այդ դաշինքից, մարդիկ կլինեն, որ կասեն՝ աջակցում են: «Ծառուկյան» դաշինքը, ըստ նրա, ձեւավորվեց հապշտապ. «Մեր խոսքը գործ է կարգախոսի տակ հայտարարություն արվեց, որ լինելու է մեծ կոալիցիա, բայց, ըստ էության, ԲՀԿ-ն մնաց մենակ:

«Ալյանսն» է, այնտեղ էլի մի կուսակցություն կար՝ «Առաքելություն», չգիտեմ, իրենց առաքելությունն ինչումն է կայանում: Իրենց կարգախոսը՝ մեր խոսքը գործ է, հենց ձեւավորման փուլում ճիշտ հակառակ էֆեկտն ունեցավ»: Նա ասաց, որ մինչ Գագիկ Ծառուկյանը կվերադառնար քաղաքականություն, ինքն է նախ խորհուրդ տվել Ծառուկյանին. «Ասել եմ՝ էջը բացիր»: Բայց հիմա չի հասկանում, թե ում հաշվին պետք է կարողանա իր խոսքը գործ դարձնել Ծառուկյանը, նույնիսկ հեգնեց՝ Վարդան Ղուկասյանի՞. «Ինձ համար ամենաընկալելին դաշինքներից «Ելքն» է, արեւմտյան արժեքների կրողն են»: «Ազատ դեմոկրատների» հետ կապված նա ասաց, որ հարգում է Քոքոբելյանին, Բագրատյանի վարչապետության ժամանակ եղել է ԳԽ պատգամավոր, ունեցել է նրա հետ տրամագծորեն տարբեր տեսակետներ. «Բայց լինելով նրա հակառակորդը՝ պետք է խոստովանել, որ իր վարչապետության տարիներին՝ 90-ականներին նա կարողացավ տնտեսությունը զարգացնել, տնտեսությունը բավականին աշխույժ էր այդ ժամանակ, պետք է ընդունել սա՝ անկախ իմ անձնական վերաբերմունքից»:

Բայց, այս ամենը հաշվի առնելով՝ Գառնիկ Իսագուլյանը չի կասկածում, որ գերազանց հնարավորություն ունի ՀՀԿ-ն, որը լավ պատրաստվել է այս ընտրություններին: Գառնիկ Իսագուլյանը ՀՀԿ-ի ցուցակը նայելով՝ հիշել է Էդուարդ Շարմազանովի խոսքերը, որ բոլորը պետք է անցնեն Մելիք Ադամյան 2-ով. «Մարդկանց քաղաքականություն է դա, իրենց խոսքը գործ է»: Նա ասաց, որ մյուսների քաղաքականությունը շատ հեղհեղուկ է՝ մեկն ասում է՝ իշխանություն չեմ ուզում, մյուսը ընդհանրապես չգիտես ինչ է ուզում:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց, որ Կոմկուսը եթե մի քիչ ավելի շուտ խելքի գար, գուցե միանար «Ծառուկյան» դաշինքին, որովհետեւ իր էլեկտորատը նույն «Ծառուկյան» դաշինքի էլեկտորատն է: Նա վստահեցրեց, որ ով հրաժարվեց այս ընտրություններին մասնակցել՝ Պարույր Հայրիկյանը, Արամ Սարգսյանը, բոլորը ճիշտ արեցին, որովհետեւ նրանք որպես խորհրդատու պետք է աշխատեն. «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ժամանակն անցել է, բնությունն է այդպիսին, մարդիկ ծերանում են»:

Ըստ Կարեն Քոչարյանի, ռեյտինգայինով սկսելու են բոլորն իրար «ուտել»: Հարցին՝ ինչո՞ւ է, որ շմայսների ժամանակը երբեք չի անցնում՝ նա պատասխանեց. «Ո՞վ ասեց չի անցնում: Հլը կտեսնեք՝ կանցնե՞ն, թե՞ չեն: Ես կասկածում եմ: Եթե Շմայսը Սեյրան Սարոյանի հետ է դրել, ո՞վ է անցնելու: Նովոն էլ է այնտեղ դրել, Հրանտ Գրիգորյանը, ՄԱՊ-ի Ալիկը, հիմա ո՞ր մեկն է անցնելու, հինգն էլ անցնելո՞ւ են, ձեւ չկա»: Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին՝ Կարեն Քոչարյանն ասաց. «Միանշանակ է, որ ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում կրիմինալ, օդիոզ դեմքեր չկան: Երկրորդ տասնյակում էլ կարծես չկան, կա Մանվել Գրիգորյան…Շատ տարօրինակ է, որ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը հետ են: Չգիտեմ ինչու, ես ունեմ ներքին համոզվածություն, որ երկրորդ տասնյակից՝ սկսած Գալուստ Սահակյանից՝ 11 համարից, մինչեւ 19 համարը, այդ 9 հոգուց 7-8-ը չեն մտնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ aravot.em

Ի՞նչ միջոցներով է պատրաստվում Արթուր Բաղդասարյանը ստեղծել պրոֆեսիոնալ բանակ․ Կարեն Քոչարյան 

Ներքաղաքական իրադարձություններին, ԱԺ ընտրություններից առաջ կուսակցությունների հրապարակած ցուցակների մասին այսօր մամուլի ասուլիսում իրենց դիտարկումները ներկայացրեցին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Ասուլիսին հրավիրված էր նաեւ նախկին դատավոր, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում տեղ գտած Պարգեւ Օհանյանը, սակայն նա չէր ներկայացել։ Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Արթուր Բաղդասարյանը կարողանում է հաջողությամբ կիրառել այն նույն մեխանիզմները, որտեղ էլ որ լինի։

Իսագուլյանը ասաց նաեւ, որ գալիք ընտրությունների հետ կապված քաղաքական ուժերը նախընտրական աշխատանքներ չէին տանում .«Որևէ բան չէր արվում բացի, թերևս, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից, որը ձևավորվեց երկու տարի առաջ: Պարոն Բաղդասարյանը հրաժարական տվեց և ըստ էության լծվեց գալիք ընտրությունների խնդրին, ձևավորելով բավականին լուրջ, մեծ կոալիցիա, հետո կոալիցիան ձևակերպվեց որպես կուսակցություն՝ Հայկական վերածնունդ»: Ըստ նրա, «Արթուր Բաղդասարյանը կարողանում է ժամանակին սկսել իր նախընտրական գործունեությունը և ըստ էության պատրաստ է լինում գալիք ընտրություններին»: Կարեն Քոչարյանն այլ կարծիքի է․ նա պոպուլիզմ է որակում Արթուր Բաղդասարյանի հայտարարություններն ու գործունեությունը։ «Արթուր Բաղդասարյանը շատ լավ գիտի, որ հնարավոր չէ ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, ինչո՞ւ է այդ մասին հայտարարում, թող ասի, թե ինչ միջոցներով է ստեղծելու այդ բանակը։ 2003թ․ ավանդների հարցը մեջտեղ բերեց, կուտը գցեց, մարդիկ հավատացին»,- ասաց Կարեն Քոչարյանը։ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ նոր Ընտրական օրենսգիրքը դժվարություններ է ստեղծում ՀՅԴ-ի համար, քանի որ այն ավանդական կուսակցություն է։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում Գառնիկ Իսագուլյանը դեռ տեսնում է խմորումներ եւ համարում է, որ դաշինքը դեռ կայացած չէ՝ չնայած փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ։

Ըստ նրա՝ միայն իշխանափոխության կոչը չի կարող լինել աշխատող կարգախոս։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը, ըստ նրա, ձեւավորվեց շատ հապշտապ։ Նա նկատեց, որ ճաքեր առաջացան Ռամկավար-ազատական եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների մեջ։ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը պետք է իր առջեւ խնդիր դներ՝ ԱԺ բերելու լավագույն միջազգայնագետների, իրավաբանների, տնտեսագետների, որոնք նոր որակ կբերեին։ Նա օրինակ բերեց Կարեն Քոչարյանին, սակայն վերջինս հակադրվեց՝ ասելով, որ ինքը ԱԺ պատգամավոր դառնալ չի ուզում։

Կոմունիստների համար էլ Գառնիկ Իսագուլյանը դժվարություններ կանխատեսեց։ Փոխարենը նա հայտարարեց, որ դաշինքներից իր համար ամենականխատեսելին «Ելք»-ն է, քանի որ հայտարարել են, որ արեւմտյան արժեհամակարգի կրողներ։ Սրանից զատ, նա նկատեց, որ երեք կուսակցություններն էլ ունեն նույն դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում, տնտեսությանը վերաբերող հարցերում։ Գառնիկ Իսագուլյանը հարգում է նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որին համարեց տնտեսության թիվ 1 գիտակը։ Նա հիշեց, որ 90-ականներին ամենալավ վիճակում հետխորհրդային երկրներից Հայաստանն էր։ ՀՀԿ-ի ցուցակը Գառնիկ Իսագուլյանը համարում է մեսիջ։ Նա կարծում է, որ եթե մյուս ուժերը ձգտում էին իշխանափոխության, ապա պետք է միավորվեին՝ անկախ իրենց հայացքներից։

hraparak.am

 

ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակի «ֆասադը» բավականին լավն է. քաղտեխնոլոգ

Պրոբլեմատիկ, գոյություն չունեցող փոշիացած քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, կա սերնդափոխության միտում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Այն որ նման միտում կա ու դա բավականին լուրջ է, փաստ է: Այդ միտումը թելադրեցին «Հանրապետականն» ու «Ելքը»,-նշել է բանախոսը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ առանձին կուսակցություններ դեռևս ՏԻՄ ընտրություններից պատրաստվում էին  երիտասարդ թիմով և էլեկտորատի ուղղությամբ:

Անդրադառնալով ՀՀԿ-ի ցուցակին, Կարեն Քոչարյանը նկատել է, որ ցուցակի առաջին տասնյակի ֆասադը բավականին լավն է, չկան օդիոզ և կրիմինալ դեմքեր:

Vesti.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն