Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Հայաստանն Ալեգրովի համար հատուկ երկիր է

Փետրվար 16, 2017թ. 14:55
16196559_1286374761425450_1778790807_o

– Հարգելի Իրինա Ալեքսանդրովնա, նախ թույլ տվեք շնորհավորել  հոբելյանի առթիվ: Իմ կարծիքով, ազնվազարմ տարիք է: Ինչպես նշեցիք ձեր տարեդարձը:

-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Տարիքի մասին խոսակցություններին ես վաղուց արդեն հանգիստ եմ վերաբերվում: Ցանկացած տարիք հիասքանչ է յուրովի և մարդուն ինչ-որ նոր բան է տալիս: Ինչպես ասվում է մի հիանալի երգում «Բնությունը վատ եղանակ չունի» («У природы нет плохой погоды!»): Ինչ վերաբերում է ծննդյան օրերին, դրանք ես սիրում եմ նշել տանը, ամենահարազատ և ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Հիմա ինձ չեն գրավում շքեղությունը, բազմամարդ ճաշկերույթները, ուզում եմ լինել ինքս ինձ հետ, հոգով վերապրել ամենանվիրական հիշողությունները, մտածել ապագայի մասին, վայելել ընտանեկան ջերմությունը: Ավաղ, մասնագիտական առանձնահատկության պատճառով դրա համար ժամանակս երբեք չի բավականացրել:

-Հայաստանում Դուք բազմաթիվ երկրպագուներ ունեք, ինչում Դուք ինքներդ քանիցս համոզվել եք: Հայ հանդիսատեսի հավատարմությունը իր վառ արտացոլումն ունեցավ երկու տարի առաջ, Ձեր վերջին երևանյան համերգի ժամանակ, երբ հանդիսատեսն արդեն համարյա դահլիճում էր, իսկ Դուք վատ ինքնազգացողության պատճառով չկարողացաք բեմ դուրս գալ: Սակայն հետաձգված համերգը 2 ամիս անց կայացավ լեփ-լեցուն դահլիճում և մեծ հաջողություն ունեցավ: Պատմեք խնդրեմ այդ միջադեպի մասին, մարդիկ ուզում են դա Ձեր շուրթերից լսել:

-Հայաստանն ինձ համար միշտ եղել է և կլինի յուրահատուկ երկիր: Դա իմ հայրիկի Հայրենիքն է, այստեղ իմ պատմական արմատներն են: Այդ պատճառով երևանյան բեմ ես դուրս եմ գալիս առանձնահատուկ թրթիռով, և համերգները Երևանում ամեն անգամ անցնում են յուրատեսակ, անպատմելի մթնոլորտում: Այն անդրադարձը, որ առաջանում է իմ և հանդիսատեսի միջև «Армения, я вернусь к тебе!» երգի կատարման ժամանակ, դժվար է նկարագրել, այն հասնում է մինչև հոգուս խորքերը, ինչպես աղոթքը: Երկու տարի առաջ ինձ համար չափազանց ցավալի էր հետաձգել համերգը, որին ես այնքան հանգամանորեն պատրաստվել էի: Բայց այլ ելք չկար: Մինչ հայաստանյան շրջագայությունը իմ ամբողջ կոլեկտիվը հասցրել էր հիվանդանալ գրիպով, հիվանդությունը միայն ինձ էր շրջանցել և «բռնեց» ինձ հենց Երևանում: Բարձրացող ջերմության առաջին նշանները ես զգացի դեռ օդանավակայանում, հյուրանոցում ինքնազգացողությունս կտրուկ վատացավ: Ես ձգեցի մինչև վերջին պահը՝ հուսալով, որ շուտով կթեթևանամ, սակայն պարզվեց, որ հարկավոր է հետաձգել համերգը. Օրգանիզմս կտրականապես «ոչ» ասեց: Անչափ շնորհակալ եմ հայ հանդիսատեսին իր նվիրվածության համար. երկու ամիս հետո կայացած համերգները իսկապես հիանալի անցան: Հատուկ շնորհակալություն երևանյան բժիշկներին, ովքեր արագորեն ինձ ոտքի հանեցին:

-Փաստորեն Հայաստանում Դուք միշտ աշխատում եք բացառապես միևնույն կազմակերպչի՝ “Forpostart production”-ի հետ: Ի՞նչն եք գնահատում. վստահությո՞ւնը, պրոֆեսիոնալի՞զմը:

– Դրանք մեկը մյուսի շարունակությունն են. այդ ընկերությունում աշխատող մարդկանց պրոֆեսիոնալիզմը ծնել է վստահություն, որը երկար, արդյունավետ համագործակցության արդյունք է: -Ձեր յուրաքանչյուր ելույթ Իսկական տոն է հանդիսատեսի համար, առավել ևս, որ ամեն անգամ հանդիսատեսի դատին եք ներկայացնում ինչ-որ նոր բան: Ահա և հիմա, Ձեր համերգային մեծ շրջագայության շրջանակներում պատրաստվում եք հանդես գալ Երևանում ոչ թե հերթական պրիմերայով, այլ կոնկրետ հոբելյանական ծրագրով, որն անվանել եք «ՄՈՆՈ»: Այդ գործում գիտակ մարդիկ արդեն իսկ այն կոչել են «տեսիլք»: Ձեր մտահղացմամբ ինչ է թաքնված այդ երկու բառերի՝ моно" և"фантом" (տեսլիք) միջև:

– Կարծում եմ այս հարցի պատասխանը յուրաքանչյուրն իր համար կգտնի՝ ներկա լինելով համերգներին:

– Ինչպիսին է համերգի ծրագիրը: Կարելի է ենթադրել, որ նոր կատարումների հետ կհնչեն նաև անցյալ տարիների Ձեր հանրահայտ հիթերը՝ նոր գործիքավորմամբ:

– Հավատացեք, պատմել երաժշտության մասին նույնքան անիմաստ է, ինչպես պարել ճարտարապետության մասին: Ամենաճիշտը մեկ անգամ լսելն է: Եվ անակնկալն էլ թող անակնկալ մնա: Շատ քիչ է մնացել սպասելու համար:

– Ի՞նչ սկզբունքով եք կազմում Ձեր երգացանկը, ի՞նչ չափանիշներով եք ընտրում երգերը: Չէ որ, շատ կարևոր է դիպչել մարդկանց սրտերին: Ձեր նոր՝ “Перезагрузка” ծրագիրը գլխիվայր շրջեց Ձեր մասին շատ կարծրատիպեր՝ առաջացնելով աննկարագրելի հիացմունք: Ի՞նչ էր դա, հոգու ճի՞չ, թե՞… Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց այսքան տարիներ անց փոխել ամեն ինչ: Չէի՞ք վախենում:

-Հիմա ես այնպիսի փուլում եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ անել այն, ինչն ինձ դուր է գալիս: Երբ երեք տարի առաջ ինձ թվաց, թե ամենալավն արդեն երգվել է, ես մաքուր խղճով հայտարարեցի հրաժեշտի շրջագայության մասին: Սակայն, ինչպես ասում են, եթե ուզում ես զվարճացնել Աստծուն, պատմիր նրան քո պլանների մասին: Բավական էր մեկնարկել հրաժեշտի տուրը և ես սկսեցի ստանալ հոյակապ նոր առաջարկներ, որոնք զարմանալիորեն համընկնում էին իմ ներքին ապրումների հետ: Երիտասարդ հեղինակները կարողացան գտնել իմ հոգու բանալին և գրել այնպիսի երգեր, որոնք ինձ նոր կյանք տվեցին: Ինչ-որ պահի ես հասկացա, որ չեմ կարող չկիսել այդ երգերը իմ հանդիսատեսի հետ: Այդպես ստեղծվեց «Перезагрузка» ծրագիրը: Չեմ թաքցնի, որոշակի վախ կար, չէ որ այդ ծրագիրը կազմված էր բացառապես նոր և իմ երկրպագուի ականջին անսովոր երգերից: Սակայն, ես չեմ ափսոսում և հիմա շատ երջանիկ եմ: Հանդիսատեսը նոր երգերն ընդունեց ցնծությամբ և սիրեց դրանք ոչ պակաս, քան իմ նախկին ոսկե հիթերը:

– Մի անգամ Դուք ասել եք, որ մանկուց սիրել եք իտալական, նեապոլիտանական երգերը, սովորել եք դրանցով, սակայն, եթե չեմ սխալվում, Ձեր երգացանկում դրանք չկան: Իսկ չե՞ք մտածել այդպիսի ծրագիր ստեղծելու մասին: Կարծում եմ, շատերի համար դա անսպասելի և հաճելի նորույթ կլինի: Գուցե Ձեր ստեղծագործական կյանքում կգա և այդ փուլը:

-Չգիտեմ, կյանքում ամեն ինչ հնարավոր է: Սակայն, կարծում եմ, որ երգը պիտի լինի իմ երկրպագուի համար հասկանալի լեզվով: Չէ որ, յուրաքանչյուր երգով ես ձգտում եմ պատմել մի պատմություն և հենց դա է ամբողջ իմաստը: Ինչ վերաբերում է երաժշտական երանգավորմանը, ապա իմ նոր հեղինակները տեղյակ են իտալական երաժշտության նկատմամբ իմ հակման մասին և որոշ երգերում դիմում են դրան:

– Իսկ Առնո Բաբաջանյանի ստեղծագորություններից չկա՞ն Ձեզ հոգեհարազատ երգեր, որոնք արժանի տեղ կզբաղեցնեին Ձեր երգացանկում: Չէ որ նրա երաժշտությունը շատ պահանջված է: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նրա արվեստին:

-Ինձ բախտ է վիճակվել կատարել «Твои следы» երգը: Ես կարծում եմ, որ այդպիսի երգերը պարզապես պարտադրված են ապրել և փոխանցվել սերնդեսերունդ, որովհետև դրանք հոգիներ են ջերմացնում:

– Ձեր բոլոր ելույթներն իրենցից ներկայացնում են ամբողջական նվիրում հանդիսատեսին: Համերգներից հետո ինչ-որ դատարկություն չե՞ք զգում: Եթե այո, ինչով եք այն լրացնում: Գուցե և հակառակը՝ նոր ուժերով, հզոր էներգիայով եք լցվում:

-Յուրաքանչյուր համերգ մի յուրահատուկ էներգիա է: Եվ այն փոխանցվում է ինձ: Իհարկե, համերգից հետո որոշակի դատարկության զգացում ունենում եմ, դա անխուսափելի է, եթե տրվում ես բեմին ամբողջությամբ: Սակայն, նույնիսկ դա չի կարող խամրեցնել այն հիացմունքը, որը ես ստանում եմ ամեն անգամ ձեզ հանդիպելիս, ի՛մ սիրելի հանդիսատես:

– Թռիչքներ, տեղափոխություններ, կյանք անիվների վրա. Սրանք Ձեր ոչ դյուրին մասնագիտության անբաժանելի մասն են: Այս երկար տարիների ընթացքում արդյո՞ք չի հոգնեցրել կյանքի այս կատաղի տեմպը:

-Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, ոչ: Հոգնածությունը մշտապես եղել է և կլինի: Մենք բոլորս էլ սովորական մարդիկ ենք: Սակայն, նույնիսկ ամենածանր տեղափոխության ժամանակ էլ ինձ ջերմացնում է այն միտքը, որ ինչ-որ տեղ ինձ շատ սպասում են, ուզում են տեսնել և լսել: Այս միտքն օգնում է շատ բաներ հաղթահարել:

– Բեմ դուրս գալիս առաջնորդվում ե՞ք արդյոք ինչ-որ ներքին դրույթներով:

-Ինձ համար յուրաքանչյուր բեմելն ասես առաջին անգամ լինի: Նույնիսկ այն քաղաքներում, որտեղ լինում եմ ամեն տարի: Եվ միշտ ինքս ինձ ասում եմ նույն արտահայտությունը, որը հաճախ օգտագործում էր հայրս. «Ամեն ինչ լավ է լինելու»:

– Էստրադային արվեստը, որի հետքերով առաջացավ շոու բիզնեսը, տարբեր ժանրային կատեգորիաներ է ներառում՝ ունենալով նաև որոշակի ընդհանրություններ: Ձեր կարծիքով ո՞րն է տարբերությունը:

-Չեմ սիրում «շոու բիզնես» արտահայությունը: Իմ կարծիքով այն ոչ մի ընդհանրություն չունի էստրադայի կամ արվեստի հետ: Դա զուտ բիզնես է: Երբեմն նույնիսկ սարսափում ես երիտասարդ սերնդի համար, որ նրանք ապրելու են աշխարհում, որտեղ բիզնեսը կարող է դուրս մղել երաժշտության և խոսքի արվեստը:

-Հիմա բեմ ում հայտնվել է արտիստների նոր սերունդ: Ձեր ստեղծագործական փորձառության տեսակետից ինչպե՞ս կգնահատեք նրանց գործունեությունը:

– Ինձ համար բարդ է գնահատել երիտասարդ կատարողներին: Մեզ մոտ տաղանդավոր մարդիկ շատ հաճախ մնում են ստվերում, իսկ այն, ինչ հնչում է ռադիոեթերում երբեմն դժվար է արվեստ կոչել: Ավաղ:

-Պատահել ե՞ն բեմում հումորային կամ չնախատեսված իրավիճակներ:

-Իհարկե, պատահել են: Եվ հանդերձների, և տեխնիկայի հետ, և հանդիսատեսի ինչ-որ գործողության արդյունքում: Հիշում եմ մի հրաշալի պատմություն, որ տեղի ունեցավ «По лезвию любви» ծրագրով շրջագայություններից մեկի ժամանակ: Ինձ համար հսկայական, 5 մետրանոց թիկնոցով զգեստ էին կարել, որով պետք է տպավորիչ կերպով սկսեի համերգը: Այն ամբողջությամբ զարդարված էր հարյուրավոր փոքրիկ լամպերով, որոնք շատ գեղեցիկ փայլփլում էին՝ ստեղծելով լողացող երկնքի տպավորություն: Այդ լուսային հրաշալիքը պահպանելու համար իմ հագուստի ներքին կողմում հատուկ մետաղական հարմարանքի վրա ամրացված էին երկու մարտկոց: Հիմա չեմ կարող ասել, թե ինչ պատահեց, բայց համերգներից մեկի ժամանակ լամպերն անջատվեցին: Դրանից հետո կոլեկտիվս կատակում էր, թե համերգներից ուժասպառ լինելու պատճառով Ալլեգրովայի մարտկոցները նստել են: Մենք երկար ժամանակ ծիծաղում էինք:

– Սովորաբար շրջագայությունների ժամանակ արտիստները ազատ ժամանակ չեն ունենում, որպեսզի շրջեն քաղաքներում և ծանոթանան երկրի տեսարժան վայրերին: Վերջին տարիներին Հայաստան այցելելիս ի՞նչ եք հասցրել տեսնել, ի՞նչն է Ձեզ վրա տպավորություն գործել:

-Երևանը շշմեցուցիչ քաղաք է իր յուրահատուկ կոլորիտով, ոչ ստանդարտ ճարտարապետությամբ: Այս քաղաքում կա մի անկյուն, որն իմ մեջ մի ուրիշ թրթիռ է առաջացնում: Դա Եղեռնի զոհերի հուշահամալիրն է: Այնպիսի զգացողություն եմ ունենում ասես գետնի տակից կախարդական հոսանքը հարվածում է և ամեն անգամ ստիպում հիշել մեր պատմական արմատների մասին, արցունք թափել սեփական ժողովրդի ապրած ողբերգության համար և ավելի ուժգին հավատալ նրա հզոր ապագային…

Լենա Գալոյան, “Голос Армении”

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն